HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարի թաղում տուժած ոստիկանների ցուցմունքներում հակասություններ կային

Ամալյա Մարգարյան

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, տեղի ունեցավ 2016-ի հուլիսի 19-ին «Սարի թաղի» անկարգությունների ժամանակ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Էդուարդ Զեյթունյանի գործով դատական նիստը: Հարցաքննվեցին գործով տուժող ճանարված ոստիկանության աշխատակիցները:

Վկա Հովսեփ Հովսեփյանի հարցաքննության ժամանակ դատախազը նշեց, որ տուժողի՝ դատաքննական և նախաքննական ցուցմունքներում առկա են հակասող հանգամանքներ:

Դատախազի այն հարցին, թե՝ եթե դեպքի վայրում գտնվող ոստիկանները չկրակեին, ապա քաղաքացիները բռնությունները չէ՞ին դադարեցնի, վկան պատասխանեց` այո:

Վկան նաև դրական պատասխան տվեց այն հարցին, թե արդյոք պնդում է այն վարկածը, որ բախման ժամանակ քաղաքացիները ալկոհոլի ազդեցության տակ են եղել: Իսկ խոսքը հաստատեց այն հանգամանքով, որ ալկոհոլի հոտ է զգացել:

Վկայի ցուցմունքի ընթացքում հնչեցված պատասխաններից հետո  Էդուարդ Զեյթունյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը առարկությունով հանդես եկավ. «Մեկի հարցին այսպես եք պատասխանում, մյուսի հարցին՝ այնպես: Չի կարելի մարդանց ճակատագրերի հետ խաղալ, վերջին հաշվով ոստիկան եք Դուք, և ձեր ոստիկանապետն ամեն օր խոսում է հասարակության մոտ ոստիկանության դերի բարձրացման մասին, այնինչ հասարակության մոտ զրոյի եք հասցնում էդ դերը»:

«Տուժողը չի հիշում բոլոր այն հարցերը, որոնք տալիս է պաշտպանական կողմը, բայց չգիտես՝ ինչու լուսավորվում է միտքը, երբ հարցերը տալիս է մեղադրող կողմը»,-առարկություններով հանդես եկավ նաև Հրայր Իսախանյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը:

Ցուցմունք տվեց նաև ոստիկան Դավիթ Սահակյանը և պատմեց, թե ինչպես են իրականացրել իրենց ծառայողական պարքտը. «Հունիսի19-ին Սարի թաղի բնակիչները մոտենում էին և խնդրում ճանապարհը բացել, իսկ ճանապարհը փակ էր հասարակության անվտանգությունից ելնելով: Բնակիչները ստիպում էին ճանապարհը բացել, խառը իրավիճակ էր, հայհոյանք էր, դրանից հետո ոստիկանների ուղղությամբ սկսեցին քարեր նետել»:

Դատախազի այն հարցին, թե ինչո՞ւ են քաղաքացիները քարեր նետել և պնդել բացել ճանապարհը, վկան պատասխանեց, որ նշում էին՝ լույս, գազ ու ջուր չկար, և կենցաղային պայմաններից ելնելով էլ պահանջում էին ճանապարհը բացել:

Վկան այսօրվա դատական նիստի ընթացքում կրկնեց մեղադրվող Սարգիս Արաբաջյանի և Կարեն Վանոյանի գործով հայտնած ցուցմունքը:

Վկա Դավիթ Սահակյանի՝ դատարանում հնչեցրած ցուցմունքում և նախաքննական ցուցմունքներում առկա տարբերությունների պատճառով դատախազը միջնորդեց ընթերցել նաև նախաքննական ցուցմունքերը, որտեղ վկան կոնկրետ նշել էր, թե ինչպես է տեսել ոստիկանության աշխատակիցներից մեկին հարված ստանալիս, իսկ դատական նիստի ընթացքում չի հայտնել այդ մասին: Վկան նախաքննական ցուցմունքներում չէր նշել նաև, որ կրակոցի ձայներ է լսել ՊՊԾ գնդի տարածքից, որի մասին հայտնեց նիստի ժամանակ և ասաց, որ կրակոցները լսել է խառնաշփոթի ժամանակ:

Դատարանում լսեցին նաև ոստիկանության փոխգնդապետ Արմեն Գալստյանի ցուցմունքը: Վերջինս նշեց, որ հունիսի 19-ին ծառայություն է իրականացրել Որմնադիրներ փողոցում՝ բնակիչներին բացատրելու, որ  պատուհաններից հեռու լինեն, իսկ անչափահաս երեխաներին հնարավորության դեպքում հանեն տներից:

«Լսել ենք ձայներ 30-40 մետր հեռավորությունից, մոտեցել ենք ու նկատել  երկկողմանի միջադեպ ոստիկանների և քաղաքացիների միջև»,- պատմեց Արմեն Գալստյանը: Վկան այնուհետև վիրավորվել է և չի տեսել, թե ինչպես է իրավիճակը հանդարտվել:

Դատարանում ցուցմունք տված երեք վկաներից ոչ մեկը չհիշեց, թե ում կողմից են  վիրավորվել, չհիշեցին նաև դահլիճում ներկա ամբաստանյալներից որևէ մեկին:

 Հիշեցնենք, որ ամբաստանյալների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է ազատազրկմամբ հինգից տասը տարի ժամկետով):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter