HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանն արձագանքում է «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հնչեցրած մեղադրանքներին

«Հետք»-ում 2016թ-ի դեկտեմբերի 23-ին հրապարակված «Ոսկի՞, թե՞ հիվանդածին ապագա»  հոդվածում ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանն իր մտահոգությունն էր հայտնել Ամուլսարի հանքավայրի շահագործման հետեւանքով առաջացող անկառավարելի ռիսկերի վերաբերյալ՝ կասկածի տակ դնելով հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերության բազմիցս հնչեցրած արտահայտությունները, որ բոլոր ռիսկերը կառավարելի են:

Այս տարվա հունվարի 11-ին Հետք-ը տպագրեց «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի արձագանքը  Արմեն Սաղաթելյանի մտահոգություններին՝ մասնավորապես հերքելով անկառավարելի ռիսկերի գաղափարը՝ մատնանշված վտանգները համարելով խեղաթյուրում ու մասնագիտական կոպիտ սխալ:

ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արմեն Սաղաթելյանի խնդրանքով «Հետք»-ն եւս մեկ անգամ անդրադառնում է այս խնդրին:

-Պարոն Սաղաթելյան, «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը պնդում է, որ Ամուլսարի հանքաքար պարունակող հանքային մարմինը սուլֆիդային չէ, այլ լիովին օքսիդացված եւ օքսիդացման գոտին էլ սկսվում է մակերեսից՝ հասնելով մինչեւ 400 մ խորության:

-Նախ պիտի շնորհակալություն հայտնեմ «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին իր անդրադարձի համար: Դա ինձ ստիպեց փաստաթղթային ողջ փաթեթին ծանոթանալու նպատակով դիմել բնապահպանության նախարարություն, նրանցից ստանալ ՇՄԱԳ-ի մոտ 900 էջից բաղկացած անգլերեն կրկնօրինակը եւ ամենայն մանրակրկիտությամբ ուսումնասիրել՝ համոզվելու համար, որ իմ մտահոգություններն անկառավարելի ռիսկերի հետ կապված ճիշտ են: Պարոն Ալոյանի հրապարակած դիրքորոշումից հետո ես ստիպված էի համեմատել այն փաստաթղթերը, որոնք կային շրջանառության մեջ հանրային լսումների համար եւ նրանք, որոնք հասարակ մարդկանց մատչելի չէին, քանի որ դրանք կային նախարարությունում: Պետք է ասեմ, որ այո՛, պարոն Ալոյանը ճշմարիտ է այնքանով, որ կային բավականին շատ տվյալներ, որոնք բացակայում են հանրության համար դրված իրենց օրինակում: Բոլոր տարբերակներում էլ առկա են բազմաթիվ տվյալներ, որոնք թույլ են տալիս հանգելու նույն եզրակացություններին, որոնց ես հանգել էի ավելի քիչ տվյալներ ունենալու պարագայում:

-Եվ ի՞նչ եզրակացության հանգեցիք լրացուցիչ ուսումնասիրությունից հետո, ի վերջո, Ամուլսարի հանքավայրը սուլֆիդայի՞ն է, թե՞ սուլֆիդային չէ:

-Այս հարցին կա պատասխան: Երկրաբանության մեջ հանքավայրերի դասակարգման տարբեր մոտեցումներ կան: Հանքավայրերի դասակարգումը կարող է լինել ֆորմացիոն, գենետիկական՝ այսինքն ծագումնաբանական, կառուցվածքային, կարող են լինել որակական իրենց բաղադրությունով կամ արդյունաբերական: Տեսեք, պարոն Ալոյանը պնդում է, որ Ամուլսարը ոչ թե սուլֆիդային է, այլ ոսկու հանքավայր է, իսկ 1930-ականներին նույն Ամուլսարը հայտնի էր որպես ալոնիտային քվարցիտների հանքավայր, քանի որ այն ժամանակ ուզում էին ալյումինի հումք հանել: Հիմա դարը փոխվեց, ոսկին թանկացավ, էն չնչին պարունակությունները, որոնք սրանից 50 տարի առաջ հետաքրքրություն չէին ներկայացնում՝ հիմա ներկայացնում են ու հիմա Ամուլսարը կոչվում է ոսկու հանքավայր՝ արդյունաբերական մետաղից ելնելով, քանի որ նպատակը ոսկի կորզելն է, բայց ծագումնաբանական հանքավայրը սուլֆիդային է:

Պարոն Ալոյանը պնդում է, որ Ամուլսարն ինչ որ հազվագյուտ հանքավայր է, իսկ ես նորից կասեմ, որ ո՛չ, շատ տարրական, տիպիկ սուլֆիդային հանքավայր է, որոնց դասակարգումը դեռ  30-ականներին տվել է ականավոր ռուս գիտնական Սմիռնովը: Անդրադառնամ «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրենի այն հայտարարությանը, որ հանքավայրն ամբողջովին օքսիդացված է: Իրականում հանքավայրերը հողմահարվում են՝ օդի, ջրի ազդեցության տակ օքսիդանում են եւ սուլֆիդների մի մասը տրոհվում է:Այդ երեւույթը շատ լավ հետազոտված է: Ամուլսարի հանքավայրի առաջնային նյութը եղել են սուլֆիդներ, ի դեպ, շատ տեղերում՝ ՇՄԱԳ-ի հայերեն տարբերակում եւ անգլիալեզու փաստաթղթերում էլ մենք կարող ենք գտնել այդ մասին արված գրառումներ:

Օրինակ ՇՄԱԳ-ի 3-րդ էջում, 19-րդ էջում գրված է, որ բարձր սուլֆիդությամբ էպիթերմալ ոսկու հանքավայր է Ամուլսարը, այսինքն սուլֆիդներ  այնտեղ կան: Ընկերության կողմից հրապարակած «Երկրաշարժի գնահատման» փաստաթղթում եւս կա անդրադարձ՝ հենց առաջին էջում գրված է, որ բարձր սուլֆիդացման հանքավայր է: Ով գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում հանքավայրը, գիտի նաեւ, որ նույնիսկ շատ ուժեղ օքիսդացված հանքավայրերում մինչեւ ինքը լրիվ չի տրոհվել, լրիվ չի հողմնահարվել՝ սուլֆիդային միներալների ինչ որ առկայություն շատ, թե քիչ կա ու խորության հետ իրանց պարունակությունն աճում է:

-«Լիդիան Ամարենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հարցազրույցներից մեկում, որ հրապարակվել է 30.11.2012թ-ին, լրագրողի հարցին, թե ինչպես է հայտնաբերվել Ամուլսարի ոսկու հանքավայրը եւ ինչ է այն իրենից ներկայացնում, հնչում  է հետեւյալ պատասխանը. «...Ամուլսարը միակ հանքավայրն է, որ հայտնաբերվել է ԽՍՀՄ փլուզումից հետո: Այն հայտնաբերվել է բրիտանացի երկրաբան Թիմ Քոֆլինի կողմից եւ հանդիսանում է միակ բարձր սուլֆիդային հանքավայրը Հայաստանում»:

-ՇՄԱԳ-ում իրանք հանքավայրը բնորոշում են որպես բարձր սուլֆիդային, բազմաթիվ տեղերում այդ բնորոշումը կա, սուլֆիդային տերմինը բազմիցս օգտագործված է: Դա նույնիսկ իրենք չեն կարող հերքել: Իսկ հիմա «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչները պնդում են, որ այնտեղ սուլֆիդները լրիվ օքսիդացել են: Այս պնդումները կապված են իմ կողմից առաջ քաշած թթու դրենաժի ոչ կառավարելի ռիսկի հետ, դրա համար էլ հայտարարում են, որ իրենց կարծիքով սուլֆիդները գրեթե ամբողջովին օքսիդացվել են:

Երկրորդ լուրջ խնդիրն այն է, որ մարդիկ չեն կողմնորոշվում հանքավայր եւ հանքադաշտ հասկացությունների միջեւ: Ցանկացած երկրաբանի պարզ է, որ Կաքավասարը, որ Ամուլսարից մի քանի կմ է հեռու՝ տարբեր հանքավայրեր են, բայց իրանք մեկ հանքադաշտում են: Այստեղ հերքումը զավեշտության է հասնում՝ Ալոյան կրտսերը հերքում է իր հայրիկի՝ Ալոյան ավագի (Պետրոս Ալոյան, երկրաբանական գիտությունների դոկտոր-հեղ.) ղեկավարած կազմակերպության՝ «Ընդերքի պահպանության ընկերություն» կողմից տրված Հայաստանի ոսկու հանքավայրերի դասակարգումը, որտեղ գրված է, որ Կաքավասարը դա կվարց-սուլֆիդային-ոսկի-բազմամետաղ հանքավայր է: Ուրիշ բան, որ Կաքավասարն ավելի քիչ է օքսիդացած, քան Ամուլսարը, բայց էությունը հանքավայրի դրանից չի փոխվում: Եվ հիմա ստացվում է, որ որդին հերքում է գիտնական հորը՝ ստացվում է, որ մեծերն ընդհանրապես հեղինակություն չունեն:

Շարունակենք, եթե հանքավայրը սուլֆիդային է, մենք պետք է անպայման նախատեսենք թթու դրենաժի վտանգը: Այսինքն ջրերը, որոնք գալու են բաց հանք, քանի որ ապառները ահռելի ճաքճքված են, միանգամից ներծծվելու են խորը հորիզոններ՝ իրանց ճանապարհին լուծելով սուլֆիդները: Առաջանալու է նոսրացած ծծմբաթթու  եւ այդ թթու լուծույթները հասցնելու են Որոտան և Արփա գետ, Սպանդարյանի ու Կեչուտի ջրամբարներ:

-Պարոն Սաղաթելյան, ի վերջո, կա՞ այդ թթու դրենաժը, թե՞չկա:

-Ձեր կայքում հրապարակած իր պատասխանում պարոն Ալոյանը, պնդում է, որ չկա, բայց հենց իրենց փաստաթղթերում նկարագրված է հանքավայրի տարածքում գտնվող Բենիկ լիճը, որի մեջ թափվում են առվակի բարձր թթվայնության ջրեր: Նշված է, որ բնական լճակը թթու կազմ ունի՝ այսինքն հենց մակերեսին, որտեղ որ պիտի ընդհանրապես օքսիդներ մնացած չլինեն, մենք ունենք այդ թթու դրենաժի երեւույթը: Դարձյալ, եթե մենք նայենք հղումները, ապա Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի «Հանքի շահագործման ազդեցություններն ի պատասխան ներկայացված մտահոգությունների» վերնագրով փաստաթղթում, 3.3.2-Գնահատման մոտեցում, էջ 2-ում ահա թե ինչ է գրված. «…Ենթադրվում է, որ բացահանքից հոսող թթվային դրենաժը հանդիսանում է բացահանքի տակ սնվող ստորերկրյա ջրերի՝ որոշակի կոնցետրացիայի աղտոտման շարունակական աղբյուր, որը հետագայում ենթարկվելով տեղափոխման՝ աղտոտման օջախ է առաջացնում», այսինքն հեղինակներն էլ են նշում, որ բացահանքից կա հոսող թթվային դրենաժ:

Հանքի տարածքում կան սովետական տարիներից մնացած բովանցքներ: 1950-ականներին այնտեղ հետախուզական աշխատանքներ են կատարվել: Եվ այդ բովանցքներից հոսում է շատ թթու ջուր, ավելին, այդ թթու ջուրը, նորից մեջբերեմ ՇՄԱԳ-ի 76-րդ էջում գրվածը. «…որ դրա մասին վկայում է 13-րդ տեղամասում սովետական ժամանակաշրջանի բովանցքի առկայությունը, որը կարող է խթանել թթվային ապարի դրենաժին՝ հանգեցնելով թթվային պայմանների առաջացմանը, բովանցքից աղբյուրի բարձր կոնցետրացիաների ջրի բեռնաթափմանը»:

Բացի թթվից ստացվում է, որ այդ բովանցիք դուրս եկող ջրերը պարունակում են մեծ կոնցետրացիաներով ծանր մետաղներ: Էդ ես մեջբերում եմ իրենց գրածը, սա էն է, ինչ որ ասում էի ես, որ եթե ունենանք թթու դրենաժ, հանքանյութի մետաղները օքսիդացված՝ չօքսիդացված, ինչ որ կա հետը հանելու է տանի, որպես աղտոտություն:

Հիմա արդեն «Լիդիան Արմենիայի» պատասխանատուներն հերքում են իրենք իրենց: Իմ կարծիքով, հերքման գործընթացը սկսվել է, երբ իրենք գնահատել են ռիսկերը: Կամ չեն հասկացել, թե ինչքանով է վտանգավոր, կամ փորձել են թաքցնել՝ հասկանալով, որ ինքը վտանգավոր է: Երկուսից մեկն է՝ երկուսն էլ վատ է: Հիմա եկանք դրան՝ հանքավայրը սուլֆիդային է, երկրորդ՝ բնական պայմաններում առայժմ ներգործություն չկա, մենք ունենք սուլֆիդային դրենաժի ակնհայտ երեւակումներ, որոնց վրա հղումներ կան՝ այստեղ ոչ ոք ոչ մի բան չի հնարել: Գնանք մի քիչ էլ առաջ, ինչո՞վ է վտանգավոր էդ դրենաժը: Մենք ունենք Կեչուտ-Սպանդարյան թունելը: Լիդիանի փաստաթղթերում նկարագրվում է, որ թունելը շփվում է ստորգետնյա ջրերի հետ, իրենք նկարագրում են, որ հանքավայրի դրենաժը աղտոտված է եւ թթու ջրերը խառնվելու են ստորգետնյա ջրերին, հոսելու են մի մասը դեպի Արփա, մյուս մասը դեպի Որոտան, ճանապարհին էլ թունելն է ու չի հերքվում, որ ստորգետնյա ջրերը կոնտակտ են ունենալու թունելի հետ:

Այստեղ մի տարօրինակ հաշվարկ է գնում, որ ոչ մի հիդրոերկրաբան չի ընդունի: «Լիդիան Արմենիան» պնդում է, որ ջրերը հանքից դեպի թունել կհասնեն 130 տարում, էն պարագայում, որ թունելը հանքից ընդամենը մի 3 կմ է հեռու: Տարօրինակությունը պայմանավորված է նրանով, որ գրում են. «…թունելի կյանքը մենք ենթադրում ենք, որ կլինի 100 տարի: Դրա համար լինելու է աղտոտում, լինելու է դրենաժ, բայց թունելին վնաս չի տա, որովհետեւ թունելը չի լինի»: Նշված ժամանակահատվածը ոչ մի հաշվարկով հիմնավորված չէ, ավելին՝ՇՄԱԳ-ում նշվում է, որ ջրի ռեգիոնալ մոդելավորումը թույլ չի տալիս ստանալ հստակ պատկեր: Միևնույն ժամանակ նկարագրվում է, որ բազմաթիվ աղբյուրներ ունեն ջրի քանակի սեզոնային տատանումներ, ինչը ցույց է տալիս, որ ստորերկրյա ջրի հոսքերի շարժը արագ է ընթանում: Եվ եթե հաշվի առնենք, որ ներկայումս հանքը մերկացած չէ և մակերեսից ջրերի ինֆիլտրացիան համեմատաբար դանդաղ է, ապա բացահանքից ջրերի ներթափանցումը խորը հորիզոններ կլինի շատ ավելի արագ: Թթու ջրերը հասնելով թունելին՝ կքայքայեն բետոնե պատերը, կլինեն փլուզումներ և կարող է ստեղծվել վթարային իրավիճակ, որը հնարավոր չի լինի վերացնել: Արդյունքում կստանանք թունելի խոռոչով մշտապես գործող թթու դրենաժի համակարգ:

-Դատելով ձեր մտահոգություններից՝ Ամուլսարը դանդաղ գործող ական է, թեպետ «Լիդիան Արմենիան» անընդհատ բարձրաձայնում է կառավարելի ռիսկերի ու պատասխանատու հանքարդյունաբերության մասին։

-Այսօր այդ հանքը նման է չոր մարտկոցի, որ լիցքավորված է եւ սպասում է ջրի: Հենց ջուրը հասավ՝ սկսվելու է դրենաժը: Այսօր բնական պայմանները արգելակում են, որ մակերեւույթից ջրերն ակտիվ գնան ցածր հորիզոններ: Այնտեղ կա կավային շերտ, որը փակել է բոլոր ճեղքերը, այնտեղ ալպիական գոտի է ու կա հզոր չան՝ այսինքն ալպիական բույսերի արմատները շատ խիտ են եւ արգելակում են ջրի ֆիլտրացիան հողում դեպի ավելի խորքեր: Հիմա մենք հանեցինք այդ շերտը, բացեցինք հանքը, անարգելք այդ բոլոր ջրերը գնալու են խորը հորիզոններ, ի դեպ, իրենք են նկարագրում՝ իմ ֆանտազիան չէ, որ բացի տեղումներից այդտեղ կան լոկալ տեկտոնիկ խզումներ եւ մերձմակերեւույթային ջրերը այդ խզումներով լրացուցիչ հոսք կապահովեն բաց հանքի մեջ: Դրան պլյուս իրենք պիտի խոնավացնեն ապարները պայթեցնելուց առաջ: Այսինքն, եթե նստենք ու հաշվարկենք, մենք ջրի շատ լուրջ ծավալների հետ ենք գործ ունենալու,որոնք էդ լեռնատեխնիկական պայմաններում հնարավոր չի լինելու կառավարել՝ մենք ունենալու ենք մշտական, ուժեղ, ակտիվ դրենաժի աղբյուր:

Մենք վտանգում ենք Կեչուտի եւ Սպանդարյանի էկոլոգիական վիճակը, քանի որ իրանք թթվայնացվելու են: Կեչուտից ջուրը հասնելու է Սեւան, որ հանրապետության ողնաշարն է: Մենք չենք ասում, թե բաց հանքից ջուրն ուղիղ կգնա Սեւան, ասում ենք, որ նա ջրատարներով կգնա: Կկորցնենք Սեւանը՝ կարող ենք հավաքել ճապրուկներն ու թողնել էս երկիրը: Հետո, այստեղ մի հարց էլ կա, որի մասին չի խոսվում ընդհանրապես, եւ ոչ ոք այդ հարցը չի բարձրացրել, որ Արփան ինքն իրենով շատ լուրջ տնտեսական եւ էկոլոգիական միավոր է մեզ համար: Արփան ահռելի տարածքով հողեր է ոռոգում, ու հենց Արփան էլ է վտանգի տակ՝ սրա պատասխանները ՇՄԱԳ-ում չկան: Կան բազմաթիվ ապացույցներ, որ կա թթու դրենաժ, որ կա հնարավոր ազդեցություն թունելի վրա, որ կա աղբյուրների ջրի որակի փոփոխություն, բայց չկան գնահատականներ:

Այսօր աշխարհաքաղաքական իրադրությունն այնպիսին է, որ բոլոր փորձագետները, որոնք զբաղված են միջազգային հարաբերություններով, կանխատեսում են մոտակա տասնամյակում լուրջ պատերազմներ ջրի համար: Նավթն արդեն գնում է երկրորդ պլան, ոսկին ոչ մեկին չի հետաքրքրում՝ հետաքրքրում է ջուրը: Շատ լուրջ կանխատեսումներ կան՝ ընդհուպ գրում են, որ առաջին միջուկային պատերազմը ջրի համար կլինի Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ: Ջուրը դառնում է կարեւորագույն ռեսուրսը երկրագնդի վրա: Միլիոնավոր մարդիկ արդեն իսկ զրկված են խմելու ջրից, իսկ մենք հարուստ ենք, Վրաստանի չափ չկանք, բայց ամեն դեպքում:

Ավելի լավ է մենք ընդհանրապես հանքարդյունաբերություն չունենանք, դրա փոխարեն մենակ խմելու ջուրը վաճառելով մի քանի տասնամյակի ընթացքում կարելի է դառնալ Էմիրություններից հարուստ երկիր: Մենք շանս ունենք էս թշվառ վիճակից դուրս գալու եւ ազգովի նորմալ ապրելու մեր միակ կարևորագույն ռեսուրսի՝ քաղցրահամ ջրի հաշվին: Եվ նման պայմաններում, այս տիպի նախագծերին մատերի արանքով նայելն ինչքանո՞վ է արդարացված իշխանությունների կողմից, անհասկանալի է: Պետք է հիշենք, թե ժամանակին ինչքան ներդրումներ են արվել Ջերմուկում, ինչքան փող ենք ծախսել Սեւանի մակարդակը բարձրացնելու եւ պահպանելու վրա, ու համեմատել էն ակնկալիքների հետ, որ կա այս հանքից:

Ամուլսարի պաշարները հաշվարկված են հեռանկարային C 1+C 2 ռեսուրսով: Սովետի ժամանակ արգելվում էր նման տվյալներով հանք շահագործել՝ մեծ էր ռիսկը, որ ինքը հանքավայր չի դառնա: Էն ժամանակ պետական փողեր էին, պետությունը շատ խիստ էր մոտենում հարցին: Հիմա հասկացանք, որ կապիտալիզմ է՝ ռիսկը կազմակերպության վրա է, բայց դա չի կարող արդարացում լինել:Մասնագետները գիտեն, որ վստահելի համարվում են A1, A2 եւ B1, B2 կատեգորիաները, հետո նոր գալիս է C-ն, որ վստահելի պաշար չէ, այլ հեռանկարային ռեսուրս:

-Պարոն Սաղաթելյան, Լիդիան Արմենիայի պատասխանատուները նշում են, որ անցած 10 տարիների ընթացքում բազմաթիվ միջազգային հեղինակավոր երկրաբան գիտնականներ ուսումնասիրել են Ամուլսարի ծրագիրը եւ տվել դրական եզրակացություն: Սեւանի վրա բացասական ազդեցության բացակայությունը հաստատել է Սեւանի պաշտպանության տեխնիկական հանձնաժողովը 2014 եւ 2016թթ.-ին: Մի՞թե դրանք բավարար չեն փարատելու հայ մասնագետների եւ հասարակության մտահոգ հատվածի կասկածները։

-Ճիշտն ասած ինձ ավելի շատ մտահոգում է իշխանություների դիրքորոշումը: Եթե նույնիսկ նորմալ փորձաքննություն է անցել էդ ՇՄԱԳ-ը, սակայն կան հակասություններ, ի՞նչն է խանգարում հիմա հրավիրել մի երրորդ կողմի եւ անցկացնել փորձաքննություն: Ազգային անվտագության հարց կա այստեղ, ի՞նչն է խանգարում, որ հրավիրեն անկախ փորձագետների, թեկուզ մեր սփյուռքահայ մասնագետներին, որոնք շատ են եւ տալ մաս առ մաս գնահատելու եղած ռիսկերը, որոնք ընկերությունը ցույց է տվել ՇՄԱԳ-ի մեջ:

Կարող է էլի ռիսկեր կան, որոնք չեն երեւում, մասնագետները հնարավոր է բացահայտեն: Մեր սփյուռքահայ գիտնականներից, օրինակ Հարութ Բրոնոզյանը, որ տեխնոլոգ է՝ ունենալով լուրջ կասկածներ, հարցեր է ուղղել Լիդիանին եւ ստացած պատասխանների հիման վրա արել եզրակացություն, որ շատ վտանգավոր է Ամուլսարի հանքը շահագործելը: Մենք ունենք երեք մաս՝ երկրաբանական, սեյսմիկ ազդեցությունների եւ տեխնոլոգիական: Հիմա այդ մարդը տեխնոլոգ է, եւ համարում է, որ հանքը նման տեխնոլոգիայով շահագործելը վտանգավոր է: Ես տեխնոլոգ չեմ եւ չեմ կարող դատել: Բայց պարոն Բրոնոզյանի եզրակացությունն իր կայքում հրապարակված է, շահագրգիռ մարդիկ կարող են կարդալ:

Այսօրվա դրությամբ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված կա երկու կողմ՝ մտահոգ հասարակություն-առանձին մասնագետներ եւ կա «Լիդիան Արմենիան» ու մի փաստաթուղթ: Հիմա մի մասն ասում է, որ մենք չենք հավատում ու փաստեր ունենք, մյուս կողմն էլ ասում է, չէ՛, մենք ճիշտ ենք ու փաստեր ունենք: Պատճառը հանքի նախագծում տեղ գտած հակասություններն են՝ բերեմ մի քանի օրինակ:

Տեսեք, իրենք գրել են, որ 130 տարում թթու ջրերը կհասնեն թունելին, բայց մյուս կողմից էլ նշում են, որ «… ստորերկրյա հոսքի ռեգիոնալ մոդելը ընդունակ չէ բավարար ճշտությամբ ներկայացնելու հանքային մարմինների շրջակա տարածքի հիդրոերկրաբանական ռեժիմը հանքի շահագործման ընթացքում մշտական ստորերկրյա հոսքի արագությունների կանխատեսման առումով»: Հիմա ո՞նց հասկանանք, նախ գրում են, որ մոդելը ճշգրիտ չէ, չի աշխատում, իսկ մյուս կողմից հստակ կանխատեսում են, որ էսքան տարում տեղի կունենա էսինչ բանը, հիմա որի՞ն հավատանք:

Շատ իրարամերժ բաներ կան գրած ու դա էլ է հասկանալի: Տարեցտարի տվյալները շատացել են ու իմ կարծիքով պահանջվել է ինչ-որ ձեւով սվաղել, թաքցնել ու բոլոր դեպքերում նվազեցնել ռիսկերը: Կան հանրահայտ բաներ, որոնք միջազգային փորձագետները շատ լավ գիտեն՝ եւ ռիսկերը, եւ դրանց վտանգները: Բոլորն էլ իրավունք ունեն սխալվելու, բայց շատ լավ ասացվածք կա. «Հիմարները սխալների վրա մինչեւ վերջ կանգնում են, իսկ խելոքները փորձում են շտկել»: ՇՄԱԳ-ի ամբողջական փաթեթն ուսումնասիրելուց հետո ինչ մտահոգություններ, որ ունեի սակավ տվյալների հիման վրա՝ ներկայում ավելի են խորացել ու արդեն ակնհայտ է, որ հանքը ե՛ւ սուլֆիդային է, ե՛ւ թթվային դրենաժ կա, ե՛ւ դրենաժի մեջ ծանր մետաղներ կան եւ այլն, եւ այլն, եւ այլն:

Ջերմուկի հետ կապված իրենք կրկին ինչ որ հաշվարկներ են արել, շատ տարօրինակ ըստ իս, քանի որ մենք այսօր ունենք տարածաշրջանի համար պաշտոնական կանխատեսում ուժգին երկրաշարժի հնարավորության մասին: Ի դեպ, Իրանը եւ Թուրքիան դա ընդունել են պետականորեն, որպես նախազգուշացում, եւ էսօր Թեհրանից 5 մլն մարդ դուրս հանելու ծրագիր կա: Այսինքն մենք գիտենք, որ տարածաշրջանը ռիսկի տակ է, իսկ Լիդիանն ինչ որ տարիներ է հաշվել, գրել է, թե մեծ է հավանականությունը՝ մի քանի հարյուր տարում կլինի կամ չի լինի, բայց մենք հո գիտենք, որ կլինի:

Տեսեք, թե ինչ են գրում. «…մենք կարծում ենք, որ բաց հանքում պայթյունները չեն հարուցի երկրաշարժեր», բայց եկեք հասկանանք, որ կարծելով չէ: Տեխնիկական հուշագիր, կետ 20. «…մենք չենք կարծում, որ պայթեցումները կազդեն Ջերմուկի վրա…» ի՞նչ է նշանակում «չենք կարծում», իրենք չեն կարծում՝ մենք կարծում ենք: Իմ մոտեցումն այն է, որ եթե չկա ապացույց ոչինչ չի կարելի բացառել: Չպետք է մոռանալ նաեւ, որ կա ուլտրաձայն, որը մինչեւ վերջ հետազոտված չէ:

Ինչ վերաբերում է Սեւանի տեխնիկական պաշտպանության հանձնաժողովին, որ հանքարդյունահանման նախագծին եւ ՇՄԱԳ-ին տվել է դրական եզրակացություն, ապա այստեղ անհասկանալի է, թե ինչի հիման վրա է հանձնաժողովը տվել դրական եզրակացություն, ու՞ր է իրենց վերլուծությունը, եթե արել են, ուրեմն պետք է դնեին ինտերնետում, ի դեպ, նախարարությունում էլ դա չկա: Նույն բնապահպանության նախարարությունն ինչ որ պարբերություններ է արտագրել Լիդիանի ներկայացրած ՇՄԱԳ-ից ու գրել՝ ելնելով սրանից տալիս եմ դրական եզրակացություն: Մի՞թե ոչ մի կասկած չի առաջացել, հատկապես, որ այստեղ իրար հակասող բազմաթիվ բաներ կան: Իրականում Լիդիանի փաստաթղթերում գրածների մեջ ռիսկերը տեղ-տեղ նշմարվում են, պարզապես հետո թաքցվում են: Մեր երկրում շահագործվող բոլոր հանքավայրերն էլ ահռելի վնասներ են հասցնում, մենք չունենք այսօր հանքալեռնային մի արտադրություն, որ շրջակա միջավայրին վնաս տված չլինի: Աղտոտումը մտել է սննդային շղթա, իսկ Ամուլսարի դեպքում մենք կունենանք ոչ միայն սնունդը, այլեւ ջուրը: Սա ազգի խնդիր է, էնպես չէ էլի, որ ասենք՝ աչք փակենք, թող էս լոկալ տարածքն էլ դուրս գա շարքից, մանավանդ էդպիսի օրինակներ ունենք, էլի հանքավայրեր ունենք, որ սուլֆիդային են, բայց նրանց դրենաժը Սեւան չի գնում:

Իմ կարծիքով, պետք է անպայման հրապարակել այն մարդկանց անունները նախարարությունից եւ Սեւանի հանձնաժողովից, ովքեր դրական եզրակացություն են տվել այս նախագծին: 

Մեկնաբանություններ (11)

Սուքիաս Միքսյելյան
"" Ավելի լավ է մենք ընդհանրապես հանքարդյունաբերություն չունենանք, դրա փոխարեն մենակ խմելու ջուրը վաճառելով մի քանի տասնամյակի ընթացքում կարելի է դառնալ Էմիրություններից հարուստ երկիր:"" Ես այս բնագավառի մասնագետ չեմ կերեք ես այստեղ լրջություն չեմ տեսնում:
Edgar Sndoyan
Անչափ շնորհակալություն պրն Սաղաթելյանին անկեղծ խոստովանության համար՝ այն է՝ խոսել այնուհետև ստուգել փաստերը։ Պրոֆեսոնալիզմի "բարձրակետն" է, շատ պրոֆեսիոնալ մանիպուլիացիայի է ենթարկում շմագի տվյալները, մասնագիտական տերմինները և այլոց խոսքերը
Sergey
Վարդան, եթե տեղյակ չեք, ապա տեղեկացնեմ, որ Իրան-Իրաք հակամարտությունը սկսվել է ջրային ռեսուրսների պատրվակով։ Նման հարցեր անընդհատ բարձրաձայնվում են նաև այլ երկրների միջպետական հարաբերություններում
ՀԲՃ
Վարդան, Ամուլսարի մասին Լիդիանի պատմած հեքիաթների մասին բան չունեք ո՞նց որ ասելու՝ դրա համար էլ կենտրոնացել եք կոնկրետ այդ թեմայի հետ էական կապ չունեցող մասի վրա։ Ծանր եք տանում երևի այն փաստը, որ օֆշորային Լիդիանի բոլոր ստերն ու հիմնավորումները կամաց-կամաց բացահայտվում են տարբեր մասնագետների կողմից։
Կիրակոսյան Գեւորգ
Շնորհակալություն մասնագետին, որը փորձում է ավերիչներին դեմ կանգնել: Սովետն էլ գիտեր որտեղ ինչ կա հողի տակ, սակայն նրանք գոնե մտածում էին օգուտի ու վնասի մասին՝ երկարատեւ հեռանկարով, որովհետեւ իրենց հարատեւ էին համարում: Իսկ սրանք քաջ գիտեն որ կարճատեւ են եւ պարզ են մտածում՝ տանենք ինչ ձեռքներս է ընկնում, մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ! Խնդիրը սա է:
Վախթանգ Սիրադեղյան
Հոլանի բարձունքը Իսրայելը Սիրիայից խլել ու պահում է հենց ջրի համար:
Լևոն
Սիմոն, Լիդաիանն է ամեն ինչ խառնել ու ցանկանում է իր ուզածն իրականության տակ անցկացնել։ Ամուլսարը բարձր սուլֆիդային էպիթերմալ ֆորմացիայի ոսկու հանքավայր է ու դա գրված է բոլոր տեղերում։ Այս պահին էլ բազմաթիվ թթվային աղբյուրներ կան Ամոլսարի լանջերին։ Որպես օրինակ այս մեկը․ Ստորերկրյա և աղբյուրների ջրերի քիմիական կազմի տվյալները բերված են աղյուս. 1.13-ում, համաձայն որի ֆիզիկա-քիմիական և քիմիական բնութագրերով առաջին հերթին առանձնանում են հորատանցքերի ջրերը, հատկապես “Բենիկ” լճակը սնուցող վտակի ակունքի շրջակայքում RCAW289 հորատանցքը, որի 2 հորիզոնների ջրերը այլ ստորերկրյա և աղբյուրների ջրերից տարբերվում են խիստ թթվային միջավայրով (pH-ը 3,25-3,29), շուրջ տասնապատիկ կոշտությամբ (2,08-2,24 մգ էկվ./լ)։ Լավ ուսումնասիրելու դեպքում էլի շատ խիստ թթվային ջերեր է կարելի հայտնաբերել, որն էլ փաստում է սուլֆիդային միջավայրի առկայությունը։ Մեկ էլ շատ զարմանալի է, որ ըստ Ալոյանի վերին շերտերում՝ դատարկ ապարներում կան սուլֆիդներ, իսկ խորքային հորիզոններում դրանք բացակայում են։ Իսկ սա էլ գրված է Լիդիանի փաստաթղթերում․ «Ենթադրվում է, որ բացահանքից հոսող թթվային դրենաժը հանդիսանում է բացահանքի տակ գտնվող ստորգետնյա ջրերի` որոշակի կոնցենտրացիայի աղտոտիչներով աղտոտման շարունակական աղբյուր, որոնք հետագայում ենթարկվելով ադվեկցիայի առաջացնում են աղտոտման օջախ»։
Սիմոն
Ի միջի այլոց, ՇՄԱԳ-ի և ԲՍԱԳ-ի բոլոր տարբերակները, այդ թվում փաստաթղթերը որոնց Սաղաթելյանը փաստորեն նոր է ծանոթացել, հասանելի են ընկերության կայքում: Հերթական սուտն է, թե դրանք մատչելի չեն: Բացի այդ ոնց որ ինքն էլ չի կողմնորոշվում, սուլֆիդայինի ու օքսիդայինի մեջ: Ալոյանի հարցազրույցը շատ հստակ էր՝ հանքաքարը օքսիդային է, դատարկ ապարներում կան սուլֆիդներ, թթվային դրենաժի հնարավորություն կա ոչ թե հանքաքարից, այլ դատարկ ապարներից և դա կառավարվելու է այնպես ինչպես ժամանակակից հանքերում: Այս մարդը ամեն ինչ խառնել է իրար ու սեփական ասածներին հակասում է, սուլֆիդ, օքսիդ, Արաբական էմիրություններ, աստղային պատերազմներ, Պակիստան ու Հնդկաստան:
Անի
Վարդանին խորհուրդ կտամ փորձել ջրի փոխարեն նավթ կամ հալեցրած ոսկի օգտագործել, նոր զավեշտից խոսել ու նյութի թեմայից փորձել շեղել: Հա բա, մասնագետները դուք եք, բայց թալանելու ու ոչնչացնելու մասնագետներ, դուք եմ ասում, քանի որ չեմ էլ կասկածում, որ դրանց հետ մի ճամբարից եք, քանի որ այլ տարբերակում ոսկին ջրից չէիք գերադասի: Իսկ Հետք-ին կխնդրեմ նյութը անգլերեն տարբերակով էլ դնել:
Marina
Հարգելի Վարդան, զավեշտալին այն է, որ Դուք չեք կարևորում ջրի նման կենսական ու կարևորագույն ռեսուրսը մարդկության ու բնության համար։ Հետաքրքիր է, եթե ջուր չլինի, նավթով ու ոսկով ենք սնվելո՞ւ ․․․
Լևոն Գալստյան
Պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը մասնագիտորեն հաստատում է բոլոր այն մտահոգությունները, որոնք եղել են վերջին 5-6 տարվա ընթացքում Ամուլսարի աղետաբեր ծրագրի մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter