HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Խանդոյանի գործով հարցաքննվեցին տուժող ոստիկանները

Ամալյա Մարգարյան

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արարատ Խանդոյանի գործով դատական նիստից հետո ոստիկանության ուղեկցող գումարտակի աշխատակիցները արգելեցին Խանդոյանի մորը՝ Ռիմա Խանդոյանին, գրկախարնվել որդու հետ՝ թեև դատավոր Մնացական Մարտիրոսյանը թույլատրել էր։

Դատական նիստի ընթացքում տուժող 46 ոստիկաններից հարցաքննվեցին 8-ը։ Տուժողներն իրենց ցուցմուքներում նշեցին, որ հուլիսի 20-ին Խորենացի փողոցում` իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ, Արարատ Խանդոյանին չեն տեսել և նրա կողմից վնասվածք չեն ստացել։

Տուժող Արսեն Խաչատրյանն իր ցուցմունքում նշեց, որ «ամբոխը» սկսել է քարերով, մահակներով հարվածել ոստիկանության շղթային՝ փորձելով այն թուլացնել։ Հայտնեց նաև, որ ոստիկանության կիրառած միջոցները վնաս չեն պատճառում, արցունքաբեր են։ Տուժողն ասաց, որ բախման ժամանակ ստացել է շրթունքի վնասվածք, ինչպես նաև վնասվել է սաղավարտը։

Ոստիկանության 1033 զորամասի ծառայակից Վալերի Մկրտչյանը, ով վնասվածք է ստացել աջ ոտքին, ասաց, որ հուլիսի 20-ին ժողովրդի կազմակերպած ցույցն անօրինական է եղել, քանի որ ճանապարհ են փակել, իսկ ոստիկանները պահանջել են դադարեցնել այն։

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվում է «2016-ի հուլիսի 20-ին Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններին մասնակցելու և դրանց ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ»։ Տուժող են ճանաչվել 46 ոստիկաններ։

Տուժողներ Նարեկ Թադևոսյանը, Մհեր Ավետիսյանը, Շալիկո  Սահակյանն էլ իրենց ցուցմունքներում հայտնեցին, որ Խորենացի փողոցին հարակից տարածքում են ծառայություն իրականացրել, պայթյունի ձայներ լսելուց հետո տեղափոխվել են Խորենացի փողոց, համալրել ոստիկանական շղթան։

«Խորենացուն հարակից տարածքում էինք, հրաման տվեցին ավտոբուսով գալ Խորենացի, համալրել ոստիկանության շարքերը։ Երբ եկանք, բախումն արդեն սկսել էր, հատուկ միջոցների կիրառումից հետո ժողովուրդը սկսել էր քարեր շպրտել»,- նշեց Նարեկ Թադևոսյանը։

Տուժող 8 ոստիկաններն իրենց ցուցմունքներում կրկնեցին, որ ցուցարարներն են նախահարձակ եղել, իսկ ոստիկանության աշխատակիցները միայն պաշտպանվել են։

Դատական նիստի ավարտին Արարատ Խանդոյանի մայրը` Ռիտա Խանդոյանը դատարանից թույլտվություն խնդրեց և ասաց․ «Եթե Խանդոյանը մի հատ վահան ձգելով 46 ոստիկան է վիրավորել, ապա պատերազմի դաշտում մի հատ զենքը ձեռքին քանի՞ թուրք է խփել»։

Այս գործով հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 23-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter