HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծաղկահովիտի նախկին գյուղապետը դատարանին խնդրեց Խանդոյանի նկատմամբ մեղմ վարվել

Ամալյա Մարգարյան

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացող, Արարատ Խանդոյանի գործով դատական նիստին վկայությամբ հանդես եկան ամբաստանյալի համագյուղացիներ Երվանդ Խաչատրյանը և Լևոն Հակոբյանը։ Ծաղկահովիտի նախկին համայնքապետ Երվանդ Խաչատրյանը հայտնեց, որ ինքը ճանաչում է Արարատ Խանդոյանին և նրա ընտանիքին․ «Հայրենասիրական ոգով լի ընտանիք են, հինգ եղբայրներից չորսը մասնակցել են Արցախյան հերոսամարտին։ Կարող եմ ասել, որ Արարատը հայրենասեր, աշխատող, կարգին տղա է»։

Ցուցմունքից պարզ դարձավ, որ վկային ոստիկանության Արագածի բաժին են հրավիրել ամբաստանյալին տեսանյութի մեջ ճանաչելու համար․ «Ասացին՝ վկայի կարգավիճակում չե՞ս լինի։ Ինձ ասացին՝ ճանաչեք ձեր համագյուղացուն։ 45 վայրկյանանոց տեսանյութում, մոտ 15 վայրկյանանոց երևում էր Խանդոյանը»,-ներկայցրեց վկան, հավելելով, որ ամբաստանյալը կանգնած է եղել ոստիկանների առաջ, փորձել է վահան քաշել, սակայն չի ստացվել։ Արարատ Խանդոյանը եղել է նաև հաշտարարի դերում։

Ցուցմունքն ավարտելուց հետո վկան դիմելով դատարանին, ասաց․ «Ես մի բան կարող եմ ասել, հիշելով Արարատի անցած ճանապարհը, խնդրում եմ մեղմ վարվել նրա հետ»։

Դատարանում ցուցմունքով հանդես եկավ նաեւ Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակից Լևոն Հակոբյանը, ով նշեց, որ 1980-ականներից ճանաչել է Խանդոյանին, սակայն ինքը դեպքին ականատես չի եղել։

«Քննչական կոմիտեում ցույց են տվել 15 վայրկյանանոց տեսաերիզ, հարցրել են ՝ ճանաչու՞մ եք, ասել եմ ՝ ճանաչում եմ։ Երևում է, որ Արարատը ձեռքը մեկնեց, բայց չի երևում դեպի ո՞ր կողմ գնաց, երևում է նաև ոտքը։ Ձեռքը մեկնեց, բայց վահան չի խլել»։

Վկայությամբ հանդես եկավ ոստիկանության ներքին զորքերի աշխատակից Նազարեթ Գևորգյանը, որ նշեց, որ իր պատասխանատվության տակ գտնվող անձնակազմից հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տուժել են երեք հոգի, այդ թվում և ինքը, սակայն չի տեսել, թե ովքեր են հարվածում, չի ճանաչում նաև Արարատ Խանդոյանին, նրան տեսել է միայն հեռուստացույցով։ Վկան կրկնեց, որ իրենք ժողովրդին զգուշացրել են, փորձել հանդարտեցնել, երբ նկատել են, որ ժողովուրդն առաջ է գալիս, հրաման են ստացել չորս քայլ առաջ գնալ, հետո քսան քայլ։

Վկա Վահե Չախմախչյանը հրաժարվեց մանրամասն ներկայացնել, թե ինչպես են Խանդոյանին բերման ենթարկել, հրաժարվեց պատասխանել՝ արդյո՞ք հատուկ միջոցներ են կիրառել Խանդոյանի նկատմամբ։ Միայն նշեց, որ բերման են ենթարկել ոստիկանի վահանը քաշելուց և հարվածելուց որոշ ժամանակ հետո, որպեսզի լարվածությունն ավելի չսրվի։

Վկային Խանդոյանը հարցրեց՝ իրեն ԱԱԾ տեղափոխե՞լ են, թե ոչ, իսկ բացասական պատասխան լսելուց հետո Խանդոյանը կրկնեց, որ իրեն բերման են ենթարկել ԱԱԾ-ի աշխատակիցները, որոնց մեջ վկան չի եղել։

Դատական նիստի ավարտին Արարատ Խանդոյանն իր բերման ենթարկելը նմանեցրեց Լապշինին ադրբեջանցիների կողմից բերմա ենթարկելուն և ասաց․ «Մարդիկ հավատը մեր երկրի օրենքների և սահմանադրության նկատմամբ՝ կորցնում են»։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փոտրվարի 16-ին։

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվում է 2016-ի հուլիսի 20-ին Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններին մասնակցելու և դրանց ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն  գործադրելու մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter