
Վկան հայտնեց. «Արարատ Խանդոյանն իր կատարած գործողություններով հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում»
Ամալյա Մարգարյան
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանինախագահությամբ շարունակվեց Արարատ Խանդոյանի և Արման Առաքելյանի գործով դատական նիստը: Ամբաստանյալները մեղադրվում են 2016-ի հուլիսի 20-ին Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններին մասնակցելու և դրանց ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
Նիստի ընթացքում վկայությամբ հանդես եկան ոստիկանության երեք աշխատակիցներ:
Ոստիկանության աշխատակից Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց, որ հուլիսի 20-ին պարետապահակային ծառայություն է իրականացրել Խորենացի փողոցում, որտեղ «ամբոխի» կողմից տեղի են ունեցել անկարգություններ, իսկ ոստիկանության աշխատակիցները շղթա են կազմել. «Շղթային մոտեցավ մի խումբ ամբոխ, քարերով, շշերով հարվածում էին, փորձում էին ճեղքել ոստիկանության շղթան»,-նշեց վկան:
Ոստիկանության աշխատակիցն ասաց, որ ամբաստանյալներին չի ճանաչում: Վկայության ընթացքում Վ. Հովհաննիսյանը նշեց նաև, որ քաղաքացիների ձեռքին չի տեսել արգելված իրեր: Նշեց նաև, որ քաղաքացիները փորձել են ճեղքել ոստիկանության շղթան` գոռալով, որ ուզում են սնունդ հասցնել ՊՊԾ գրավված գունդ:
Արարատ Խանդոյանի այն հարցին` արդյոք ոստիկաններն իրենց մահակներով չե՞ն հարվածել քաղաքացիներին, վկան պատասխանեց` ոչ, ապա շարունակեց, որ իրենք միայն հրամանի դեպքում կարող են առաջ գնալ:
Ամբաստանյալների պաշտպան Արա Կարագյոզյանի այն հարցին` արդյո՞ք բոլոր հրամաններն են կատարվում, վկան դրական պատասխան տվեց, ապա փաստաբանը շարունակեց հարցադրումը. «Ի՞նչ կանեին ոստիկանները, եթե քաղաքացիների կյանքին վտանգ սպառնացող հրաման արձակվեր»:
«Իմ ծառայության ընթացքում երբևէ այդպիսի հրաման չեմ ստացել»,- պատասխանեց Վ. Հովհաննիսյանը:
Երկորդ վկան 10.33 վաշտի հրամանատար Սամվել Բաղդասարյանն էր, ով դատարանում հայտնեց, որ իրենց ստորաբաժանումն այդ օրը ՊՊԾ գնդի տարածքում է ծառայություն իրականացրել, երբ իմացել են զանգվածային անկարգությունների մասին մոտեցել են Խորենացի, սակայն «աժոտաժն» ավարտված է եղել:
Նիստի ընթացքում վկայություն տվեց նաև կապիտան Արման Ասլանյանը, ով նշեց, որ ծառայություն իրականացնելու ժամանակ իր տեսադաշտում է հայտնվել մի անձ, ով ձեռքերով ու ոստքերով հարվածել է ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ:
Պաշտպանական կողմի հարցադրումներից պարզվեց, որ վկան հուլիսի 20-ին ոստիկանական համազգեստով չի եղել, չի կրել նաև տարբերանշան: Կապիտան Ա. Ասլանյանը նշեց նաև, որ որևէ մեկի ձեռքին արգելված իր չի տեսել, տեսել է միայն օդում «թռչող իրեր»:
Պաշտպանական կողմը խնդրեց վկային ներկայացնել նաև` ինչպե՞ս է Արարատ Խանդոյանը բերման ենթարկվել, վկան չհիշեց` պատճառաբանելով իր ծանրաբեռնված լինելը:
Արարատ Խանդոյանը միջնորդեց, որ ընթերցվեն վկայի նախաքննական ցուցմունքները, քանի որ վկան չէր հիշում իր կատարած գործողությունները, իսկ դատարանում տված ցուցմուքներում առաջացել էին հակասություններ:
Արարատ Խանդոյանի գործով նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ լեյտենանտ, հիմա կապիտան դարձած Ա. Ասլանյանն իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ տեսել է իր գործողություններով աչքի ընկնող «40-45 տարեկան, ագրեսիվ հայացքով, կարմիր վերնաշապիկով, մուգ մաշկով» մի քաղաքացու, նրան հնարավոր չի եղել մեկուսացնել, կատարված ուսումնասիրությունից հետո պարզել են, որ այդ մարդը ՊՊԾ գունդը գրավված անձանցից Արայիկ Խանդոյանի եղբայրն է:
Վկաների հարցաքննությունից հետո, ամբաստանյալ Արման Առաքելյանը միջնորդությամբ հանդես եկավ` դատարանին խնդրելով իր քրեական գործն առանձնացնել Արարատ Խանդոյանի գործից` նշելով, որ վերջինիս գործը քաղաքական բնույթ է կրում:
Դատարանը բավարարեց միջնորդությունը` բացառելով Արարատ Խանդոյանի գործը բնութագրող որակումները:
Արման Առաքելյանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին, իսկ Արարատ Խանդոյանի գործով նիստը փետրվարի 9-ին:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանի և Արման Առաքելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով, եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն):
Մեկնաբանել