
Օձունում հողին հանձնեցին շարքային Լեռնիկ Օսյանին
Լեռնիկ Օսյանն ընտանիքի միակ զավակն էր: Փետրվարի 18-ին 19-ամյա Լեռնիկ Օսյանի մահվան բոթից Օձունը պապանձված էր. «Ուրիշի համար հող փորելով, մոշ քաղելով է մայրը երեխին մեծացրել: Էս է իրենց տունը: Էս է Սուսաննայի ապրելակերպը: Փայտ չունի, անապահով ընտանիք է, նպաստ չի ստանում, աշխատանք չունի: Անառողջ է: Օպերացիայի ենթակա է: Մի օր հաց է կերել, մի օր` կերել չի: Էդ մի երեխան ուներ: Սրա-նրա տունը մաքրում է, որ 1000 դրամ տան, հացի փող անի»,-պատմեց Սուսաննայի տարեց մորաքույրը՝ Արաքսյան:
Կիսաքանդ տունը ժառանգություն է մնացել Սուսաննայի ծնողներից: Սուսաննան տարիներ շարունակ այդպես էլ չէր կարողացել վերանորոգել տունը: Տան փայտե աստիճանները փտած են: Ներսում նույնպես ամեն ինչ կիսաքանդ է, աչքին են զարնում երկաթե մի քանի հնամաշ մահճակալները: Սուսաննան տան նկուղում էր ապրում: Իմ այցելության պահին նրա կողքին նստած էին մի քանի բարեկամ ու հարևան կանայք: Ասաց՝ միայնակ մայր է, տղային իր հայրական ազգանունն է տվել: Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանի առաջարկով Լեռնիկի հոգեհանգիստը երեկ երեկոյան անցկացրին Օձունի եկեղեցում: Այդտեղ էլ իր երկրային կյանքի վերջին օրը պետք է անցկացներ սպանված զինվորը:
«Սոցիալապես ծայրահեղ անապահով ընտանիքից էր Լեռնիկը: Բոլոր դեպքերում գյուղի հոգսերով ապրող, չարչարանքով իրենց օրվա հացը վաստակող, աշխատող մարդիկ են: Երևի իրենց ճակատագիրն էր, դժբախտության մեջ ընկան: Սուսաննան շատ աշխատասեր ու խելքահաս կին է: Գյուղում հարգված կին է՝ իր ընտանիքին նվիրված: Լեռնիկի հայրը նույնպես աշխատող տղա է, բայց հակում ունի դեպի խմիչքը: Լեռնիկը խելացի, համեստ և աշխատող երեխա էր: Չէ, իրենք լավ մարդիկ են»,- ասաց գյուղապետ Արսեն Տիտանյանը:
Լեռնիկը զինվորական ծառայության էր մեկնել 7 ամիս առաջ: Փետրվարի 2-ին նա 19 տարեկան էր դարձել: Փետրվարի 4-ին զորամասից 5 օրով արձակուրդ էին ուղարկել Լեռնիկին: Մորը չէր հայտնել արձակուրդ գալու մասին, անակնկալ էր մատուցել։ «Ոնց որ ինքը չլիներ, էդ ինչքան էր փոխվել էս 7 ամսում: Համ չաղացել էր, համ բոյովացել էր: Բնավորությունը ամեն ձևով փոխված էր իմ սիրուն զինվորի: Լրիվ ուրիշ մարդ էր դարձել Լեռնիկը: Արձակուրդ եկած ժամանակ տունն էր ավլում, որ ինձ մի բանով օգնած լինի: Մենակ ուզում եմ տղայիս ձայնը լսեմ, որ ասում էր՝ մամ, ի՞նչ ես կերել, ո՞նց ես»,- ասաց Սուսաննան:
«Մեղք էր այդ երեխան, իրեն հացի կոպեկը աշխատում էր ուրիշների համար չարչարվելով: Մինուճարին ինչու են տանում դիրքեր: Մինուճար երեխան պոկեցին մորից: Ում տեղն են մինուճար երեխեքին բանակ տանում: Ինչ անի էս անճար կինը»,-ասաց Սուսաննայի հարևանուհին՝ Անահիտը:
Սուսաննան շշնջաց. «Էս ոնց եղավ: Ես էդ մի երեխի հույսով էի ապրում»:
Զորամասի հրամանատարի արտագծով տեղակալ Ֆելիքս Ենգիբարյանի խոսքով Լեռնիկ Օսյանը ծառայել էր հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիրքային ստորաբաժանումում, եղել է դիրքապահ զինվոր. «Լեռնիկ Օսյանը ծառայության ոչ շատ ստաժ ուներ, վերջին ժամանակներում առաջին արձակուրդն էր մեկնել, բնութագրվում է նորմալ զինվոր, դրական կողմերով: Իր պարտականությունները բարեխիղճ է կատարել՝ առանց որևէ խախտումների: Զինվորը սպանվել է անմիջական մարտական դիրքում»,- պատմեց զորամասի հրամանատարի տեղակալը:
Նրա խոսքով, Լեռնիկի մահվան հանգամանքները կպարզի նախաքննությունը:
Մորը Թումանյանի զինկոմիսարիատի աշխատողներից են հայտնել, որ մաքրելու ժամանակ է Լեռնիկի զենքը կրակել: Մայրը դրան չէր հավատում. «Ամենքը մի բան են ասում, ես չեմ իմանում ոնց է եղել: Երեխես լավ ծառայող է եղել: Իրա հրամանատարն էլ ինձ հեռախոսով ասել է՝ իմ լավ զինվորներից մեկը քո տղան է: Հրամանատարը շնորհավորել է իմ Նոր տարին: Ջահել տղա էր: Ասաց. «Մորքուր ջան, ամեն ինչ լավ ա, Լեռնիկը լավ երեխա է: Տեսավ, Լեռնիկը ինձ հետ խոսում է, հեռախոսը վերցրեց, ինքն էլ ինձ հետ խոսեց»,- պատմեց Սուսաննան:
Հիշեց, որ տղան շատ լավ տրամադրությամբ էր եկել արձակուրդ: «Էստեղ ինչ ուզել է, առել եմ, ուտացրել եմ, հետն եմ դրել: Ես առաջին անգամ եմ զինվոր տեսնում, որ ծառայում է՝ ու շատ ուրախ, գոհ էր բանակից; Երեք օր առաջ էլ զանգեց բանակից, ասավ՝ մամ, նորմալ եմ, լավ եմ: Բողոք չի ունեցել, որ ասենք մի բանից նեղվել է: Սպասում էր, որ մյուս ամիս նոր բատինկա տան, իրեն բատինկի տակը մաշված էր: Ոտքերը կարմրած էր, փուչիկներ կար ձեռքերին, դեղ եմ քսել, հետո հետն եմ դրել, որ բանակում քսի: Չգիտեմ, Լեռնիկը շատ լավ էր տրամադրված: Ոչ մի խնդիր չուներ: Շորերն էլ լվացել եմ, հագցրել: Ասեցի՝ ուզում ես քեզ մոտիկացնեմ մեր գյուղից, ես միայնակ մայր եմ, Լեռնիկը իմ ազգանունով է գրված: Մեկ ասեց՝ հա, հետո ասաց ՝չէ, մամ, արդեն հարմարվել եմ այդ զորամասում»,-պատմեց մայրը:
Հրամանատարի տեղակալ Ֆելիքս Ենգիբարյանը «Հետքին» բացատրեց, որ օրենքով սահմանաված կարգով բանակում զինվորին 8 ամիսը մեկ անգամ են զինվորական կոշիկներ տալիս:
Վերջին անգամ Լեռնիկը փետրվարի 15-ի երեկոյան՝ ժամը 8:30-ից 9:00-ի սահմաններում է մոր հետ խոսել։ «Ասեցի՝ ոնց ես, ասավ՝ նորմալ ա, մամ ջան, լավ ենք»,-հիշեց Սուսաննան:
Այսօր Օձունում հողին հանձնեցին շարքային Լեռնիկ Օսյանին:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել