HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերժվեց Կարո Եղնուկյանի բողոքը դատախազության անգործության դեմ

Ամալյա Մարգարյան

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Գագիկ Պողոսյանի մերժեց Կարո Եղնուկյանի բողոքն ընդդեմ գլխավոր դատախազության անգործության:

Ինչպես նախորդ դատական նիստի ընթացքում նշեց Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը, իրենք դատախազություն միջնորդություն են ուղարկել` Եղնուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, սակայն դատախազությունը մերժել է` պատճառաբանելով, թե միջնորդության մեջ որևէ նոր փաստարկ չի բերվել:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր նիստի սկզբում դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց` պատճառաբանելով, որ նախորդ նիստը հետաձգվել է, քանի որ դատախազ Պետրոս Պետրոսյանն ասել է, որ կա վերաքննիչ դատարանի որոշում, որը պիտի ներկայացվի:

«Վերաքննիչ դատարանի որոշում չկար, դատախազն ուղղակի չէր հիշում, որ մենք այդ դատական ակտը չէինք բողոքարկել. համարել էինք անիմաստ: Դատավորը հենց այդ հիմքով հետաձգեց նիստը` ասելով, որ հաջորդ նիստին կներկայացվի այդ փաստաթուղթը: Այսօր այնպիսի փաստաթուղթ ներկայացրեց, որն արդեն կար դատարանում, խոսք չգնաց վերաքննիչի որոշման մասին: Սա նշանակում է, որ դատավորը տեղյակ է, խոսել է դատախազի հետ, որպեսզի վերջինիս վատ դրության մեջ չդնի, չհիշատակեց դա»,-մեզ հետ զրույցում նշեց Տիգրան Հայրապետյանը:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով` Գագիկ Պողոսյանը ընթերցեց ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշումը:

Շարունակվեց գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը, որից հետո փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ տվյալ միջնորդությունը, որի շուրջ բողոք են ենրկայացրել, դատարան են ներկայացրել դեկտեմբերի 8-ին, երբ Եղնուկյանի խափանման միջոցը փոխվել է, և նախաքննությունն ավարտվել է: Ինչպես նաև շեշտեց, որ մի խումբ պատգամավորներ, իրավապաշտպաններ իրենց երաշխավորությամբ և դիմում-միջնորդությամբ դիմել են գլխավոր դատախազին:

«Սրանք արմատապես տարբեր միջնորդություններ են և արմատական փոփոխություններ են թե՛ հիմքերի, թե՛ փաստերի, թե՛ անձերի, թե՛ մեղադրանքի առումով: Ասել, որ այդ միջնորդությունը արդեն չպետք է քննվի, որովհետև նման միջնորդություն քննվել է, ավելի քան անհիմն է և չպատճառաբանված»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:

Մինչ դատավորը կհեռանար խորհրդակցական սենյակ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը հայտարարությամբ հանդես եկավ և, դիմելով դատարանին, ասաց. «Ինչպես անցած նիստին ես Ձեզ հարցնում էի՝ լավ տրամադրված չեք, իմ կարծիքով, նաև՝ այն փաստը, որ Դուք մերժեցիք ինքնաբացարկի միջնորդությունը, ես կարող եմ հիմա վստահ ավելացնել, որ Դուք պիտի գնաք և վերադառնաք՝ նորից մերժելով»: Ապա դիմելով դահլիճում ներկա հարազատներին` շարունակեց խոսքը. «Եվ կխնդրեի ժողովրդին, որ «ամոթ» չգոռան, որովհետև ամոթի բան չկա: Ես կխնդրեի, որ դուք «բրավո» ասեք և ծափահարեք, որովհետև այս դատավորը հաստատ, 150 տոկոսով պիտի մերժի»:

Մերժման որոշումը հրապարակելուց հետո դահլիճում գտնվողները հետևեցին Եղնուկյանի «խնդրանքին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter