Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

«Երբ տեսնում եմ, թե իր նման էրեխեքին ոնց են հանձնում մանկատներ, չեմ դիմանում»


6,5 ամսականում ծնված Վաչիկի մասին Մարտունու հիվանդանոցում բժիշկներից մեկը ասել էր, թե էդ պալտոյի կոճակին ինչի՞ եք բերել: Երեխան ծնվել էր 1 կգ 150 գրամ քաշով: Ծնվելուց հետո առողջական խնդիրներ էին առաջացել, բժիշկներն ասել էին՝ մանկական պարալիչ է տարել, հետո ավելացրել, թե թոքաբորբ է մոտը: «Ինձ ասում էին՝ պլիտայի վրա պահի էրեխուն, շշերը ջրով լցրու, տաքացրու, դիր էրեխու հետևին, բայց նայի թոքերը չվառես»,- հիշում է մայրը՝ Քրիստինա Պողոսյանը:

Քրիստինան ու Մանեն

41-ամյա Քրիստինան Վանաձորից է, որտեղ ծանոթացել է ամուսնու՝ Վլադիկ Գեւորգյանի հետ, ով այնտեղ զինվորական ծառայություն էր անցնում: 22 տարի է՝ ամուսնացած են: Ասում են, որ դժվարությունները միացյալ ուժերով են հաղթահարում: 5 երեխա ունեն, ավագ աղջիկն ամուսնացել է, արդեն տատիկ-պապիկ են: Երեխաներից փոքրերը Մաքսն ու Մանեն են: Մանեն նախորդ տարի Քրիստինայի առողջական խնդիրների պատճառով դպրոց չի գնացել: Այս տարի առաջին դասարան կգնա: Ընտանիքը բնակվում է Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում:

«Մեր էրեխեն ա, մեր տղեն ա»

«Վաչիկին անընդհատ մասնագետների մոտ ենք տարել, ասացին, որ ուղեղի թաղանթների հարցն է, արդուկված են, աջ կողմը թույլ է, ես եմ իրեն ուտեցնում, հագցնում, ինքը ոչ մի բանի ի վիճակի չէ: Կարող է անընդհատ նույն հարցը տալ օրվա մեջ, չի գիտակցում դա»,- պատմում է մայրը:

Վաչիկը

Վաչիկը 21 տարեկան է: Նրա մեծանալուն զուգահեռ խնդիրները շատանում են: Եթե նախկինում, մոր խոսքով, ինքը կարողանում էր մենակ պահել, հիմա գրեթե անհնար է: Հաճախ է ագրեսիվ դառնում, երեխաների բարձր ձայնից կարող է բարկանալ, երբեմն պատռել հագուստը, նույնիսկ ապակի ջարդել, սիրում է, որ ամեն բան իր ասածով լինի: Այս ամենին տանը բոլորն էլ հարմարվել են: Ծնողներն ասում են՝ մեր էրեխեն ա, մեր տղեն ա:

«Ժամանակին ասում էին՝ ինչի՞ ես պահում էրեխուն, աղջիկ էրեխեք ունես, տար հանձնի մանկատուն կամ մասնագիտացված կենտրոն, բայց ես չեմ կարա անեմ... Ես չեմ կարողանում համակարպվել էդ մտքին: Ասում են՝ Գավառում էլ կա, Երևանում էլ կա, բայց չեմ կարա... Երբ հեռուստացույցով տեսնում եմ, թե իր նման էրեխեքին ոնց են հանձնում մանկատներ, չեմ դիմանում, ոնց որ իմ էրեխուն իմ ձեռքով տանեմ, ասեմ՝ սպանեք»,- ասում է Քրիստինան:

«Քրիստ, այ Քրիստ»,- սենյակ է մտնում Վաչիկը, նայում ինձ, հետո Քրիստինային ու նրա թաց աչքերին: Մայրն անընդհատ մաքրում է աչքերը, նրան խնդրում եմ զրույցը շարունակել քիչ ավելի ուշ, բայց հրաժարվում է, ասում է՝ հանգիստ եղեք: Հետո պատմում է, որ գիշերները շնչահեղձ է լինում քնած ժամանակ: Պարբերաբար շտապօգնություն են զանգում, պատահում է՝ մի գիշերվա մեջ երկու անգամ: Բժիշկները Քրիստինային ասել են, որ ստացիոնար բուժում պետք է ստանա, բայց նա չի համաձայնել: Ասում է՝ բա Վաչիկիս ո՞ւմ հույսին թողնեմ, ամուսինս տղամարդ է, շատ է օգնում, բայց չի կարող և Վաչիկին, և մյուս էրեխեքին նայել իր բուժման ժամանակ:

Վլադիկը

Մոր պատմելով՝ Վաչիկին կցանկանար հոգեբանի մոտ տանել, վստահ է, որ հոգեբանի աշխատանքը կօգնի որդուն, բայց դրա համար բավարար ֆինանսներ չունեն: Հողագործություն են անում, 1 կով ու 10 հավ ունեն: Երեխաների նպաստը 36.500 դրամ է, Վաչիկի հաշմանդամության թոշակը՝ 21.500 դրամ: Ընտանիքի հայրը՝ 43-ամյա Վլադիկը, արտագնա աշխատանքի է գնում, բայց հիմա դժվարացել է գնալը: Նախկինում, երբ նրա ծնողները ողջ էին, Քրիստինային օգնում էին, իսկ հիմա կինը չի կարող միայնակ հոգ տանել տղայի մասին:

Վլադիկն ասում է, որ ամեն ինչ ձեռքից գալիս է՝ զոդում է, տուն վերանորոգում: «Եթե էստեղ 150 հազար դրամ աշխատավարձով գործ գտնեմ, դուրս չեմ գնա: Սաղս ստիպված ենք գնում»,- նշում է նա: Գյուղում մասնավոր գործեր է անում, ասում է. «Եթե իմ էրեխեն գա կանֆետ ուզի, չկարողանամ առնել, ուրեմն չեմ ապրում»:

«Եթե մի բան մարդուն չի սպանում, ուժեղ է դարձնում»

Քրիստինան աթոռը մոտեցնում է փոքր սեղանին: Կոնֆետներ է բերում, Մանեն ու Մաքսը նույնիսկ չեն նայում կոնֆետի վազին: Վաչիկը քիչ ավելի հեռու է նստել: Հարցնում է՝ ժամը քանի՞սն է, պատասխանում եմ: Մայրն ասում է՝ նրա սովորությունն է, օրվա մեջ հազար անգամ ժամ է հարցնում:

Մաքսն ու Մանեն

Վաչիկը սիրում է ազգագրական երաժշտություն լսել, մեկ-մեկ էլ պարում է: Հայրը պատմում է, որ երբ տղան փոքր էր, ու բակ էին տանում խաղալու, երեխաները հետաքրքրասեր հայացքներով էին նայում: Ասում է՝ միշտ փորձել է աննկատելի թողնել այդ ամենը, բայց հոգու խորքում մեծ ցավ է ապրել: «Եթե մի բան մարդուն չի սպանում, ուժեղ է դարձնում»,- ավելացնում է Վլադիկը:

Նա ոգևորությամբ է խոսում որդու մասին: Ասում է՝ որդին կենդանիներ շատ է սիրում: Տարիներ առաջ մի ձի ունեին, հիվանդությունից սատկեց, մինչև հիմա հիշում է ձիուն, կարող է դուռը բացել, սպասել: «Ձին, ձին եկավ»,- ասում է Վաչիկը մեր զրույցի ժամանակ:

Մեր զրույցի ժամանակ գործողություններին էի հետևում: Վաչիկը երկար չի նստում մի տեղում, անընդհատ անցուդարձի մեջ է, հարցեր է տալիս՝ դարձյալ ժամ է հարցնում, քիչ հետո ձիու մասին է սկսում խոսել: Ինչ-որ անբացատրելի հարց կա նրա դեմքին, երբեմն թվում է, թե տղան հասկանում է ամեն բան:

«Քրիստ, Քրիստ»,- Վաչիկը կանչում է Քրիստինային, ճաշի ժամն է: Վլադիկը նայում է որդուն. «Մենք միշտ Վաչիկի հետ ենք, իսկ մեզնից հետո էլ ախպերն ու քույրերը կօգնեն, եթե մեր էրեխու մասին մենք չմտածենք, ո՞վ պիտի մտածի»:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։