HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Տանդեմ փեյմինթս»․ խոշոր յուրացում ու բազմաթիվ դատական գործեր

Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել մինչեւ վերջերս Հայաստանի էլեկտրոնային վճարումների շուկայում առաջատար դիրք զբաղեցրած «Տանդեմ փեյմինթս» ընկերության կողմից խոշոր յուրացման վերաբերյալ։

Ինչպես «Հետք»-ին ոստիկանությունից տեղեկացնում են, 2016 թվականի փետրվար ամսին Հայաստանում գործող փակ բաժնետիրական ընկերություններից մեկից դիմում է ստացվել այն մասին, որ «Տանդեմ Փեյմինթս» ՍՊԸ-ն յուրացրել է ՓԲԸ հաշվին մուտքագրված գումարները։

Դիմումի հիման վրա, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստեղծված նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով։ Ինչպես «Հետք»-ին տեղեկացնում են Քննչական կոմիտեից, «Տանդեմ Փեյմինթս» ՍՊԸ կողմից ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ, Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետի հատկանիշներով։

Թե որ փակ բաժնետիրական ընկերությունն է դիմել ոստիկանություն, մեզ ուղղված գրության մեջ չի նշվում։

Նշենք, որ տարբեր ժամանակներում «Տանդեմ»-ի գործընկերներն են եղել պետական եւ կառավարական մարմիններ, մեծ շրջանառություն ունեցող ընկերություններ։ Այս բոլորը «Տանդեմ փեյմինթսի» տերմինալներով քաղաքացիներից գանձել են տարբեր տեսակի վճարումներ։ Եվ մի օր դրանցից շատերի գումարներն անհետացել են։

Ինչ է «Տանդեմը»

«Տանդեմ Փեյմինթս» ՍՊԸ-ն երկար տարիներ առաջատար դիրք է գրավել Հայաստանում գործող վճարման համակարգերի շուկայում։

Ընկերությունը ստեղծել էր tandem.am վճարային պորտալը, որն այս պահին արդեն չի գործում, եւ «Տանդեմ Դրամ» էլեկտրոնային քսակը: Էլեկտրոնային քսակի մրցակցային առավելություններից մեկը բանկային քարտերը վիրտուալ հաշվին կցելու հնարավորությունն էր։ Այդ նպատակով ստեղծվել էր նաեւ բջջային հավելված՝ սմարթֆոնների համար:

«Tandem.am վճարային պորտալը առաջինն է Հայաստանում գործող նմանատիպ վճարային համակարգերի ոլորտում, որը թույլ է տալիս առցանց կատարել արագ և անվտանգ վճարումներ առանց գրանցվելու անհրաժեշտության»,-ասվում էր ընկերության գովազում:

                 

Արագ՝ միգուցե։ Իսկ թե որքանով անվտանգ էր, ցույց տվեց ժամանակը։

Ընկերությունն էլ ավելի առաջ էր գնացել եւ ստեղծել «Տանդեմ Տրանսֆերս» առաջինազգային դրամական փոխանցումների համակարգը, որի միջոցով փոխանցումներ էր իրականացվում համագործակցող բանկերի, «Տանդեմ Դրամ» էլեկտրոնային քսակի, ինչպես նաև Հայաստանի տարածքում գործող տերմինալների հսկայական ցանցի միջոցով:

Ինքնասպասարկվող վճարային տերմինալները Հայաստանում լայն տարածում սկսեցին գտնել 2007 թվականից: 2010թ. ապրիլի 10-ին առաջին վճարային տերմինալը տեղադրվեց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վարչական շենքում: Եվ վճարումների հավաքագրման մեթոդի կիրառման բացառիկ իրավունքի լիցենզիա տրամադրվեց հենց «Տանդեմ Փեյմինթս» ընկերությանը։

Քաղաքացիները տերմինալների միջոցով պետական վճարումներ էին կատարում։ Ընդ որում, յուրաքանչյուր անձնագրի դիմաց տերմինալը 300 դրամ էր գանձում որպես սպասարկման գումար: Եվ այսպես՝ մի քանի տարի շարունակ։

Ընկերության պատմությունը

Ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։ Ընկերության բաժնեմասերի ողջ փաթեթը պատկանում է Երեւանի Ուլնեցի փողոցի 49 շենքի բնակիչ Գայանե Շիմշիրյանին։ Ընկերության կանոնադրական կապիտալը 133 միլիոն դրամ է։ «Տանդեմ փեյմինթսի» տնօրենը Գայանե Շիմշիրյանի ամուսինն է՝ Գագիկ Էդուարդի Խաչատրյանը։

Մինչեւ 2011 թվականը «Տանդեմ Փեյմինս»-ն ունեցել է մի քանի բաժնետեր, որոնց թվում՝ Երեւանի բնակիչներ Աշոտ Ղազարյանը, Լեւոն Խալաթյանը, Սոս Մանուկյանը, Մարտիկ Մկրտչյանը, Գեւորգ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ՝ «Սմարտ Տեստ» եւ «Սմարտ-Տեխ» ընկերությունները։ Գայանե Շիմշիրյանն ընկերության միակ բաժնետերն է 2014 թվականից։

«Սմարտ-Տեխ» ՍՊԸ-ի առաջ նույնպես կանաչ լույս էր վառվել կառավարությունում։ Այս ընկերությունը որոշակի ժամանակաշրջան հանդիսանում էր կառավարությանն առընթեր Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի անդամ։ Իսկ Աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը մեկ անձից գնելու եղանակով պայմանագիր է ունեցել «Սմարտ-Տեխ» ընկերության հետ, տեղեկատվական ներքին պորտալի սպասարկման մասով։

Այս ընկերությունը, ինչպես «Հետք»-ն ավելի վաղ գրել է, մինչեւ վերջերս Հայաստանի համար կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտեր արտադրող, լեհական «PWPW» ընկերության հայաստանյան ներկայացուցիչն է։

Լուսանկարում պատկերվածը կառավարության՝ «Սմարտ-Տեխ» ՍՊԸ-ին արտոնություն տալու մասին որոշումներից մեկն է

Յուրացումներ բազմաթիվ տուժողներով

«Տանդեմ Փեյմինթս» ընկերության պատմությունը բեկվում է 2014 թվականից, երբ մի շարք գործընկերների գումարներն անհետանում են։ Դրան նախորդող 2 տարիներին՝ 2012 թվականից սկսած, ընկերության սեփականատերերը վարկային խոշոր գործարքներ են կնքում տարբեր բանկերի հետ, ուշացնելով դրանց մարումները։ Ընկերությունը հայտնվում է աղմկոտ ֆինանսական պատմությունների մեջ, որին հետեւում է Կենտրոնական բանկի՝ «Տանդեմ Փեյմինթս» ՍՊԸ-ին լիցենզիաներից զրկելու որոշումը։

ԿԲ խորհրդի 2015 թվականի օգոստոսի 11-ի որոշումով` գործունեության ընթացքում թույլ տրված խախտումների համար, որպես պատասխանատվության միջոց ուժը կորցրած է ճանաչվում «Տանդեմ Փեյմինթս» ՍՊԸ-ին տրամադրված «Դրամական փոխանցումներ իրականացնելու» եւ «Վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ եւ քլիրինգ իրականացնելու» թիվ 7 եւ թիվ 3 լիցենզիաների գործունեությունը:

Ուժը կորցրած է ճանաչվում նաեւ «Տանդեմ Տրանսֆերս» հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման եւ գործունեության թույլտվությունը, ինչպես նաեւ Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվությունը համարվել է դադարեցված:

ԿԲ որոշումն ուժի մեջ մտնելու պահից, «Տանդեմ Փեյմինթս» ՍՊԸ-ն զրկվում է վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իր բոլոր իրավունքներից՝ միաժամանակ շարունակելով կատարել իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները:

2015 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ արդեն, «Տանդեմ փեյմինթս» ՍՊԸ-ի սննանկացման գործընթացի մեկնարկին, գոյություն է ունեցել ընկերության պարտատերերի նախնական մեծ ցուցակ։

Ամենամեծ պահանջատերերից մեկը եղել է «Ամերաբանկ»-ը։ «Տանդեմ փեյմինթս»-ն այս բանկին պարտք էր 183 միլիոն 146 հազար դրամ։

Հաջորդ խոշոր պարտատերից մեկը «Ֆաբերլիկ Զակավկազյե» ՍՊԸ-ն է՝ 72 միլիոն 739 հազար դրամ պարտքով։

«Տանդեմ»-ը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին պարտք է մնացել 402 հազար դրամ, «Վիվառո Գեյմ» ՍՊԸ-ին՝ 35 միլիոն 167 հազար դրամ, «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ին՝ 47 միլիոն 622 հազար դրամ, «Ինտերակտիվ Թիվի» ՍՊԸ-ին՝ 430 հազար դրամ, «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ին՝ 279 հազար դրամ, «Յուքոմ» ընկերությանը՝ 26 միլիոն 709 հազար դրամ, անհատ ձեռնարկատեր Միխայիլ Շահզադյանին՝ 738 հազար դրամ, «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ին՝ 10 միլիոն 332 հազար դրամ, «Հայբիզնեսբանկին» ՓԲԸ-ին 5,8 միլիոն դրամ, «Հայաստանի ամերիկյան Համալսարան» հիմնադրամին՝ 1,5 միլիոն դրամ եւ այսպես շարունակ։

Ընկերությունը հայտնվել է բազմաթիվ դատական պատմությունների մեջ։

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի կողմից դիմում է ներկայացվել դատարան՝ «Տանդեմ Փեյմինթս» ընկերության տնօրեն Գագիկ Էդուարդի Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջով:

Բանկի կողմից դատարան ներկայացված դիմումի մեջ ասվում է, որ 2013 թվականի մարտ ամսին «Տանդեմ Փեյմինթս» ՍՊԸ-ին տրամադրվել է 80 միլիոն դրամ վարկ 16 տոկոս տոկոսադրույքով, ամսական մասնակի մարումներով վարկը եւ տոկոսագումարը 5 տարվա ընթացքում բանկին վերադարձնելու պայմանով։

Մի քանի օր անց օվերդրաֆթի մասին պայմանագրով «Տանդեմ Փեյմինթս» ՍՊԸ-ին տրամադրվել է հաշվի վարկավորում 20 միլիոն դրամ սահմանաչափով։ Հետագայում վարկային սահմանաչափի գումարը ավելացվել է՝ սահմանելով մինչեւ 220 միլիոն դրամ, այնուհետեւ՝ էլի ավելացվելով 20 միլիոն դրամով։ Ըստ դատական գործի՝ կետանցված պարտավորության գումարը միայն «Տանդեմ Փեյմինթս» ընկերության վարկերի գծով կազմել է 227 միլիոն 143 հազար դրամ։

Դատարանը որոշել է «Կոնվերս բանկի» դիմումի հիման վրա՝ Գագիկ Էդուարդի Խաչատրյանին սնանկ ճանաչել։ Արգելանք է դրվել Խաչատրյանի սեփականություն իրավունքով պատկանող գույքի վրա։

Ընկերության դեմ 2015 թվականին հայց է ներկայացրել նաեւ «Ամերիաբանկը», պահանջելով սնանկ ճանաչել ընկերությանը։

2016 թվականի մայիսին «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն եւս մեկ հայց է ներկայացրել, պահանջելով սնանկ ճանաչել արդեն «Սմարտ-Տեխ» ՍՊԸ-ին։ Առիթը մի քանի այլ վարկերն են՝ մի քանի տասնյակ ամերիկյան դոլարի եւ մի քանի հարյուր միլիոն դրամի չափով։

Հաջորդ հայցատուն «Ֆաբերլիկ Զակավկազյե» ընկերությունն է։ Այս մի դատական գործից հայտնի է դառնում, որ արդեն սնանկության պրոցեսում Գագիկ Խաչատրյանն անհետացել է։ Այդ ընթացքում 33 վճարային տերմինալի վրա արգելանք է դրվել եւ դրանց շահագործումը՝ դադարեցվել:

Հայցերից մեկն ընդդեմ Գայանե Շիմշիրյանի է, պահանջը՝ կրկին սնանկ ճանաչելու մասին։ Այստեղ արդեն հայցվորը Շիմշիրյանի գործընկերն է՝ «Սմարտ-Տեխ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը՝ Ֆրեդ Նազարյանը։ Ըստ գործի մանրամասների՝ Ֆրեդ Նազարյանի եւ Գայանե Շիմշիրյանի միջեւ 2014 թվականի մայիս ամսին կնքվել է համաձայնագիր, որով Ֆրեդ Նազարյանը պարտավորվել է իրեն պատկանող «Սմարտ-Տեխ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի 30,4 տոկոս բաժնեմասը 182 միլիոն 600 հազար դրամ արժեքով վաճառել ընկերության մասնակից Գայանե Շիմշիրյանին, իսկ վերջինս պարտավորվել է գնել այդ բաժնեմասը, գումարը 12 ամսվա ընթացքում վճարելու պայմանով։

Պարտապանն իր պարտավորությունները կատարել է մասնակի և ոչ պատշաճ, որի արդյունքում վերջինիս պարտավորությունները կազմել են 120 միլիոն 350 հազար դրամ։ Պարտապանն առաջարկել է կնքել լրացուցիչ համաձայնագիր եւ սահմանել վճարման նոր ժամանակացույց` մի քանի ամսով երկարաձգելով պարտքի մարման ժամանակահատվածը եւ նվազեցնել ամսեկան վճարումների չափը, ինչպես նաեւ տեղեկացրել է, որ պատրաստ է երկարաձգված ժամանակահատվածի համար պահանջատիրոջը վճարել տոկոսներ:

Փախուստ պատասխանատվությունից

Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Գագիկ Խաչատրյանին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նկատի ունենալով, որ մեղադրյալը գտնվում է հետախուզման մեջ՝ նախաքննության օրինական շահերից ելնելով, այլ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter