HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչը մեկնաբանում է իրենց ծրագիրը

Հայկական վերածնունդ կուսակցության նախընտրական ծրագրում  տնտեսական քաղաքականությանն առնչվող մի քանի կետերի մասին «Հետք»-ի հարցերին պատասխանում է կուսակցության տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիլեն Խաչատրյանը։ 

- Ծրագրով նախատեսում եք  ավանդների ամբողջական վերադարձ` ներառյալ ավանդատուների ժառանգներին ավանդների փոխհատուցում: Ինչպե՞ս եք պատկերացնում այս գործընթացը։ Ի՞նչ ծավալի ավանդների մասին է խոսքը։

- Այս գործընթացի համար միջոցների հատկացումը նախատեսում ենք պետական բյուջեից, այսինքն` պարզապես նախանշում ենք, որ անհրաժեշտ է շարունակել սկսված գործընթացը: Այսինքն` ըստ ինդեքսավորման ընդունված մեխանիզմի, ըստ տարիքային խմբերի դա պետք է շարունակել վերադարձնել ինչպես արվել է նախկինում, իսկ հստակ ժամանակ և գումարների չափ (քանի որ տվյալների բազան հստակ չէ և այլն) չենք կարող նշել, մյուս կողմից յուրաքանչյուր տարի պետական բյուջեն տալիս է միայն սահմանափակ հնարավորություններ դրանք վերադարձնելու համար: Սակայն այն, որ մեր թիմը որդեգրել է իրական իշխանություն ունենալու պարագայում դրանց ամբողջական վերադարձը, դա փաստ է, թեկուզ դրա համար պահանջվի 5-10 տարի և այլն: 

- Իսկ ծրագրում նշված էներգետիկ հզորությունների հետևողական զարգացումն ինչպե՞ս կարող եք ապահովել։ Որքա՞ն ժամանակ և գումար կծախսվի այս ամենի համար։ Որտեղի՞ց պետք է հայթայթվեն այդ գումարները։

- Նշենք, որ այս ծրագրերի շահագրգիռ կողմ է հանդիսանում ֆինանսավորման համար Իրանը, որի գերնպատակներից է իր նավթն ու գազը տարանցիկ երկրների միջոցով հասցնել ԵՄ: Ըստ առաջնահերթությունների ներդրումային ծրագրերի ցանկի և գումարային սանդղակի կազմում և դրանք ազգային զարգացման ծրագրերի վերածում համահայկական դրամահավաքների (քրաուդֆոնդինգի) միջոցով: Ինչ վերաբերում է աղբավերամշակմանը, գործարաններն իրենք են շահույթ ստեղծում, որի բաշխման խնդիրն է մինչ այժմ պատճառ եղել, որ դրանք չեն կառուցվել լայն թափով: 

- Նաև «հյութեղ» խոստումներ եք տալիս բանկային համակարգին վերաբերող հարցերում՝ վարկերի էժանացում, հիփոթեք՝ առանց կանխավճարի և այլն։ Այս դրույթների հիմքում ի՞նչ հաշվարկներ են ընկած։ Ֆինանսական կառույցների՝ բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ այս ծրագրերը քննարկվե՞լ են։

- Այս խնդիրները հնարավոր է լուծել միջազգային էժան վարկերի հաշվին, որոնց մարժան ՀՀ-ում չհիմնավորված բարձր է, այս ծրագրի հիմքը դրա պատճառների վերացումն է` բանկերը պետք է ծառայեն տնտեսությանն, այլ ոչ թե պետական բյուջեին: Էժան փողերի մուտքի խոչընդոտները դեպի Հայաստան պետք է վերացվեն:

Այս դրույթների հիմքում ընկած են այն հաշվարկները, որ ՀՀ մտնող վարկերի տոկոսադրույքների (2-3%) և բնակչությանը հասնող վարկերի տոկոսադրույքների միջև առկա են էական տարբերություններ, այսինքն` բանկերի մարժան տոկոսադրույքների բավականին բարձր է, որի իջեցման համար իրական հիմքեր կան: Սակայն բանկային համակարգը ևս ինչ-որ առումով աշխատում է մենաշնորհային ռեժիմով և ցածր տոկոսադրույքներով վարկեր մուտք գործելու և շուկայում վարկավորման նոր կանոններ առաջարկելու հնարավորությունները սահմանափակ են: Այս հարցերը և ծրագրերը Ձեր կողմից մեջբերվող ֆինանսական կառույցների՝ բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ չենք քննարկել, քանի որ իրենց շահույթի յուրաքանչյուր դրամը, տոկոսադրույքի ամեն մի տոկոսային կետի իջեցումը, ինչպես նաև զիջումը և ռիսկի իրենց չափաբաժնի չնչին մեծացումը բանկերն ընդունում են շատ ցավագին։ Դա է նաև պատճառներից մեկը, որ բանկերը ծառայում են ոչ թե տնտեսության զարգացմանը, այլ վաշխառուական մոտեցումների կիրառմանը: Ինչ խնդիր կա նրանում, որ գրավադրվող բնակարանն առանց կանխավճարի հիփոթեքով վարկավորեն, հակառակ պարագայում ոչ միայն կարող են այդ կանխավճարը բազմիցս շրջանառության մեջ դնելով իրենց համար վերածեն միջին կամ կարճաժամկետ փողի, այլ նաև աշխատեն շատ ավելի շատ գումարներ: Դեռ ավելին՝ դրանով նաև կանգ է առնում տնտեսության մի ամբողջ ոլորտ, ինչպիսին սոցիալական բնակարանաշինությունն է: Այսինքն` բանկերն այդ քայլով ոչ միայն մարդկանց բարեկեցությունը կբարձրացնեն, այլ նաև շինարարությանն աճ կհաղորդեն: Նշենք նաև, որ կուտակային կենսաթոշակային համակարգի և պետական բյուջեի միջոցներից տարեկան 20 մլրդ դրամ ազատ կարելի է ուղղել նմանատիպ նախագծերին, ինչպես նաև ներգրավելով օտարերկրյա ներդրումներ` խոշոր շինարարական ծրագրերի պարագայում օրենքով նախատեսել հարկային արձակուրդներ:

- Նախատեսո՞ւմ եք գազի սակագների նվազեցում։ Ինչպե՞ս եք դա ապահովելու և ինչպե՞ս եք ընդհանուր հայտարարի գալու «Գազպրոմ-Արմենիա»-ի հետ։

- «Գազպրոմ-Արմենիա»-ի հետ ընդհանուր հայտարարի գալու մոտեցմամբ չպետք է շարժվել, այլ սահմանի վրա ձևավորվող գազի գնի և բնակչությանը կամ տնտեսվարողներին մատուցվող գազի գնի տարբերության առաջացման անարդյունավետ ծախսերի բացահայտման մոտեցմամբ: Եվ, ընդհանրապես, բնական մենաշնորհների դեմ պայքարի մեխանիզմի հիմքում հանրային ծառայությունները կարգավորող և, մեր կողմից առաջարկվող, հակամենաշնորհային հանձնաժողովի գործառույթների ընդլայնումն է պետք դնել, և իրական ազդեցության մեծացումը բնական մենաշնորհների վրա, թույլ չտալով իրենց կողմից ցանկալի մեթոդներով գնագոյացման արատավոր պրակտիկան կիրառել: 

- Հարկ եք համարո՞ւմ Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային մարմնի ստեղծումը։ Ինչպե՞ս եք պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարը։

- Քաղաքական կամքի և համապատասխան օրենսդրության անշեղորեն կիրառման, ինչպես նաև իրավապահ մարմինների և դատական համակարգի արդյունավետ գործունեությամբ: 

- Իսկ մենաշնորհների դեմ պայքարել պատրաստվու՞մ եք։

- Մենաշնորհները չարիք են մեր տնտեսության համար, իսկ հակամենաշնորհային իրական քաղաքականությունը տնտեսությունը ոտքի կանգնեցնելու գերակայություններից է: Մենք առաջարկում ենք հետևյալ քայլերը` հակամենաշնորհային օրենսդրական դաշտի բարելավում` մրցակցության պաշտպանության մոդելից անցում հակամենաշնորհային քաղաքականության մոդելի: Այսինքն` այն ընկերությունը, որը կունենա մենաշնորհ պետք է բաժանվի մասերի` բաց բաժնետիրական վաճառքի միջոցով և բացառելով փոխկապակցված անձանց կողմից վերջինիս բաժնեմասի գնումը: Դա պահանջում է խիստ վերահսկողություն և կապերի բացահայտում: Երկրորդ՝ բնական մենաշնորհների դեմ պայքարի մեխանիզմի հիմքում հանրային ծառայությունները կարգավորող և մեր կողմից առաջարկվող հակամենաշնորհային հանձնաժողովի գործառույթների ընդլայնումն է, և իրական ազդեցության մեծացումը բնական մենաշնորհների վրա, թույլ չտալով իրենց կողմից ցանկալի մեթոդներով գնագոյացման արատավոր պրակտիկան կիրառել: Երրորդ՝ տնտեսվարողների համար գործունեության հավասար պայմանների ապահովման պետական նպատակային ծրագրերի մշակում և իրականացում: Այս խնդիրի կարգավորման հիմքում անկախ շուկայի տեսակից, դատական համակարգի արդարացիության սկզբունքն է դրվում: Երրորդ՝ գերշահույթների ստացման դեպքում կոնկրետ տնտեսվարող սուբյեկտներին հավելյալ հարկման ենթարկելու հնարավորության սահմանում, գերշահույթների պրոգրեսիվ հարկում: Չորրորդ՝ փոքր և միջին առևտրային օբյեկտների շահերի պաշտպանությանն ու մրցակ­ցության ապահովմանն ուղղված «Խոշոր առևտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» ՀՀ օրենքի ընդունում:

Հակամենաշնորհային օրենսդրական դաշտի բարելավման միջոցով պայքար ենք մղելու և’ ներմուծվող, և’ արտահանող շուկաների մենաշնորհացման երևույթների դեմ, սակայն հասկանում ենք նաև, որ մենաշնորհացված և տարիներով ձևավորված ներմուծվող ապրանքների բաշխման սխեմաների գոյությունը թույլ չի տալիս միանգամից հաջողություն ապահովել, իսկ դա նշանակում է, որ մենաշնորհացման դեմ պայքարի սխեմայի վերջնական հաջողության հիմքում մենք տեսնում ենք շքեղության կամ հարստության հարկի կիրառման և բյուջեի միջոցով կապիտալի վերաբաշխման մեխանիզմների կիրառումը: 

- Ընդհանուր առմամբ, ձեր ծրագրի իրականացման բյուջետային ծախսերը որքա՞ն են կազմում։ Որո՞նք են լինելու այդ ծախսերի գլխավոր աղբյուրները։

- Ծրագրի իրականացման բյուջետային ծախսերն ամբողջությամբ հաշվարկելը բավականին բարդ է, քանի որ ծրագրում առկա են մինչև մի քանի մլրդ դրամ պահանջող ծրագրերից։ Այն է, օրինակ` կենսաթոշակների և նպաստների տարեկան ինդեքսացիա (8-9 մլրդ դրամ), մինչև Նոր ատոմակայանի էներգաբլոկի կառուցում, որը գերազանցում է մի քանի մլրդ ԱՄՆ դոլարը: Միայն` մեր ծրագրի տարածաշրջանային խոշոր ծրագրերին մասնակցելու բաղադրիչը կարող է հասնել մինչև 20 մլրդ ԱՄՆ դոլարի, որը պետք է իրականացնել տարածաշրջանային համագործակցության (ՌԴ, Իրան, Չինաստան և այլն), առանց պարտքեր ավելացնելու համաֆինանսավորման մոդելով, ներգրավելով նաև սփյուռքահայությանը, ինչպես նաև կիրառելով քրաուդֆոնդինգի տարածաշրջանային և համահայկական ֆինանսավորման մեխանիզմներ: Չենք բացառում նաև Հայաստան–Սփյուռք–Արցախ համաֆինանսավորման մոդելի կիրառումը, որը ևս լավագույն լուծումներից կարող է լինել: Այսինքն` տարեկան կտրվածքով պատասխան տալ ծրագրի բյուջեի, ինչպես նաև ամբողջ ֆինանսական հզորության վերաբերյալ այս պահին չենք կարող, քանի որ որդեգրել ենք ծրագրային յուրաքանչյուր կետի վերաբերյալ տալ հիմնական աղբյուրները և մոտավոր հաշվարկները: Մյուս կողմից ծրագրային մի շարք կետեր ապահովում են մուտքեր, իսկ մյուսների մասով ունենք ծախսեր, այսինքն` դրանց տարբերությունը ևս մեծ է, որն էլ հնարավորություն չի տալիս հստակ կանխատեսումներ անել ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ: Ինչ վերաբերում է ծախսերի կամ ֆինանսավորման գլխավոր աղբյուրներին, ապա դրանք կձևավորվեն առաջին հերթին ՀՀ պետական բյուջեի միջոցների, շքեղության հարկի կիրառման, ապաօֆշորացման կամ օֆշորներից գումարների վերադարձման, ինչպես նաև դեպի օֆշորներ գումարների հոսքերի կանխարգելման, ամերիկյան FATCA-ի մոդելի օրենքի կիրառման և ՀՀ քաղաքացիների ու փոխկապակցված անձանց օտարերկրյա բանկերում ունեցած հաշիվների գաղտնազերծման հիման վրա: Միայն վերջին 10 տարիների գումարների ապաօֆշորիզացիայի արդյունքում հնարավոր կլինի ներգրավել մոտ 10 մլրդ ԱՄՆ դոլարից ավելի միջոցներ: Ըստ Գլոբալ ֆայնենշալ ինթեգրիթի կազմակերպության տարեկան ՀՀ է մտնում մոտ 1.5 մլրդ ԱՄՆ դոլարի չմաքսազերծված ապրանք` միայն դրա մաքսազերծումը կկազմի մոտ 500 մլն դոլար, միայն դա կանխելու արդյունքում ծրագրերի դրույթների իրականցման հսկա աղբյուր է բացվում և այլն: Նշենք նաև, որ չինական ներդրումները երկաթուղաշինության մեջ վերջին տարիներին կազմել են մոտ 117 մլրդ դոլար, որից 30%-ն ուղղվել է Մետաքսի ուղու վրա գտնվող երկրներին, իսկ Հայաստանն այդ հանգամանքը լիարժեք կարող է օգտագործել: Բանկերը միայն 2016թ.-ին մոտ 120 մլրդ դրամ բյուջեի պակասուրդ են ֆինանսավորել, դա ևս պետք է ուղղել, օրինակ` խոշոր ծրագրերի կյանքի կոչմանը, քանի որ 250 մլն ԱՄՆ դոլար ուղղել միայն բյուջեի պակասուրդին դա նշանակում է տնտեսական խոշոր ծրագրերի համար առկա միջոցները ծախսել ոչ նպատակային և այլն: 

- Որքա՞ն ժամանակում կարող եք իրականացնել ձեր ծրագիրը։

- Մեր ծրագրում ընդգրկված նպատակներն առնչվում են ՀՀ առօրյա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներից սկսած մինչև խոշոր տարածաշրջանային և ՀՀ հեռանկարային զարգացման ծրագրերը և հայեցակարգային մոտեցումները: Նշեմ նաև, որ շատերը ծրագիր` նպատակներ, գործողությունների պլան` խնդիրներ կապը շփոթում են: Նախընտրական ծրագրերում դրվում են նպատակներ, որոնք հստակ օր, շաբաթ, ամիս, կատարող մարդկանց թիվ, լիազորությունների բաշխում և այլն չեն նախատեսում, այնպես որ նպատակներն ու խնդիրներն անհրաժեշտ է հստակ տարանջատել: Իսկ ցանկացած նախընտրական նմանատիպ ծրագրի իրականացման համար պետք է պարզ լինի նաև, որ` ՀՀ սոցիալ-տնտեսական ընթացիկ կամ կարճաժամկետ հիմնախնդիրներին լուծումներ են տրվելու մինչև 1 տարի ժամանակահատվածում: ՀՀ սոցիալ-տնտեսական միջնաժամկետ, ինչպես նաև մարտավարական, և որոշ ռազմավարական բնույթի հիմնախնդիրներին լուծումներ են տրվելու 3-5 տարի ժամանակահատվածում: Ինչ վերաբերում է ՀՀ հեռանկարային զարգացման, երկարաժամկետ, ինչպես նաև խոշորամասշտաբ տարածաշրջանային ծրագրերին, ապա դրանց լուծումներ կտրվեն 5-10 տարի և գուցե ավելի երկարաժամկետ ժամանակահատվածում, քանի որ վերջիններիս լուծումը միայն ՀՀ ցանկությունից չի կախված, այլ նաև տարածաշրջանային գործընկներից (Նոր ատոմային էներգաբլոկի, Իրան-Հայաստան-Վրաստան՝ նավթամուղ, Իրան-Հայաստան-Վրաստան՝ գազամուղ, Իրան-Հայաստան՝ երկաթգծ և այլն):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter