HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական «հյութեղ» խոստումներ՝ նախընտրական ծրագրերում. մաս 2

Մաս 1

«Հայկական վերածնունդը» վարկերի տոկոսների կտրուկ կրճատում ու հիփոթեքի կանխավճարի վերացում է խոստանում

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ծրագրի 30 քայլեր, որոնք ըստ իրենց՝ «կփոխեն Հայաստանը, կերաշխավորեն մեր ժողովրդի բարեկեցությունն ու ապահովությունը, կապահովեն մեր վերածնունդն ու անվտանգությունը»։

Կուսակցությունը նախատեսում է ավանդների ամբողջական վերադարձ, արագաչափերի և կարմիր գծերի համակարգի վերացում, Էներգետիկ հզորությունների զարգացում, փոքր և միջին ձեռներեցության զարգացում, շքեղության հարկի կիրառում, շահումով և խաղադրույքով խաղերի ոլորտում հարկերի ավելացում, պետական պարտքի շեմի բարձրացումը սահմանափակող օրենքի ընդունում  և այլն։

Ըստ կուսակցության՝ Հայաստանը պետք է մասնակցի տարածաշրջանային խոշոր ծրագրերին: «Պետության կողմից գործուն քայլերի ձեռնարկում՝ միջազգային ֆինանսական կառույցներից և շահագրգիռ պետություններից ֆինանսական միջոցների ներգրավում` Իրան-Հայաստան-Վրաստան՝ նավթամուղի, Իրան-Հայաստան-Վրաստան՝ գազամուղի, Հայաստան-Իրան՝ ջրատարի, Իրան-Հայաստան՝ երկաթգծի, Հայաստանում ժամանակակից նավթագործարանի կառուցման նպատակով»,- նշված է ծրագրում:

Առանձին ուշադրություն է գրավում բանկային համակարգի վերաբերյալ «Հայկական վերածնունդ» կուսակցության դիրքորոշումը։ «Բանկային համակարգի զարգացման նոր ռազմավարության մշակում, վարկավորման տոկոսադրույքների կտրուկ կրճատում, գյուղատնտեսության ոլորտում պետության կողմից վարկերի սուբսիդավորում այն հաշվարկով, որ վարկային տոկոսադրույքը չգերազանցի տարեկան 10% դրամային վարկավորման շեմը, որից մինչև 5%՝ պետության սուբսիդավորմամբ: Կենսաթոշակային կուտակային համակարգի բարեփոխում` նախապատվությունը տալով կամավոր համակարգին, իսկ կուտակային հիմնադրամում հավաքված գումարները, հիմնադրամում գումար ունեցողի պահանջով վերադարձնել նրան՝ կրթության, հիփոթեքային եղանակով բնակարանի ձեռքբերման, հիվանդության, ինչպես նաև ընտանիքի անդամի մահվան դեպքերում»,- գրված է ծրագրում:

Կուսակցությունը նաև համարում է, որ հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարանների ձեռք բերման ժամանակ կանխավճարը պետք է վերացվի. «Առնվազն 20-30 տարվա վարկավորման մեխանիզմների ապահովում՝ երիտասարդ ընտանիքների համար ցածր տոկոսադրույքով և պետության միջոցներով սուբսիդավորման ապահովմամբ: Առկա առաջադեմ փորձի հաշվառմամբ` պետական, համայնքային և սոցիալական բնակարանային շինարարության զարգացում` սոցիալապես անապահով խավերի համար պետական և նպատակային ծրագրերի միջոցով բնակարանային շինարարության երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի մշակում ու իրականացում»:

Կուսակցության ներկայացրած մյուս քայլերից է գյուղատնտեսության և առողջապահության ապահովագրման քաղաքակիրթ համակարգի ներդրումը, հաշմանդամների թոշակների բարձրացումը, աշխատավարձի բարձրացումը, կոմունալ ծառայությունների սակագների նվազեցումը, տուրիզմի զարգացումը և այլն։

Կուսակցությունը նաև նախատեսում է հարկային և մաքսային վարչարարության շարունակական պարզեցում, էլեկտրոնային համակարգի ամբողջական ներդրում, հսկիչ գների վերացում և այլն։

Ուշագրավ է, որ կուսակցությունների մեծ մասը իրենց նախընտրական ծրագրերի տնտեսությանը վերաբերող հատվածներում մի շարք բարեփոխումների մասին են խոսում, սակայն չի մանրամասնվում, թե ինչ քայլերի հերթականությամբ են հասնելու այդ բարեփոխումներին։ Օրինակ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը նախատեսում է վարկերի տոկոսադրույքների կտրուկ կրճատում և հիփոթեքի դեպքում գանձվող կանխավճարի վերացում, բայց թե ինչ հաշվարկներ են ընկած այս հայտարարությունների հիմքում, հայտնի չէ։ Հուսանք, որ կուսակցություններն առաջիկայում չեն հրաժարվի այս ամենը մանրամասնել։

«ԵԼՔ»-ը ցանկանում է Հայաստանը բարձր տեխնոլոգիական-արդյունաբերական երկիր դարձնել

«ԵԼՔ» դաշինքն առաջարկում է  Հայաստանը բարձր տեխնոլոգիական-արդյունաբերական (ռազմարդյունաբերական) երկիր դարձնելու ծրագիր, ըստ որի՝ 150 և ավելի աշխատող ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կազատվեն շահութահարկից, բանակի գնումները հայաստանյան արտադրողներից կավելանան, Հայաստանի զինված ուժերի զինտեխնիկայի ամենահաճախ խափանվող դետալների արտադրությունը կկազմակերպվի Հայաստանում, արտադրական հոսքագծերի և օժանդակ սարքավորումների ներմուծումը երկու տարի ժամկետով կազատվեն ԱԱՀ-ից և մաքսատուրքից։

Նույն ծրագրով նաև նախատեսվում է, որ այլընտրանքային էներգետիկայի ոլորտի ընկերությունները կազատվեն շահութահարկից և մաքսատուրքից։ Ինչպես նաև՝ գերակա ճյուղերում որպես արտադրական տարածք օգտագործվող շինությունները 5 տարի ժամկետով կազատվեն գույքահարկից։

«Որպես գործազրկության վերացման, բյուջեում ուղղակի հարկերի ավելացման միջոց կդիտարկվի ծանր արդյունաբերությունը: Առաջնայնություն կտրվի գունավոր մետալուրգիային և քիմիական արդյունաբերությունը, հնարավորինս փակելով արտադրական ցիկլը և հումք արտահանող երկրից վերածվելով վերջնական ու մրցունակ ապրանք արտադրող երկրի: Արտոնյալ պայմաններ կստեղծվեն Սյունիքի մարզում մետաղաձուլական գործարան ստեղծելու համար: Բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավելով՝ ամենակարճ ժամկետում Կապանի երկաթգծի կայարանը կկապվի ԻԻՀ Ջուլֆայի երկաթգծի կայարանին` ապահովելով հանքարդյունահանման և մետաղաձուլման արդյունքում ստացվող ու մատակարարվող նյութերի տեղափոխումը երկաթգծով»,- նշված է ծրագրում:

Եվ վերջին կետն, ըստ Դաշինքի, լինելու է հետևյալը՝ Էլեկտրաէներգիայի և գազի սակագները 10-15%-ով կնվազեցվեն՝ կորուստների նվազեցման, վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգակիրների ներկրման այլընտրանքային աղբյուրներից օգտվելու միջոցով:

Դաշինքը ևս շեշտադրում գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկատիրության, ինչպես նաև՝ տրանսպորտի ոլորտում բարելավումների անհրաժեշտությունը։ Օրինակ՝ «Կներդրվի ՓՄՁ շահերի պաշտպանության` Բիզնես օմբուդսմենի ինստիտուտ՝ լայն լիազորություններով»:

ԵԼՔ-ի ծրագրում խոսվում է նաև արհեստական մենաշնորհների վերացման մասին։

Ինչպես նաև «Կդադարեցվի ավելացված արժեքի հարկը սահմանին գանձելու պրակտիկան, և ԱԱՀ-ն կգանձվի ապրանքի իրացումից հետո» և այլն:

«Հզոր տնտեսություն՝ հզոր Հայաստան»` ըստ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի

«Հզոր տնտեսություն՝ հզոր Հայաստան» ունենալու համար «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն էլ իր քայլերն է առաջարկում։  Ի դեպ, այդ ցանկը բավականին ծավալուն է։

Դաշինքը անհրաժեշտ է համարում ոչ հեռու ապագայում մենաշնորհների վերացնումն ու մրցակցությունը, ներդրողների համար բարենպաստ պայմանները, նոր հարկային օրենսգրքի ընդունումը, փոքր և միջին բիզնեսին աջակցությունը, տեղական արտադրողին աջակցող դրամավարկային քաղաքականությունը և այլն։

«Հարկային քաղաքականությունը պետք է իրականացվի ազատականության արևմտյան հայտնի սկզբունքների կիրառմամբ»,- համարում է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը։

Ըստ նրանց, հարկավոր է բարձրացնել ավտոմոբիլային ճանապարհների ասֆալտե ծածկույթի հանդեպ ներկայացվող պահանջները՝ ավելացնելով դրա գինը ընդամենը 3 %-ով։

Մյուս քայլերից է՝ «Խթանել 250 մլն դրամը գերազանցող, չաշխատող (որոնց գործարկումից այլ հարկային մուտքեր բյուջե չեն կատարվում) ակտիվների` ոչ բնակելի անշարժ գույքի գործարկումը՝ ավելացնելով դրանց հանդեպ գույքահարկը»։

Դաշիքն առանձնացրել է նաև արդյունաբերությունն ու էներգետիկան. «Հատուկ ուշադրություն դարձնել արդյունաբերության տեղեկատվական և բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացմանը։  Իրականացնել թեթև արդյունաբերության զարգացմանն ուղղված արմատական քայլեր՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը։     Խթանել տեղական հումքի վրա հիմնված ռեսուրսախնայողական ու գիտատար արդյունաբերության զարգացումը ...»,- նշված է ծրագրում։

Էներգետիկայի մասով՝ խրախուսել արտադրատեսակների փակ ցիկլերի ձեւավորումը և կլաստերների կազմակերպումը. հանրապետության էներգետիկ անկախությունն ապահովելու նպատակով խրախուսել այլընտրանքային (արևային, քամու և գեոթերմալ) էներգետիկայի զարգացումը։

Դաշինքի ծրագրում խոսվում է նաև  հանքարդյունաբերության մասին. «Հարկամաքսային գործիքներով խրախուսել հանքարդյունաբերությունում հանքանյութից օգտակար հանածոների առավել խոր կորզումը և դրանից վերջնական արտադրանքի պատրաստումը Հայաստանի տարածքում»:

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter