HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը պարտավորեցրեց «SOS» նախագծի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանին հրապարակային ներողություն խնդրել ոստիկաններից

Ամալյա Մարգարյան

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Ստեփանյանի նախագահությամբ, հրապարակվեց SOS նախագծի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի գործով որոշումը: Դատավորը մերժեց ոստիկանությանը և ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մադաթյանին, Սերգեյ Զաքարյանին մեկական միլիոն գումար փոխհատուցելու պահանջը, սակայն բավարարեց հայցադիմումում ներկայացրած երկրորդ պահանջը, ըստ որի` հաղորդավարը պետք է հրապարակային ներողություն խնդրի «SOS» նախագծի եթերով կամ 80 հազար դիտում ունեցող որևէ այլ լրատվամիջոցով:

Հիշեցնենք, որ որ ոստիկանությունը Վիլեն Գայֆեջյանի դեմ հայց է ներկայացրել YouTube-ում հեռարձակվող «SOS» G7 վերնագրով 11-րդ թողարկման ժամանակ  ոստիկանության պատիվն ու արժանապատվությունը արատավորելու և բարի համբավը նսեմացնելու համար։ Նախորդ նիստերին հաղորդավարը պնդել է, որ ոստիկանությանը և ոստիկանության աշխատակիցներին վիրավորելու որևէ միտում չի ունեցել:

Ոստիկանության ներկայացրած հայցադիմումում նշված էր, որ հաղորդման ընթացքում հաղորդավարի հանդերձանքը նմանեցվում է ոստիկանական համազգեստի հետ: «Կրում էր համազգեստ, որը տեսողական ընկալման մեջ ասոցացվում է ոստիկանության համազգեստի կամ հատուկ ուսադիրներ ունեցող համազգեստի հետ: Ակնհայտ է՝ դա արված էր, որպեսզի հավաքական կերպով ցուց տրվի ոստիկանի կերպարը, և լսարանը հասկանա, որ խոսքը գնում է ոստիկանության ծառայողների մասին»,-ասել էր ոստիկանության շահերի ներկայացուցիչ Արկադի Մարգարյանը:

Ըստ հայցադիմումի` ոստիկանության աշխատակիցները վիրավորական են համարել հաղորդման ընթացքում հնչեցվրած «Գ ու հենց ընենց յոթ», «զաբոռալպստման բաժին», «շան տղա» արտահայտությունները: Այս մասին նախորդ նիստերի ժամանակ դատարանում հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Արկադի Մարգարյանը: Նա նշել է, որ հաղորդման վերնագիրը` «Գ ու հենց ընենց յոթ»-ը, ոչ ավելին է, քան քողարկված բառախաղ. «շարքային քաղաքացին տեսալսողական ասոցացիաներով հասկանում է, թե այդ արտահայտությունն ինչ բնույթ ունի»,-հավելել է Արկադի Մարգարյանը: Նա նշել է նաև, որ հաղորդման մեջ հնչեցված կարծիքները միտումնավոր են եղել` նսեմացնելու ոստիկանության բարի համբավը:

Հաղորդման հեղինակ, սցենարիստ, ռեժիսոր Հայկ Բարսեղյանն էլ դատարանում տված ցուցմունքում նշել էր, որ Վիլեն Գայջեջյանը կատարում է միայն հաղորդավարի պարտավորություններ: Բարսեղյանը նշել է, որ հաղորդման մեջ հնչած «G հենց նենց յոթ» արտահայտությունը եղել է սցենարով և միտումնավոր վիրավորանք նախատեսված չի եղել։ Հայցադիմումի մեջ ներկայացված երկրորդ արտահայտությունը՝ «զաբոռալպստման բաժին», նույնպես հաղորդավարը կարդացել է տեքստին համապատասխան, իսկ «շան տղեն» արտահայտությունը հեղինակը հաղորդավարի իմպորվիզներից է վերցրել։

Վիլեն Գայֆեջյանը դատարանում հայտնել է, որ որոշումը ապօրինի է և այն բողոքարկվելու է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter