HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ա. Միքայելյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման

Ամալյա Մարգարյան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանը, որը մեղադրվում է ապօրինի զենք պահելու համար, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ) այսօր կայացրած որոշմամբ մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 1 տարվա ազատազրկման։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արմեն Միքայելյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը: «Հետքի» հետ զրույցում փաստաբանը կարծիք հայտնեց, թե կայացվել է ապօրինի որոշում. «Որոշումը կայացվել է բացարձակապես անհասկանալի պատճառներով, օրենքներին հակասող, երևի հիվանդագին պատճառներով»:

Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով, այն է՝ ապօրինի զենք-զինամթերք կրելը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ որոշումը բողոքարկելու է: «Ինչպե՞ս կարող է ապօրինի չլինել մի որոշում, երբ զենքը դնում են, ոչ մի ապացույց օրինական կարգով ձեռք չեն բերում, մնացած ապացուցները հերքում են, ու պարզվում է, որ անմեղ ես, բայց դատավորին դա չի հետաքրքրում»:

Այսօրվա նիստի ավարտին, վճիռը հրապարակելուց հետո Արմեն Միքայելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կրկին փոխվել է և, ինչպես փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնեց, «Հիմնադիր խորհրդարանի» անդամին դատարանի դահլիճում կալանավորել են:

Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանի խափանման միջոցը փոխարինվել էր 500 հազար դրամ գրավով:

Արմեն Միքայելյանը դատական նիստերի ընթացքում պնդել էր, որ ինքը զենք չի կրել, զենքի գոյությունը նկատել է միայն Մալաթիայի բաժանմունք տեղափոխվելուց հետո:

«Հուլիսի 26-ի՝ լույս 27-ի գիշերը, հանրահավաքի ավարտից հետո, ընտանիքիս անդամների հետ վերադառնում էինք տուն: Բակ մտնելուց հետո երեք մեքենաներ եկան, շրջապատեցին: Մոտ 10 հոգի՝ քաղաքացիական հագուստով անձինք, ուժ կիրառելով տեղափոխեցին ինձ (իրենք կոչում են բերման ենթարկել, ես կոչում եմ հափշտակել. իրավական ոչ մի գործողություն տեղի չի ունեցել, չեն ասել՝ ովքեր են, ուր են տանում): Հայտնվեցի Մալաթիայի շուկայում, ճանապարհի ընթացքում զենքն արդեն տեղադրեցին, երբ գնացինք Մալաթիայի բաժանմունք՝ հանեցին»,- իր ցուցմունքի մեջ նշել էր Արմեն Միքայելյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter