HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Արմեն Միքայելյանի գործով դատարան կհրավիրվեն վկաները

Ամալյա Մարգարյան

Այսօր  Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանում՝ Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ընթանում էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանի գործով դատական նիստը: Վերջինս մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:

Պաշտպան Երվանդ Վարոսյանը միջնորդություն ներայացրեց, որպեսզի  գործի ընթացքում դատարան հրավիրվեն վկաներ՝ Արմեն Միքայելյանը ընտանիքի անդամները՝ հայրը՝ Ռաֆայել Միքայելյանը, կինը՝ Լիանա Եդիգարյանը և քույրը՝ Սոնա Միքայելյանը: Փաստաբանը պնդեց, որ այս անձիք դեպքի օրը եղել են ամբաստանյալի հետ և տեսել են՝ ինչպես են նրան բերման ենթարկում:

Մեղադրողը Հակոբ Ենոքյանը հայտնեց, որ ինքը չի առարկում վկաներ ներգրավելուն, սակայն իր համար պարզ չէ, թե ինչքանով վկաների տված ցուցմունքերը կարող են կապ ունենալ քրեական գործի հետ:

Ի պատասխան դատախազի դիրքորոշամը՝ փաստաբանը նշեց, որ քննվում է ոչ թե քրեական գործի խուզարկության ընթացքում զենք հայտաբերելու հանգամանքը, այլ մեղադրանքը վերաբերում է զենք պահելուն և կրելուն. «Ցուցմունքներն էական նշանակություն կարող են ունենալ: Ինչ վերաբերվում է  զենքը ֆիզիակապես հայտնաբերելուն, ապա իմ պաշտպանն էլ ցուցմունք տվեց, որ զենքը հանվել և դրվել է սեղանին: Բայց քրեական գործը վերաբերում է նրան, թե արդյոք նա կրել է զենք»,- նշեց պաշտպանը:

Դատական նիստից հետո Արմեն Միքայելյանը  «Հետքի» հետ զրույցում պատմեց, թե ինչպես են իրեն բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին:

«Հուլիսի 26-ի՝ լույս 27-ի գիշերը, հանրահավաքի ավարտից հետո, ընտանիքիս անդամների հետ վերադառնում էինք տուն: Բակ մտնելուց հետո երեք մեքենաներ եկան, շրջապատեցին: Մոտ 10 հոգի՝ քաղաքացիական հագուստով անձիք ուժ կիրառելով տեղափոխեցին ինձ (իրենք կոչում են բերման ենթարակել, ես կոչում եմ հափշտակել. իրավական ոչ մի գործողություն տեղի չի ունեցել, չեն ասել՝ ովքեր են, ուր են տանում): Հայտնվեցի Մալաթիայի շուկայում, ճանապարհի ընթացքում զենքն արդեն տեղադրեցին, երբ գնացինք Մալաթիայի բաժանմունք՝ հանեցին»:

Արմեն Միքայելյանը հավելեց նաև, որ  նկատել է, թե՝ ինչպես են մեջքին տեղադրել սառը, կոշտ իր, բայց չի հասկացել՝ ինչ է: Մեքենայից դուրս գալուց հետո ձայն է լսել և տեսել է, որ զենք է:

Երվանդ Վարոսյանը ներկայացրեց, որ մեղադրող կողմի մատնանշած ապացույցը մեկն է, այն է՝ անձնական խուզարկության արձանագրությունը: Համաձայն դրա՝ Արմեն Միքայելյանի գոտկատեղից ոստիկաններից մեկը հայտնաբեր է ինքնաշեն ատրճանակ. «Մեզ համար ակնհայտ է՝ ինչպես  է այն հայտնվել Արմեն Միքայելյանի գոտկատեղում: Այդ գործողությունն իրականացվել է Քրեական դատավարության օրեսնգրքի մի շարք նորմերի էական խախտումներով: Արհեստական իրականացրած ցանկացած գործողություն, որը պարզապես բեմականացում է, չի կարող կատարվել այնպես, որ համապատասխանի քրեական դատավարության օրենսգրքին»,-ասաց պաշտպանը:

Փաստաբանը հավելեց նաև, որ վկաներին դատարան կանչելու իմաստն այն է, որ այդ մարդիկ կարող են պատմել եղելությունը, քանի որ  ամբողջ օրը եղել են Արմեն Միքայելյանի հետ, ականատես են եղել բերման ենթարկելու գործընթացին:

Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանի կինը «Հետքի» հետ զրույցում պատմել է, թե ինչպես են ամուսնուն բերման ենթարկել. «Երկու մեքենայով, մեզ վրա արագ քշելով եկան, մեր ճանապարահը կտրեցին։ Քաղաքացիական հագուստով 8-10 ոստիկաններ դուրս եկան մեքենայից ու, Արմենին առևանգելով, բռնի ուժով տարան անհայտ ուղությամբ։ Այդ անձինք ոչ մի բառ չեն խոսել։ Ես գոռում էի, միայն ինձ ասում էին՝ սուս մնա, սուս մնա»:

Արմեն Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով, այն  է՝ ապօրինի զենք-զինամթերք կրելը։ Նրա նկատմամբ ընտրվել է 500 հազար դրամ գրավ՝ որպես խափանման միջոց:

Քանի որ վկաները դեռևս ծանուցված չէին դատական նիստի մասին և նրանցից որևէ մեկը ներկա չէր նիստին, դատավորն այն հետաձգեց: Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 2-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter