HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վարդան Արամյանը՝ նախընտրական ծրագրերի մասին. անիրատեսական են, հակասական

Ի տարբերություն իշխող Հանրապետական կուսակցության` ապրիլի 2-ին ՀՀ ազգային ժողովի ընտրություններում պայքարող քաղաքական մնացած ուժերն առավել հաճախ են բարձրաձայնում ու հարցազրույցներ տալիս լրատվամիջոցներին իրենց նախընտրական ծրագրերի մասին։ Ուժերը նաև քննադատում են իրենց մրցակիցների, այդ թվում՝ ՀՀԿ-ի ծրագրերը։ Իսկ ի՞նչ է կարծում ՀՀԿ-ն մրցակիցների ծրագրերի մասին։

Անդրադառնալով այս հարցին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը թեև նշեց, որ չի ցանկանում հարթակն օգտագործել քարոզչության համար, սակայն իր դիտարկումները ներկայացրեց մրցակիցների ծրագրերի մասին։ «Ես կոռեկտ եմ իմ հայտարարություններում և այս հարթակը չեմ ուզում օգտագործել քարոզչության համար։ Բայց զուտ մասնագիտական առումով ես հիմա կներկայացնեմ ցուցանիշներ, դուք ինքներդ ձեր դատողություններն արեք։ Կոնկրետ որևէ ուժի ծրագիր չեմ նշի, այլ՝ գլոբալ, թե ինչ են առաջարկում մեր մրցակից ուժերը։ Առաջին բլոկը ներկայացնում են հետևյալը՝ այն ինչ դուք (նկատի ունի ՀՀԿ-ին-հեղ.) անում եք, լավ չեք անում, մենք կգանք ու ավելի լավ կանենք։ Դրան են վերաբերում գյուղատնտեսության ոլորտի առաջարկները, որոնք մեր կառավարությունն, իրականում, երկար տարիներ անում է։ Կամ հնչեցվում են տեսակետներ, որոնք վերաբերում են փոքր ու միջին բիզնեսի աջակցմանը։ Մենք, օրինակ, ԱԱՀ-ի հետաձգման մասով ծրագիր ենք իրականացնում սկսած 2010 թվականից և այլն»,- նշեց ֆինանսների նախարարը։

Երկրորդ բլոկը, ըստ նրա, սոցիալական ոլորտին է  առնչվում։ «Թվեր հնչեցնեմ այդ ծրագրերից, որոնք կարծում եմ՝ անիրատեսական են։ Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք մեր թիմը չունի ռացիոնալ մտածելակերպ, որ ավելի մեծ թվեր ներկայացնի քարոզարշավի ժամանակ՝ քվե ստանալու նպատակով։ Օրինակ՝ հնչում են թվեր, թե նվազագույն աշխատավարձը կարելի է բարձրացնել 55 հազարից մինչև 100 հազար դրամ  կամ 80  հազ. դրամ և այլն։ Ակնհայտ է՝ երբ նվազագույն աշխատավարձը բարձրանա, մյուս շեմերը ևս պետք է բարձրանան։ Օրինակ՝ ցածր որակավորում ստացող աշխատողի աշխատավարձն այսօր 55 հազար դրամ է, նրանից մի փոքր ավելի բարձ որակավորում ունեցողինը՝ 100 հազ. դրամ։ Եթե նվազագույն աշխատավարձ ստացողինը դարձնես 100 հազար դրամ, ապա նրա և ավելի բարձր որկավորում ունեցողի աշխատավարձերը կհավասարվեն։ Իսկ բարձր որակավորում ունեցողը կպահանջի իրենը ևս բարձրացնել։ Իսկ դա մեծ բեռ է բյուջեի համար»,- համարում է Վ. Արամյանը։

Ըստ նրա՝ նույն տրամաբանությամբ նաև թոշակների կտրուկ բարձրացումն է անիրատեսական։ «օրինակ՝ 25  հազար դրամով բարձրացումը, ինչպես նշված է ուժերից մեկի ծրագրերում։ Մեր թոշակային ամբողջ բեռը շուրջ 260 մլրդ դրամ է։ 25 հազար դրամով բարձրացումը նշանակում է բարձրացում շուրջ 50%-ով։ Դա նշանակում է, որ այդ բարձրացման դեպքում պետք է 130-140 մլրդ դրամի չափով բյուջեի վրա բեռ դնենք։ Լավ, ենթադրենք բարձրաձրեցինք, միջնաժամկետում մենք ինչպե՞ս ենք դա կայունացնելու։ Արդյոք հնարավոր է հարկերի միջոցով դա փոխհատուցել։ Ես մասնագիտորեն կարծում եմ, որ դա ընդհանրապես իրատեսական չէ»,- նշեց ֆինանսների նախարարը։

Ըստ նրա՝ ՀՀԿ-ն մտածում է, որ ամենակարևորը պետք է տնտեսական աճի համար հիմքեր ստեղծելն է։ Եվս մեկ ուժ, նախարարի խոսքով, ներկայացրել է տնտեսական տեսլական, որը «քիչ, թե շատ ավելի լավն է, քան մյուսները»։ «Բայց նրանց տնտեսական տեսլականի տակ կան հակասություններ։ Իրենք ևս ներկայացնում են տնտեսական աճի տեսլական, որը համադրելի է մեր ծրագրի հետ, բայց այդ աճն ապահովելու գործիքակազմը համադրելի չէ։ Օրինակ՝ ասում են, որ հինգ տարվա ընթացքում մենք պետք է ազգաբնակչության խնայողության հակվածությունը մեծացնենք 5-6 տոկոսային կետով։ Այսինքն՝ բնակչությունը պետք է ավելի քիչ սպառի և ավելի շատ խնայի։ Ընդ որում ՝ դա ասում է մի ուժ, որը դեմ է Կենսաթոշակային կուտակային համակարգին»,- ասաց Վ. Արամյանը չնշելով ուժի անունը, սակայն ենթադրվում է, որը խոսքը Ազատ դեմոկրատներ կուսակցության ծրագրի մասին է, որի տնտեսական դրույքները առանձին մշակել ու ներկայացրել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության 2-րդ համարը ներկայացնող Հրանտ Բագրատյանի տնտեսագիտական լաբորատորիան։

Իսկ այն դիտարկմանը, որ Հանրապետական կուսակցությունը, լինելով իշխանության ղեկին, 2008 թվականից ի վեր առայժմ չի կարողացել տնտեսությունը վերադարձնել նախաճգնաժամային մակարդակին, անցյալ տարին էլ փակվել է ցածր ՀՆԱ 0.2% աճով, Վ. Արամյանը պատասխանեց` իրավիճակը պայմանավորելով հիմնականում արտաքին գործոններով. «2001-2009 թթ. մենք ունեցել ենք բումային տարիներ։ Դրանից հետո ամբողջ աշխարհում անկման պարբերաշրջան եղավ։ 2009-ից հետո երկու տեսակի ճգնաժամ ենք ունեցել։ Մինչև 2011 թվականը՝ երկու տարի, փորձեցինք վերականգնվել, բայց 2011-ից ճգնաժամի նոր ալիքը մեզ հարվածեց. հանքահումքի համաշխարհային գները նվազեցին, իսկ մեր արտահանման մեջ հանքահումքը զգալի կշիռ ունի։ Մյուս ազդեցությունը եղավ 2014 թվականից, երբ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառեց Արևմուտքը, իսկ մենք չէինք կարող անմասն չմնալ»,- ասաց Վ. Արամյանը։

լուսանկարը` minfin.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter