HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ներդրումներ օֆշորներից և ոչ միայն. Հայաստան եկող-գնացող գումարները

2016 թվականին Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների գերակշիռ մասը հոսել է երեք ոլորտներ՝ հանքարդյունաբերության հարակից գործունեության, էլեկտրականության և գազի մատակարարման,  կացության կազմակերպման։ Մի քանի ոլորտներում էլ գումարների արտահոսքը՝ ներդրումների գծով մարումները, շատ ավելին են եղել, քան ստացումները։ Դրա հետևանքով նշված ոլորտներում ներդրումներն ունեն բացասական մեծություն, օրինակ՝ մետաղական հանքաքարի արդյուհանման ոլորտը։

Ինչպես ավելի վաղ գրել ենք, նախորդ տարվա ամբողջ ընթացքում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 81.6 մլրդ դրամ (համարժեք է մոտավորապես 170 մլն ԱՄՆ դոլարին), որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 62.7 մլրդ դրամ (մոտ 130  մլն դոլար)։ Բացի այն, որ ներդրումները շարունակել են կրճատվել, դրանք նաև խիստ անհավասարաչափ են՝ ըստ ոլորտների։ ՀՀ տնտեսության սահմանափակ թվով ոլորտներ են հետաքրքրել ներդրողներին։

Ընդհանուր առմամբ՝ մեր վիճակագրությունը տնտեսական գործունեության ավելի քան 90 ոլորտ է առանձնացնում։ Ներդրումների վերաբերյալ վիճակագրությունը ներկա տեսքով որոշակիորեն խճճված է։ Մեկ հոդվածով բոլոր ոլորտներին անդրադառնալը դժվար է։ Այս հոդվածում կներկայացնենք միայն այն ոլորտները, որոտեղ առավել մեծ ծավալի ներդրումներ են կատարվել և այն ոլորտները, որտեղից ներդրումների գծով արտահոսքն ավելի մեծ է եղել։ Այլ խոսքով՝ չենք առանձնարել այն ոլորտները, որտեղ ոչ էական ներդրումներ են կատարվել, ոչ էլ՝ էական արտահոսք է գրանցվել։

Որտեղ որքան ներդրում է հոսել

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում է, թե որ ոլորտում որքան է կազմել ներդրումների զուտ հոսքերի ծավալը, որը նույն ներդրումների գծով ստացումների ու մարումների տարբերությունն է։ Ինչպես նշեցինք, նախորդ տարվա զուտ հոսքերը կազմել են 81.6 մլրդ դրամ։ Մասնավորապես 40.9 մլրդ դրամ (զուտ ներհոսքը) կատարվել է հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության ոլորտում, 40.3 մլրդ դրամ՝ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման, 32.5 մլրդ դրամ՝ կացության կազմակերպման։ Մնացած ոլորտների ցուցանիշներն առավել համեստ են։ Իսկ արտահոսքի ցուցանիշներով «աչքի են ընկնում» մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտը, որի զուտ հոսքերը կազմել են -34.1 մլրդ դրամ, հանքարդյունաբերության և և բացահանքերի շահագործման այլ ճյուղերը՝ -19.2 մլրդ դրամով, հիմնային մետաղների արտադրությունը՝ -13.2 մլրդ դրամով և օդային տրանսպորտի գործունեությունը՝ -6.7 մլրդ դրամով։

Հանքարդյունաբերության հարակից գործունեության ոլորտ ասելով, ըստ ԱՎԾ-ի ներկայացրած մեթոդաբանության, նկատի է առնվում, օրինակ, հանքագործական և բացահանքերի շահագործման հետ կապված երկրաբանական հետախուզական ծառայությունները, հանքավայրի տարածքում հորանների չորացման և ջրահանման ծառայություններ, հորատանցքերի փորձնական հետախուզական հորատում։ Այսինքն՝ ընդհանուր հաշվով, այն ներդրումները, որոնք հոսել են այս ոլորտ, հանքարդյունաբերության համար են կատարվել։ Նախորդ տարի այս ոլորտում 40.9 մլրդ դրամի ներդրումները հիմնականում կատարել են Միացյալ Թագավորությունն (30.5 մլրդ դրամ) ու Ջերսին (10.1 մլրդ դրամ)։ Եթե ՄԹ-ն նախկինում էլ հանդիսացել է Հայաստանում հիմնական ներդրողներից մեկը, ապա Ջերսին՝ «հայտնվել» է նախորդ տարի։ 2015-ին, համենայնդեպս, Ջերսիից ներդրումներ չեն կատարվել։ Ջերսին օֆշորային գոտի է, հանդիսանում է Միացյալ Թագավորության մաս։ Ենթադրվում է, որ նախորդ տարվա ներդրումներն այս երկրից կատարել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը ծրագրել է Ջերմուկի հարևանությամբ գտնվող Ամուլսարի հանքը։ Ընկերությունը պատկանում է Lydian International-ին, որը գրանցված է Ջերսիում։

Առանձին տողով ներկայացվում է նաև մետաղական հանքաքարի արդյունահանումն ու հանքարդյունաբերության այլ ճյուղերը։ Այս երկուսի մասով, ինչպես նշեցինք, նախորդ տարի ներդրումների գծով զգալի արտահոսք է գրանցվել։ Այսինքն՝ մարումները շատ ավելի են եղել, քան ստացումները (զուտ ներհոսքի ցուցանիշները տես ներքևում գտնվող պատկերում)։ Ընդ որում՝ բացասական ցուցանիշներ են գրանցել հիմնականում Ռուսաստանը, Գերմանիան ու Նիդերլանդները։

էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում ներդրումներ է կատարել մեծամասամբ Լյուքսեմբուրգը, իսկ Ռուսաստանի մասով բացասական արդյունք է գրանցվել։

Կացության կազմակերպման ոլորտում (հյուրանոցային ծառայություններ, ժամանակավոր բնակատեղիների տրամադրում և այլն) էլ հիմնական ներդրողը Կիպրոսն է։ Այս երկիրն ու Լյուսքեմբուրգը ևս օֆշորային գոտիներ են։

ԱՄՆ-ից ներդրումներ են կատարվել հիմնականում էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում, իսկ Կանադայից՝ ծխախոտի արտադրության ոլորտում։

Ներդրումների գծով զգալի արտահոսք է գրանցվել դեպի Ռուսաստան, Նիդերլանդներ, Լիբանան ու Գերմանիա։ Դեպի Ռուսաստան արտահոսք է եղել հանքարդյունաբերության, հիմնային մետաղների արտադրության, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներից, դեպի Նիդերլանդներ և Գերմանիա՝ հանքարդյունաբերությունից, դեպի Լիբանան՝ հեռահաղորդակցությունից։

Ներքևում գտնվող պատկերի առաջին մասում առանձնացրել ենք ներդրումներն՝ ըստ ոլորտների, ինչպես  նաև ցուցանիշների փոփոխությունները` 2015 թվականին գրանցված արդյունքների համեմատ։ Իսկ երկրորդ մասում երկրներն են, որտեղից ներդրումների զուտ հոսքերն առավել մեծ են եղել, ինչպես նաև՝ երկրները, որոնց մասով առավել մեծ արտահոսք է եղել։

2007-2011 թվականներին Հայաստանում կատարվող ներդրումների ծավալով առաջատարը եղել է Ռուսաստանը։ Հաջորդող տարիներին ևս այս երկիրը առաջատարների շարքում է եղել՝ երբեմն դիրքը զիջելով Կիպրոսին, Գերմանիային, Արգենտինային, Ֆրանսիային և այլն։ Իսկ ներկա դրությամբ, փաստորեն, առաջարներն են Լյուքսեմբուրգը, Կիպրոսն ու Միացյալ Թագավորությունը։

լուսանկարում` Կիպրոսը / mfa.gov.cy

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter