HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

13 տարի անց Գյումրին կրկին դառնում է քաղաքացիական ավիացիայի բազա

Հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերության ոդիսականը, կարծես, ավարտվեց: Դեռ 2015-ի փետրվարից, երբ Հայաստանում տեղական ուղեւորափոխադրող ավիաընկերություն չկար, «Տարոն-Ավիայի» հիմնադիր Գառնիկ Պապիկյանը փորձում էր մտնել շուկա:

Այդ ժամանակ նա համապատասխան փաստաթղթեր էր ներկայացրել ՔԱԳՎ: Ըստ այդմ՝ ընկերությունը նախատեսում էր «Զվարթնոցից» շահագործել 36 կանոնավոր ու 20 ոչ կանոնավոր (չարտեր) ուղղություն դեպի ԱՊՀ (հիմնականում ՌԴ), Եվրոպա, Մերձավոր Արեւելք, իսկ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից՝ 4 կանոնավոր ուղղություն դեպի ՌԴ: Փաստաթղթերի թերի լինելու պատճառով քաղավիացիայի վարչությունը հետ էր ուղարկել հայտը:

2015-ի գարնանը օդուղիների շահագործման թույլտվություն տալու նոր կարգ էր սկսել գործել: Չնայած դրա վերաբերյալ ունեցած որոշակի դժգոհություններին՝ Պապիկյանը կրկին դիմել էր թույլտվության համար: Նորից թերություններ գտնելով՝ այս անգամ էկոնոմիկայի նախարարությունից էին հետ ուղարկել թղթերը:

2015-ի օգոստոսին էլ ավիացիայի մասին նոր օրենսդրություն մտավ ուժի մեջ, որի վերաբերյալ «Տարոն-Ավիան» կրկին վերապահումներ ուներ: Այդուհանդերձ, ընկերությունը մտադիր էր թռչելու թույլտվություն ստանալ:  

Այդ ընթացքում՝ 2015-ի օգոստոսի 15-ին, տհաճ միջադեպ տեղի ունեցավ, ինչը ստվեր գցեց Գառնիկ Պապիկյանի անվան վրա: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ծեծի ենթարկեց «Էյր Արմենիայի» սեփականատերերից Արսեն Ավետիսյանին՝ կոտրելով նրա քիթը: Պարզվեց, որ Ավետիսյանի ընկերությունը 2013-2014 թթ. շահագործել է Պապիկյանի՝ Շարժայում գործող «Ala International» ընկերությունից վարձակալած օդանավը ու 2,5 մլն դոլար պարտք կուտակել (գրել էինք նաեւ, որ «Էյր Արմենիան» 5 մլն դրամի պարտք ունի Գ. Պապիկյանի երկվորյակ որդիներից Տավրոսին, ով երկրորդ օդաչու է եղել վարձակալված օդանավում), Պապիկյանն էլ պարտքը ստանալու համար դիմել էր Հայրապետյանին: Այդուհանդերձ, կողմերը հաշտվեցին, Ավետիսյանը չբողոքեց ՀՖՖ նախագահի դեմ: Առաջ անցնելով՝ նշենք, որ խոսքն այն օդանավի մասին է, որը երեկ հայկական ընկերության նոր գույներով վայրէջք կատարեց Գյումրիում, սակայն այս մասին կպատմենք ավելի ուշ:

EK-73797-ը՝ նախկինում. ինքնաթիռի ֆյուզելաժի վրա «Տարոն-Ավիայի» անունն էր, իսկ պոչին մնացել էր «Էյր Արմենիայի» օրոք նկարված ՀՀ եռագույնը

«Հետքի» աղբյուրը հայտնել էր, որ Գ. Պապիկյանը մարդատար թռիչքներ կատարելու թույլտվություն ստանալու համար հանդիպել է մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԺ փոխխոսնակ Շարմազանովին, ինչը մեզ հետ զրույցում չէր հերքել նաեւ ընկերության հիմնադիրը: Մեր տեղեկություններով՝ Պապիկյանը պետք է հանդիպեր նաեւ երկրի նախագահին, սակայն Ավետիսյանի հետ միջադեպը փոխեց ամեն ինչ:

Այսքանից հետո հայ ավիատորը որոշեց իր օդանավերը վարձով տալ օտարերկրացիներին՝ սպասելով, թե երբ կստանա Հայաստանում թռիչքներ կատարելու իրավունք: Եթե վերը նշված օդանավը (գրանցման համարը՝ EK-73797) «Ala International»-ը վարձակալել էր ամերիկացիներից, ապա եւս երկու նմանատիպ ինքնաթիռ («Boeing 737-500») ընկերությունը ձեռք բերեց սնանկացած «Արմավիայի» տեր Միխայիլ Բաղդասարովից (EK-73775-ն ու EK-73772-ը Հայաստան էին բերվել Չեխիայից, դրանց գնման գործարքի մասին պատմել ենք, նախորդ սեփականատերը Բաղդասարովի «Միկա Լիմիթեդ» ընկերությունն էր):

«Ala International»-ի օդանավերը շահագործող «Տարոն-Ավիան» «Զվարթնոցում» կանգնած ինքնաթիռները տեղափոխել էր Հորդանանի մայրաքաղաք Ամման, որտեղ Պապիկյանը տեխնիկական գործընկերներ ունի: Ինքնաթիռներն Ամմանում անցել էին տեխսպասարկում, ինչից հետո EK-73775-ը օգոստոսին վարձով տրվել էր սուդանական «Badr Airlines»-ին: Հոկտեմբերին նրա հետեւից նույն ճանապարհով գնացել էր EK-73772-ը: Սրանք եւ EK-73797-ը, որը տարբեր ընկերությունների կարիքների համար թռչում էր Ասիայում ու Աֆրիկայում, շահագործում էին «Տարոն-Ավիայի» մասնագետները: Փաստորեն, Հայաստանում թռչելու իրավունք չունենալով, հայ ավիատորները դեգերում էին այլ երկրներում:    

EK-73775-ը՝ Սուդանի մայրաքաղաք Խարթումում (19.11.2015)

2015-ի նոյեմբերին Գառնիկ Պապիկյանի անունը հերթական պատմության շրջանակներում քննարկման առարկա դարձավ: Նախ նշենք, որ հայ գործարարի օդանավերը ոչ միայն մարդատար, այլեւ բեռնատար ավիափոխադրումներ են իրականացնում: 2007-ին ստեղծված «Տարոն-Ավիան», մասնավորապես, հենց այս գործունեության մեջ էր մասնագիտացել սկզբնական փուլում: Նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայի օդանավակայանի մոտ վթարի ենթարկվեց «Ան-12» օդանավը, որն ուներ տաջիկական գրանցում, փաստացի շահագործվում էր հարավսուդանական ընկերության կողմից, բայց սեփականատերը Պապիկյանի «Ala International»-ն էր: Վթարի արդյունքում զոհվեցին անձնակազմի 6 անդամները (5 հոգի հայ էին) եւ 35 հոգի:    

Այսքան պատմություններից հետո Պապիկյանի առաջ Հայաստանում կանաչ լույս վառվեց: 2016-ի մայիսի 16-ին էկոնոմիկայի նախարարի հրամանով «Տարոն-Ավիան» ստացավ կանոնավոր օդային փոխադրումներ իրականացնելու հավաստագիր: Հայտում ընկերությունը նշել էր, որ նախատեսում է նման թռիչքներ կատարել 6 ուղղություններով՝ Երեւանից Մոսկվա, Կրասնոդար, Սամարա, Նիժնի Նովգորոդ, Վորոնեժ, Բեյրութ: Ընկերությունը կանոնավոր թռիչքներ կատարելու համար հետագայում նաեւ IATA-ի կոդ ստացավ՝ H7 (ICAO-ի կոդ՝ TRV, վաղուց ուներ), որով համարակալվելու են թռիչքները: 2016-ի մայիսին «Հետքի» հետ զրույցում Գ. Պապիկյանը նշել էր, որ առաջին թռիչքը հավանաբար սեպտեմբերին կկատարեն:

Հոկտեմբերին ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը հայտարարեց, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում հանվել է 10.000 դրամ «օդի տուրքը» (այն չի գանձվում 2014-ի դեկտեմբերի 31-ից): 2017-ի հունվարից «Շիրակում» աերոնավիգացիոն ծառայության սակագինը 50 տոկոսով զեղչվեց, իսկ փետրվարից ավիաօդերեւութաբանական ծառայությունն այստեղ մատուցվում է անվճար: Մարտին էլ ՔԱԳՎ-ն տեղեկացրեց, որ «Տարոն-Ավիան» ապրիլից բազավորվելու է «Շիրակում», որտեղից էլ կիրականացնի կանոնավոր ու ոչ կանոնավոր չվերթներ:

Փաստորեն, գյումրեցի Գառնիկ Պապիկյանի ընկերությունը վերջնական արդյունքում Երեւանի փոխարեն ընտրել է Գյումրին (ըստ ավիացիոն տեղեկատուների՝ «Տարոն-Ավիան» 2007-ից բազավորվում էր Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում, մյուս կողմից՝ ընկերության իրավաբանական հասցեն Գ. Պապիկյանի բնակարանն է Գյումրիում, սակայն գրասենյակ ունի «Զվարթնոցի» մոտ՝ Երեւան-Էջմիածին մայրուղու հարեւանությամբ): Ավիատորը երեկ լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ «օդի տուրքը» մեծ խնդիր էր: Հիշեցնենք, որ այս տուրքը ներկայում գանձվում է «Զվարթնոցում»:

10.000 դրամից մինչեւ 75 եվրո արժեցող (ներառյալ հարկերը) տոմսերով «Տարոն-Ավիան» ապրիլի 25-ից կթռչի Կրասնոդար (երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին), Սամարա (ամեն չորեքշաբթի), Դոնի Ռոստով (ամեն չորեքշաբթի, հունիսի 3-ից՝ նաեւ շաբաթ օրերին): Առաջին չվերթը կլինի դեպի Կրասնոդար: Պապիկյանը հայտնել է նաեւ թռիչքների ցանցն ընդլայնելու մտադրության մասին: Հատկանշական է, որ այս երեք ուղղություններով Երեւանից կանոնավոր թռիչքներ կատարելու իրավունք ունի նաեւ «Արմենիա» ավիաընկերությունը, որը, սակայն, դեռ չի շահագործում դրանք:  

«Տարոն-Ավիայի» մուտքը հայկական ուղեւորատար շուկա կարեւոր է, մասնավորապես, այն տեսանկյունից, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը կրկին դառնում է քաղաքացիական ավիացիայի բազա: «Շիրակի» աերոդրոմն օրենսդրորեն համատեղ բազավորման է, ինչը նշանակում է, որ այստեղ կարող են բազավորվել թե քաղաքացիական, թե ռազմական օդանավեր: Բայց հարցն այն է, որ տարիներ շարունակ այստեղ բազավորվել են միայն ՀՀ ռազմաօդային ուժերի օդանավերը, իսկ ահա քաղաքացիական օդանավերը միայն եկել ու գնացել են, այսինքն՝ միայն օգտագործել են աերոդրոմը:

Քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչներից վերջին անգամ «Շիրակում» բազավորվել է «Գյումրու ավիաուղիները» 13 տարի առաջ՝ 2004-ին: Գյումրեցի Կոշտոյանների կողմից հիմնադրված այս ընկերությունը, սակայն, երկար կյանք չունեցավ՝ մեկ տարի: 2004-ին այն շահագործում էր EK-65575 համարով «Տու-134Ա» օդանավը, որը վարձակալվել էր ռուսական «Չեռնոմոր-Ավիա» ընկերությունից: Վերջինիս հիմնադիրն էլ Գյումրու օդանավակայանի նախկին տնօրեն Համլետ Կոշտոյանն էր:      

Ստացվում է, որ «Տարոն-Ավիայի» մուտքով «Շիրակում» կյանքը կտրուկ աշխուժանալու է, ու, թերեւս, ապագայում այստեղ մրցակցություն տեսնենք տեղական ու արտասահմանյան փոխադրողների միջեւ: Հիշեցնենք, որ Գյումրիում անցյալ տարի աժիոտաժ առաջացրեց ռուսական «Պոբեդա» բյուջետային ընկերությունը, որը դեկտեմբերի 15-ից սկսեց Մոսկվա-Գյումրի-Մոսկվա գծի շահագործումը:

Ինչպես հայտնի է, «Տարոն-Ավիան» EK-73797 օդանավին տվել է «Մհեր Մկրտչյան» անունը:

Այս երեւույթը նոր չէ հայկական ավիացիայում: Նման պրակտիկա կիրառում էր հատկապես «Արմավիան»: Վերջինիս պատմության մեջ նույնպես «Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյան» ինքնաթիռ է եղել: Խոսքը «Sukhoi Superjet 100» օդանավի մասին է (EK-95016), որը «Արմավիայի» հրաժարվելուց հետո այդպես էլ Ռուսաստանից Հայաստան չբերվեց:  

Առաջիկայում, թերեւս, Հայաստան կգան նաեւ «Տարոն-Ավիայի» մյուս երկու օդանավերը՝ EK-73775-ը եւ EK-73772-ը:   

Գլխավոր լուսանկարում՝ «Գյումրու ավիաուղիների» օդանավը 13 տարի առաջ՝ Բեռլինում, «Տարոն-Ավիայի» օդանավն այսօր՝ Գյումրիում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter