HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Սևան Նագգաշյան. «Հայրենիքը սկսվում և ավարտվում է այս սահմանով»

Օրերս Տավուշի շրջանի Վազաշեն գյուղ էին կրկին այցելել «Արեգնազան» կրթահամալիրի սաները: Առիթը նորաբաց «ՀԱՎԵՍԻՆ սենյակն» էր: Նախորդ այցելության ժամանակ նրանք չէին հասցրել իրականացնել տեղի դպրոցում իրենց հասկակիցների համար նախատեսված բոլոր ծրագրերը: Եվ քանի որ առաջին հանդիպումը ջերմ էր ու իր գաղափարով անսահման ոգևորիչ, կրթահամալիրի աշակերտները որոշել էին դրանք անպայման իրագործել: Սահմանամերձ գյուղի համար նախատեսված արվեստի այս փոքրիկ սենյակում նրանք արդեն հասցրել են ընկերանալ, միմյանց օգնելու և գիտելիքներով փոխանակվելու նոր ծրագրեր մտածել: Իր տեսակով ինքնատիպ և առաքելությամբ շատ կարևոր «ՀԱՎԵՍԻՆ սենյակն», ինչ խոսք, կամաց-կամաց լուսավորվում է: Կրթահամալիրի սաները ուսուցիչների հետ ինտելեկտուալ խաղերի, թղթարվեստի, նկարչության, ձևավորման և մատնարվեստի  փոքրիկ դասեր անցկացրեցին՝ գունավորելով սահմանին կանգնած և սահմանը պահող վազաշենցի փոքրիկներ առօրյան: Նոր հանդիպումներն ու մտահղացումները դեռ առջևում են, այսպես են խոստանում կրթահամալիրի աշակերտներն ու մի խումբ արվեստագետներ, ովքեր հաստատակամ են սահմանամերձ դպրոցին նեցուկ լինելու իրենց որոշման մեջ:

2014թ. ապրիլին նկարիչ Սևան Նագգաշյանի և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ «Հայարտօնլայն» պատկերասրահում տեղի ունեցավ «Արվեստը սահմանին» ցուցահանդես-վաճառքը :Այն սահմանամերձ Վազաշենգյուղին աջակցելու նպատակով ստեղծված անկեղծ մի նախաձեռնություն էր, որը համախմբել էր 15 արվեստագետների՝ Շոթա Ոսկանյան, Զավեն Խաչիկյան, Արամ Հունանյան, Տիգրան Ասատրյան, Նանա Մինասյան, Նելլի Շիշմանյան, Հովնան Սարգսյան, Արեգ Պետրոսյան, Արմեն Խոջոյան, Սևան Նագաշյան և ուրիշներ:

Նկարչություն, քանդակագործություն, կերամիկական արվեստ, լուսանկարչություն. արվեստի տարբեր ճյուղերի՝ միմյանցից շատ տարբեր այս ներկայացուցիչները համախմբվել էին՝ իրենց ներդրումն ունենալու Ադրբեջանից քայլեր բաժանող սահմանին կանգնած գյուղի խնդիրների լուծմանը: Սևանը ոչ միայն նրանց այդ գաղափարի հետ միացնողն էր, այլև անմիջական կազմակերպիչը, ցուցահանդեսի համադրողն ու հավատը: Հավատ առ այն, որ բազմաթիվ խնդիրներ ունեցող մեր երկրում, ամենաթույլ և միաժամանակ ամենաուժեղ տարածքը սահմանը պահող գյուղն է ու գյուղացին, ում օգնել է պետք և ում օգնել պարտավոր է մեզանից յուրաքանչյուրը:

«Մենք մեր քաղաքում, տանը, արվեստանոցներում մտնում ենք մեր շրջանակի մեջ և հաճախ մոռանում, որ կյանքը, մեր անելիքները միայն մայրաքաղաքով չեն սահմանափակվում:- ասում էր Սևանը,- պետք է դուրս գանք մեր անձնական նեղ սահմանից ու գնանք դեպի իրական սահման՝ դեպի գյուղ, դեպի մարդիկ: Հայրենիքը սկսվում և ավարտվում է ա՛յս սահմանով»:

Սևանը սահմանամերձ այս գյուղի երեխաներին նեցուկ կանգնելու շատ գեղեցիկ ծրագրեր դեռ ուներ՝ այցելել արվեստագետ ընկերների հետ նրանց, կերպարվեստ դասավանդել, պարզապես շփվել և ընկերանալ: Նա մտադիր էր կազմակերպել «Արվեստը սահմանին» ցուցահանդեսը տարբեր երկրներում և վաճառված նկարներից ստացված հասույթը տրամադրել գյուղի և դպրոցի խնդիրների լուծմանը: Սակայն նրա անժամանակ մահը հանկարծակիի բերեց բոլորին:

Տնտեսական բազմաթիվ խնդիրներ ունեցող գյուղին աջակցելու հարցը դժվար էր լինելու, դա բոլորն էին գիտակցում, նույնիսկ՝ ցուցահանդեսի օրերին: Նախաձեռնող խումբը քաղաքացիական էր՝ զինված հավատով ու սեփական փոքրիկ հնարավորությամբ օժանդակելու ազնիվ մղումով: Սևանի կորուստը նրա կիսատ մնացած երազանքներից գոնե մեկն իրականացնելու անկեղծ ձգտում  դարձավ ու նորից միավորեց նրա ընկերներին, ընտանիքի անդամներին: Եվ համատեղ ուժերով լուսավոր մի գաղափար կյանքի կոչվեց:

Մարտի 26-ին Տավուշի մարզում գտնվող Վազաշենի միջնակարգ դպրոցում բացվեց  «ՀԱՎԵՍԻՆ սենյակը», որը կրում է Սևան Նագգաշյանի անունը և որտեղ այսուհետ նկարելու, քանդակելու, ձևավորելու, առցանց վարպետության դասերի, կարճ ասած՝ ստեղծագործելու հնարավորություն կունենան դպրոցի սաները: Երբ նկարչական և գրենական պիտույքներով, սենյակին անհրաժեշտ կահույքով, նկարակալներով բեռնված մեքենաները տեղ հասան, դիմավորող լուսավոր դեմքերից արդեն պարզ էր, որ իրական սահմանը նոր գույն է  հագնում: Քաղաքից եկած արվեստագետներն ու աշակերտները այդ օրը խախտել էին գյուղի առօրյան:

Վազաշենցի աշակերտներին էին այցելել ոչ միայն Սևանի ընկերներն ու հարազատները, այլև Երևանի «Արեգնազան» կրթահամալիրի սաները՝ իրենց ուսուցիչների հետ: Ծանոթանալով գյուղին և նոր սենյակի մտահղացմանը՝ նրանք մեծ ոգևորությամբ միացել էին նախաձեռնող խմբին՝ նախապես պատրաստելով և ներկայացնելով իրենց ծրագրերը՝ կրկեսային համարներ, կիթառի երաժշտություն, երգ, պար՝ քարե ժամացույցն և դպրոցի պատի նկարազարդումը, ինչպես հետո պարզվեց, թողնելով հաջորդ այցի համար:



«Մենք որոշեցինք, որ այս այցելությունը պետք է չսահմանափակվի մեկօրյա հյուրընկալությամբ, այլ սրանով հիմք դրվի կառուցողական նոր նախագծի,- ասում է «Արեգնազան» կրթահամալիրի  գերմաներենի ուսուցչուհի Գայանե Դաշտոյանը, ով առաջին այդ հանդիպումից ներշնչված՝ վստահ է, որ երեխաների միջև ակտիվ կապ ստեղծելն անհրաժեշտություն է – Անպայման պետք է փոխադարձ այցելություններ կազմակերպել, որի ընթացքում ոչ միայն մեր սաները հաճախակի կհյուրընկալվեն Վազաշենի դպրոցի իրենց հասակակիցներին, այլև ամառային ճամբարներ կկազմակերպենք՝ փոխադարձ հյուրընկալությամբ, տարբեր ժամանցային և ինտելեկտուալ խաղերով, ձեռքի աշխատանքների, օտար լեզուների  դասընթացներով: Այս շփումների ընթացքում նրանք կկիսվեն նաև իրենց գիտելիքներով և փորձառությամբ»:

Գայանե Դաշտոյանն առաջին անգամ է սահմանամերձ գյուղում և տպավորված է ոչ միայն բնության դրախտային գեղեցկությամբ, այլև երեխաներով:

«Էնքան լուսավոր դեմքեր են, էնքան գեղեցիկ են երեխաներն ու շատ պատրաստակամ՝ նոր բաներ սովորելու, բացահայտելու,- ասում է նա,- Ես այսօր այն զգացողությամբ համակվեցի, որ այստեղ ապրող այս փոքրիկներն իրոք խիզախ են: Ու վտանգավոր սահմանին այսքան մոտ ապրելու նրանց խիզախությունը մեզ՝ մայրաքաղաքում ապահով ապրողներիս  պարտավորեցնում է նրանց թիկունքին կանգնելու, նրանց ձայնը լսելու և աջակցելու»:  

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը, ով այս նախաձեռնության անմիջական կազմակերպիչներից է, ամեն անգամ նշում է, որ սահմանամերձ այս գյուղն էլ մի շարք խնդիրների պատճառով դատարկվում է: «Վազաշենը Ադրբեջանի հետ 18 կմ սահման ունի, մարտական և «խաղաղության» զոհեր, մեծ չափերի հասնող արտագաղթ, ռմբակոծված մանկապարտեզ, գործազրկություն,- ասում է Արմինեն,- Այս բոլոր, ինչպես նաև հակառակորդի մշտական նշանառության տակ ապրելու անապահովության զգացումից բացի, որպես արտագաղթի պատճառ գյուղացիները նշում են սահմանապահ գյուղի նկատմամբ կենտրոնի ուշադրության բացակայությունը, մայրաքաղաքի մշակութային կյանքին չմասնակցելը»:



Սևան Նագաշյանի անունը կրող «ՀԱՎԵՍԻՆ սենյակ»-ի գաղափարի իրագործմանը միացել էին նաև մի խումբ երաժիշտներ, անհատներ, «Awesome» և «FCN» հիմնադրամները, ընտանիքի անդամները: Եվ արդյունքում փոքրիկ, բայց անկեղծ նվիրումով ներդրումների շնորհիվ  ստեղծվեց լուսավոր անկյունը՝ Սևանի պայծառ երազանքներից մեկը: Նրա անունը կրող այդ սենյակում արվեստի հետ շփվելու հնարավորություն ստեղծվեց քաղաքների մեծ հնարավորություններից զրկված  երեխաների համար:

«Գյուղի երեխաների մեջ շատերը կան, ովքեր արվեստի մեջ դրսևորվելու շնորհ ունեն, սակայն այն զարգացնելու համար քաղաքի հետ անմիջական կապ ունենալ է պետք, ինչն արդեն դժվարացնում և երբեմն պարզապես անհնար է դարձնում պարզ՝ նյութական պատճառներով»,- ասում է պատմության ուսուցչուհի Անի Աղինյանը: Նա հարևան Այգեհովիտ գյուղից է և արդեն երկու տարի է՝ դասավանդում է Վազաշենում: Ասում է, որ արվեստի այս սենյակի առկայությունը ոչ միայն զարգացնելու է երեխաների հմտությունները, այլև իր գաղափարով ոգևորիչ է մեկ այլ տեսանկյունից՝  սահմանապահ գյուղը մենակ չէ:

«Մեզ համար առաջին հերթին կարևոր է այս ուշադրությունը սահմանապահ գյուղի աշակերտների հանդեպ,- ասում է Անին,- մայրաքաղաքից կիլոմետրորով բաժանված գյուղի երեխաներն իրականում զրկված են մի շարք հնարավորություններից՝ ժամանցային, այլընտրանքային կրթության, քաղաքի գույներից: Երևանում սովորելուս տարիներին ես հնարավորություն ունեի դասերից հետո իմ գիտելիքները լրացնել կոնկրետ միջավայրում՝ թանգարան, գրադարան, մշակութային և գիտական կենտրոններ: Անգամ գրականությունից օգտվելու հարցում քաղաքն ավելի հասանելի է, քան գյուղը: Էստեղ իրականում բոլոր առումներով սահմանափակում կա , ուստի այս սենյակն արդեն մեր աշակերտներին հնարավորություն է տալու իր չափով այդ բացը լրացնել»:

Հյուրերին առաջնորդող և «ՀԱՎԵՍԻՆ սենյակ»-ի ստեղծմանը, կազմակերպչական աշխատանքներին միացած Բագրատ եպիսկոպոս Գալստանյանից  (Տավուշի հոգևոր թեմի առաջնորդ) երկար ժամանակ պահանջվեց վազաշենցի աշակերտներին համոզելու համարձակ լինել և առանց  ամաչելու ներկայացնել նախապես պատրաստած փոքրիկ համերգը: «Նրանք շփման, բացվելու խնդիր ունեն,- ասում է Անի Աղինյանը,- կարծում եմ, որ նկարելու, քանդակելու միջոցով նրանք ինքնաարտահայտվելու ազատություն կստանան, դուրս կգան իրենց ներքին փակ ու կաշկանդված միջավայրից»:



Ե՛վ արվեստագետները, և՛ ուսուցիչները կարևորում են հետագայում կապը միմյանց հետ ակտիվ պահելը: Նանա Մինասյանն ասում է, որ սենյակի բացումով և մեկ-երկու այցելությամբ պետք չէ բավարարվել և ամեն ինչ իրականացրած համարել: «Կարևոր է շատ, որ մենք կարողանանք հաճախակի այցելել, դասեր անցկացնել, նրանց հետ նկարել, պարզապես զրուցել ու շփվել երեխաների հետ: Արվեստի միջավայր ստեղծելու համար այս շփումներն ու զրույցները կարևոր են, նրանք պետք է նաև ֆիլմեր և գրականություն ունենան: Կերպարվեստի գրադարան պետք է ունենան՝ ալբոմներով, մշակույթի և արվեստի պատմության մասին գրքերով, վավերագրական ֆիլմերով»:

«ՀԱՎԵՍԻՆ սենյակի» բացումից կարճ ժամանակ է անցել, սակայն աշխատանքն արդեն սահմանամերձ գյուղում խոստումնալից ոգևորությամբ  առաջ է գնում: Նոր ծրագրերի մեծ ցանկություններ կան, որոնց իրականացմանը, հուսանք, ոչ մի խոչընդոտ չի խանգարելու: Նաիրա Մուրադյանը ցանկանում է անիմացիոն դասեր անցկացնել և՛ այցելությամբ, և՛ օնլայն տարբերակով: Մարիամ  Ղարիբյանի առաջարկով՝ ասեղնագործության, արեգնազանցիների՝ ձեռքի աշխատանքների վարպետության դասերը, երաժշտական ներկայացումները նոր գույներ են խոստանում սահմանապահ փոքրիկներին:

«Հենց այս նկարիչների հետ շփման և անմիջական աշխատանքների արդյունքում էլ հնարավոր է բացահայտվի աշակերտների նկարչական տաղանդը: Պտուղները հետագայում կտեսնենք ու կհպարտանանք»:-ասում է պատմության ուսուցչուհի Անի Աղինյանը:

Նանա Պետրոսյան, Անուշ Քոչարյան, Նաիրա Մուրադյան, Արմինե Պետրոսյան, Արմեն Խոջոյան, Վարդան Ֆերեշեթյան, Արամ Հունանյան, Հովնան Սարգսյան, Ալեքսանդր Մկրտչյան, Վահան Նագգաշյան, Շահե Նագգաշյան, Մարիամ Մուղդուսյան…  Սևանի ընկերների, հայրենիքի սահմաններն ամուր ու ապահով տեսնող արվեստագետների, քաղաքացիների անուններն այսքանով չեն սահմանափակվում: Անելիքները՝  նույնպես:

«ՀԱՎԵՍԻՆ սենյակը», որպես գաղափար, առաջին հերթին պետք է ապրեցնել մեր հոգու սահմաններում, լցնել այն գույներով, ջերմ ու անկեղծ սիրով, լույսով: Սևանն այն, անշուշտ, կրում էր իր հոգում ու փոխանցում շրջապատին: Վազաշենի աշակերտներն այսօր ունեն փոքրիկ ու ջերմ մի անկյուն, որտեղ ամեն վրձնահարվածի հետ հնարավոր է՝ գույն ստանան իրենց թաքուն երազանքները: «ՀԱՎԵՍԻՆ սենյակը», որին հուսով ենք կմիանան նաև շատերը, վկայում է մի շատ կարևոր փաստի մասին. մեզանից ամեն մեկը, եթե մի ակնթարթ անգամ գիտակցի, թե պարզ ու պաթետիկ բառերի փոխարեն որքան կարևոր է հայրենիքի իրական գիտակցումը, մեր ներսում եղած սահմանները անսահմանի չափ կհաղթահարվեն:

 
Լուսանկարները` Շահե Նագգաշյանի,  Արմինե Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (4)

Արմինե
Բոլոր տեղերն են պետք
Անուշիկ
Լավ կլիներ այս օրինակը վարակիչ լիներ և Հայաստանի բոլոր գյուղերի դպրոցներում բացվեին այսպիսի «ՀԱՎԵՍԻՆ սենյակ»-ներ: Մեր մարզերում ապրող երեխաների առօրյան ավելի հետաքրքիր կդառնար:Միգուցե «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը իր վրա վերցնի այդ առաքելությունը,որպեսզի միյուս մարզերում ապրող երեխաներն էլ ունենան արվեստի հետ ավելի մոտիկից շփվելու հնարավորություն:Թե չէ միայն պետության հոգածությունը կարծես հարց չի լուծում,քանզի անգամ երգի,նկարչության դասաժամերը նորմալ չեն անցկացվում մայրաքաղաքից դուրս գտնվող դպրոցներում:
Գայանե
Ապրեն այդ մի խումբ արվեստագետները ովքեր իրեմց ուսերին են վերցրել պետության պարտավորություն և հոգածություն հանդիսացող այդ կարևորագույն գործի մի ահռելի մասը:Ափսոս,որ Սևանի նման լուսավոր մարդու կյանքն էլ վաղաժամ ընդհատվեց:Անելիքներ դեռ շատ ուներ նա այս երկնային կյանքում:Ավաղ...
Ավետիս
Նմանատիպ այցելությունները ու դրանից բխող միջոցառումները էական ներդրում են ունենում սահմանին ապրող և մեծացող երեխաների ձևավորման և դաստիրակման գործում:Արվեատագտները իրենց հերթին մեր հասարակությունը իր հերթին պետք է միշտ իր ուշադրությունը կենտրոնում պահի սահմանամերձ գյուղերի խնդիրները:Եվ իհարկե հաճախակի այցելի ու տեղում ծանոթանալով առկա խնդիրների փորձի լուծում տալ դրանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter