HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Դիլիջան» ազգային պարկում ավելի շատ հատված ծառ է եղել

Քաղաքացի Տիգրան Շահբազյանը երեկ Դիլիջանի, Իջևանի ոստիկանական բաժանմունքների ոստիկանների և տեսուչների հետ գնացել է «Դիլիջանի ազգային պարկ» և «Աշոտ Երկաթ» բերդ՝ հատված ծառերի տեղանքը հստակեցնելու։ 

Ինչպես արդեն հայտնել էինք՝ մարտի 26-ին և ապրիլի 9-ին Տավուշի մարզի այս երկու անտառային տարածքներում ապօրինի կերպով մեծ քանակով առողջ ծառեր էին հատվել։ Ծառահատումների մեր այդ հրապարակումների հիման վրա մարզի ոստիկանական երկու բաժանմունքներում նյութեր են նախապատրաստվում։ 

Տիգրանը «Հետք»-ին հայտնեց, որ երեկ, երբ այցելել են «Դիլիջանի ազգային պարկ», հետաքննիչը մոտ տասն անգամ ավել հատված ծառեր է արձանագրել. «Հետաքննիչը մոտ 110-120 հատված ծառ հաշվարկեց։ Այն նույն տարածքն էր, որտեղ չգիտես ով՝ 12 ծառ էր հաշվարկել»։ 

Աշոտ Երկաթ բերդի տարածք են եկել նաև ծառերը կտրած երկու տղամարդիկ, ովքեր, Տիգրանի հաղորդմամբ, մոտակա գյուղի բնակիչ են։ Մեկը 18 տարեկան է եղել և ծառերը հատելու հանգամանքը պատճառաբանել է առողջական վիճակով։ Ասել է՝ ծառերը կտրել է վաճառելու և տաքանալու նպատակով։ 

Նույն տարածքում որոշ ծառեր յուղով քողարկված են եղել: «Հոտ ես քաշում, յուղի հոտ է գալիս, բայց էնտեղ աշխատող կար,  որ վստահ ասում էր՝ յուղի չի, ծառի ջուրն է դուրս տալիս։ Հո ես հիմա՞ր չեմ, կարո՞ղ է չեմ տեսնում՝ ինչ է։ Պարզ երևում է, որ յուղ է։ Դե դրուժբեն յուղով է աշխատում, երևի յուղը քսել են, հետո շշերը գցել ծառերի կողքը»,- ասում է Տիգրանը։

Տիգրանը ծառերը կտրողների հետ զրույցում հակասական  փաստեր է նկատել։ Ասում է՝ տղաներից մեկն ասել է, որ առանց մեքենա է եկել տարածք, սակայն թե ոնց էր պատրաստվում այդ հաստաբուն ծառերը տեղափոխել, չի պարզաբանել. «Իր ասելով՝ ոտքով, դռուժբեն գցել է ուսին ու եկել, մտել է այդ տարածք։ Ինքն ասեց, որ երեկոյան է էնտեղ եղել, բայց մենք երեկոյան արդեն էնտեղ չէինք, իսկ էն մյուսը, փաստորեն, ամսի 8-ին էր կտրել»։ 

Տիգրանի խոսքով՝ Աշոտ Երկաթ բերդ տանող ճանապարհին տարածքներ կան, որտեղ համատարած կտրած են ծառերը, տեղի աշխատողները բացատրել են, թե դրանցից ոմանք վաղուց են հատվել,  որոշներն էլ նոր են կտրվել։ Իսկ ծառահատումները չեն կարողանում հսկել, քանի որ, ըստ նրանց, դրանք գիշերով են կատարվում և դուրս է իրենց վերահսկողությունից։ 

Հիշեցնենք, որ բնապահպանական պետական տեսչության հաշվարկով՝  Աշոտ Երկաթ բերդի տարածքի ծառահատման հետևանքով շրջակա միջավայրին հասցվել է 930 հազար դրամի, իսկ «Դիլիջանի ազգային պարկ»-ի ծառահատումներով՝ գրեթե 1,9 մլն դրամի վնաս։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Տիգրան Շահբազյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter