Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Գագիկ Խաչատրյանի որդիները 18,8 մլն դոլարով վաճառել են Լոս Անջելեսի իրենց առանձնատունը



Երեկ՝ ապրիլի 21-ին, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները վաճառել են Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում գտնվող իրենց շքեղ առանձնատունը: Գործարքի գինը կազմել է 18,8 մլն դոլար: 

Հիշեցնենք, որ Խաչատրյանի որդիները՝ Գուրգենն ու Արտյոմը, այս տունը գնել էին 2010 թ. օգոստոսի 6-ին՝ վճարելով 11 մլն դոլար: 2011-ին եղբայրներն իրենց վիլլան հավատարմագրային կառավարման էին հանձնել իրենց մտերիմ Աբրահամ Ստեփանյանին: 2016-ի հունիսի 17-ին տունը հանվել էր վաճառքի 35 մլն դոլարով: Գնորդ չլինելու պատճառով անշարժ գույքի գործակալ Քրիստոֆ Չուն (Christophe Choo) մի քանի անգամ փոխել էր գինը: Վերջին անգամ դրա արժեքը 19.999.000 դոլար էր: Փաստորեն, վիլլան վաճառվել է «մի փոքր» ավելի էժան:

Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասի (Westwood) 355 South Mapleton Drive հասցեի տունը, հիշեցնենք, կառուցվել է 1939-ին, ձեւափոխվել՝ 1949-ին: Շենք-շինությունների մակերեսը 563 քմ է, իսկ ընդհանուր հողատարածքը՝ 6637 քմ: Առանձնատունը երկհարկանի է, ունի 6 ննջասենյակ, 5 լոգասենյակ, մեծ նախասրահ, շքեղ հյուրասենյակ, ճաշասենյակ, խորդանոց, լուսավոր խոհանոց եւ նախաճաշի առանձին սենյակ: Բակում ունի լողավազան եւ մեծ տաղավար` հյուրասենյակով, թենիսի կորտ՝ լուսավորությամբ, մեծ մակերեսով գազոն եւ այգի, ավտոտնակ: 

Խաչատրյանները Բըրնդորֆ (Birndorf) ընտանիքից տունը գնել էին նույն Քրիստոֆ Չուի միջոցով: Եվ չնայած վաճառողները ցանկանում էին ստանալ 12,5 մլն դոլար, 2010-ին, ինչպես նշեցինք, կողմերը համաձայնության էին եկել 11 մլն դոլարի շուրջ: 

Այս տան հարեւան վիլլաներում, ինչպես գրել ենք, ապրել ու ապրում են ամեիկյան շոու-բիզնեսի եւ գործարար աշխարհի հայտնի դեմքեր: Հիշեցնենք նաեւ, որ եղբայրներից ավագը՝ Գուրգեն Խաչատրյանը, առնչություն է ունեցել նշված տնից քիչ հեռու՝ 530 South Mapleton Drive հասցեում գտնվող մեկ այլ առանձնատան հետ: 2011-ի օգոստոսի 5-ին «Veto Trust»-ը եւ դրա trustee` հավատարմագրային կառավարիչ Գուրգեն Խաչատրյանը 14.400.144 դոլարով ձեռք էին բերել այս տունը: 2016-ի հունիսի 13-ին առանձնատունն անցել էր «WRH» ընկերությանը: Նշել էինք, որ դեռ 2016-ի սկզբին շինարարություն էր ընթանում ապամոնտաժված տան տարածքում: Այստեղ կառուցվել է նոր վիլլա: 

Գուրգեն Խաչատրյանը «Հետքին» հայտնել էր, թե եղբոր հետ միլիոնավոր դոլարներ արժեցող տներ է ձեռք բերել բիզնես խնայողությունների, փոխառությունների ու վարկային միջոցների շնորհիվ:  

«Հետքի» հրապարակումից հետո ՀՀ գլխավոր դատախազը նյութն ուղարկել էր ԱԱԾ՝ սահմանված կարգով ընթացք տալու համար: Սակայն հետո դատախազությունը խմբագրությանը հայտնել էր, որ քննարկման արդյունքում ԱԱԾ քննչական վարչությունում 16.07.2016 թ. որոշում է կայացվել հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Թե ԳԴ-ն, թե ԱԱԾ-ն հրաժարվել են խմբագրությանը տրամադրել մերժման որոշման պատճենը:   

Գլխավոր լուսանկարում՝ 355 S Mapleton Dr հասցեի տունը եւ Գուրգեն Խաչատրյանը (Գ. Խաչատրյանի լուսանկարները՝ wnews.am-ից)


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (5)
1. Լուսիկ22:54 - 22 ապրիլի, 2017
Զարմանալի է, որ տան գինը 7 տարվա ընթածքում ավելացել է 70%-ով: Իսկապես, շատ հաջողակ բիզնեսմեն է: Երբ կարդում ես հոլիվուդյան աստղերը վաճառում են իրենց անշարժ գույքը, պարզվում է, որ ավելի էժան են վաճառում, քան գնել են:
2. նախագահ23:19 - 22 ապրիլի, 2017
Այս հանճարեղ բիզնեսմենների պապան ժամանակին ու պարտաճանաչ կերպով ում որ պետք է, ինչքան որ պետք է՝ մուծել է բերված ՀՀ քաղաքացիներից շորթած, թալանած տասնյակ միլիոնավոր դոլարները: Փող ստացողը մի հոգի է, որի փեսան էլ պատահականորեն միլոնատեր դարձավ: Հիմա՝ ի՞նչ ԱԱԾ, ի՞նչ դատախազ.... ԱԱԾ ու դատախազությունը սովորական քաղաքացիների համար են՝ փողերի լվացման, հարկերից խուսափելու և այլ հանցագործությունները բացահայտելու և իրավական պետության գերակայությունը ապահովելու համար:
3. ազգ բանակ23:29 - 22 ապրիլի, 2017
հարգելի գագիկ խաչատրյան և որդիներ, մանրակրկիտ հաշիվ կվարվի ձեր փառահեղ բիզնսի առիթով, որ կհիմնվի թալանված փողերի վրա: Այս տեղեկությունը որոշ ուղղումներ կմտցնե մեր ունեցած հաշիվների մեջ: սովխոզի դիրեկտորը, որ Ամասիայում գ. խաչատրյանն էր ժամանակին, մերօրյա Կորեյկոն է: Շուտով ձեզ կայցելեն՝ դարչնագույն թղթապանակով: Ժամանակն է մասնակից լինելու ազգ-բանակ դարակազմիկ ծրագրին:
4. Ֆելիքս22:46 - 23 ապրիլի, 2017
պարզաաաա
5. Vahe19:57 - 25 ապրիլի, 2017
Disgusting greed, theft from the poor people of Armenia, who needs enemies when we have our own government ! When Tax inspectors give hell to our hard working Yerevantsi and take their money to give it to their own sons to buy mansions, when hard working villagers don't have a decent home to live in and burdened with huge debts, when roads have crumbled starved of cash, when sewage and garbage is inappropriately dumped posing huge environmental and societal risks to health, when ponds and lakes are disappearing and poisoned due to greedy mining !
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ