HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ Գուրգեն Խաչատրյանի՝ ԱՄՆ-ում միլիոնանոց տներ են գնել բիզնես խնայողություններով, փոխառություններով և վարկային միջոցներով

«Հետքի» հարցերին պատասխանում է «Յուքոմ» ընկերության խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը

-Պարոն Խաչատրյան, «Հետքը» հոդված է հրապարակել ԱՄՆ-ում իրականացրած Ձեր ու Ձեր եղբոր մի քանի գործարքների վերաբերյալ։ Այդ գործարքները, կարծես թե, գաղտնի էին մնացել, եւ առայսօր հայտնի չէր դրանց մասին․․․

-«Հետքում» հրապարակված հոդվածում առկա տեղեկատվությունը հասանելի է ցանկացած անձի, որևէ նոր տեղեկատվություն, ըստ էության, իր մեջ չի պարունակում: Նշված տեղեկատվությանը յուրաքանչյուր անձ կարող էր ծանոթանալ ԱՄՆ անշարժ գույքի շուկային առնչվող մասնագիտացված կայքերում՝ սկսած 2010 թվականից: Գործարքների հետ կապված բոլոր մանրամասները եղել են հրապարակային ու թափանցիկ, և դրանց վերաբերյալ մանրամասները կարող էին հրապարակվել նաև նախկինում:

-ԱՄՆ-ում անշարժ գույք ձեռք բերելը ի՞նչ նպատակ էր հետապնդում:

-Հոդվածում ներկայացված գործարքներն իմ և եղբորս կողմից իրականացվող տնտեսական գործունեության մի մասն են կազմում: Հոդվածում ներկայացված փաստերից ակնհայտ է, որ դրանք ընդամենը անշարժ գույքի առուվաճառքից եկամուտ ստանալու համար իրականացվող գործունեություն է: Բացի շահույթ ստանալուց այլ նպատակ գործարքները չեն հետապնդում:

-Այդ դեպքում որտեղի՞ց առաջին գործարքի, մեղմ ասած, ոչ փոքր գումարը:

-Ինչպես արդեն նշեցի, այդ գործարքները իմ, եղբորս և մեր գործընկերների տնտեսական գործունեության բաղկացուցիչ մասն է: Գործարքների հիմքում եղել են բիզնես խնայողություններ, փոխառություններ և վարկային միջոցներ: Միաժամանակ յուրաքանչյուր ոք գիտի, որ Միացյալ Նահանգներում նմանատիպ գործարքների ողջ ընթացքը մանրակրկիտ ուսումնասիրվում է համապատասխան մարմինների կողմից և կարող է իրականացվել միայն օրենքի տառին համապատասխանության դեպքում:

-Դուք նշեցիք, որ այս գործարքները ձեր բիզնեսի ընդամենը մի մասն են, իսկ որո՞նք են ձեր մյուս բիզնեսները:

-Ես շնորհակալ եմ հոդվածագրին, ով անդրադարձել է իմ և եղբորս հետ առնչություն ունեցող որոշ բիզնեսների, իսկ այդ բիզնեսների գործունեությանը մեր հասարակությունը ծանոթ է զանգվածային լրատվամիջոցներից և իրականացված բազմաթիվ սոցիալական ծրագրերից:

-Իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի այդ միլիոնների հասնող գործարքների փոխարեն համարժեք գործունեություն ծավալեիք Հայաստանում։

-Ես և եղբայրս երկար տարիներ շարունակ, զբաղվելով բիզնեսով, իրականացրել ենք բազմաթիվ սոցիալական ծրագրեր: Սակայն միշտ համարել ենք, որ սոցիալական ծրագրերը չի կարելի օգտագործել «Փիառ» նպատակով: Ներկայումս էլ նպատակահարմար չեմ համարում բացահայտել մեր կողմից իրականացված սոցիալական ծրագրերի ծավալն ու բովանդակությունը, սակայն, եթե անձամբ Ձեզ հետաքրքրում է, կարծում եմ կարող եք հետաքննել և պարզել, ինչ ենք արել և ներկայումս էլ շարունակում ենք անել թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում: Միայն կարող եմ ասել, որ այդ ծրագրերի ծավալները մշտապես համադրելի են եղել և կլինեն մեր բիզնես գործունեության արդյունքների, այդ թվում՝ ԱՄՆ-ում օրենքի տառին համապատասխան իրականացված՝ անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներից ստանալիք հնարավոր շահույթների հետ:

Լուսանկարում՝ Լոս Անջելեսի 530 South Mapleton Drive հասցեի առանձնատունը, որը Գուրգեն Խաչատրյանը ձեռք է բերել 14,4 մլն դոլարով (Գ. Խաչատրյանի լուսանկարը՝ wnews.am-ից) 

Մեկնաբանություններ (12)

naive
իսկ դուք ի՞նչ էիք կարծում; չգիտեիք, որ կոռուպցիայով և այլ անբարո ճանապարհներով այսքան հարստություն հնարավոր չէ կուտակել; դա բացարձակապես հալալ քրտինքով վաստակած աշխատավարձից արված խնայողությունների մի մասն է միայն....
Սիրանուշ
Տարոն ջան լավ ես գրել, ապրես, շատ դիպուկ է ասված….
MK
Load of rubbish.
Սաշիկ
Մանկապարտեզի հանդեսի պատասխան է: Բա իհարկե, օրենքի տառին համապատասխան է, քանի որ դուք հայաստանից, կամ ավելի ճիշտ, նախագահականից, ԱՄՆ իշխանությունների ուզած թուղթն ու հիմնավորումը կարող եք տանել ու ներկայացնել: Ցանկացած հայկական բանկ, էլ չեմ ասում՝ հարկայինը, ձեզ կտա ոսկե տառերով գրված տեղեկանքը ցանկացած բովանդակությամբ: Տեղեկանքները տրվում են, որովհետև պապան հոպարին լրիվ մուծվել է՝ սննկացած ու Հայաստանը լքած մանր ու խոշոր գործարարներից քերած փողերը: Ի դեպ, ԱԱԾ 10-20հազ. դոլար գումար ստացող անցանկալի քաղաքացուն փողերի լվացման հոդվածով տանում է՝ երբ ուզենա: Վերջում՝ բարերարությունը նույնպես ձեր չգրված պարտավորությունն է, որպես այդպիսին պետք չէ ներկայացնել: Մի բան լավ է՝ էդ դառը քրտինքով աշխատածը մի օր անպայման վերադարձնելու եք, այլ տարբերակ չկա...
MK
We have the unelected Diaspora leadership covering up and misleading their readers deliberately with what is really going in Armenia under this corrupt and criminal coalition in order to protect their interests, that goes for the the three traditional parties in the Diaspora,they are nothing but a redundant bunch which they don't seem to realise if they continue this morally bankrupt policy.
MK
Under this criminal regime the whole of Armenia has been turned into a criminal entity.There is no way that Armenia can get better until a new patriotic regime takes over and the whole regime is put on trial for treason.
Տարոն Մ.
Վեհաշնոր պարոն Խաչատրյան և որդիներ, վերջ տվեք այս մաղձավանջային գաղտնապահությանը և ասկետային ապրելակերպին, բացահայտեք ձեր հանճարի գաղտնիքը պաշտոնապես, ինչպես հեզապայծառ վարչապետը ի լուր աշխարհի հայտնեց, որ տարեկան մի քանի միլիոն դոլար է վաստակում լոլիկ աճեցնելով: Բոլորն էլ գիտեն, որ ձեր ծաղկուն բիզնեսի հիմքը վարունգ աճեցնելն է, միանգամայն օրինական ու քրտնաջան աշխատանք՝ զուգորդված մտքի պայծառատեսությամբ: Շրջանցեք նախանձ ու հետաքրքրասեր չկամներին, վարուգն է ձեր ապագան, հավատարիմ մնացեք: Հոպարի բաժինը չմոռանաք, հա...
sos
And where did the get the money for those business'??
Anna
It is a lack of decency to buy a 10 million house when you come from a poor country who seek donations from diaspora and aid from developed countries. The consequences of the earthquake in 1988 have not yet been eradicated in Gyumri and there are many armenians who still have no decent place to live. There are also the refugees from Syria who need support, help and solidarity.
Լուսիկ
Ոչ միայն Հայաստանում են հասկանում,թե ինչպես են հարստություն կուտակում հայ պաշտոնյաները և նրանց զավակները,այլ նաև մեր սփյուռքում: Այդ պատճառով է,որ տարեց տարի նվազում սփյուռքի օգնությունը Հայրենիքին: Վնաս՛թե ներսից,թե դրսից:
Nishan
If Armenians in the US had any sense they'd picket that mansion, reject the sons, and ask the US to kick them out of the US.
Mike
These are thiefs stealing the money that belongs to Armenian People and they should be in jail and these ill gotten assets should Be return to the people. Shame on them and this crooked minister Should be fired and prosecuted

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter