Փնտրվում է գնորդ, կամ Գագիկ Խաչատրյանի որդիների շքեղ առանձնատունը Լոս Անջելեսում
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգենը (ծնվ. 1983 թ.) եւ Արտյոմը (ծնվ. 1986 թ.), 2010 թվականին շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ (Westwood) թաղամասում՝ մի փողոցի վրա, որտեղ ծփում է ցոփ ու շվայտ կյանքը: Հիշեցնենք, որ այդ ժամանակ Գ. Խաչատրյանը ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահն էր, նրա ձեռքի տակ էին հարկային տեսչությունն ու մաքսային ծառայությունը:
Հսկայական բիզնեսների ու միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքի հետեւանքով մամուլի կողմից «սուպերնախարարի» անուն ստացած Գագիկ Խաչատրյանի հետ բազմաթիվ ընկերություններ են առնչվում, որոնք, սակայն, գրանցված են նրա հարազատների անուններով՝ «Յուքոմ», «Մեգաֆուդ», «Ապեյրոն», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Խրոնոգրաֆ», «Գալաքսի Կոնցեռն», «Չիմեգ» եւ այլն: Սրանցից մի քանիսի մեջ մասնակցություն ունեն նաեւ Գուրգենն (լուսանկարում) ու Արտյոմը: Վերջիններս իրենց կանանց հետ գրանցված են Տերյան 66 հասցեում՝ տարբեր բնակարաններում: Տերյան 66-ը մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարեւանությամբ գտնվող «HSBC» բանկի բարձրահարկն է: Սակայն Լոս Անջելեսի 355 South Mapleton Drive հասցեի համեմատությամբ Տերյանն 66-ը, կարելի է ասել, աղքատանոց է:
South Mapleton Drive-ը համարվում է Լոս Անջելեսի ամենաթանկ հատվածներից մեկը: Այստեղ շարքային մահկանացուներ չեն ապրում: Հսկա առանձնատներից յուրաքանչյուրում կան մի քանի ննջասենյակներ ու լոգասենյակներ, մի քանի հազար քմ հողամասերում էլ՝ լողավազաններ ու թենիսի կորտեր: Variety.com-ը 2014-ին ներկայացրել է, թե ինչ հայտնի գործարքներ են կատարվել այստեղ:
Խաչատրյանների տան հարեւանությամբ երկար տարիներ ապրել են աշխարհահռչակ «Փլեյբոյի» հիմնադիր Հյու Հեֆները (Hugh Hefner) եւ նրա նախկին կինը՝ Քիմբերլի Քոնրադը (Kimberley Conrad): Այստեղ են ժամանակ անցկացրել «Փլեյբոյի» բազմաթիվ մոդելներ: 2013-ին առանձնատունը վաճառվել է 10 մլն դոլարով, նույն փողոցի վրա գտնվող մեկ այլ տուն ամուսինները 2009-ին վաճառել են 18 մլն-ով: Հոլիվուդյան դերասան Գրեգորի Պեկի (Gregory Peck) այրին՝ Վերոնիկը, 7 ննջասենյակ ունեցող առանձնատունը 22 մլն-ով 2013-ին վաճառել է «Գուգլի» միլիարդատեր Էրիկ Շմիդտին (Eric Schmidt): Պրոդյուսեր եւ անշարժ գույքի ոլորտի մասնագետ Նայլ Նայամին (Nile Niami) 2014-ին իր տունը 44 մլն-ով վաճառել է մի սաուդցու: Շուտով Նայամին վաճառել է մեկ այլ տուն 39 մլն-ով, որի համար մինչ այդ վճարել էր «ընդամենը» 13,75 մլն: Ամերիկյան հեռուստատեսության աստղերից Էլեն ԴեՋեներեսը (Elen DeGeneres), 2014-ի հունվարին գնելով 39,9 մլն դոլար արժողությամբ առանձնատուն, արդեն հուլիսին 55 մլն-ով այն վաճառել է միլիարդատեր գործարար Շոն Պարկերին (Sean Parker): Իսկ ահա հայտնի պրոդյուսեր Աարոն Սփելինգի (Aaron Spelling) այրին՝ հեռուստատեսության աստղ Քենդի Սփելինգը, երկար ժամանակ փորձում էր վաճառել հսկա կալվածքը 150 մլն դոլարով, բայց 2011-ին ոչ պակաս խոշոր գումարով՝ 85 մլն-ով, տունը ծախել է «Ֆորմուլա 1»-ի ղեկավարի 23-ամյա աղջկան՝ մոդել Պետրա Էկլստոունին (Petra Ecclestone):
355 S Mapleton Dr հասցեն
2010 թ. օգոստոսի 6-ին Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները 11 մլն դոլարով գնել են 355 S Mapleton Dr հասցեի առանձնատունը: Տան նախկին տերը՝ Բըրնդորֆ (Birndorf) ընտանիքը, այն վաճառքի էր հանել 12,5 մլն-ով, սակայն, փաստորեն, ավելի էժան է վաճառել:
Տունը կառուցվել է 1939-ին, ձեւափոխվել՝ 1949-ին: Տան մակերեսը 563 քմ է, իսկ ընդհանուր հողատարածքը՝ 6637 քմ:
Առանձանտունը երկհարկանի է, ունի 6 ննջասենյակ, 5 լոգասենյակ, մեծ նախասրահ, շքեղ հյուրասենյակ, ճաշասենյակ, խորդանոց, լուսավոր խոհանոց եւ նախաճաշի առանձին սենյակ: Բակում ունի լողավազան եւ մեծ տաղավար` հյուրասենյակով, թենիսի կորտ՝ լուսավորությամբ, մեծ մակերեսով գազոն, ավտոտնակ:
Խաչատրյանները տունը գնել են անշարժ գույքի գործակալ Քրիստոֆ Չուի (Christophe Choo) միջոցով, որը հայտնի մասնագետ է այս ոլորտում:
Փոխանցման գործարք
2011-ին Գագիկ Խաչատրյանի որդիներն իրենց վիլլան փոխանցել են Աբրահամ Ստեփանյանին, ով դարձել է դրա հավատարմագրային կառավարիչը (trustee):
Trust-ը (թրասթ, անգլերենից բառացի՝ վստահություն) իրավահարաբերության ձեւ է, երբ տվյալ գույքի, ունեցվածքի սեփականատերը՝ հիմնադիրը, այն հանձնում է հոգաբարձուին կամ կառավարչին (trustee), ով պարտավորվում է ունեցվածքի հետ կատարել այնպիսի գործողություններ, որոնք մաքսիմալ օգուտ կբերեն շահառուներին (բենեֆիցիարներին): Թրասթի յուրահատկությունն այն է, որ հիմնադիրը դրա ստեղծման պահից կորցնում է գույքի հանդեպ սեփականության իրավունքները մինչեւ թրասթի՝ պայմանագրով նախատեսված ավարտը, սակայն նման իրավունքներ չունեն նաեւ կառավարիչն ու շահառուն: Սա, մասնավորապես, լավ է նրանով, որ, օրինակ, հիմնադիրը, իր գույքի մեծ մասը թրասթի վրա փոխանցելով, ցույց է տալիս, որ բավարար ակտիվներ չունի, ինչի շնորհիվ ստանում է հարկային արտոնություններ կամ պետական օգնություն, մյուս կողմից՝ թրասթի անվամբ ձեւակերպված գույքն անհասանելի է դառնում հիմնադրի հավանական պարտատերերի համար: Թրասթը տալիս է այլ հնարավորություններ եւս: Իբրեւ թրասթի կառավարիչ կամ շահառու կամ երկուսը միաժամանակ կարող է հանդես գալ հենց հիմնադիրը: Մասնավորապես, ԱՄՆ-ում բավականին տարածված է ընտանեկան թրասթը (family trust), երբ ընտանիքի ունեցվածքը հանձնվում է անդամներից մեկին՝ կառավարելու համար:
Խաչատրյանները 2010-ին առանձնատունը գնել են հենց «Birndorf Family Trust»-ից եւ դրա կառավարիչ՝ trustee Վիվիան Բըրնդորֆից: 2011-ի մայիսի 19-ին տունը նրանք հանձնել են Աբրահամ Ստեփանյանին (Abraham Stepanian) եւ վերջինիս «Veto Trust»-ին: Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերում այս վերջին գործարքի վերաբերյալ գին չի նշվում, սակայն հայտնի է, որ այն եղել է «quitclaim deed» (իրավունքից, հավակնությունից հրաժարվելու գործարք): Որպես կանոն սրանք այն գործարքներն են, երբ հանձնողն ու ընդունողը կապ ունեն կամ նույն անձն են: Նման գործարքներ հաճախ իրականացվում են ընտանիքի անդամների միջեւ որպես նվերի հանձնում, կամ երբ անձն իր սեփականությունը դնում է ձեռնարկության տրամադրության տակ եւ այլն: Ելնելով սրանից՝ պիտի ենթադրենք, որ Խաչատրյաններն իրենց առանձնատունը հանձնել են Աբրահամ Ստեփանյանին կառավարման նպատակով: Իսկ ո՞վ է Ա. Ստեփանյանը:
Աբրահամը Խաչատրյանների մերձավորներից է: Մասնագիտացած է անշարժ գույքի եւ առողջապահական ոլորտներում: Հատկանշական է, որ նա Քրիստոֆ Չուի նման «Coldwell Banker Residential Brokerage»-ի անշարժ գույքի գործակալ է: Որոշ փաստաթղթերում նրա գրանցման հասցե է նշված Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաքը (918 N Evergreen St, Burbank, CA): LinkedIn սոցցանցի իր էջում Ստեփանյանը եւս նշել է հայաշատ Բըրբանքը: Սակայն whitepages.com-ից տեղեկանում ենք, որ նրա ներկա հասցեն Լոս Անջելեսի Տոլուկա Լեյք (Toluka Lake) թաղամասն է, ավելի կոնկրետ՝ 4771 Forman Avenue, բնակարան 303: Այս նույնը նշվում է whitepages.com-ում գրանցված Գուրգեն Խաչատրյանի հասցե:
Այն նաեւ «Veto Trust»-ի հասցեն է:
Խաչատրյանների եւ Ստեփանյանի կապը հաստատվում է նաեւ նրանով, որ եղբայրները հայաստանյան «Ապեյրոնի» պես ժամանակին «Apeyron USA Inc.» անունով ընկերություն են հիմնել Լոս Անջելեսում, որը ներկայում, ըստ համացանցային տեղեկությունների, ակտիվ չէ: Չի գործում նաեւ ընկերության www.apeyronusa.com կայքը: Ընկերության՝ LinkedIn սոցկայքի էջում նշվում է, որ զբաղվում է արտահանմամբ եւ ներմուծմամբ, առանցքային ուղղությունը խանութներին, սուպերմարկետներին բնական սննդի մատակարարումն է: Սակայն bizstanding.com-ի տվյալներով՝ ներկայում նույն անունով մեկ այլ ընկերություն ակտիվ է: Դրա ղեկավարը Աբրահամ Ստեփանյանն է:
Փնտրվում է գնորդ
2015 թ.-ին, ըստ հարկային փաստաթղթերի, Խաչատրյանների տունը գնահատվել է 11.726.053 դոլար, որից հողի արժեքը 8.528.039 դոլար է, իսկ տան արժեքը՝ 3.198.014: Տակավին վերջերս՝ հունիսի 17-ին, առանձնատունը հանվել է վաճառքի, գինը՝ 35 մլն դոլար: Լոտի ընդհանուր մակերեսը 6720 քմ է, որից 563-ը՝ տան մակերեսն է: Վաճառքով զբաղվում է նույն գործակալը՝ Քրիստոֆ Չուն:
530 S Mapleton Dr հասցեն եւ Գուրգեն Խաչատրյանը
2011-ի օգոստոսի 5-ին Գուրգեն Խաչատրյանը եւ «Veto Trust»-ը 14.400.144 դոլարով ձեռք են բերել 530 South Mapleton Drive հասցեի տունը (նախնական գինը եղել է 14.750.000): Վաճառողները եղել են Ռոբերտ Ա. Հարաբեդյանը (Robert A. Harabedian), Լեսլի Ս. Քլինգերը (Leslie S. Klinger) եւ «Mapleton Trust»-ը: Գործարքի միջնորդը եղել է Քրիստոֆ Չուն: Փաստորեն, տունն անցել է «Veto Trust»-ին եւ դրա կառավարիչ՝ trustee Գուրգեն Խաչատրյանին (թրասթի կառավարիչ կարող են լինել մի քանի հոգի):
Առանձնատունը կառուցվել է 1927-ին: Ընդհանուր տարածքը 5220 քմ է, իսկ տան մակերեսը՝ 594: Երկհարկանի տունն ունեցել է 5 ննջասենյակ եւ 6 լոգասենյակ: 2015 թ.-ին, ըստ հարկային փաստաթղթերի, այս առանձնատունը (տունը եւ հողը) գնահատվել է 15.049.480 դոլար:
2016-ի փետրվարին արբանյակից արված լուսանկարներում երեւում է, որ առանձնատան տարածքը վերածվել է շինհրապարակի, եւ այլեւս գոյություն չունեցող տան փոխարեն նոր շինություն է կառուցվում:
Այս տարվա հունիսի 13-ին տեղի է ունեցել նոր գործարք. հողատարածքը «Veto Trust»-ից Գուրգեն Խաչատրյանը փոխանցել է «WRH» ՍՊԸ-ին (գտնվում է նույն Տոլուկա Լեյքում): Փաստաթղթերում գործարքը ներկայացված է իբրեւ «trustee’s deed» (deed of trust` կառավարչի գործարք, թրասթի գործարք): Կալիֆոռնիա նահանգում սա համապատասխանում է հիպոթեքային գործարքին: Այս պարագայում գործող անձինք են պարտապանը, պարտատերը եւ կառավարիչը. վերջինս այս դեպքում անկախ երրորդ անձ է, որի իրավասության ներքո է անցնում պարտապանի գույքը, եւ եթե վերջինս պարտքը չի վճարում, կառավարիչն իրավունք ունի հրապարակային աճուրդով վաճառել գույքը:
Գլխավոր լուսանկարում՝ 355 S Mapleton Dr հասցեի տունը եւ Գուրգեն Խաչատրյանը (Գ. Խաչատրյանի լուսանկարները՝ wnews.am-ից)
Մեկնաբանություններ (18)
Մեկնաբանել