HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Լամբարյանի պաշտպանը դիմել է դատարան՝ տեսակցությունների արգելքը վերացնելու համար

Ամալյա Մարգարյան

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի՝ տեսակցությունների արգելքը վերացման վերաբերյալ փաստաբան Արայիկ Պապիկյանի ներկայացրած բողոքի գործով դատական նիստը: Դատական նիստը սկսելուց հետո Արմեն Լամբարյանի պաշտպան փաստաբան Արայիկ Պապիկյանը հարց ուղղեց նախագահող դատավոր Մարինե Մելքոնյանին՝ ինչու իր պաշտպանյալին դատարան չեն բերել: Դատավորը հայտնեց, որ մեղադրյալի միջնորդությունը՝  նիստին ներկա գտնվելու վերաբերյալ դատարանին չի ներկայացվել: Փասատաբանը նշեց, որ միջնորդություններն ուղարկվել է էլեկտրոնային եղանակով: Արմեն Լամբարյանի ներկայությունը նիստին ապահովելու համար դատական նիստը հետաձգվեց:

Նիստ ավարտվելուց հետո «Հետքը» զրուցեց Արմեն Լամբարյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի հետ, ով հայտնեց, որ իր պաշտպանյալն արդեն  9 ամիս է չի կարողանում տեսակցել ընտանիքի անդամների հետ:

«Արմեն Լամբարյանի տեսակցությունների և հեռախոսային զանգերի վրա օգոստոսի 6-ից արգելք է դրված: Մենք միջնորդեցինք վերացնել այդ որոշումը, որպեսզի գոնե մերձավոր հարազատների հետ տեսակցություն կարողանա ունենալ: Վարույթն իրականացնող մարմինը մերժեց, դատախազը նույնպես մերժեց, դիմեցինք դատարան՝ խնդրելու հարազատների հետ տեսակցությունները վերականգնել»,- ասաց փաստաբանը:

Խոսելով Արմեն Լամբարյանի առողջական վիճակի մասին ՝ փաստաբանը նշեց, որ վերջին 5-6 ամսում որևէ փոփոխություն չի եղել: «Արդեն գրավոր դիմումներ եմ ներկայացրել արդարադատության նախարարին, առողջապահության նախարարին, քանի որ վերջին հինգ ամիսների ընթացքում Լամբարյան Արմենին որևէ բժիշկ չի այցելել: Խնդրանքով դիմել ենք, որպեսզի ապահովեն բժշկական խորհրդատվություն»:

Հիշեցնենք, որ Արմեն Լամբարյանը ձախ ազդրին հրազենային վիրավում է ստացել, վիրահատել են, սակայն ինչպես փաստաբանն է նշում՝  ոտքն ամբողջությամբ չի կազդուրվել: «Հույս ունեմ մեր ներկայացրած դիմումներին կարձագանքեն: Դատապարտյալների հիվանդանոցից մեզ ասացին նաև, որ բժիշկների կոնսուլիում կհրավիրվի, ինչքան հասկացա, ներկա կլինեն առաջատար մասնագետներ»,-տեղեկացրեց Արայիկ Պապիկյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, այժմ ավելացել են նաև 238-րդ և185-րդ հոդվածները։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter