HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը Արարատ Խանդոյանին հեռացրեց նիստերի դահլիճից

Ամալյա Մարգարյան

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Հայկ Պետրոսյանի  ելույթի ժամանակ Արարատ Խանդոյանը փորձեց հայտարարությամբ հանդես գալ, սակայն նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն ընդհատեց, զգուշացում, ապա դատական սանկցիա կիրառեց Արարատ Խանդոյանի նկատմամբ և նրան մեկ ժամով հեռացրեց նիստերի դահլիճից: Արարատ Խանդոյանը շարունակեց հայտարարությունը և նշեց, որ դատարանում արդարադատություն չի իրականացվում:

«Այս շինծու գործով երևում է, որ ոստիկանությունը բռնություն է կիրառում ժողովրդի հանդեպ ու էսօր դրել են` ի՞նչ են անում. 10 հոգի նույն գործով դատում են, իմ վրա սանկցիա են կիրառում: Թքած ունեմ այդ դատարանի վրա, որովհետև սա արդարադատության դատարան չէ»,- հայտարարեց Արարատ Խանդոյանը:

Արարատ Խանդոյանի նկատմամբ սանկցիա կիրառելուց հետո, ընդմիջում հայտարարելով, դատարանի դահլիճից դուրս եկավ դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Դատական նիստը վերսկսելուց հետո Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը հայտնեց, որ չի կարող շարունակել նիստը՝ իր պաշտպանյալի հետ նախօրոք կնքած պայմանագրի համաձայն: «Մինչև իմ պաշտպանյալը չգտնվի նիստերի դահլիճում, ես չեմ կարող ձեր հարցերին պատասխանել կամ հայտարարություն անել»,-նշեց փաստաբանը:

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ սանկցիա կիրառված ամբաստանյալի գործը կարող է շարունակվել միայն պաշտպանի ներկայությամբ, ապա ավելացրեց՝ եթե Արա Ղարագյոզյանը հրաժարվի ներկայությունից, ապա հանրային պաշտպան կհրավիրվի:

«Հարգելի՛ դատարան, իմ ներկայությունը բացառելու կարիք չկա, Արարատ Խանդոյանն իմ ներկայությամբ ինձնից չի հրաժարվել, ցանկություն չունի այլ փաստաբան, առավել ևս` հանրային պաշտպան ունենալ: Արարատ Խանդոյանն այստեղ չէ, ես նույնպես այստեղ չեմ մնա: Քանի որ այտեղ տեղի է ունենում ոչ թե արդարադատություն, այլ հակառակը, ես կլքեմ նիստերի դահլիճը»,- հայտնեց Արա Ղարագյոզյանը և դուրս եկավ նիստերի դահլիճից:

Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ առանց դատարանի թույլտվության է փաստաբանը լքում նիստերի դահլիճը և խորհրդակցական սենյակից վերադառնալով` որոշեց սանկցիա կիրառելու նպատակով դիմել փաստաբանական պալատ:

Դիմելով Արարատ Խանդոյանին՝ նախագահողը նշեց, որ վերջինս կարող է մեկ այլ պաշտպան վարձել կամ դիմել հանրային պաշտպանի գրասենյակ: Արարատ Խանդոյանը հայտնեց, որ այլ պաշտպան չի ուզում:

Դատական նիստը սկսելուց առաջ դատախազ Հայկ Պետրոսյանն իր կարծիքն արտահայտեց նախորդ նիստի ընթացքում պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ, նշեց, որ տեսանյութերը կարող են ուսումնասիրվել: Նիկոլ Փաշինյանին որպես վկա դատարան հրավիրելու վերաբերյալ դատախազը նշեց, որ մեղադրանի հետ առնչություն չունի: Մեղադրողը հայտնեց նաև, որ Արարատ Խանդոյանի հանդարտության կոչերը տեսանյութերում չի երևում:

Հաջորդ նիստը կկայանա մայիսի 10-ին:

Հիշեցնենք, որ Խանդոյանը մեղադրվում է 2016-ի հուլիսի 20-ին  Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter