HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խանդոյանի գործով միջնորդություններ ներկայացվեցին

Ամալյա Մարգարյան

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արարատ Խանդոյանի գործով դատական նիստը։ Ըստ մեղադրանքի` Խանդոյանը մեղադրվում է 2016-ի հուլիսի 20-ին  Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար։

Նիստի ընթացքում պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանին ներկայացրեց միջնորդություններ: Առաջին միջնորդությունը վկա Երվանդ Խաչատրյանի ցուցմունքն անթույլատրելի համարելու մասին էր. փաստաբանը նշեց, որ վկան առանց ծանուցագրի է կանչվել քննչական բաժին: Երվանդ Խաչատրյանը ցուցմունքի մեջ նշել է, որ տեսել է՝ ինչպես է Արարատ Խանդոյանը քաշել ոստիկանության աշխատակցի վահանը:

«Վարույթն իրականացնող մարմինը Արարատ Խանդոյանի վերաբերյալ չունենալով որևէ ապացույց` փորձել է արհեստական ապացույցներ ստեղծել իրենց ապօրինաբար մեղադրանքը հիմնավորելու համար»,- հայտնեց Արա Կարագյոզյանը:

Փաստաբանը նշեց, որ վկա Երվանդ Խաչատրյանը ցուցմունքներում նշել է, որ համացանցով է հետևել Երևանում տեղի ունեցող զանգվածային ցույցերին և չի տեսել, որ Արարատ Խանդոյանը որևէ մեկի նկատմամբ բռնություն գործադրի. «Անձն ի սկզբանե չի տեսել՝ ինչպես է Արարատ Խանդոյանը ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրել, նա քննչական բաժին կանչելու ժամանակ չի իմացել` որ գործով է ցուցմունք տալու»,- հայտնեց փաստաբանը:

Արա Կարագյոզյանը միջնորդեց նաև անթույլատրելի համարել Լևոն Հակոբյանի վկայությունները, քանի որ վերջինս նույնպես չի իմացել՝ ինչ գործով է քննչական կոմիտե հրավիրվել: Արա Կարագյոզյանը միջնորդեց անթույլատրելի համարել վկաներ Արսենյանի և Չախմախչյանի ցուցմունքերը, ըստ որի՝ Արարատ Խանդոյանին «Մեղեդի» սրճարանից բերման են ենթարկել Քանաքեռ-Զեյթունի բաժին: Իսկ Արարատ Խանդոյանը ցուցմունքում հայտնել է, որ իրեն բերման են ենթարկել ԱԱԾ: Իր հետ է եղել նաև համագյուղացի Աշոտ Հակոբյանը:

Փաստաբանը մյուս միջնորդությամբ խնդրեց դատարանին լրացուցիչ վկա հրավիրել Աշոտ Հակոբյանին և ավելացրեց, որ Աշոտ Հակոբյանի ցուցմունքով  կհիմնավորվի, որ վկա Վահե Չախմախչյանը սուտ ցուցմունքներ է տվել, ինչը էական նշանակություն ունի քրեական նյութի փաստական հանգամանքների ճշմարտության բացահայտման համար:

Նախորդ նիստերից մեկի ժամանակ վկա Վահե Չախմախչյանը հրաժարվեց մանրամասն ներկայացնել, թե ինչպես են Խանդոյանին բերման ենթարկել, հրաժարվեց պատասխանել՝ արդյոք հատուկ միջոցներ են կիրառել Խանդոյանի նկատմամբ։ Միայն նշեց, որ բերման են ենթարկել ոստիկանի վահանը քաշելուց և հարվածելուց որոշ ժամանակ հետո, որպեսզի լարվածությունն ավելի չսրվի։

Վկային Խանդոյանը հարցրել է՝ իրեն ԱԱԾ տեղափոխել են, թե ոչ. ստացել է բացասական պատասխան:

Միջնորդություն ներկայացվեց նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին դատարան հրավիրելու մասին, «ով կվկայի, որ զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանները տարբեր առարկաներով և մահակներով հարվածում են հավաքի մասնակիցներին»:

Արա Ղարագյոզյանը միջնորդեց, որպեսզի դատարանում զննվեն նաև լրացուցիչ տեսանյութեր, որտեղ Արարատ Խանդոյանը հավաքի մասնակիցներին հանդարտություն պահպանելու կոչ է անում:

Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը, լսելով պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները, հնարավորություն տվեց մեղադրող Հայկ Պետրոսյանին ծանոթանալու ներկայացված փաստաղթերին և դատական նիստը հետաձգեց մինչև ապրիլի 27-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter