HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գնե՞լ է «Արմենիան դեյթաքոմ քամփնի»-ն. այս հարցին պատասխանելու համար «ՎիվաՍել»-ին 30-օրյա ժամկետ է անհրաժեշտ

«Հետքի» տեղեկություններով՝ տևական ժամանակ է՝ կապի օպերատորներ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և «Արմենիան դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ-ի  (ADC)  միջև բանակցություններ են ընթանում, և ի վերջո, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ձեռք է բերել ADC-ին: Այս տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ-ին: 

«Ձեր հարցմանն ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից ներկայացված հարցմանը (05.05.17) հիմնավոր պատասխանելու համար պահանջվում է կատարել լրացուցիչ աշխատանք՝  կապված համապատասխան տվյալների վերլուծության հետ: Ըստ այդմ՝ Ձեր հարցման պատասխանը կտրամադրվի այն ստանալուց ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում»,- պատասխանել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ԹԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի համակարգող Վահե Իսահակյանը:

Պատասխանից կարելի է ենթադրել, որ գործարքը կայացել է կամ հենց այդ փուլում է:

Իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին հարցրել էինք, թե համապատասխանո՞ւմ է այդ տեղեկատվությունը իրականությանը, թե ոչ: Եթե այո, ապա խնդրել էինք մանրամասներ հայտնել նշված գործարքից, մասնավորապես, թե ինչու է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը որոշել ձեռք բերել ADC-ն, ինչ ծրագրեր է նախատեսում իրականացնել՝ կապված նոր օպերատոր/կապուղու ձեռք բերման հետ, որքա՞ն է արժեցել գործարքը և ինչ փոփոխություններ են նախատեսվում նոր գործարքից հետո «ՎիվաՍել-ՄՏՍ»-ում և ADC-ում՝ միավորվելու են, թե այլ ձևաչափ է նախատեսված:  

Հայաստանի ինտերնետի և հեռախոսակապերի օպերատորների սեփականատերերին «Հետքն» արդեն անդրադարձել է: Հիշեցնենք՝ «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ընկերության ակունքներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանն է, էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանի որդի, նախկին դատավոր Արտակ Զախարյանը և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Խաժակ Կարայանը: Ընկերությունը, սակայն, ծանր կացության մեջ էր հայտնվել և սնանկ ճանաչվել՝ առողջացման նոր ծրագրի իրականացման հույսերով: 

Փորձեցինք վաճառքի վերաբերյալ տեղեկատվության հաստատում կամ հերքում ստանալ ADC-ից: Մեր հեռախոսազանգին պատասխանող օպերատորն ասաց, որ կոմերցիոն գծով տնօրենն այդ պահին ժողովի էր մասնակցում, հեռախոսահամար փոխանցեցինք, որպեսզի ժողովից հետո կապ հաստատի մեզ հետ՝ օպերատորի առաջարկով: Տնօրենն այդպես էլ չզանգահարեց, ժամեր անց նորից փորձեցինք նրա հետ զրուցել: Այս անգամ էլ նա ընկերության գլխավոր տնօրենի մոտ էր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter