HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ինտերնետի սեփականատերերը

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը հիմնականում տնօրինում են օտարերկրյա ընկերությունները: Դրանք միջազգային հոլդինգներ են, այլ երկրների կառավարությունների հիմնած ընկերություններ, ինչպես նաեւ օֆշորային տարբեր գոտիներում գրանցված ընկերություններ: Դրանց մեջ, ինչպես Հայաստանի տնտեսության այլ ոլորտներում, գերակշռողը ռուսական ընկերություններն են:

Հեռահաղորդակցության ոլորտում բաժնեմաս ունեն հայաստանցի նախկին և ներկա պաշտոնյաները և նրանց հարազատները, որոնք փորձել են թաքնվել օֆշորային ընկերությունների հետնաբեմերում:

Ինտերնետ մատակարարող ընկերությունները հիմնականում ապահովում են նաև Հայաստանի բջջային և ֆիքսված հեռախոսակապը:

Հայաստան ինտերնետ ներմուծող կապուղիներ ունեն «Արմենտել» ՓԲԸ-ն, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն, «Յուքոմ» ՍՊԸ-ն, «Ջի Էն Սի-Ալֆա» ՓԲԸ-ն և «Արմենիան դեյթաքոմ քոմփանի» ՓԲԸ-ն:  

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տրամադրած տվյալների համաձայն՝ 71 ընկերություն ինտերնետ ծառայություն է մատուցում Հայաստանում: 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում ըստ սպառված ծավալների մեծության  և բաժանորդների քանակի ինտերնետ մատակարարող խոշոր ընկերություններն են՝  «Արմենտել» ՓԲԸ,  «Յուքոմ» ՍՊԸ,  «Ջի Էն Սի-Ալֆա» ՓԲԸ, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ,  «Օրանժ Արմենիա» ՓԲԸ,  «Վեբ» ՍՊԸ, «Արանեա» ՍՊԸ, «Ինտերակտիվ Թիվի» ՍՊԸ, «Արփինետ» ՍՊԸ, «Մայլան» ՍՊԸ:

Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ ընկերությունների հրապարակած 2014թ. ավարտի հաշվետվություններից քաղված տվյալները ցույց են տալիս, որ ոչ բջջային ցանցից օգտվող ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող բաժանորդների թվով առաջատարը «ԱրմենՏելն»-ն է: Տոկոսային հարաբերությամբ՝ նրանց դիրքը ինտերնետ դաշտում հետևյալ տեսքը կունենա:

ՀՀ հարկ վճարողների ցուցակում «ԱրմենՏելը» և «Ղ-Տելեկոմը» վերջին հինգ տարիներին առաջին հնգյակում են: «Յուքոմը» 2010-ից բարելավել է դիրքերը և 664-րդ հորիզոնականից 2014-ին հայտնվել է 55-րդում: Ինտերնետ ներմուծող մյուս ընկերությունները նույնպես 1000 խոշոր հարկատուների ցանկում են, սակայն՝ ոչ վերին հորիզոնականներում:

Ինտերնետը Հայաստան մուտք է գործել 1990-ականների սկզբներին: 1993-ին հիմնադրվել է առաջին հայկական վեբ սերվերը՝ www.arminco.com: Ընկերությունը ստեղծել և շահագործում է 1 Գբիթ/վրկ թողունակությամբ քաղաքային օպտիկամանրաթելային առանցքային ցանց։ Ինտերնետին միացումը «Արմինկոն» այժմ ապահովում է Fibernet (այժմ ADC-ն է տնօրինում) և GNC-Alfa (ապրանքանիշը՝ «Ռոստելեկոմ») ընկերությունների կապուղիներով։

2000-ականների կեսերին արդեն ի հայտ եկան մյուս օպերատորները, և ինտերնետ հասանելիության ծածկույթն ընդլայնվեց:

«Արմինկո»-ի հիմնադիր, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար, այժմ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, ով Հայաստանում ինտերնետի զարգացման ակունքներում էր, ասում է, որ ինտերնետի զարգացումը որպես տեխնոլոգիա Հայաստանում չի ուշացել: Խնդիրը միայն կապուղիներն են եղել և «ԱրմենՏելի» մենաշնորհը:

«Եթե համարենք, որ ինտերնետը 30 տարի է կա, առաջին հինգ տարին, երբ ոչ ոք չէր խանգարում և էնտուզիազմի վրա էր հիմնված, շատ ավելի լավ էր զարգանում: Հետո եղավ միջամտություն, պետություն-մասնավոր հատված մենաշնորհներ, որոնք ինչ-որ ձևով խանգարեցին զարգացմանը: Այդ ժամանակահատվածում մենք ինչ-որ երկրներից ավելի հետ մնացինք: Կապուղիների խնդիր այլևս չկա, հիմա մեր խնդիրը բովանդակությունն է»,- ասում է Անդրանիկ Ալեքսանյանը:

Ինտերնետն, ըստ նրա, Հայաստանում և՛ որակյալ է և՛ համեմատաբար էժան: Ուսումնասիրելով օպերատորների գնային առաջարկները՝ կարելի է եզրակացնել, որ ամսական 5000-8000 դրամով հնարավոր է շուրջօրյա որակյալ ինտերնետ ունենալ` 4096/2048 Կբիթ/վրկ արագությամբ և ավելի: 

Անդրանիկ Ալեքսանյանը կարծում է, որ այժմ պետք է զարգացնել բովանդակությունը հատկապես երկրի ներսում և հայերեն լեզվով: Ըստ նրա՝ Հայաստանում ինտերնետն ավելի որակյալ է, քան եվրոպական մի շարք զարգացած երկրներում:

 «ԱրմենՏել». առաջին ինտերնետ մատակարարը  

«Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերությունն է:

1995 թ. «Միջքաղաքային հեռախոսային ցանց» ձեռնարկության բազայի վրա ստեղծվեց «Հայաստանի հեռախոսային ցանց» ձեռնարկությունը եւ հայ- ամերիկյան «ԱրմենՏել» ընկերությունը: «ԱրմենՏելի» 51 տոկոսի բաժնետերը ՀՀ կառավարությունն էր, 49 տոկոսինը՝ «Trans World Telecom Limited»-ը: Կառավարության որոշումներով 1997 թվականի օգոստոսին լուծարվեց «Հայաստանի հեռախոսային ցանց» ձեռնարկությունը եւ միացվեց «ԱրմենՏելին»: «ԱրմենՏելին» միացվեց նաեւ Երեւանի հեռախոսային ցանցը, որն առանձին ձեռնարկություն էր:

Հայ- ամերիկյան ընկերության մեջ մտնում էր միայն միջազգային կապը, որը «ԱրմենՏելի» հիմնադրման ժամանակ կազմում էր Հայաստանի կապի մոտ 30 տոկոսը: ԱՊՀ-ի հետ կապը «Հայաստանի հեռախոսային ցանց» ձեռնարկությանն էր: Թե «Հայաստանի հեռախոսային ցանց» ձեռնարկության քանի՞ տոկոսը դարձավ ամերիկյան ընկերության սեփականությունը, կարելի է հաշվարկել վաճառքից՝ այդ ընկերության ստացած գումարից: Հենց այս որոշումներով հայ-ամերիկյան «ԱրմենՏել» ընկերությունը դարձավ Հայաստանի կապի այդքան մեծ չափաբաժնի տերը: Կառավարության վերոհիշյալ որոշումներով ավարտվեց 1995 թվականին սկսած մութ գործարքը: Գործարքի ժամանակ Հայաստանի նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, վարչապետը՝ Ռոբերտ Քոչարյանը, մրցութային հանձնաժողովի նախագահը ֆինասների նախարար Արմեն Դարբինյանն էր:

1997 թ. «ԱրմենՏելը» վաճառվեց հունական OTE ընկերությանը, որի 89 % -ը պետական էր (պատկանում էր Հունաստանի կառավարությանը):

«ԱրմենՏելի» վաճառքի գինը 205 մլն դոլար էր: Այդ գումարից պետք է հանել ժամանակին «Simens» ընկերությունից վերցրած վարկը՝ 46,7 մլն դոլարի չափով, ինչպես նաեւ կառավարության ձեռքում դեռեւս մնացած բաժնետոմսերի 10 տոկոսը: OTE ընկերությունից Հայ-ամերիկյան TWT ընկերությունը եւ Հայաստանի կառավարությունը ստացան 142,47 մլն դոլար: TWT-ն ստացավ 62 մլն դոլար, Հայաստանի կառավարությունը՝ 79,966 մլն դոլար:

2006թ. 341,9 մլն եվրո արժեքով ռուս-նորվեգական ծագման «Վիմպելկոմ» ՍՊԸ-ն հունական OTE հեռահաղորդակցական ընկերությունից ձեռք բերեց «ԱրմենՏելի» 90 տոկոս բաժնեմասը, որոշ ժամանակ հետո նաեւ՝ կառավարության 10 տոկոս բաժնեմասը: 

«ԱրմենՏել»-ը Beeline ապրանքանիշի ներքո այժմ Հայաստանի ամբողջ տարածքում մատուցում է ստանդարտ շարժական կապիամրակցված հեռախոսակապի ծառայություններ, ինչպես նաև ապահովում է ինտերնետ հասանելիություն CDMA և ADSL տեխնոլոգիաներով:

Համաձայն ընկերության 2014թ. վերջին տեխնիկական ցուցանիշների՝ ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը կազմել է 150 356:

«ՎիմպելԿոմ»-ը անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ է մատուցում Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում և Կանադայում «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշների ներքո:

«Վիմպելկոմ Լթդ»-ի բաժնետերերն են՝ LetterOne՝ 56.2% և Telenor ՝ 33 %, 10.8%-ն ազատ շրջանառության մեջ է:

LetterOne –ը ռուսաստանյան ներդրումային «Ալֆա խումբ»-ն  է հիմնադրել իր օտարերկրյա ներդրումային բաժնեմասը կառավարելու համար: «Ալֆա խմբի» բաժնեմասի փաթեթին տիրապետում են ռուսաստանյան երեք մեծահարուստ գործարարներ Միխայիլ Ֆրիդմանը, Գերման Խանը և Ալեքսեյ Կուզմիչևը:

LetterOne-ը լյուքսեմբուրգյան օֆշորում 2013-ին գրանցված ընկերություն է, որը բացի «Բիլայնի» 56.2 տոկոսից, 13.2 % բաժնեմաս ունի նաև Թուրքիայի հանրահայտ «Թուրքսել» օպերատոր ընկերությունում:

Մյուս բաժնետերը՝ Telenor-ը, նորվեգական ընկերություն է, որի 54 %-ի սեփականատերը Նորվեգիայի կառավարությունն է: Ընկերությունը ներկայացվածություն ունի 13 շուկայում՝ Շվեդիա, Դանիա, Սերբիա, Մոնտենեգրո, Մալայզիա, Բանգլադեշ, Պակիստան, Հնդկաստան, Թայլանդ և այլուր: 

2014թ. «ԱրմենՏելը» հայտնվեց փողերի լվացման սկանդալային պատմության մեջ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այժմ հետաքննություն է իրականացնում: Հիմնական կասկածյալը «ԱրմենՏելի»  նախկին ղեկավար Իգոր Կլիմկոն է: Համաձայն հայաստանյան մամուլի հրապարակումների՝ 2009-ից 2012 թվականներին արտերկրից «ԱրմենՏելի» միջոցով Հայաստան կատարված զանգերի համար փոխանցված գումարների մի զգալի մասը չկա: Եվրոպական երկրներից դեպի Հայաստան կատարված զանգերի ամսական փոխանցումները կազմել են մոտ 20 միլիոն դոլար: Այդ գումարները կամ դրանց մի զգալի մասը բավական երկար ժամանակ փոխանցվել են ոչ թե ընկերության հաշվին, այլ օֆշորում բացված ինչ-որ հաշիվների: Երեք տարվա ընթացքում «ԱրմենՏելից» այս ճանապարհով հափշտակվել է մոտ 500 միլիոն դոլար: Նախկին ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: 

Այս գործի մանրամասները դեռևս չեն հաղորդվում, քանի որ հետաքննությունն ընթացքի մեջ է: Նույն գործով Բելառուսում ձերբակալվել եւ Հայաստանին է արտահանձնվել հետախուզման մեջ գտնվող «ԱրմենՏելի» տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովը: Նա Ռուսաստանի քաղաքացի է:

Վլադիմիր Սաչկովը մեղադրվում է հայկական «ԱրմենՏել» ընկերությունում աշխատելիս միջազգային թրաֆիկի փոխանցման «գորշ» սխեմա ստեղծելու և եկամուտները յուրացնելու մեջ: Վ. Սաչկովը Հայաստան է ժամանել 2009-ին: 2013 թվականին, երբ փոխվել է «ԱրմենՏել»-ի ղեկավարությունը, Վ. Սաչկովը մեկնել է Բելառուս: 2014-ին նրան նշանակել են բելառուսական բջջային կապի օպերատոր Velcom ընկերության տեխնիկական հարցերով փոխտնօրեն: Հենց այդ ժամանակ Հայաստանի ԱԱԾ-ն նրա կատմամբ քրեական գործ է հարուցել: Սաչկովը ձերբակալվել է 2014 թվականի մայիսին՝ Բելառուսից Ավստրիա փախչելու փորձ կատարելիս: Վլադիմիր Սաչկովի փաստաբանը հայտարարել է, որ նա չի ընդունում իր մեղքը և պատրաստվում է ցուցմունքներ տալ: 

Սկանդալային պատմության մեջ է նաև «ԱրմենՏել»-ի բաժնետեր «ՎիմպելԿոմ»-ը:  Ընկերությունը հայտնվել է Ուզբեկստանի նախագահի դուստր Գյուլնարա Քարիմովայի քրեական պատմության մեջ: Ուզբեկստանի նախագահի դուստրը, իր ազդեցությունն օգտագործելով, Ուզբեկստանում հեռահաղորդակցության լիցենզիաներ տրամադրելու համար կաշառքներ է վերցրել տարբեր ընկերություններից, այդ թվում՝ «ՎիմպելԿոմ»-ից: «ՎիմպելԿոմ»-ը և դրա մայր «Ալֆա խումբը» 176 մլն դոլար են վճարել նախագահի դստերը: «ՎիմպելԿոմ»-ի նկատմամբ հետաքննություն է իրականացվում Շվեդիայում, Նիդեռլանդներում և ԱՄՆ-ում:  

«ՎիվաՍել-ՄՏՍ». ռուս-լիբանանյան ինտերնետ՝ հայկական կապերով 

Տարիներ շարունակ մենաշնորհ ունեցող «ԱրմենՏել»-ը սկսեց իր դիրքերը արագորեն զիջել, երբ 2005թ. հայաստանյան շուկա մուտք գործեց «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն եւ սկսեց բջջային և ինտերնետ ծառայություններ մատուցել «ՎիվաՍել» ապրանքանիշի ներքո:

Հայաստանում այժմ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ինտերնետ մատակարարող երկրորդ խոշոր օպերատորն է: Մինչև 2014թ. ավարտը բջջային սարքի միջոցով այս ընկերության ինտերնետից օգտվողների թիվը գերազանցել է 1 միլիոնը (1,052,398): Լայնաշերտ ինտերնետ ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 82,7 հազար է (ներառյալ ինտերնետ մուտքն անլար սարքերի, օրինակ՝ USB մոդեմների և երթուղիչների միջոցով):

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը շահագործում է սեփական մայրուղային ցանցը, որը համակցված է վրաստանյան «Կովկաս» տրանզիտային օպերատորի ցանցերին, Հայաստանի տարածքում՝ «Ռոստելեկոմ»-ին:

Լիբանանցի գործարար Ֆատուշների ընտանիքի, մասնավորապես՝ գործարար Պիեր Ֆատուշի մասնակցությամբ 2002թ. Լեռնային Ղարաբաղում հիմնադրվել էր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն և դարձել Ղարաբաղի բջջային և ինտերնետ կապի միակ օպերատորը: Ֆատուշների ընտանիքը 2004թ. Հայաստանում հիմնադրում է «Ղ-Տելեկոմը» և 2005թ. մուտք գործում որպես բջջային օպերատոր «ՎիվաՍել»  ապրանքանիշի ներքո:

Լիբանանյան ընկերությունների ռեգիստրից Investigative Dashboard-ի` OCCRP-ի մեր գործընկերների միջոցով ձեռք բերած փաստաթղթի համաձայն՝ «Ղ-ՏԵԼԵԿՈՄ» ՓԲ ընկերության 100 տոկոսի բաժնետեր է Լիբանանում գրանցված «ԿՏ (ՀՈԼԴԻՆԳ) ՍԱԼ» ընկերությունը: «ԿՏ (ՀՈԼԴԻՆԳ) ՍԱԼ»-ի հիմնական բաժնետերն էլ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված  International Cell Holding ltd –ն է (բաժնետոմսերի գերիշխող մասը ` 29998 հատը), 2 բաժնետոմս էլ տնօրինում են ռուսաստանյան ՄՏՍ-ի երկու ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներ Արտյոմ Վալիլևն ու Պավել Մաշարովը:

2007-ին ՌԴ "Мобильные ТелеСистемы" ԲԲԸ-ն (МТС) ձեռք էր բերել «Ղ-Տելեկոմ»-ի բաժնետեր International Cell Holding ltd-ի 80% բաժնեմասը: Գործարքն արժեցել էր 310 մլն եվրո, ներառյալ 50 մլն եվրո, որը պետք է վճարվեր 2008-2010թթ., եթե «Ղ-ՏԵԼԵԿՈՄ»-ն արդարացներ սպասված շահույթը և իրականացներ առաջադրված նպատակները: Ռուսական MTC-ը նաև 140 մլն եվրո վարկ էր տրամադրել հայաստանյան «ՎիվաՍելի»-ին պարտքերի մարման և ներդրումային ծրագրի ֆինանսավորման համար: Մնացյալ 20%-ի վերաբերյալ օպցիոն համաձայնություն են կնքել՝ հետագայում դրանք ձեռք բերելու հնարավորությամբ:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն, լիբանանահայ Ռալֆ Յիրիկյանը մեր գրավոր հարցմանը պատասխանել է, որ International Cell Holding ltd-ի 20 %-ը մինչ օրս տնօրինում է լիբանանյան «Fattouche Group»-ը:

Համաձայն Լիբանանի ընկերությունների գրանցման ռեգիստրի՝ Fattouche Investments Group Holding SAL ընկերությունը երեք բաժնետեր ունի՝ եղբայրներ Պիեռ և Մոսա Միշել Ֆատուշները՝ համապատասխանաբար 50% և 49% բաժնեմասով, փոքր բաժնեմաս ունի նաև լիբանանցի Ռաշիդ Հովսեփ Աբոու Շաքրան` 1%: Մովսես և Պիեռ Ֆատուշները Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, նախարար Նիկոլաս Միշել Ֆատուշի եղբայրներն են, որոնք ներգրավված են բազմաթիվ բիզնես նախագծերում, այդ թվում՝ պետական գնումների տենդերների միջոցով իրականացվող նախագծերում:

Այժմ անդրադառնանք ռուսական «МТС »-ի տերերին: Համաձայն «МТС»-ի կայքի տվյալների՝ ընկերության բաժնետոմսերի 51.5%-ը պատկանում է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիային (АФК «Система»): «МТС»-ի մնացյալ 48.5% բաժնեմասը ազատ շրջանառության մեջ է:

1993 թվականին ստեղծված «Սիստեմա» ԲՖԿ-ն Ռուսաստանի խոշորագույն հոլդինգներից է, որն ընկերություններ է միավորում հեռուստահաղորդակցման, տեխնոլոգիաների, ապահովագրության, անշարժ գույքի, մանրածախ առևտրի, մեդիայի, բանկային հատվածի և բժշկության ոլորտներում։ 

2009-ից «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով նաև բաժնեմաս ունի այնտեղ: Համաձայն ընկերության կայքի հաղորդագրության՝ 2014թ. ամռանը Քոչարյանի բաժնեմասը կազմել է 0,0052 %: 

«Սիստեմա» ԲՖԿ-ի խոշոր բաժնետերը (64 %), ինչպես նաեւ տնօրենների խորհրդի նախագահը՝  Ռուսաստանում հայտնի գործարար Վլադիմիր Եվտուշենկոն է: Վ. Եվտուշենկոն 2014թ., ըստ Ռուսաստանի դաշնության Քննչական կոմիտեի հաղորդագրության, մեղադրվում էր փողերի լվացման մեջ եւ տնային կալանքի տակ էր: 2014 թ. սեպտեմբերի 16-ին Քննչական կոմիտեի ներկայացուցիչներն ընկերության Մոսկվայի գրասենյակում քննչական գործողություններ են իրականացրել: 2014թ. դեկտեմբերի վերջին ազատել են տնային կալանքից:

Լոնդոնյան բորսայում շրջանառվում են «Սիստեմա» ԲՖԿ-ի 19 % բաժնետոմսերը: 

ADC. ինտերնետ՝ Սեդրակ Քոչարյանի և կադաստրի պետի տեղակալի մասնակցությամբ

 

«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ընկերության ակունքներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանն է, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի որդի, նախկին դատավոր Արտակ Զախարյանը և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Խաժակ Կարայանը: Ընկերությունը, սակայն, այժմ ծանր կացության մեջ է:

«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» (ADC) հայ-նորվեգական համատեղ ձեռնարկությունը հիմնադրվել է 2006 թվականի ապրիլին և մեկ տարի անց պաշտոնապես շուկա դուրս եկել։ Մատուցում է լայնաշերտ ինտերնետ ծառայություններ: Թիրախը կորպորատիվ շուկան է: Համաձայն կայքում հրապարակած վերջին հաշվետվության՝ ունի 1299 բաժանորդ՝ 690 ֆիզիկական անձ և 609 իրավաբանական անձ:

2010-ին ձեռք է բերել ինտերնետային ծառայություններ մատուցող «Ֆայբերնետ քոմյունիքեյշն» ՍՊ ընկերության ակտիվները: ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի տեղեկատվության համաձայն՝ ակտիվները կազմել են 734 մլն 678 հազար դրամ:

Ինտերնետ մատակարարող «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի»
ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել, որ առողջանա

ADC-ն, ինչպես նաև նրան միացված «Ֆայբերնետ քոմյունիքեյշնը» 2014 թվականին սնանկ ճանաչվեցին: 2014թ. հոկտեմբերին «ՎՏԲ-Հայաստան բանկը» դիմել է դատարան «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու հայցով՝ ընկերության ունեցած շուրջ 4 մլն դոլար վարկային պարտավորության և տույժ-տուգանքների համար: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հայցը և նոյեմբերի 28-ի վճռով ADC-ն սնանկ ճանաչել:

Սնանկությունը, սակայն, «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Կարեն Սարգսյանի խոսքով, ընկերության առողջացման ծրագրի համար արված գործընթաց է, որը չի ազդելու ո՛չ բաժանորդների, ո՛չ էլ ներդրողների վրա:

«Մեր օրենսդրությամբ այդ երկու գործընթացները միաժամանակ են տեղի ունենում: Այսինքն՝ որպեսզի իրականացվի առողջացման ծրագիր, պարտավոր եք գնալ դատարան և ճանաչվել սնանկ այն իմաստով, որ որոշ ժամանակով սառեցվում են ֆինանսական պատասխանատվությունները: Բանկի հետ համաձայնեցնելով՝ գնացինք այդ ճանապարհով»,-ասում է Կարեն Սարգսյանը: 

Ովքեր են «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի»-ի բաժնետերերը 

Պաշտոնապես ADC-ն մեկ բաժնետեր ունի՝ Նորվեգիայում գրանցված «ADC Holding AS»: Միանգամից ասենք, որ այս ընկերության խորհրդի անդամ է Սեդրակ Քոչարյանը, իսկ խորհրդի նախագահը Խաժակ Կարայանն է:

Նորվեգիայի ընկերությունների գրանցման ռեգիստրից Investigative Dashboard-ի միջով ստացված փաստաթղթի համաձայն՝ «ADC Holding AS» նշանակալի բաժնետերերն են՝

Կիպրոսում գրանցված Cupizinco Holdings C. LTD –ն՝ 37.65 %,  հայկական «Երևան Տելեկոմ» ՓԲԸ-ն՝ 23.21 %, նորվեգական Telesto Norge AS-ը` 3.01 %:

Սկսենք հայ բաժնետիրոջից: «Երևան Տելեկոմ» ՓԲԸ-ն ունի երեք բաժնետեր: 33% բաժնեմաս  ունի Սեդրակ Քոչարյանը: 30 %-ը պատկանում է Արտակ Զախարյանին: Դատական Համակարգից Արտակ Զախարյանը դուրս եկավ բոլորովին վերջերս՝ 2014-ի սեպտեմբերին: Ըստ նրա ներկայացրած հայտարարագրերի՝ նա ՀՀ դատավորների շարքում ամենահարուստն է եղել, սակայն տարիներ շարունակ թաքցրել է և իր հայտարարագրում չի նշել  «Երևան Տելեկոմ» ՓԲԸ-ից ստացած եկամուտները:

«Երևան Տելեկոմ» ՓԲԸ-ի մնացած 37%-ի բաժնետերը Հայաստանում գրանցված «Գլոբալ Սոֆտ» ընկերությունն է:

«Գլոբալ Սոֆտը» երկու բաժնետեր ունի՝ իրավաբանական «Կոնցեռն դիալոգ» ընկերությունը՝ 5% և Վահե Խաչիկյանը՝ 95%, ով նույնպես նորվեգական ընկերության խորհրդի անդամ է: «Գլոբալ Սոֆտը»-ում  մեծ բաժնեմաս է ունեցել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Խաժակ Կարայանը՝ 47.5%: Սակայն 2013թ. նա դուրս է եկել մասնակիցների ցանկից: Հիշեցնենք՝ երբ Երվանդ Զախարյանը Կադաստրի պետ էր, Խաժակ Կարայանը նրա խորհրդականն էր, դրանից հետո դարձավ նախագահի տեղակալ: Խաժակ Կարայանը, սակայն, մինչ օրս նորվեգական ընկերության խորհրդի նախագահն է:

Մեզ հետ զրույցում Խաժակ Կարայանը հաստատեց, որ ADC ընկերության հիմնադիրներից մեկն է եղել և խորհրդի նախագահը, սակայն ասաց, որ այժմ որևէ առնչություն չունի: «Այլ աշխատանքով եմ զբաղված, իրավունք չունեմ՝ առաջին հերթին, բայց կարամ ձեզ համար կոնսուլտացիա անեմ էդ բնագավառում, եթե հետաքրքրվում եք»,-ասաց Խաժակ Կարայանը:

Խաժակ Կարայանի խոսքով՝ Նորվեգիայի ընկերությունների ռեգիստրը չի թարմացրել տվյալները, և իր՝ դեռևս տնօրենների խորհրդի նախագահ լինելու հանգամանքը հաստատող «այդ փաստաթուղթը պետք է ճղել ու գցել, և այդ խորհուրդը վաղուց չի գործում»:  Չնայած Խաժակ Կարայանը պնդում էր, որ երկու տարի առաջ վաճառել է բաժնեմասն ու այլևս առնչություն չունի այդ ընկերության հետ, բայց նրա հետ զրույցից պարզվեց, որ քաջատեղյակ է ընկերության գործունեությանը: «Ես հետաքրքրվել եմ, գիտեմ: Ինչ եք ուզում էդ ընկերությունից, ինքը հիմա լավ վիճակում չի, ցանկալի չէ, որ շատ անդրադառնաք»,- ասաց պաշտոնյան:

Այժմ հայաստանյան մասի մեծ բաժնետեր Վահե Խաչիկյանը, պարզվում է, Խաժակ Կարայանի մտերիմն է:  «Վահե Խաչիկյանի հետ բարեկամական մտերիմ հարաբերություններ ունեմ, իմ ուսանողական տարիների ընկերն է»,- խոստովանում է Կադաստրի պետի տեղակալը:

Նորվեգական ընկերության 37%-ի սեփականատեր Cupizinco Holding C.LTD-ի բաժնետերերը օֆշորներում գրանցված ընկերություններ են՝ մի ամբողջ շարան: Վերջնական՝ Amicorp ընկերությունների խումբը մասնագիտացած է հենց օֆշորների անանուն և գաղտնի կառավարման մեջ: Աշխարհով մեկ սփռված Amicorp-ի ցանցը ղեկավարում են իրավաբանները, և վերջնական բաժնետերերը գաղտնի են: Այս խմբի ղեկավարած ընկերությունները հայտնվել են փողերի լվացման և հարկերից խուսափելու գործերում: Այս խումբն է կառավարել Ինդոնեզիայի նախկին դիկտատորի և նրա ընտանիքի անդամների բիզնեսը և ավելի քան 15 մլն դոլարի շահույթ ապահովել երկրի ղեկավարի համար: Հենց Amicorp Netherlands Holdings B.V.-ն է ներգրավված եղել այդ պատմության մեջ: 

Telesto Norge AS-ը ADC-ի նորվեգական մասն է: Սրա ակունքներում Նորվեգացի մեծահարուստ գործարար Բենսթենների ընտանիքն է:

Համաձայն adc.am կայքի հայտարարության՝ 2009 թվականի հունվարին ընկերությանն է միացել արաբական ծագման «Դելտա Փարթներս» ընկերությունը: «Դելտա Փարթներս»-ը գրանցված է Բահրեյնի Թագավորությունում: Այս ընկերության ճյուղերը արաբական աշխարհ են տանում՝ տարբեր երկրներից համախմբված ներդրողների խումբ:

ADC ընկերությանը գրավոր հարցում ուղարկեցինք՝ պարզելու, թե ավարտվե՞լ է, արդյոք, ընկերության սնանկության գործընթացը, և մեկնարկե՞լ է առողջացման ծրագիրը: Դրա արդյունքում ընկերության իրավաբանական գրանցման, անվանափոխության կամ այլ տիպի փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ, արդյոք առողջացման ծրագրից հետո եղե՞լ է ընկերության բաժնետերերի փոփոխություն, և ովքե՞ր են ընկերության ներկայիս բաժնետերերը: Ընկերությունը հրաժարվեց պատասխանել մեր հարցմանը:

Հայաստանյան մասի բաժնետեր «Գլոբալ Սոֆտ» ընկերության տնօրեն Ներսես Ոսկերչյանի հետ զրուցել չհաջողվեց: Վերջինիս՝ ֆեյսբուքյան էջին ուղարկված մեր՝ հարցազրույցի մասին հաղորդագրությունն անպատասխան մնաց: 

Ucom. Գագիկ Խաչատրյանից մինչև Վիրջինյան օֆշորի «անհայտ» բաժնետերը 

Հայաստանում ինտերնետ ծառայություն մատուցող «Յուքոմ» ընկերությունը կապում են ՀՀ ֆինանսների այժմյան նախարար, նախկինում պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ: Գ. Խաչատրյանը, սակայն, պարբերաբար հերքում է. «Ucom-ն իմը չէ, բացի այդ, այն 100 տոկոս շահույթով աշխատող ձեռնարկություն է»,- «Ա1+»-ին ասել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նա հերքել է նաև այլ ընկերություններում իր մասնակցությունը. «Ես բիզնես չունեմ, եթե ունեմ՝ ապացուցեք»։

Գագիկ Խաչատրյանը ֆինանսների նախարար է 2014-ի ապրիլից: Մինչ այդ՝ 2008թ.-ից, նա ղեկավարում էր Պետական եկամուտների կոմիտեն: Եթե հավատանք Գագիկ Խաչատրյանի խոսքերին և ներկայացրած հայտարարագրերին, նա համեստ աշխատավարձով ապրող մարդ է: Բայց նրա՝ ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու առիթով ներկայացրած հայտարարագրում միլիոնավոր դոլարներ կան: 2014-ի ապրիլին, երբ նա ստանձնել է ֆինանսների նախարարի պաշտոնը, Գագիկ Խաչատրյանի դրամական միջոցները կազմել են ընդհանուր առմամբ շուրջ 2.5 մլն դոլար: Մինչդեռ Գագիկ Խաչատրյանի աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է ընդամենը 21 հազար դոլար: Գագիկ Խաչատրյանը հայտարարագրել է նաև բազմամյա 5 տնկի, առանձնատուն`  հողամասով և իր տնտեսական շինություններով, ինչպես նաև երկու բնակարան:

Այժմ տեսնենք, թե ինչու են «Յուքոմ»-ը կապում Գագիկ Խաչատրյանի հետ:

«Յուքոմ» (Universal Communication) ընկերությունը հիմնադրվեց 2007թ., ակտիվացավ փոքր-ինչ ուշ: Տրամադրում է լայնաշերտ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված հեռախոսակապ։ 2015թ. մարտի 24-ի դրությամբ ունի 67 303 ինտերնետ բաժանորդ: «Յուքոմ»-ի մասնաբաժինը երկրի ֆիքսված ինտերնետի շուկայում 26% է կազմում, ընդհանուր՝ մոբայլ և ֆիքսված ինտերնետի դաշտում՝ 13%:

Ընկերությունը սկսել է ինտերնետի տրամադրման գործընթացը Երևանից և հետզհետե ընդլայնվել մարզերում:

2009-2010թթ., երբ «Յուքոմը» դաշտում փորձում էր դիրքերն ամրապնդել, ընկերության բաժնետերը Արմեն Նազարյանն է եղել, Գագիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին: 2011-ին մուտք են գործել և մինչ այժմ պահպանվել են չորս բաժնետեր: Գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և ընկերության արտաքին  կապերի գծով տնօրեն նրա եղբայր Ալեքսանդր Եսայանը տնօրինում են 5-ական տոկոս բաժնեմասեր: 41%-ը պատկանում է Արամ Սուրենի Խաչատրյանին: Վերջինս ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին է: Խոշոր բաժնետերը Կիպրոսում գրանցված «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ՍՊԸ-ն է՝ 49%: Այս ընկերության 100%-անոց բաժնետերը բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Darison Management Ltd-ն է: Վիրջինյան կղզիները համարվում է ամենագաղտնի և հուսալի օֆշորը, որից օգտվում են նաև «թաքնվելու» ցանկություն ունեցող պաշտոնյաները:

«Յուքոմ». դրամի փոխարժեքից տուժած, բայց կայուն
դիրքով հարկատու
մնացած ինտերնետ մատակարարը

«Յուքոմի» կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը մեր հարցին, թե ով է «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերության սեփականատերը, պատասխանել էր. «Դրսի ներդրող է»: Սակայն ո՞ր երկրից է, կամ ի՞նչ է նրա անունը, տնօրենը խուսափել էր պատասխանել. «Բնականաբար, մարդիկ են, բայց ճիշտն ասած, քանի որ ինձ չի վերաբերում, ես օպերացիոն մասով եմ պատասխանատու, դրա համար չեմ կարող ասել»: 

«Թաքնվող» բաժնետիրոջ ով լինելու մասին գրավոր հարցում ուղարկեցինք բաժնետեր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանին: Այն անպատասխան մնաց: Դրսի ներդրողները գաղտնի մնալու պատճառ դժվար թե ունենային, իսկ Գագիկ Խաչատրյանի միլիոնների «բանալին», ըստ ամենայնի, նաև Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությունում է:

«Յուքոմ»-ի առաջընթացին զուգահեռ աճել են Գագիկ Խաչատրյանի դրամական միջոցները: Համաձայն ՀՀ հարկ վճարողների ցուցակի՝ 2011թ. բեկումնային է եղել «Յուքոմ»-ի համար: Ընկերությունը այդ տարվանից սկսել է կտրուկ բարելավել դիրքերը և 2010թ. 664-րդ հորիզոնականից 2014թ. զբաղեցրել է 55-րդը:

2011-ը բեկումնային է եղել նաև Գագիկ Խաչատրյանի համար:  2009թ. գույքի և եկամուտների հայտարարագրը , Խաչատրյանն այդ տարի ունեցել է ընդամենը 54 միլիոն դրամ (113 հազար դոլար) եկամուտ և ուրիշ ոչինչ: 2010-ին նահայտարարագրել է միայն 59 միլիոն դրամի (124 հազար դոլար) եկամուտ: 2011թ., սակայն, նրա եկամուտները կտրուկ աճել են: Այդ տարի Պետեկամուտների կոմիտեի նախագահը, թեև ոչ շարժական, ոչ անշարժ գույքի հետ կապված գործարքներ չի արել, չի ունեցել արժեթղթեր, այլ ներդրումներ, հանձնված կամ վերադարձված փոխառություններ, ինչպես նաեւ՝ 8 միլիոն դրամը կամ համարժեք արժույթը գերազանցող գույք, սակայն հայտարարագրել է մի քանի անգամ շատ ֆինանսական միջոցներ, քան նախորդ տարիներին: 2011թ. ավարտին Գագիկ Խաչատրյանն ունեցել է 278 միլիոն դրամ (շուրջ 600 հազար դոլար) և  3 մլն դոլար: ՊԵԿ նախագահի նույն տարվա միակ եկամուտը եղել է նրա աշխատավարձը` 8 մլն դրամից  (16 հազար դոլար) մի փոքր ավել: 2012-ին նա հայտարարագրել է մոտ 3.6 մլն դոլար,  2013-ին՝ 3.5 մլն դոլար:

3.2 մլն դոլարի սահմաններում գումար 2011-2014թթ. պարբերաբար հայտարարագրել է Գագիկ Խաչատրյանի կինը՝ Լաուրա Եփրեմյանը, որը նույնպես, ըստ հայտարարագրի, միայն աշխատավարձից եկամուտ ստացող անձ է:

Այս տարվա հուլիսին «Յուքոմը» գնեց «Օրանժ Արմենիան»: Այս ընկերությունը ոլորտի խոշոր խաղացողներից է, որը անլար լայնաշերտ ինտերնետ է մատակարարում H+ ռադիոկապի միջոցով: 2014թ. վերջին հաշվետվության համաձայն՝ լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը հասել է 130 725-ի (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների):  

«Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն ֆրանսիական «Օրանժ» (France Télécom S.A.) խմբի ընկերություն էր, որի հիմնադիրը Ֆրանսիայում գրանցված «Օրանժ Պաղտիսիպասիոն» բաժնետիրական ընկերությունն էր: «Օրանժ» խմբի նշանակալի բաժնետեր էր «Ռազմավարական ներդրումային հիմնադրամները» (Fonds stratégique d'investissement)՝ 13,5 %, Ֆրանսիայի կառավարությունը՝ 13.45%, «Օրանժի» աշխատակիցները՝ 4.81 %, ընկերությունը՝ 0.58%: 

«Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը լրագրողների հետ հանդիպմանը, հարցին՝ ինչո՞ւ «Օրանժ»-ը որոշեց վաճառել իր հայաստանյան դուստր ձեռնարկությունը և հեռանալ երկրից, Ժելիբտերը պատասխանեց՝ հեռահաղորդակցության միջազգային շուկայում այսօր հետևյալ միտումն է․ ընկերություններն իրենց հաճախորդներին առաջարկում են չորս ծառայություն մեկ փաթեթում՝ բջջային կապ, ֆիքսված հեռախոսակապ, ֆիքսված ինտերնետային կապ և կաբելային հեռուստեսություն, և հաճախորդը վճարում է մեկ գին՝ բոլոր չորս ծառայությունների դիմաց: «Այսօր «Օրանժ Արմենիա»-ն ընդունակ չէ առաջարկել այդ չորս ծառայությունները մեկ փաթեթում»:

Իսկ թե ինչու «Օրանժ»-ը որոշեց չստեղծել ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետի ու կաբելային հեռուստեսության իր ցանցը, այլ նախընտրեց սեփական բջջային ցանցը վաճառել «Յուքոմ»-ին, այդ հարցին ի պատասխան՝ Ֆրանսիս Ժելիբտերը նշեց, թե խնդիրը հայաստանյան շուկայում «Օրանժ»-ի ունեցած մասնաբաժինն է․ այն շատ փոքր է, որպեսզի ներդրումները հետ բերի ու հետագայում շահույթ ապահովի: Անցած տարիներին «Օրանժ Արմենիա»-ն մշտապես գործել է վնասով՝ 2015-ի մարտի 31-ի դրությամբ ընկերության նախորդ տարիների ընդհանուր վնասը կազմել է 184.6 միլիոն եվրո:  

«GNC Alfa». ո՞վ է թաքնվում «Ռոստելեկոմ»-ի հետևում 

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո Հայաստանում մատուցում է ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետ հասանելիության և նոր սերնդի IP հեռուստատեսության ծառայություններ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդներին: 2014թ. դեկմտեբերի 31-ի դրությամբ «Ռոստելեկոմը» ունի 26 208 ինտերնետ բաժանորդ: 

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկամանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Համակցված է Վրաստանի օպերատորներին՝ հյուսիսում և Իրանի օպերատորին՝ հարավում: Ներկայումս ընկերությունը ինտերնետի հասանելիություն է ստանում միջազգային կապուղիների միջոցով Եվրոպայից և Ռուսաստանի Դաշնությունից՝ Վրաստանի տարածքով:

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին և գործունեություն է ծավալել որպես մագիստրալ-օպերատոր: Հիմնադիր և միակ բաժնետերը եղել է Արմեն Մելիք-Սանթուրդիչյանը: Շուտով ընկերությունը վերակազմավորվել է՝ դառնալով փակ բաժնետիրական ընկերություն: Փոխվել են նաև բաժնետերերը:

Ընկերությունն իր գործունեությունն ակտիվացրեց և մտավ մրցակցային շուկա 2012 –ին, երբ ռուսաստանյան «Ռոստելեկոմը» ձեռք բերեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության 75% բաժնեմասը՝ հանած մեկ բաժնետոմս: Ընկերության հայտարարության համաձայն՝ դրա համար ռուսական ընկերությունը վճարել է 22.5 մլն դոլար: Այս գործարքով ռուսաստանյան «Ռոստելեկոմը» առաջին անգամ դուրս եկավ Ռուսաստանից և ընդլայնեց ցանցը՝ ցամաքով Պարսից ծոցը կապելով Եվրոպայի հետ։ «Ռոստելեկոմի» համար սա ռազմավարական նշանակություն ունեցող գործարք էր:

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանին հարցրել էինք, թե ովքե՞ր են «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի բաժնետերերը: ««ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ բաժնետեր է հանդիսանում «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն»,- պատասխանել է Հայկ Ֆարամազյանը:

Իրականում սխեման այլ է, և Հայկ Ֆարամազյանն ակնհայտորեն թաքցրել է իրականությունը: Ընկերության բաժնետոմսերն այժմ պատկանում են Կիպրոսում գրանցված «Ֆիլոր Վենչրս» ընկերությանը: «Ֆիլոր Վենչրս»-ը երկու բաժնետեր ունի՝ բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված Bovlon Investments Ltd`25% և Rostelecom International Ltd` 75%:

Rostelecom International Ltd-ն ռուսաստանյան Rostelekom ՓԲԸ-ի 100-տոկոսանոց դուստրն է: Իսկ Ռուսաստանի Rostelecom-ի մեծ բաժնետերը ՌԴ կառավարությունն է՝ ի դեմս պետական կառույցների՝ «Ռոսիմուշեստոո»` 43%, «Վնեշէկոնոմբանկ»` 3.8%, ներդրումային հիմնադրամ՝ 1% և ՌԴ դեպոզիտարիա՝ 42 %:

Թե ով է «ՋԻԷՆՍԻ Ալֆա» ընկերության մնացյալ 25% բաժնեմասի սեփականատերը, կրկին փորձեցինք ճշտել Հայկ Ֆարամազյանից: «...Խնդրում ենք հայտնել, թե ով կամ ովքեր են Bovlon Investments Limited ընկերության բաժնետերերը»,- հարց ուղղեցինք Հայկ Ֆարամազյանին: «Ընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Ֆիլոր Վենչրս Լիմիթեդ» ՍՊԸ-ին, որի վերահսկիչ փաթեթը տնօրինում է «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն»,-նորից խուսափողական պատասխան տվեց Հայկ Ֆարամազյանը:

Տեղական մատակարարներ

Բացի վերոնշյալ ընկերություններից, ինտերնետ մատակարարող մյուս համեմատաբար խոշոր ընկերությունները տեղական են՝ «Ինտերակտիվ TV», «Արանեա», «Արփինետ», «Մայլան» և «Վեբ» ՍՊԸ-ները:

2012-ին «Յուքոմ»-ը գնեց 2006թ. հիմնադրված «Ինտերակտիվ TV»ն:

«Արանեա» ընկերությունը միացել է «Ռոստելեկոմի» օպտիկամանրաթելային ցանցին և լայնաշերտ ինտերնետ ծառայություններ է մատուցում Արարատի մարզի ողջ տարածքում: Փաստացի երեք բաժնետեր ունի՝ արարատցի եղբայրներ Անդրանիկ և Ստեփան Մինասյանները և Արման Գաբրիելյանը: «Արփինետ» ընկերությունը սպասարկում է Արմավիրի մարզը: Մատուցում է ինտերնետ և IP հեռուստատեսություն ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց: Միակ բաժնետերը Գրիգոր Բաբախանյանն է: «Մայլան» ՍՊԸ-ն գրանցված է «Մայլան» ՍՊԸ-ն գրանցված է Վանաձորում և ինտերնետ ծառայություն է մատուցում Լոռու մարզում: Բաժնետերը վանաձորցի Արմեն Մերջանյանն է:

«Վեբ» ՍՊԸ-ի սեփականատերերը երեքն են՝ Ալբերտ Տոնեյանը, Կոլյա Հովհաննիսյանը և Ռուբեն Մկրտչյանը: Սա ինտերնետ ծառայություններ մատուցող հին ընկերություններից է՝ հիմնադրվել է 1996թ., ունի 1265 բաժանորդ:&

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter