Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Մուշուրբա. ընտանեկան արհեստ, կամ մի կլկլանի հետքերով


Կինոօպերատոր Լևոն Աթոյանցը համակարգչի առաջ նստած մեզ էր սպասում, ներս մտնելուց հետո ասում է, որ նոր գիրք է գրում: Նրան այցելել էինք միասին Գյումրի գնալու համար:

«Հեղնար աղբյուր» ֆիլմի նկարահանման ժամանակ գյումրեցի վարպետ Սուրենից Աթոյանցը մուշուրբա (կոչվում է նաև կլկլան) էր նվեր ստացել: Այդ մուշուրբան հիմա Ֆրանսիայում է, նվիրել է, փոխարենը վերջերս նվեր է ստացել նորը: Մուշուրբան կոթով մետաղյա բաժակ է, որից խմելիս ջուրը գլգլում է: Աթոյանցն ասում է՝ կարող եք փորձել, համոզվել: Բաժակի մեջ ջուր եմ լցնում, խմելիս, իսկապես, ջուրն սկսում է գլգլալ: Մուշուրբայով ջուր խմելը, կարծես, արարողակարգ լինի: Գյումրի ենք գնում՝ դրա վարպետին հանդիպելու:

Ճանապարհին Լևոն Աթոյանցը փոքր տեսախցիկով նկարում է, սակայն առողջական խնդիրների պատճառով ձախ ձեռքը դժվարությամբ է շարժում ու տեսախցիկը աջով է պահում: Աթոյանցի քրոջ թոռան միջոցով գտնում ենք մուշուրբաներ պատրաստող վարպետին՝ Էդուարդ Ժամակոչյանին, ով վարպետ Սուրենի որդին է:

Վարպետը հիմա արհեստանոց չունի, տան նեղ, խցի նմանվող միջանցքում երկու աթոռ է դրել: Դա է արհեստանոցը: Աթոյանցը տեսախցիկով սկսում է նկարել հանդիպումը, մենք հարցեր ենք տալիս:

Վարպետ Էդիկն ասում է, որ ինքը Հայաստանի միակ՝ «եդինստվեննի» փախրջին է: Փախրջին թուրքերեն բառ է, փախր կամ բաքր նշանակում է պղինձ, փախրջին պղնձագործն է: Մուշուրբայի վարպետի ասելով՝ նախկինում Գյումրու շուկայի մոտ արհեստավորներ կային, ովքեր նաև խանութ ունեին: Փախրջիները քիչ չէին՝ Աղասը, Մարտինը, հիմա, ըստ նրա, մնացել է միայն ինքը: Հայրը՝ վարպետ Սուրենը, 1930-ին պղնձագործություն է սովորել իր հորից՝ վարպետ Էդիկի պապից: Նույնիսկ քննություն է հանձնել, պատրաստել էր պղնձե կաթսա և ջրաման, որ բաղնիքում էին օգտագործում: Պապը գոհ էր մնացել քննությունից, ասել էր՝ լավ ուստա կդառնաս: Երկրաշարժի ժամանակ տունը «ծռմռվել» էր, պատմում է վարպետ Էդիկը, դրանից տարիներ անց վերականգնեցին, սակայն աշխատանքների ժամանակ հոր պատրաստած կաթսան ու ջրամանը անհետացան, այդպես էլ չիմացան, թե ով է տարել:

Վարպետի հայրական կողմը Էրզրումից է, մայրականը՝ Կարսից: Պապը Էրզրումից բերված գործիքներով էր աշխատում, դրանցով այսօր աշխատում է ինքը, ասում է՝ էրզրումցի 8 «չագուչ» և երկու մկրատ ունի: 8-ն էլ, ըստ վարպետի, իրենց «օպերացիներն» ունեն: Պղնձագործները սովորաբար իրենց գործիքներն անձամբ են պատրաստում, այդպես հարմարեցնում են իրենց ձեռքին:

«Էս մարդը չհոգնա՞վ էդքան նկարելուց»,- դեպի Աթոյանցի կողմը նայելով՝ ասում է վարպետ Էդիկը: Աթոյանցն էլ, թե՝ չէ, տեսախցիկն է նկարում, ես չեմ նկարում:

«Նկարե, նկարե, իրեքը չորսի չափով կնկարե՞ս»,- գյումրեցու հումորով ասում է փախրջին, հետո ուղղում է, թե ուզում էր ասել 30-ը 40-ի (նկատի ունի մահացածի նկարը): Ապա շտապում է ավելացնել, թե դեռ շուտ է նման չափի նկարի մասին մտածել, ինչից հետո հարցնում է, թե, ըստ մեզ, որքան է իր տարիքը՝ ինչքա՞ն կուտաք: 65-ից ենք սկսում, ասում է՝ լավ է պահպանվել, փաստորեն, Աթոյանցն ասում է՝ 82, կարծես, վարպետ Էդիկի համբերությունը ստուգելու համար, ապա ժպտում է, փախրջին զարմանում է՝ իյա, էդքան մեծ կերևա՞մ: Ճիշտ պատասխանը 72-ն էր: Վարպետը 3 երեխա և 6 թոռ ունի:

Ասում է՝ պղնձագործության մեջ կարևորը համբերություն ունենալն է: «Հըլը 8 ժամ դըխկ ու շըխկ էրա, գլուխդ կուռե, սվարկեն հետո կէնեմ, մի օրըմ կէնեմ մի 10 հատ»,- նշում է վարպետը: Ձեռքումս շուռումուռ եմ տալիս վարպետի պատրաստած մուշուրբան: Ըստ մասնագետների՝ այս բառն արաբական ծագում ունի, բայց հայ արհեստավորները գործածում են:

«Խոշոր պլանով նկարե»,- զրույցը պարբերաբար ընդհատում է վարպետ Էդիկն ու նայում Աթոյանցի տեսախցիկին, կինոօպերատորը շարունակում է նկարել:

Հիմա էլ վարպետ Էդիկը մուշուրբայի պատվիրատուներ ունի: Ասում է, սակայն, որ այս գործի մեջ էլ կեղծողներ կան, ովքեր մի քանի մասից (թիթեղից) են կլկլան պատրաստում, բայց իսկականը պիտի մի կտորից լինի, այդտեղ է լավ աշխատանքի գաղտնիքը:

«Մի սեկրետնի բանըմ ցույց տա՞մ քեզի, ընդեղ նայե (պահարանին փակցված օրացույցին ենք նայում, ամսվա գրեթե բոլոր օրերի վանդակներում հեռախոսահամարներ են գրված- հեղ.),  պրծա թե չէ, զանգ կուտամ»,- ժպտում է վարպետն ու նայում մեզ:

Պատմում է, որ հումքը դժվար են ձեռք բերում, Իրանից է բերվում Հայաստան, իրենք էլ կիլոգրամը գնում են 5800 դրամով: Իսկ գործից հետո մնացորդները գունավոր մետաղների ընդունման կետեր են հանձնում, մի կիլոգրամը՝ 1000 դրամով: Փախրջին ասում է, որ նախկինում, իր հոր պատմելով, վարպետ Սուրենի հորեղբայրը «ատխոդները» արկղի մեջ հավաքում էր, տանում Թիֆլիս, որտեղ գործարան կար, հանձնում էր 50 կիլոգրամ, փոխարենը ստանում 25 կգ հումք, վերցնում ու հետ գալիս:

Վարպետ Էդիկի թե պապը, թե հայրը արհեստանոց  են ունեցել, մինչև 1947-ը նաև խանութ ունեին: Արհեստանոցի մասին խոսելիս վարպետի ձայնը փոխվում է, և՛ բարկություն, և՛ դառնություն կա դրա մեջ, ասում է, որ 1990-ին «շատ լավ» հորեղբոր պատճառով զրկվել են արհեստանոցից: Այդ պատճառով էլ հիմա ստիպված տանն է աշխատում, տնեցիները սովորել են դըխկ ու շըխկին: Այդ ձայների տակ մեծացել են թե իր երեխաները, թե թոռները:

Արհեստը շարունակություն կունենա՝ որդին ևս հետաքրքրված է պղնձագործությամբ, վարպետն ասում է, որ տղան իրեն շատ է օգնում: Վերջինս մոտենում է հորը, թե՝ արագացրու, ուշանում ենք: Ընտանիքով ծննդի են գնում: Ասում ենք՝ վարպետ ջան, հո հարսանիք չէ, մի քիչ էլ ուշացիր: Չի համաձայնում, թե բա հո մրոտ չի գնալու, պիտի պատրաստվի: «Ուտել-խմելն էլ լավ բան է, կերեք, խմեք, ուրախ ապրեք»,- սենյակի մուտքի մոտ կանգնած՝ ասում է վարպետ Էդիկը: Պայմանավորվում ենք, որ մի օր դարձյալ վերադառնալու ենք՝ զրույցը շարունակելու համար… Համաձայնում է:

Հ.Գ. «Հետքն» Էդիկ Ժամակոչյանի մասին գրել էր նաև 2010-ին:  

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանություններ (1)
1. Արամ20:41 - 13 հունիսի, 2017
Ոնց կարող եմ գնել? Հեռախոսահամար կգրես հեղինակ ջան?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։