Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Դատական գործընթացի պատճառով Երևանի թիվ 191 դպրոցի վերանորոգման աշխատանքները դադարեցվել են


Գրիշա Բալասանյան

Երևանի թիվ 191 հիմնական դպրոցը (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան) կիսաքանդ վիճակում է: Շենքի մի հատվածում սկսվել են վերանորոգման աշխատանքներ ու կիսատ մնացել: Տևական ժամանակ է` աշխատանքներ չեն կատարվում: Պատճառն այս տարվա մարտի 21-ին սկսված դատական գործընթացն է: «Խաչատուրյանի Բիլդինգ Գրուպ» ՍՊԸ-ն ընդդեմ քաղաքաշինության պետական կոմիտեի դիմել է վարչական դատարան՝ «ՔՊԿ-ԲԸՀԱՇՁԲ-17/01» ծածկագրով գնման ընթացակարգը հայտարարելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու, իսկ այդպիսի հիմքեր լինելու դեպքում` առ ոչինչ ճանաչելու պահանջով:

«Խաչատուրյանի Բիլդինգ Գրուպ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել նաև կոմիտեի դեմ՝ պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջի մասին։

Քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը 2016թ. օգոստոսին թիվ ՔՊԿ-ԲԸՀԱՇՁԲ-17/01 ծածկագրով բանակցային ընթացակարգ (մրցույթ) է հայտարարել Երևանի թիվ 191 հիմնական դպրոցի վերակառուցման աշխատանքների իրականացման համար։ Հաղթող է ճանաչվել այլ ընկերություն, երկրորդ տեղում հայտնվել է «Խաչատուրյանի Բիլդինգ Գրուպ» ՍՊԸ-ն: Վերջինս սկսել է բողոքարկել մրցույթի արդյունքները, ինչի հետևանքով կայացած մրցույթը չեղյալ է ճանաչվել: Ստացվել է, որ ոչ պաշտոնապես հաղթող է ճանաչվել երկրորդ տեղում հայտնված «Խաչատուրյանի Բիլդինգ Գրուպ» ՍՊԸ-ն: Վերջինս սկսել է բողոքարկման գործընթաց, որպեսզի պաշտոնապես հաղթող ճանաչվի, և կնքվի պայմանագիր:

Մինչ ընկերությունը կհասցներ իր օգտին հաջողություն գրանցել, կառավարության 2016թ. նոյեմբերի 18-ի թիվ 1162-Ն որոշումով դադարեցվել է «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը: Գործունեության դադարեցման պահից դրա հաշվեկշռում մնացած գույքն ամրացվել, իսկ դեբետորական և կրեդիտորական պարտքերը փոխանցվել են Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմին:

Կառավարության նշված որոշման համաձայն` Քաղաքաշինության պետական կոմիտեին փոխանցված գործառույթների մեջ չկա  նախկինում տեղի ունեցած գործընթացների հիման վրա պայմանագիր կնքելու լիազորություն: Կոմիտեն էլ, հիմք ընդունելով կառավարության որոշումը, պայմանագիր չի կնքել այս պահին ենթադրյալ հաղթող «Խաչատուրյանի Բիլդինգ Գրուպ» ՍՊԸ-ի հետ:

Քաղաքաշինության պետական կոմիտեն թիվ 191 դպրոցի վերանորոգման համար հայտարարել է նոր մրցույթ, որպեսզի հաղթողի հետ կնքի պայմանագիր: «Խաչատուրյանի Բիլդինգ Գրուպ» ՍՊԸ-ն, դիմելով դատարան, պահանջում է նոր գնման ընթացակարգ հայտարարելու վերաբերյալ որոշումն անվավեր կամ առ ոչինչ ճանաչել և պայմանագիր կնքել իր հետ:

Այդպիսով, նոր մրցույթը չի կայացել: Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Արամ Մկրտչյանի փոխանցմամբ` տվյալ մրցույթի շրջանակներում որևէ ընկերության հետ պայմանագիր չի կնքվել։ Ավելին՝ վարչական գործով դատարանի 2017թ. մարտի 22-ի որոշմամբ որպես  հայցի ապահովման միջոց արգելվել է մրցույթ իրականացնել, ինչպես նաև` կատարել որևէ գործողություն՝ ուղղված Երևանի թիվ 191 դպրոցի վերակառուցմանը վերաբերող որևէ այլ գնման ընթացակարգի կազմակերպմանն ու անցկացմանը:

Մինչ այդ, «Խաչատուրյանի Բիլդինգ Գրուպ» ՍՊԸ-ն մարտի 17-ին բողոք է ներկայացրել նաև Գնումների բողոքարկման խորհուրդ: Բողոքը քննող հանձնաժողովը մարտի 23-ին որոշել է կասեցնել նոր ընթացակարգ հայտարարելու` Քաղաքաշինության պետական կոմիտեի որոշումը:

Թիվ 191 հիմնական դպրոցի տնօրեն Թամարա Ավդալյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ դպրոցը վերանորոգման կարիք ունի: Վատ վիճակում են սանհանգույցները, էլեկտրալարերը:

«Այս պահին աշխատանքներ չեն կատարվում: Տեղեկացվել եմ, որ աշխատանքների դադարումը կապված է շինարարական ընկերության ներքին խնդիրների հետ»,-ասում է Թ. Ավդալյանը:

Մինչ այդ դպրոցում կատարվել են որոշակի աշխատանքներ: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի փոխանցմամբ՝ կապալառու կազմակերպությունը եղել է «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն: Հիմնանորոգումը սկսվել է 29.01.2015թ., հատկացվել է 321 մլն 621 հազ. դրամ և 2016-2018թթ. ՀՀ կառավարության միջնաժամկետ ծրագրով նախատեսվել էր վերանորոգման աշխատանքներն ավարտել 2016-ին: Թիվ 191 դպրոցի տնօրենի խոսքերով՝ դպրոցն ունի մոտ 900 աշակերտ: Թեև դպրոցում շինաշխատանքներն ընդհատվել են, դասասենյակները կիսատ վերանորոգված հատվածում չեն գտնվում:

«Այդ հատվածում ունենք ֆիզկուլտուրայի, հանդիսությունների դահլիճներ, գրադարան: Այդ առումով դասապրոցեսին չի խանգարել, կարողանում ենք դասերը նորմալ անցկացնել: Բայց բոլոր դեպքերում, դրանք էլ են դպրոցին անհրաժեշտ»,-ասում է Թ. Ավդալյանը՝ հավելելով, որ հիմնանորոգման կարիք ունի ամբողջ դպրոցը: Այդ մասնաշենքի վերանորոգումից հետո պետք է վերանորոգվեր նաև այն մասնաշենքը, որտեղ բուն դասապրոցեսն է կազմակերպվում, սակայն շինաշխատանքները դադարեցված են:

Թիվ 191 հիմնական դպրոցի տնօրենն ասաց, որ թերի վերանորոգված մասնաշենքն առանձնացված է: Ունի առանձին դուռ, որը փակ է, աշակերտները մուտք չեն գործում այդ տարածք: Այժմ դպրոցի մուտքն ու ելքն իրականացվում է վթարային իրավիճակների համար նախատեսված դռներով:

«Այդ առումով ապահով ենք, որ փորձանքի առաջ չենք կանգնի: Բայց բոլոր դեպքերում շենքի մի հատվածը տանիք չունի: Անձրևը քայքայեց սյուները, կատարված աշխատանքներն էլ հետը»,-հավելեց տնօրենը:

Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի փոխանցմամբ՝ դպրոցի վերանորոգման աշխատանքների նախահաշիվը կազմում է 499.228.600 ՀՀ դրամ։

Թե ե՞րբ կլուծվի թիվ 191 դպրոցի վերանորոգման թնջուկը՝ հայտնի չէ:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։