Երեքշաբթի, 26 սեպտեմբերի

Հայկական ոսկու տերերը. երեք օֆշորների և Ռուսաստանի արանքում


Հայաստանի ընդերքի հարստությունը կորզվում և արտահանվում է՝ միլիոնավոր դոլարների շահույթ ապահովելով հանքարդյունահանողներին: Սակայն հայաստանյան ընդերքի հաշվին հարստացողների մասին տեղեկություններն այդպես էլ հանրությանը հասանելի չեն դառնում: «Հետք»-ը փորձելու է ներկայացնել, թե ովքեր են Հայաստանի ընդերքի հաշվին հարստացողները` հանքարդյունահանողները կամ նրանց հետևում կանգնած անձինք: Այս հրապարակմամբ կանդրադառնանք  Հայաստանի ոսկու ամենամեծ` Սոթքի հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին: Նույն ընկերությունը շահագործում է նաև Արարատի ոսկու կորզման գործարանը և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Հանրությանը միայն հայտնի է Հայաստանում գրանցված ընկերությունը՝ 23,6 մլրդ կանոնադրական կապիտալ ունեցող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, որի թիկունքում անթիվ օֆշորային ընկերություններ են: 

Սոթքի ոսկին՝ ՌԴ կառավարությանը

Հանքի պատմության մասին «Հետք»-ը տարիներ առաջ գրել է: Սակայն 2013թ.-ի ամռանը ընկերության բաժնեմասում փոփոխություններ են եղել: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից հետաքրքրվել էինք՝ արդյոք նախարարությանը հայտնի՞ է, թե ով է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի վերջնական բաժնետերը: Նախարարությունը պատասխանել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի բաժնետերն է Սիման Պովարինկինը («Հետք»-ն անդրադարձել է նրան նախորդ հրապարակմամբ): Ինչու է նախարարությունը խեղաթյուրում փաստերը, դժվար է ասել: Մինչդեռ, իրականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, և բաժնետերը բնավ էլ միայն այս անձը չէ:

Համաձայն Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի` Հայաստանում գրանցված «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի բաժնետերը Նիդեռլանդներում գրանցված «Դիեզե Բի. Վի.» ընկերությունն է, որի ճյուղերն անցնում են Կիպրոսով և հասնում Բրիտանական Վիրջինյան կղզիներ ու Ռուսաստանի Դաշնություն: 

Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրից Investigative Dashbord-ի մեր գործընկերների միջոցով ձեռք բերած փաստաթղթից երևում է, որ 16 % բաժնեմասի սեփականությունը կիպրոսյան երկու ընկերությունների՝ Belmarsh Solutions Ltd-ի և  Gosforth Enterprises Ltd-ի միջոցով տեղափոխվում է Լյուքսեմբուրգ:

2011 թվականին գրանցված Altera Investment Fund SICAV-SIF ընկերության բաժնեմասի վերաբերյալ տեղեկություններ լյուքսեմբուրգյան օֆշորից հնարավոր չէ ձեռք բերել, սակայն որպես հիմնական ղեկավար ընկերությունում նշված է Կիրիլ Գենադիի Անդրոսովը, ով «Աերոֆլոտ»-ի տնօրենների խորհրդի նախագահն է, զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում՝ եղել է  ՌԴ տնտեսական զարգացման և առևտրի նախարարի տեղակալ և կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Այլ կերպ ասած՝ Կիրիլ Անդրոսովը Ռուսաստանի կառավարության մարդն է, քանի որ «Աերոֆլոտ»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը՝ 51 տոկոսից ավելին, պատկանում է ՌԴ կառավարությանը: 

Altera Investment Fund-ը 7,5% մասնակցություն ունի նաև ռուսաստանյան “Русские машина” ԲԲԸ-ում, որը մտնում է ՌԴ միլիոնատեր և ամենահարուստ գործարար Օլեգ ԴերիպասկայիБазовый элемет” խմբի ընկերությունների մեջ:

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի 31,5 տոկոսի սեփականատերը Sberbank Kapital Ltd-ն է:  Անվանումից արդեն պարզ է, որ այն նույն՝ ռուսական «Սբերբանկ»-ի դուստրն է: Իսկ «Սբերբանկ»-ի 50%+1 ձայնի իրավունքը ՌԴ կենտրոնական բանկինն է:

Sberbank Kapital Ltd-ն ստեղծվել է 2008 թ.-ին ներդրումներ կատարելու նպատակով: Դրա գլխավոր տնօրեն է նշանակվել հայազգի Աշոտ Խաչատուրյանցը: Նա մինչ այդ զբաղեցրել է ՌԴ տնտեսական զարգացման և առևտրի նախկին նախարար Գերման Գրեֆի խորհրդականի պաշտոնը, իսկ 2004-2008թթ. ղեկավարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) «ՌԴ պետական սահմանները» թիրախային ծրագիրը: Գերման Գրեֆը 2007 թ.-ից «Սբերբանկ»-ի և դրա կառավարման խորհրդի նախագահն է, և իր պաշտոնավարումից հետո նախկին խորհրդականին տեղավորել է իր մոտ:  

Sberbank Kapital Ltd-ն վարկ է տրամադրում ընկերություններին՝ բաժնեմասում մասնաբաժին ունենալու պայմանով, սակայն, հարցազրույցներից մեկում Խաչատուրյանցն ասել է, որ այնպիսի մեխանիզմ է մշակվել, որ այդ ընկերությունները հետագայում կարողանան հետ գնել բաժնետոմսերը: Sberbank Kapital Ltd-ի կոշտ քաղաքականության հետևանքով, այդուհանդերձ, բազմաթիվ վարկառուներ խնդիրներ են ունեցել վարկատուի հետ, ինչի հետևանքով կորցրել են իրենց բիզնեսները: Sberbank Kapital Ltd-ն մշտապես հաղթող է դուրս գալիս և տիրանում ընկերություններին:

2013թ. դեկտեմբերի «Սբերբանկ»-ն ու «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել, որից հետո բանկը ընկերությանը տրամադրել է 250 մլն դոլարի վարկ: Դրանով բանկը շուրջ 26 տոկոս բաժնեմասի սեփականատեր է դարձել: Իսկ 2016թ.-ին Sberbank Kapital Ltd-ն արդեն հայտնել է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ում 31,47% մասնակցության մասին, սակայն արդեն ոչ թե վարկի, այլ բաժնեմասի ձեռք բերման միջոցով:

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի վերահսկիչ փաթեթը՝ 50,2%-ը, Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Geiser Asset Holdings Ltd-ինն է: Եվս 1,5 % բաժնեմասը` նույն Վիրջինյան կղզիներում գրանցված Toboali Enterprise Ltd-ինը: Այս ընկերությունների բաժնետերերին գաղտնազերծել չհաջողվեց: Բրիտանական Վիրջինյան կղզիները ամենագաղտնի ու ապահով օֆշորային գոտիներից է, որտեղ պետական ռեգիստրը բաժնետերերի մասին ինֆորմացիա չի տրամադրում:

Թափանցիկություն, որ միայն թղթի վրա է մնում

Սոթքը ոսկու ամենամեծ հանքավայրն է Հայաստանում: Վերջին անգամ Սոթքի ոսկու պաշարները հաստատվել են 2012թ.-ին: Կազմվել է հանքավայրի անձնագիրը: Համաձայն դրա՝ կենտրոնական տեղամասում հետախուզված է 9 հանքամարմին, որոնցում հանքավայրի հաշվեկշռային պաշարները կազմել են 31141 հազար տոննա հանքաքար, 133,5 տոննա` ոսկի, 175,6 տոննա` արծաթ:

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն արդյունահանման լիցենզիա ունի մինչև 2028 թվականը: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, «Հետք»-ի հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ ընկերությունը Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման աշխատանքներն իրականացնում է կենտրոնական տեղամասում:

Թե որքան ոսկի ու արծաթ է արդյունահանել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, հայտնի չէ: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից փորձել էինք ճշտել այս տեղեկությունը: Նախարարությունը հարցին չի պատասխանել՝  նշելով, որ Սոթքի ոսկու հարքավայրը շահագործվում է 1976 թվականից ու արդյունահանման վերաբերյալ տեղեկատվությունը շատ ծավալուն է, և 10 էջից ավելի տպագրված տեղեկատվության տրամադրումը վճարովի է, իսկ տեղեկատվության տնօրինողը  «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ն է: ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Հովսեփյանը բացատրեց, որ յուրաքանչյուր տարվա ֆոնդային տվյալները բարձրացնելը և տեղեկատվության մշակումը արժե 4500 դրամ: Կապված, թե քանի տարվա կտրվածքով տեղեկատվությունը կտրամադրվի, այդքան 4500 դրամ պետք է վճարվի: Լրատվամիջոցի համար այս գումարը բավականին մեծ է՝ հաշվի առնելով, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն հանքը շահագործում է արդեն 10 տարի:

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Գոգոտինի հետ փորձեցինք հարցազրույցի համար պայմանավորվել: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի մամուլի հարցերով պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը, սկզբում խոստացավ հարցազրույցը կազմակերպել՝ նախապես հարցերն ուղարկելու պայմանով: Հարցերն ուղարկելուց և 20 օր ձգձգելուց հետո նա ասաց, որ Գոգոտինը չի պատասխանելու մեր՝ մանիպուլյատիվ հարցերին: Մեր հարցերը վերաբերում էին չղջիկների՝ հանքատեղերից գողության դեպքերին, դրանց կանխման մեխանիզմներին, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի արդյունահանման ծավալներին, բաժնետերերին և Հայաստանում ոսկու հանքարդյունաբերությանը վերաբերող խնդիրներին:

Նույն հարցերն ուղարկեցինք նաև «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի ռուսաստանյան գրասենյակի ղեկավարին, մեր նամակը անարձագանք, իսկ հարցերն անպատասխան մնացին: 

Հայաստանի Հանրապետությունն այս տարի դարձել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) անդամ երկիր:  ԱՃԹՆ ստանդարտն ընդգրկում է բնական պաշարների արդյունահանումից մինչև դրա` երկրի քաղաքացիների վրա ունեցած ազդեցության հետ կապված բոլոր հիմնական խնդիրները, մասնավորապես, ինչպես են տրամադրվում և գրանցվում ընդերքօգտագործման և ոլորտի այլ թույլտվություններն ու պայմանագրերը, ովքեր են այս գործընթացների շահառուները, ինչպիսին են ֆինանսական և իրավական կարգավորումները, որքան արտադրանք է արտադրվում, ինչքան են կազմում ոլորտից պետական բյուջե ուղղվող եկամուտները, ինչպես են տեղաբաշխվում այդ եկամուտները, ինչ ներդրում է ապահովվում տնտեսության մեջ՝ ներառյալ զբաղվածության աճը: Ստանդարտը ենթադրում է նաև հրապարակայնություն բաժնետերերի մասին:

Հայաստանի կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար, այժմ արդարադատության նախարար, Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նախագահ Դավիթ Հարությունյանը նշել է. «ԱՃԹՆ-ի ներդրումը կհանգեցնի հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովմանը և հանրության առջև հաշվետվողականության բարձրացմանը:  Այս գործոններն էական նշանակություն ունեն երկրի գործարար միջավայրի բարելավման համար: Բնական պաշարների արդյունահանման լավ կառավարումը կարող է նպաստավոր լինել երկրի քաղաքացիների համար, և ԱՃԹՆ-ն համապատասխան գործիք է այս նպատակին հասնելու ճանապարհին: ԱՃԹՆ-ի շնորհիվ հսկայական ծավալի տեղեկատվությունը հասանելի կդառնա բոլոր շահառուների համար: Իսկ գործընթացի ամենաարժեքավոր տեսանկյունն այն է, որ բազմաշահագրգիռ կողմերի կայուն ներգրավումը կամրապնդի փոխվստահությունը և համագործակցությունը բոլոր ներգրավված կողմերի միջև»:

Այս ամենից հետո տեղեկատվության հասանելիության, փոխվստահության և համագործակցության մասին խոսելը ձևական է, եթե ամեն ինչ մնում է միայն թղթի վրա:

«Հայոսկի» ընկերության կողմից շահագործվող Սոթքի հանքավայրի 1985 թվականի անձնագրից տեղեկանում ենք, որ hաստատված պաշարները կազմել են 29.186 հազար տոննա, ոսկին՝ 170,479 տոննա, արծաթը՝ 156,1 տոննա:

Եթե համեմատենք 1985 և 2012 թվականների ոսկու հաստատված պաշարները, ապա կստացվի, որ 27 տարվա ընթացքում արդյունահանվել է շուրջ 37 տոննա ոսկի:

Հանքավայրը, սակայն, հեռանկարային է գնահատված: Համաձայն անձնագրի՝ հանքավայրի հիմնական հեռանկարները կապված են դրա ստորին հորիզոնների հետախուզման հետ: Հաշվի առնելով ոսկու հանքայնացման անընդհատությունն ըստ խորության՝ ոսկու պաշարները գնահատվում են 40 տոննա: Կան բավականաչափ նախադրյալներ ոսկու արդյունաբերական պաշարներ հայտնաբերելու հանքավայրի թևերում, նրանց խորը հորիզոններում, որոնք գնահատվում են 20-30 տոննա:

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ն ընդդեմ Հայաստանի կառավարության

Վերահսկիչ պալատը տարիներ առաջ ուսումնասիրել էր «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող հանքավայրերի շահագործման օրինականությունը, Կառավարությանն առաջարկել էր քննարկել ընկերության հանքային իրավունքների դադարեցման հարցը: ՎՊ-ն բազմաթիվ խախտումներ էր հայտնաբերել, սակայն այդպես էլ այդ նյութերը դատախազություն չուղարկվեցին: Կառավարությունը, ի դեմս էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարարության և նախարար Արմեն Մովսիսյանի, հարցը ծածկադմփոց արեց:

«Հետք»-ը էներգետիկ ենթակառուցվածքների նախարարությունից հետաքրքրվել է, թե վերջին 5 տարիներին ստուգումներ իրականացվել են ընկերության ձեռնարկություններում, ինչ խախտումներ են հայտնաբերվել, և ինչ տույժեր կիրառվել: Նախարարությունը հայտնել է, որ Ընդերքի պետական տեսչության կողմից «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ում ստուգումներ իրականացվել են 2013, 2015 և 2016 թվականներին: 2013 և 2015 թվականների ստուգումների արդյունքում ընկերության կողմից նախագծային և ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունների խախտումներով աշխատանքներն իրականացնելու համար սահմանված կարգով կազմվել են ակտեր, ինչպես նաև ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվություն՝ ընդամենը 100 հազարական դրամի չափով: 2016 թվականի ստուգման արդյունքում նույնպես արձանագրվել են խախտումներ: Մասնավորապես, Ընդերքի պետական տեսչությունը հայտնաբերել է, որ ընկերությունը խախտել է Ընդերքի մասին օրենսգրքի պահանջները և 2012 թվականի պայմանագրով ամրագրված պարտավորությունները, և աշխատանքները չի իրականացրել օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան: «Հորիզոններում եզրագծված բլոկներից փաստացի արդյունահանված հանքաքարերի տեղամասերը չեն ենթարկվել մարկշեյդերական չափագրման, որի արդյունքում հնարավոր չէ պարզել իրական արդյունահանված հանքաքարի քանակը տվյալ բլոկում, ինչպես նաև փաստացի աղքատացման և կորստի ցուցանիշները»,- արձանագրել է Ընդերքի պետական տեսչությունը: 

Ավելին, ընկերությունը լիազոր մարմնին ներկայացրել է հաշվետվություններ, համաձայն որի՝ ստուգման ժամանակահատվածում հանքավայրի հաշվեկշռային պաշարներից մարել է 1019511 տոննա հանքաքար, ոսկի՝ 4064,46 կգ: Մինչդեռ համաձայն պաշարների շարժի ամենօրյա գրանցամատյանի՝ հանքաքարը կազմել է 1015139 տ, ոսկի՝ 4017,95 կգ: Տարբերությունը կազմել է 4372 տ հանքաքար, ոսկին՝ 46,51 կգ: 

Բացի դրանից, հանքավայրի հաշվեկշռային պաշարների մարմանը մասնակցած մի շարք նմուշներում ոսկու պարունակությունները չեն համապատասխանել լաբորատոր անալիզների իրական պարունակություններին, որի արդյունքում բլոկով հաշվարկված հանքաքարում ոսկու քանակը քիչ է հաշվարկվել, որն էլ իր հերթին բերել է հաշվեկշռային պաշարներից ոսկու քանակի մարման ցուցանիշի էական նվազման: 

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը բողոքարկել է ակտը՝ խնդրելով նախարար Աշոտ Մանուկյանին այն անվավեր ճանաչել: Նախարար Մանուկյանը մերժել է բողոքը:

Կազմված ստուգման ակտի վերաբերյալ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն բողոք է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որն արդեն քննվել է, և հունիսի 30-ին Վարչական դատարանը կհրապարակի որոշումը:

Սոթքի հանքավայրի մշակման հիմնական տեխնիկական ցուցանիշների համաձայն՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի տարեկան շահույթն այս հանքավայրից կազմում է 78,2 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ Երևան քաղաքի 2017թ. բյուջեն 176 մլն դոլար է, իսկ Գյումրիինը՝ 6,5 մլն դոլար: 12 Գյումրի կարող էր ֆինանսավորվել հանքավայրի մեկ տարվա շահույթով: 

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը նաև հայտնել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն` 2011-2016թթ.-ին կատարվել է 159 մլն դոլարի ներդրում, իսկ 2017թ.-ին նախատեսվում է ևս 10 մլն դոլարի ներդրում: Մաթեմատիկական պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ն իր երկու տարվա շահույթով բոլոր ներդրումները վաղուց հետ է բերել:

Հանքավայրի լուսանկարները՝ Մարիամ Չախոյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (2)
1. Գեւորգ22:13 - 30 հունիսի, 2017
Հետաքրքիր կլիներ իմանալ, ուրիշ ինչ երկրներ կան մեզ նման, որոնց ոսկին օտարներն են հանում եւ հաշվետվություն անգամ չեն ներկայացնում?????
2. Vahe10:23 - 5 հուլիսի, 2017
The rich get richer and the poor get poorer, until we have a proper democracy, not a fake one like in Russia, or it's satellite states, like Azerbaijan, Belarus, Kazakhstan, Kyrgyzstan, Uzbekistan even Turkey boast of democracy, while they are obviously autocratic dictatorships and tyrants, siphoning the riches of the land and peoples, to their own families and oligarchs. Armenia is no exception !
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։