HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանում ֆիքսում են՝ ով ում բարեկամն է. ոմանց այցելել է թաղային ոստիկանը

Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանն այսօր դարձյալ ոտքի չկանգնեցին «Ոտքի՛, դատարանն է գալիս» հրահանգից հետո: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն այս անգամ 6 ժամով հեռացրեց նրանց նիստերի դահլիճից՝ մինչ Ներսես Պողոսյանն ու Ժիրայր Սեֆիլյանը փորձում էին պարզել, թե որտեղ են իրենց պաշտպանները: Ոստիկանները հեռացրեցին նրանց, ինչը դահլիճում դժգոհություն առաջացրեց:

Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի պաշտպաններ Տիգրան Հայրապետյանը, Արայիկ Պապիկյանն ու Նինա Կարապետյանցը չէին մտել նիստերի դահլիճ, քանի որ, իրենց դիտարկմամբ, կարգադրիչները փորձում էին զննության անվան տակ խուզարկել իրենց: «Այս անգամ հատուկ առանց պայուսակների էինք եկել, որ դրանք բացելու պահանջ չներկայացնեն կարգադրիչները, բայց այս անգամ էլ փորձում էին դրամապանակս, գրպանիս պարունակությունը ստուգել»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Արայիկ Պապիկյանը

Նրան և իր գործընկեր Նինա Կարապետյանցին առաջին ընդմիջումից հետո, այնուամենայնիվ, թույլատրեցին մտնել դահլիճ, երբ արդեն իրենց պաշտպանյալին հեռացրել էին նիստերից: Փաստաբանները հայտնեցին, որ իրենց պաշտպանյալ Ներսես Պողոսյանից հանձնարարություն ունեն՝ առանց իրեն չմասնակցել նիստերի: Հետևաբար դուրս եկան դահլիճից:

Ըստ փաստաբան Պապիկյանի` «ակնկալիքն այն է, որ լռենք կամ իրենց համար անցանկալի մարդկանց հեռացնեն վարույթից»: Փաստաբանն առաջարկ արեց վարչակազմին՝ դատավորները՝ դատախազների հետ, նստեն մի սենյակում և գրեն դատավճիռները: Պետությունը այսքան լրացուցիչ ծախս չի անի, անվտանգության միջոցներ չի կիրառի, մեր նման մարդկանց հանդիպելու գլխացավանքից կազատվի, գործը կարճ կտևի, դատավորն ու դատախազն էլ, այս սցենարի հետևում կանգնած այլ մարդկանց հետ ամռան ամիսներին կգնան արտերկիր իրենց արձակուրդը վայելելու:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը պարբերաբար ընդմիջում էր մեկական ժամերով: Նա պարբերաբար հեռանում էր խորհրդակցական սենյակ փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումներ ընդունելու կամ քաղաքացիների հանդեպ սանկցիաներ կիրառելու համար: Այսպիսով՝ փաստաբաններ Տիգրան Եգորյանին, Տիգրան Հայրապետյանին, Արայիկ Պապիկյանին պատասխանատվության ենթարկելու մասին գրություն է ուղարկվելու Փաստաբանների պալատ: Տիգրան Եգորյանը նույնիսկ չգիտեր իր վերաբերյալ գրության պատճառի մասին: Խնդրեց պարզաբանում դատարանից, սակայն դատավորը նշեց՝ մեկ օրվա ընթացքում կստանաք: 

Տիգրան Եգորյանը

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի կարծիքով` քաղբանտարկյալների գործերով հաշվեհարդար է տեղի ունենում:

Վահագն Ղումաշյանը

Դատավորը ողջ քրեական գործի քննության ընթացքում հեռացրեց Ներսես Պողոսյանի եղբորը՝ Վահե Պողոսյանին և քաղաքացի Վահագն Ղումաշյանին՝ թերևս կարգադրիչների տված ինֆորմացիայի հիման վրա, քանի որ ինքը՝ դատավորը որևէ կերպ չի կարող լսել, թե ապակեպատ դահլիճում ինչ է խոսվում: Վահե Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անձնագիրը ստուգելիս կարգադրիչները երկար «ֆիքսվել են» իր լուսանկարի վրա, թե նման չէ իրեն, հետո անընդհատ հարցրել են՝ արդյոք Ներսես Պողոսյանի եղբայրն է: Իսկ Վահագն Ղումաշյանը կարծում է, որ իրեն հեռացրեցին, քանի որ, Ներսես Պողոսյանին ու Ժիրայր Սեֆիլյանին հեռացնելիս, բղավել է՝ «հո՛պ, արա»:

Նշենք, որ դահլիճում կան անձինք, ովքեր վիրավորական արտահայտություններ են անում պարբերաբար, սակայն նրանց նկատմամբ սանկցիաներ չեն կիրառվում: Ներսես ու Վահե Պողոսյանների մայրը՝ Սաթենիկ Պողոսյանը, այս հանգամանքի վրա հրավիրեց կարգադրիչների և իր զանգով եկած ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչների ուշադրությունը` կարծիք հայտնելով՝ միգուցե հատուկ են հրավիրվում հրահրող անձինք, որ նիստերը տապալվեն: ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել էին Ներսես Պողոսյանին, ով հայտնել էր, որ իրեն դահլիճից հեռացնելիս ու հետո բռնության չեն ենթարկել ոստիկանները:

ՄԻՊ ներկայացուցիչները

Եթե Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նախորդ դատական նիստին կարգադրիչները պարզապես գրանցում էին քաղաքացիների անձնագրային տվյալներն, ապա այս անգամ հարցնում ու ֆիքսում էին, թե ով ում բարեկամն է: Որևէ օրենք այդ մասին գոյություն չունի: Ըստ Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանի` դա արվում է անվտանգության նկատառումներով:

«Անձի անհատական տվյալները ապօրինի հավաքելը, պահելը քրեորեն պատժելի է»,- ասում է փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ շեշտելով՝ սա հանցագործության դեպք է, և պետք է քրեական գործ հարուցվի: Նրա կարծիքով` այդ տվյալները փոխանցվել են ոստիկանությանը, քանի որ արդեն դատական նիստերի մասնակիցներին թաղայինների այցելության դեպքեր կան, Քաղաքացիները պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՔԾ:

Նինա Կարապետյանցը

«Դա հանցագործություն է, զարմանում եմ՝ ինչու մինչև հիմա Հատուկ քննչական ծառայությունը չի արձագանքում, այն դեպքում, երբ քաղաքացու ցանկացած զանցանք անմիջապես արձագանք է ստանում, իսկ պետական մարմինների ցանկացած հանցագործություն, չգիտես՝ ինչու, մնում է անպատասխան»,- ընդգծում է փաստաբան Նինա Կարապետյանցը:

Երևանի բնակչուհի Անահիտ Խաչատրյանը նշեց, որ թաղայինը դեռ իրենց տուն չի եկել, բայց երեք կանանց են այցելել, ովքեր ապրում են տարբեր վարչական շրջաններում. «Թաղային ոստիկանն է թակել դուռը՝ ասելով՝ ուզում է ծանոթանալ, դուռը չեն բացել կանայք»:

Երեկ ոստիկանները այցելել են անչափահաս, 17-ամյա Գեղամ Ադյանին. «Ասացին՝ պետք է գնամ բաժին, ստեցին, թե եղբորս համար է: ՖԲ էջս էր բացած: Ստիպեցին ստատուսս ջնջեմ»: Ոստիկանները հետաքրքրվել են նաև՝ արդյոք դատերի գնում է Գեղամը: Իսկ որոշ ժամանակ առաջ էլ, Գեղամի պատմելով, Արզնիի գյուղապետարան են իրեն հրավիրել` հորդորել չմասնակցել ցույցերի. կգնաս, քո աչքն էլ կհանեն, ծնողներիդ գործից կազատեն: Իսկ Գեղամն ասում է, որ չի ցանկանում՝ մեր երկրում քաղբանտարկյալներ լինեն:

Գեղամ Ադյանը

Հիշեցնենք, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և շենք-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Այս գործով անցնում են նաև Գևորգ Սաֆարյանը, Հովհաննես Պետրոսյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը, Գալուստ Գրիգորյանը և Ներսես Պողոսյանը: 

Մեկնաբանություններ (1)

Vahe Diloyan
«Պահանջում ենք դադարեցնել բռնությունները և ապօրինի քրեական հետապնդումները Հայաստանում» !!!! Stop Political Persecution and Police Brutality Terror Against Citizens In Armenia. : ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ՄԵՐ ՈՒԺԸ և ԱՊԱԳԱՆ։ Պետք է կողքի դնել բոլոր քաղաքական հայացքները և համախմբվել մեկ գաղափարի շուրջը, Ազգային Գաղափարի։ Please sign in up to view this link https://www.change.org/p/human-right-stop-political-persecution-and-police-brutality-terror-against-citizens-in-armenia

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter