HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կիսահրապարակային» նիստ` Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը սկսվեց նշանակված ժամից ուշ. ՔԿՀ-ներից նրանց ուշ տեղափոխեցին Շենգավիթ վարչական շրջանի դատարան:

Դատարանի մերձակայքը խիստ վերահսկողության տակ էր: Երկաթե արգելապատնեշներ էին դրված մուտքի մոտ, ոստիկանական բազմաթիվ ուժեր էին կենտրոնացված դատարանի շենքի մոտ: Շատ քաղաքացիներ այդպես էլ չկարողացան մտնել դատարանի դահլիճ. կարգադրիչների պատճառաբանությունն այն էր, որ տեղերը ներսում սահմանափակ են:

Դատարանի ապակեպատ դահլիճում հանրությունը վանկարկումներով ու ծափերով դիմավորեց Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին և մյուսներին: Դատավոր Նելլի Բաղդասարյանը հայտարարեց նիստը սկսելու մասին, սակայն դահլիճում ոչինչ չէր լսվում, ինչն առաջացրեց ներկաների դժգոհությունը: «Ձայն-ձայն»` պահանջեցին ներկաները: Դատական նիստին ներկա «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ խախտվում է հրապարակային դատաքննության իրավունքը: Մինչ կփորձեին շտկել իրավիճակը, դատական նիստn ավարտվեց: Եվ միայն դահլիճից դուրս եկած փաստաբաններից տեղեկացանք, թե որն էր հետաձգման պատճառը: Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը  տեղեկացրեց, որ մեղադրյալներից Գալուստ Գրիգորյանը պաշտպան չի ունեցել, իսկ Սասունիկ Կիրակոսյանի պաշտպանն այլ գործով նիստի է եղել:

Գևորգ Սաֆարյանի ու Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը տեղեկացրեց, որ նիստերը կշարունակվեն հունիսի 13-ից` ամեն երեքշաբթի և ուրբաթ օրերին: «Ոնց որ թե նախապես ծրագրված սցենարը կար. նախագահող դատավորը պետք է խոսեր, հետո նիստը հետաձգեր: Շատ լավ, եթե անգամ այդպիսի սցենար կար, մենք իրավունք ունեինք հայտարարություններ անել»,-ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Նրա կարծիքով, իր պաշտպանյալները իրավական գործընթացի չեն մասնակցելու:

Դատական նիստից հետո ոստիկանները թույլ չէին տալիս քաղաքացիներին անցնել դատարանից ձախ ընկած մայթով: Երբ ուղեկցողները մեքենայով տեղափոխեցին Ժիրայր Սեֆիլյանին ու մյուս մեղադրյալներին, մայթը բացվեց:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և շենք-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Այս գործով անցնում են նաև Գևորգ Սաֆարյանը, Հովհաննես Պետրոսյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը, Գալուստ Գրիգորյանը և Ներսես Պողոսյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter