Շաբաթ, 22 սեպտեմբերի

Գյուղում փայտի պակասի պատճառով թոնիրները չեն վառվում


«Վույ, էս նկարելու ալ ը՞ք, ժուռնալիստներ ը՞ք»,- հարցնում են գյուղի թոնրատանն աշխատող կանայք՝ ֆոտոապարատը տեսնելով: Մի քանիսն արագ դուրս են գալիս սենյակից, մյուսները թե՝ «պա լա ստի պիտի՞ տյուս կյանք» (բա հենց էս տեսքով պիտի՞ նկարվենք- հեղ.)՝ նկատի ունենալով ալրոտ արտաքինը: Հետո նրանցից մեկը նկատում է, թե «նկարվողները մեզնից հո լավը չե՞ն»: Ծիծաղում ենք: Թոնրատան պատուհանները բաց են, մեր ձայները բակ են հասնում: Բակում երևում է քաղաքից մեքենայով հագուստ ու բանջարեղեն բերած վաճառողը: Մի քանի գյուղացիներ ռեզինե հողաթափեր են շուռումուռ տալիս, նայում, փորձում ոտքին, հետո դնում տեղը:

Սյունիքի մարզի Ծավ գյուղի հացի արտադրամասն է՝ փուռը: Այստեղ և՛ լավաշ, և՛ մատնաքաշ են թխում:

Փռում գիշերվա ժամը երկուսից թոնիրը վառել են, կանայք հավաքվել են հաց թխելու, բայց սովորականից ավելի շատ են թխել, որովհետև գյուղում մարդ է մահացել, հոգեհացի սեղանին նաև փռի լավաշն են դնելու: Հացթուխներն 8 ժամից ավելի ոտքի վրա են, բայց հոգնությունը ցույց չեն տալիս:

Խմորը հունցում են ուշ երեկոյան թթխմորով, ասում են՝ խմորիչ չեն օգտագործում, հայկական ավանդական մեթոդներով են պատրաստում: Գիշերվա 2-ից գալիս են, թոնիրը վառում, սկսում գնդել խմորը: Ռոզա Ավագյանը գործն ավարտել է, աթոռին նստել ու հետևում է գրտնակողին: Ինքն է թոնիրը վառողը, խմորը հունցողն ու գնդողը: Աշխատանքն արդեն ավարտել է, մազերը թրջել է, դեմքը կարմրած է: Գործից գոհ է: Ասում է՝ իրենց հացի հաջողությունն այն է, որ ոչ մի հավելում չկա, մաքուր են թխում:

«Քիմիա չկա»,- ավելացնում են մյուսները, հետո թե՝ բացի դրանից քաշը տեղն է: Մատնաքաշի գինը 200 դրամ է, լավաշինը՝ 100:

«Բայց տեղեր կան, որ 80 դրամ է»,- հակադարձում եմ: Դիտարկումից փոքր-ինչ նեղվում են, թե «մեր լավաշի քաշը շատ է, կարող եք կշռել, հետո մեր լավաշի համն ուրիշ է»:

1 տարի է, ինչ թոնրատունը բացվել է: Այն հիմնել են համագյուղացի գործարար եղբայրներ Արամ և Արսեն Աղաջանյանները: Թոնրատան աշխատակիցներն ասում են, որ վերջիններս Ծավին շատ են օգնում. տարիներ առաջ ամեն նորածնին 200 հազար դրամ էին տալիս, հիմա 50 հազար է դարձել, մինչև երեխայի 1,5 տարեկանը լրանալն ամսական 30 հազար են հատկացնում, բացի դրանից, մանկապարտեզի սննդի հարցում են օգնում:

Սա թվարկելիս հացթուխներից մեկն ասում է, թե այ Ռոզա, գովազդ է դառնում, Ռոզան ասում է՝ ի՞նչ անենք, գյուղում էդքան հարուստներ կան, բայց ոչ մի բանով չեն օգնում տեղացիներին:

Նախկինում լավաշ թխողները շատ էին գյուղում, հիմա նման 2-3 տուն է մնացել: Լավաշ չթխելու միակ պատճառը փայտի պակասն է: Գյուղում գազ չկա, վառելափայտով են տաքացնում տները: 

Բայց Շիկահողի արգելոցից ընդհանրապես չի թույլատրվում փայտ դուրս բերել, իսկ «Հայանտառի» տարածքից անվճար է թափուկը, որը սահմանափակ է:

«Եթե գյուղացին մի ծառ կտրի, ակտ կգրեն, խեղճ գյուղացին բա ի՞նչ անի: Էսպես գեղեցիկ գյուղ է, բայց հոգսը շատ»,- ասում է մատնաքաշի արտադրամասի աշխատակից Վարդանուշ Ասատրյանը: Քիչ անց մեզ ուղեկցում է այդ արտադրամաս: «Եկեք ցույց տանք, թե մեր գյուղում ոնց կարան որակով հաց թխեն, տենց հաց իսկի քաղաքում կերած չկաք»,- ասում է կանացից մեկը:

Հացի փուռը գրանցված է գյուղապետ Սեյրան Զաքարյանի կնոջ անունով: Զաքարյանն ասում է, որ դա ձևական է, Աղաջանյաններն իր ընկերներն են, ինքը խնդրել էր գյուղում աշխատատեղ ստեղծել նրանք  էլ որոշել են փուռ բացել, ու քանի որ վստահելի մարդ էր պետք գրանցման համար կնոջ անուն են դրել, քանի որ ինքը պաշտոնյա է, դրա իրավունքը չունի:

Փռում դեռ 5 հոգի է աշխատում, բայց հուսով են, որ հետագայում թիվը կմեծանա: Նախկինում թոնրատան տարածքում խաղասենյակ էր գործում, իսկ հետո՝ խանութ, որը  փակվել է:

Առայժմ հացը վաճառվում է միայն Ծավում, իսկ Կապան տանում են անհատական պատվերների դեպքում: 

Լուսանկարները՝ Վահե Սարուխանյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։