HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական օդանավի պատճառով Մոլդովայում մեծ աղմուկ է բարձրացել

Հուլիսի 2-ին հունական Կրետե կղզու Հերակլիոն քաղաքից դեպի Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւ թռչող հայկական օդանավը, թռիչքի մեկնարկից շատ չանցած, տեխնիկական խնդիրների պատճառով վերադարձել է հունական օդանավակայան:

«Airbus A320-211» ինքնաթիռը, որը Հայաստանում գրանցված է որպես EK-32002, այսօր էլ շահագործվում է մոլդովական «Fly One» ընկերության կողմից: Մոլդովայում այս միջադեպն աղմուկ է առաջացրել:

Ինքնաթիռը պիտի Քիշնեւ մեկներ տեղական ժամանակով հուլիսի 2-ի երեկոյան 5-ին, սակայն նախապես ուղեւորներին հայտնել են, որ թռիչքը հետաձգվել է մինչեւ կեսգիշեր: Պատճառը չի պարզաբանվել: Այդուհանդերձ, օդանավը Հերակլիոնից ամսի 2-ի գիշերը մեկնել է:  

«Թռիչքից մոտ 20 րոպե անց օդորակիչներից, որտեղ գտնվում էին մոտավորապես իններորդ ու տասներորդ շարքերը, սկսեց գոլորշի դուրս գալ: Սրահում բավականին սառն էր, երեխաներին ծածկոցներ բաժանեցին: Ինքնաթիռը ժամանակ առ ժամանակ կորցնում էր բարձրությունը: Խուճապ չկար, բայց հասկանալի էր, որ ինչ-որ բան այն չէ»,- մոլդովական newsmaker.md կայքին պատմել է ուղեւորներից մեկը: Մեկ այլ ուղեւոր էլ հայտնել է, որ խուճապից հաջողվել է խուսափել անձնակազմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ: «Հերակլիոնի օդանավակայանում ասացին, որ Հունաստանում չկա օդաչու, ով կարող է նման իրավիճակում նստեցնել ինքնաթիռը»,- ասել է ականատես կինը:   

Մեկնարկից 58 րոպե անց հայկական EK-32002-ը կրկին Հերակլիոնի օդանավակայանում էր: 170 ուղեւորներին տեղավորել են մեկնման սրահում, որտեղ նրանք սպասել են 6 ժամ: Ընդ որում՝ չի հաջողվել կապ հաստատել փոխադրող «Fly One»-ի ու նրա տոմսերը վաճառած գործակալությունների հետ: Միայն 6 ժամ անց սպասման մեջ գտնվողներին սննդի կտրոններ են բաժանել, որոնցով կարելի էր սենդվիչ ու խմելու որեւէ բան գնել: Շատ չանցած մարդկանց տեղավորել են հյուրանոցներում:

Ամսի 3-ի առավոտյան «Fly One»-ը ֆեյսբուքյան իր էջում ներողություն է խնդրել միջադեպի համար ու տեղեկացրել, որ նույն օրը ուղեւորները տուն կվերադառնան: Ավիաընկերությունը հայտնել է, որ օդանավում ազդանշան է միացել, ինչի պատճառով անձնակազմը հարկադիր վայրէջք է կատարել, որպեսզի տեխնիկական ստուգում իրականացվի: Քիշնեւ մեկնողներին երեկոյան տարել են օդանավակայան, սակայն չվերթը մեկնարկել է նախատեսվածից ավելի ուշ՝ կեսգիշերն անց, այսինքն՝ արդեն ամսի 4-ին: Բազմաչարչար ուղեւորներին Քիշնեւ է հասցրել ընկեության մեկ այլ «Airbus A320» (գրանցված Մոլդովայում՝ ER-00001):   

Մոլդովայի քաղավիացիայի մարմինը կոչ էր արել այն ուղեւորներին, որոնք «Fly One»-ի ձախողված թռիչքի պատճառով ուշացել են այլ չվերթներից, փոխհատուցում պահանջել ավիաընկերությունից: Միաժամանակ գերատեսչությունը հայտնել էր, որ EK-32002-ը Հայաստանում գրանցված օդանավ է, եւ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունն է ուսումնասիրելու ծագած խնդիրները, ինչից հետո, այդուհանդերձ, իրենք՝ մոլդովական կողմը, օդանավի տեսչական ստուգում կանցկացնեն Քիշնեւում: Փոխհատուցում պահանջելու անհրաժեշտության մասին հայտարարել էր նաեւ Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Ադրիան Կանդուն:

EK-32002-ի տերերը

Ինչպես «Հետքին» հայտնել է ՔԱԳՎ թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը, EK-32002-ը Հայաստանում գրանցվել է այս տարվա մայիսի 25-ին: Մայիսի 29-ին օդանավին տրվել է թռիչքային պիտանիության սերտիֆիկատ: Երկու փաստաթղթերն էլ վավեր են մինչեւ 2018-ի մայիսի 25-ը: ՀՀ-ում օդանավի շահագործող է գրանցված «Atlantis European Airways» ավիաընկերությունը, որը, ինչպես ժամանակին գրել ենք, պատկանում է ՔԱԳՎ պետի նախկին տեղակալ, ՀՀ-ում Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանին: Ինքնաթիռի սեփականատերը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում գրանցված «Arolova Enterprises Limited»-ն է (տես նկարում):

Օդանավը 20 տարեկան է, ընդ որում՝ 2003-2005 թթ. նույնպես գրանցված է եղել Հայաստանում՝ «Արմավիայի» կազմում, որն իր հերթին մի քանի ամսով այն վարձակալման էր տվել «Վրաստանի ազգային ավիաուղիներին» («Sky Georgia»):

Ըստ ՔԱԳՎ-ի՝ «Atlantis European Airways»-ը EK-32002-ը վարձակալման է տվել մոլդովական ընկերությանը մայիսի 30-ից: Այսինքն՝ այն Հայաստանում չի շահագործվել: Սակայն թե ինքնաթիռի օդաչուները, թե տեխնիկական անձնակազմը ՀՀ մասնագետներ են: Սա նշանակում է, որ իրականացվել է «թաց լիզինգ», որի պարագայում օդանավը, անձնակազմը, տեխսպասարկումն ու ապահովագրությունը մատակարարի՝ վարձով տվողի պատասխանատվության տակ են, ինքնաթիռն օգտագործվում է մատակարարի փաստաթղթերով:

Վերադարձի պատճառը

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել հուլիսի 2-ին: Վ. Սայադյանի տեղեկացմամբ՝ Հերակլիոն վերադառնալու պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը, մասնավորապես՝ դիմացի հենասարքի (շասսիի) դիրքի տվիչների համակարգի խափանումը. «Ներկայում տարվում են աշխատանքներ՝ խափանման պատճառները հայտնաբերելու եւ ապագայում դրանք կանխելու նպատակով»:      

Մոլդովական մամուլը գրել էր, որ այդ երկրի քաղավիացիայի մարմինը, ըստ կարգի, պիտի աուդիտի ենթարկեր «թաց լիզինգով» վարձակալված օդանավը, սակայն newsmaker.md-ի՝ կառավարության տեղեկացված աղբյուրը հայտնել է, որ կասկածում է, թե նման բան արվել է:

Մոլդովայում լուրեր կային, որ օդանավը չի անցել համապատասխան տեխնիկական սպասարկում, մասնավորապես՝ այսպես կոչված «D-check», որն անցկացվում է մի քանի տարին մեկ եւ օդանավերի ամենամանրակրկիտ ստուգումն է: Մեր հարցին, թե վերջին անգամ երբ է EK-32002-ը «C-check» եւ «D-check» անցել (թեկուզ մինչեւ ՀՀ-ում գրանցվելը), Վ. Սայադյանը պատասխանել է. «Համաձայն «A320» օդանավը նախագծող եւ արտադրող «Airbus» ընկերության կողմից մշակված ներկայում գործող շահագործողատեխնիկական փաստաթղթերի՝ տվյալ տիպի օդանավի համար նախատեսված տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարման ժամկետները հաշվարկվում են ըստ թռիչքաժամերի, վայրէջքների եւ օրացուցային օրերի, այսինքն՝ պարբերական աշխատանքների «D-check» եւ «C-check» տառային խմբավորումը կիրառելի չէ: Օդանավի վրա պարբերական սպասարկման հերթական աշխատանքները իրականացվել են 02.05.2017 թ.»: Իր հերթին «Fly One»-ը newsmaker.md-ին հայտնել է, որ վերջին անգամ օդանավը տեխսպասարկում է անցել հունիսի վերջին Փարիզում եւ գտնվել է լավ վիճակում: 

Միջադեպից շատ չանցած՝ EK-32002-ը շարունակել է չվերթների բնականոն իրականացումը:

«Atlantis»-ը՝ «Fly One»-ի մատակարար

EK-32002-ը հայկական ընկերությունից վերցված միակ օդանավը չէ «Fly One»-ի շարժակազմում: Նախկինում գրել ենք նաեւ EK-32008-ի մասին (նույնպես «Airbus A320-211»), որն անցյալ տարի են մոլդովացիները վերցրել կրկին «թաց լիզինգով»: Սրա գրանցման ու թռիչքային պիտանիության վերջին սերտիֆիկատներն էլ տրվել են հունիսի 16-ին եւ վավեր են մինչեւ 2018-ի նույն օրը: Այս օդանավը 2003-ից գրանցված է Հայաստանում: Ժամանակին շահագործում էր «Արմավիան»: Վերջինիս սնանկացումից հետո ինքնաթիռի սեփականատեր «Յունիբանկն» այն հանձնեց Արամ Մարությանի (լուսանկարում) «Atlantis»-ին, որը սեփական օդային փոխադրումներ չի կատարում՝ բավարարվելով հայտնի ավիաընկերությունների հետ համագործակցությամբ:   

Այս պահին, ըստ aerotransport.org տեղեկատու կայքի, «Fly One»-ն ունի 5 հատ «Airbus A320», որոնցից երկուսն են միայն մոլդովական (ER) գրանցումով, մյուս երկուսը հայկական են (EK), մեկն էլ՝ թուրքական (TC):

«Fly One»-ը, որը ստեղծվել է 2015-ի սեպտեմբերին Քիշնեւում, ինչպես գրել ենք, իշխանական արմատներ ունի: Հիմնադրման ժամանակ 40-ական տոկոսի բաժնետեր են եղել Մարիա Չեբոտարը, որը Մոլդովայի արդարադատության նախարարի կինն է, եւ Տուդոր Կարաբաջակը, որը այդ երկրի քաղավիացիայի մարմնի նախկին ղեկավար Միրչա Մալեկայի աներն է: Մնացած 20 տոկոսի սեփականատերը ռումինացի օդաչու Նիկու-Ադրիան Բերլան է: 2016-ի աշնանը՝ երկարատեւ աղմուկից ու քննադատություններից հետո, մոլդովական մամուլը գրեց, որ նախարարի կինն իր 40 տոկոսը փոխանցել է Անդրեյ Ցուրկանին, ով Վ. Չեբոտարի հետ նախկինում աշխատել է «Air Moldova»-ում: 2017-ի սկզբին Միրչա Մալեկան պաշտոնապես դարձավ «Fly One»-ի ադմինիստրատոր:

Այս պահին հայկական EK-32002-ը եւ EK-32008-ը շարունակում են Քիշնեւից թռիչքներ կատարել տարբեր ուղղություններով: 

Առաջին լուսանկարում՝ EK-32002-ը՝ իտալական Վերոնայի երկնքում  

Մեկնաբանություններ (2)

հեղինակ
Զարմանալի է, բայց օդանավի տեխնիկական սպասարկում իրականացնող «Աքիլա Տեխնիքսի» ներկայացուցիչները ինչ-որ բանից դժգոհ են: Հոդվածում գրված է, որ օդանավը տեխնիկական անսարքության պատճառով վերադարձել է, «Fly One»-ը ուղեւորներին տհաճություններ է պատճառել (երկար ժամանակ սպասեցրել է առանց որեւէ պարզաբանման ու օգնության. Մոլդովայում այս ընկերության վերաբերյալ դժգոհությունները քիչ չեն՝ կապված, մասնավորապես, չվերթերի ուշացումների հետ), սակայն միաժամանակ ուղեւորները նշել են, որ օդաչուների շնորհիվ են հաջող վայրէջք կատարել: Միաժամանակ Մոլդովայում լուրեր են տարածվել, թե օդանավը համապատասխան տեխսպասարկում անցած չի եղել (ըստ էության, սա եղել է միջադեպի պատճառահետեւանքային կապի վարկածներից մեկը), ինչը իրենց հերթին հերքել են ՀՀ ՔԱԳՎ-ն ու մոլդովական օպերատորը: Եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս, որ ներկայացվել են տարբեր կողմերի կարծիքներ, այդ թվում՝ տեխսպասարկման մասով, դա նրա խնդիրն է: Թեման ներկայացված է բազմակողմանի:
Gevorg
Բայց ինչ վատ բանա եղել, որ՞։ Մարդիկ նորմալ գործել են, կարգին վայրէջք են արել, մեկ օրից էլ թռել հետ։ Հայկական կողմին ինչ պրիտենզիա կա որ՞։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter