HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հեղափոխություն՝ 60 հազար դոլարով. գործողությունների պլանը, թիրախավորված պետական շենքներն ու անձինք՝ ըստ մեղադրանքի

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր, շուրջ 7 ամիս անց սկսեց «Նորքի զինված խմբի» գործով դատաքննության փուլը:

Այսօր Շիրխանյանը բերվեց նիստերի դահլիճ. դատարանը բավարարեց վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունն այն մասին, որ Շիրխանյանը դահլիճ բերվի  և դատավորի՝ դահլիճ մուտք գործելիս չկանգնի՝ հաշվի առնելով, որ առողջական խնդիրներ ունի: Այսպիսով, կարելի է ասել, վերացավ դատական նիստերը հետաձգելու ևս մեկ պատճառ:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ ոտքի չկանգնելու շուրջ վիճաբանությունից հետո դատավորը Շիրխանյանին դահլիճից հեռացրել էր, որից հետո նա այլևս դահլիճ չէր բերվել առ այսօր. ամբաստանյալն իր պաշտպան Հայկ Ալումյանին չէր լիազորել առանց իր ներկայության մասնակցել դատական նիստերին, իսկ ամբաստանյալի և վերջինիս պաշտպանի բացակայության պայմաններում, ըստ էության, նիստեր չէին կայանում:

Այսօր մեղադրող կողմն ընթերցեց ամբաստանյալների վերաբերյալ մեղադրական եզրակացությունները:

Մասնավորապես՝ ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանը, 2015 թվականի ապրիլից  գտնվելով  Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն: Կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերվել, պահվել, փոխադրվել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր, որի  նպատակը եղել է  Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնելը, այսինքն` զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Ըստ գործի նյութերի՝ Իսպանիայում մշտապես բնակվող Արթուր Վարդանյանն ու Գյումրիում գործող «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն Անտոն Դիկրան Թոթոնջյանը միմյանց հետ սկայպի միջոցով կապվել են Քեսաբում տիրող լարված իրավիճակի ժամանակ: Այս ընթացքում Վարդանյանը պարբերաբար այցելելիս է եղել Քեսաբ ու տիրող իրավիճակի վերաբերյալ հարցազրույց է տվել «Ռադիո Մարիամ»-ին:

2015-ի մայիսի 27-ին Արթուր Վարդանյանը ժամանել է Հայաստան և անձամբ ծանոթացել Անտոն Դիկրան Թոթոնջյանի հետ: Զրույցների ժամանակ երկուսով եկել են այն եզրահանգման, որ Հայաստանում ստեղված սոցիալ-տնտեսական իրավիճակի, Արցախի հարցում զիջումների ելքն իշխանափոխությունն է, այսինքն՝ իշխանության զավթումը բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի ներքո:

Արթուր Վարդանյանն, ունենալով ռազմական հմտություններ, ըստ մեղադրանքի` ստանձնել է ստեղծել հանցավոր համագործակցություն, իսկ ֆինանսավորումն իր վրա է վերցրել Անտոն Դիկրան Թոթոնջյանը:

Ապա սկսվել է Հայաստանի քաղաքացիներին խմբի մեջ ներգրավելու և զենք, պայթուցիկ նյութեր և այլ անհրաժեշտ ռազմամթերք ձեռք բերելու գործընթացը: Այս նպատակով Վարդանյանը Թոթոնջյանից պարբերաբար՝ ընդհանուր առմամբ շուրջ 60 հազ. ԱՄՆ դոլար գումար է ստացել:

Արցախի ազատագրմանը մասնակցած անձինք ընդգրկվել են այս համագործակցության մեջ՝ հաշվի առնելով նրանց ռազմական փորձն ու զենքին տիրապետելու հմտությունները:

Ըստ մեղադրանքի` հիմնականում այս կազմում ներգրավվել են այն ազատամարտիկները, որոնք սոցիալապես խոցելի են եղել, ունեցել են նյութական խնդիրներ, բացի այդ՝ Թոթոնջյանը խմբի մեջ է ներգրավել նաև իր շրջապատի մարդկանց:

Հայաստանում տևական ժամանակ մնալու և կասկած չհարուցելու համար Արթուր Վարդանյանը շրջապատում տարածել է կեղծ տեղեկություն` իբր պատրաստվում է մշակութային բարեգործական գործունեություն ծավավել, անգամ այդ տեղեկությունն արժանահավատ դարձնելու նպատակով մարզամշակութային հասարակական կազմակերպություն է ստեղծել:

Ըստ մեղադրանքի՝ 2015-ի մայիսին Անտոն Դիկրան Թոթոնջյանն ու «Ռադիո Մարիամ» ընկերության լրագրող Լիլիթ Թորոսյանը մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու եկեղեցու կողմից կազմակերպված և Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման, և այնտեղ վարդապետ Պետրոս Պետրոսյանի միջոցով ծանոթացել են վերջինիս ազգական, ՊՆ նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի հետ: Նրանց միջև հանդիպումները հետագայում շարունակական են եղել:

Իմանալով, որ Շիրխանյանն անձնապես ճանաչում է 2015-ին Պաշտպանության նախարար եղած Սեյրան Օհանյանին և վերջինիս աջակցությունը ստանալու նպատակ ունենալով՝ Արթուր Վարդանյանն ու Անտոն Դիկրան Թոթոնջյանն, ըստ մեղադրանքի, Վահան Շիրխանյանին խնդրել են ապահովել հնարավոր գործողության ընթացքում բանակի աջակցությունը կամ առնվազն չեզոքությունը, և Շիրխանյանը համաձայնել է մասնակցել հանցավոր համագործակցությանը և պարտավորություն ստանձնել ապահովել բանակի աջակցությունը կամ չեզոքությունը:

Վահան Շիրխանյանն, ըստ մեղադրանքի, Արթուր Վարդանյանին առաջարկել է իշխանափոխության հասնել պետական մարմինների վրա առանց բացահայտ հարձակումներ գործելու և Հայաստանի Հանրապետության նախագահի դեմ հնարավոր տարբեր եղանակներով ու հանգամանքներում մահափորձ իրականացնելու միջոցով:

Խումբը քաղաքացիներով համալրելու գործընթացը շարունակվել է. խմբում ներգրավված անձինք խումբ են ներգրավել նոր անձանց, և Արթուր Վարդանյանը նրանց բոլորին հեռախոսահամարներ է տվել, որպեսզի անհրաժեշտության դեպքում միայն այդ հեռախոսահամարներով կապ հաստատեն միմյանց հետ, խմբի անդամներին տրվել է նաև զենք:

Ըստ մեղադրանքի՝ իշխանության զավթման համար բավարար համախոհներ հավաքագրելով՝ Արթուր Վարդանյանը նախատեսել է հարձակումներ գործել հետևյալ պետական շենքերի վրա.

- Նախագահի նստավայր. Արթուր Եղիազարյան, Խաչիկ Ավետիսյան և նրանց հետ ևս 20 անձ:

- Ազգային ժողով. Վաղինակ Ստեփանյան, Վլադիմիր Առաքելյան, Արթուր Վարդանյան և նրանց հետ ևս 20 անձ:

- Սահմանդրական դատարան. Գևորգ Ջնդոյան, Տիգրան Բոյաջյան և նրանց հետ ևս 10 անձ:

- Կառավարոթյուն. Արկադի Մարդոյան, Արա Պողոսյան և նրան հետ ևս 20 անձ:

- Հանրային հեռուստաընկերություն. հեռուստաընկերության աշխատակից Արման Հայրապետյան, Ավետիս Բարայան, Մարինե Կաթանյան, Ասյա Մկրտչյան և նրանց հետ ևս 10 անձ:

Նելլի Մինասյանը մասնակցելու էր կամ նախագահի նստավայրի կամ Ազգային ժողով վրա կատարվելիք հարձակմանը:

Սակայն, ըստ գործի նյութերի, հասկանալով, որ բավարար ռեսուրսներ չկան, Արթուր Վարդանյանը փոխել է ծրագրերն ու որոշել Հանրային հեռուստաընկերության, Ազգային ժողովի և նախագահի նստավայրի վարչական շենքերի վրա հարձակումն իրականացնել:

Քննարկվել է նաև ՀՀ նախագահի օդանավը խոցելու հնարավորությունը: Արթուր Վարդանյանը Էդուարդ Ներսիսյանի միջոցով ծանոթացել է Հարություն Սարիբեկյանի հետ, ով, ըստ մեղադրանքի, պատրաստակամություն է հայտնել ականանետով կամ գնդացրով խոցել ՀՀ նախագահի ինքնաթիռը: Սակայն, այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել:

Ըստ գործի նյութերի՝ Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը և Ասյա Մկրտչյանը մեկ անգամ իբր հաղորդում նայելու պատրվակով գնացել են Հանրային հեռուստաընկերություն, որի իրական նպատակը, սակայն, եղել է տեղանքին ծանոթանալը:

Վերը նշված և մի շարք այլ հանգամանքների շրջանակներում են ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները:

Նշենք, որ մինչ դատաքննության սկսվելը գործի նախապատրաստական փուլում քննարկվեցին մի շարք միջնորդություներ:

Նախորդ դատական նիստի ավարտից հետո այս գործով ամբաստանյալ Էդուարդ Ներսիսյանի (հայտնի է որպես Ապար- հեղ) պաշտպան Կարմեն Պողոսյանը բարձրաձայնել էր այն մասին, որ շարունակ հետաձգվող դատական նիստերի պատճառով չի կարողանում իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել՝ չնայած նա հիվանդ է և կալանավայրում ուղեղային կաթված է ստացել:

Այսօր պաշտպանը որոշեց հետաձգել միջնորդությունն այս փուլում ներկայացնելը՝ չնայած այդպիսի հնարավորություն նրան տրվել էր: Բանն այն է, որ Պողոսյանն այսօր Էդուարդ Ներսիսյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել՝ պարզելու համար՝ նրան կալանավայր տեղափոխելու պահից առ այսօր առողջական վիճակը վատացել է, թե ոչ, ինչպես նաև` հասկանալու համար, թե արդյոք Էդուարդ Ներսիսյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ: Դատարանը մասնակի բավարարեց միջնորդությունը. դատաբժշկական փորձաքննություն իրականացնող փորձագետներին հարցադրումներ կարվեն՝ պարզելու, թե արդյոք փոխվել է ամբաստանյալի առողջական վիճակը: Ըստ դատավորի որոշման եզրափակիչ մասի՝ անհրաժեշտության դեպքում փորձագետներին այլ հարցեր ևս կտրվեն:

Այսօր ներկայացված մյուս բոլոր միջնորդությունները դատարանը մերժեց. դրանք վերաբերում էին ամբաստանյալների նկատմամբ ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոցների ընտրությանը: Մերժվեցին ամբաստանյալներ Արթուր Վարդանյանի, Հարություն Սարիբեկյանի, Արթուր Եղիազարյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունները: Հատկանշական է, որ Եղիազարյանի պաշտպանը միջնորդությունը ներկայացնելիս նշեց, թե Եղիազարյանը խոստովանական ցուցմունքներ է տվել, օգնել հանցագործության բացահայտմանը:

Խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նաև Խաչիկ Ավետիսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը, սակայն Ավետիսյանը չմիացավ պաշտպանի միջնորդությանը:

«Ես մեկ անգամ մասնակցել եմ այսպիսի դատավարության, երբ Ադրբեջանի իշխանություններն էին ինձ դատում, ու ոչ մի տարբերություն չեմ տեսնում այս դատավարությունների միջև»,- ասաց Ավետիսյանը` ընդգծելով, որ ինքը դատարանից ճիշտ որոշում չի ակնկալում:

Դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ Անտոն Դիկրան Թոթոնջյանի պաշտպանը հայտնեց, որ իր պաշտպանյալը, որն ազատության մեջ է, վիրահատություն է տարել և սուր ցավեր ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter