HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Կանգնել, թե չկանգնել. այս է խնդիրը». Շիրխանյանի` ոտքի կանգնելու հարցի քննարկումը դատական նիստին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «զինված խմբի» գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի մասնակցությամբ կայացած բոլոր նիստերը սկսվել են մեկ հարցի քննարկմամբ՝ ինչո՞ւ Շիրխանյանը ոտքի չի կանգնում:

Այսօր տեղի ունեցած դատական նիստին Շիրխանյանը դարձյալ ոտքի չկանգնեց, և դատավոր Արմեն Բեկթաշյանը մեկ անգամ նրա նկատմամբ նախազգուշացման տեսքով սանկցիա կիրառեց՝ հայտնելով, որ եթե շարունակի անհարագալից վերաբերմունք դրսևորել դատարանի նկատմամբ, ապա նրան նիստերի դահլիճից կհեռացնի:

Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանն առարկեց դատավորի գործողությունների դեմ՝ նշելով, որ թեև Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ փորձագիտական եզրակացության համաձայն՝ նա ի վիճակի է ներկայանալ դատական  նիստին, այդ եզրակացության մեջ ասված չէ, թե իր պաշտպանյալն ի վիճակի է ոտքի կանգնել: Ալումյանը պնդեց, որ Շիրխանյանն ի վիճակի չէ կանգնել:

«Հիմնավորե´ք, պարո՛ն Ալումյան»,- պատասխանեց Արմեն Բեկթաշյանը:

«Ո՞նց հիմնավորի. բոլորը ծախված են»,-արձագանքեց դահլիճում ներկաներից մեկը:

Քիչ անց ամբաստանյալ Վահագն Սալնազարյանի պաշտպան Մնացական Մարտիրսյանն իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց, և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Երբ դատական նիստը վերսկսվեց, Վահան Շիրխանյանը դարձյալ ոտքի չկանգնեց: Դատավոր Բեկթաշյանը նախ հրապարակեց միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը, ապա դարձյալ անդրադարձավ Շիրխանյանի վարքագծին:

Դատավորը նշեց, որ դահլիճում ներկա է անգամ երկրորդ կարգի հաշմանդամ, որը ոտքի է կանգնում, ապա ցանկացավ Շիրխանյանի նկատմամբ  ևս մեկ անգամ նախազգուշացման տեսքով սանկցիա կիրառել՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար, երբ Շիրխանյանը նրան ընդմիջելով՝ հարցրեց, թե արդյոք  դատարանն իր իրավունքները հարգում է:

«Իհարկե, վեց ամիս հետաձգել ենք դատական նիստերը, ապա փորձաքննություն նշանակել»,- ասաց Բեկթաշյանն ու նորից պահանջեց, որպեսզի Շիրխանյանը ոտքի կանգնի:

«Դուք չեք հասկանում»,- ցանկանում էր շարունակել Շիրխանյանը, երբ դատավոր Արմեն Բեկթաշյանը հունից դուրս եկավ:

«Ինչպես թե՝ դուք չեք հասկանում, այսինքն` դուք արդեն վիրավորո՞ւմ եք դատարանին»,- ասաց դատավորն ու որոշեց Շիրխանյանին 3 ժամով  հեռացնել նիստերի դահլիճից՝ հայտարարելով, թե դատական նիստը հետաձգվում է:

Ապա Հայկ Ալումյանը հեռացավ դատարանից, քանի որ իր պաշտպանյալը նրան չէր թույլատրել առանց իր ներկայության մասնակցել նիստին:

Քիչ անց նիստը շարունակվեց: Դատախազ Արամ Արամյանը դատարանին միջնորդեց Ալումյանի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հարցով դիմել Փաստաբանների պալատ` նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու պահանջով: Չնայած գործով բոլոր փաստաբանների առարկությանը` դատավոր Բեկթաշյանը բավարարեց դատախազի միջնորդությունը:

Ապա դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտնեց, թե կդիմի Հանրային պաշտպանի գրասենյակ` Շիրխանյանին պաշտպան տրամադրելու համար:

«Ալումյանին հեռացրի՞ք»,- հարցրեց փաստաբան Հովիկ Արսենյանը:

«Ոչ, բայց ամբաստանյալը դահլիճից հեռացված է, պաշտպանի մասնակցությունը պարտադիր է»,- պատասխանեց Արմեն Բեկթաշյանը: Ապա փաստաբաններն ընդգծեցին, որ հանրային պաշտպան ներգրավելու համար դատարանը պիտի ունենա ամբաստանյալ Շիրխանյանի համաձայնությունը: Այս հարցը վերջնական լուծում չստացավ, և դատարանը հետաձգեց դատական նիստը:

Մինչ այդ քննարկվեց նաև ամբաստանյալ Շիրխանյանի ոտքի կանգնել կամ չկանգնելու հարցը: Փաստաբան Ինեսսա Պետրոսյանն ընդգծեց, որ Շիրխանյանը բազմաթիվ հիվանդություններ ունի, որոնք առկա են հենց այն նույն եզրակացության մեջ, որի համաձայն նա ի վիճակի է ներկա գտնվել դատական նիստին:

«Շիրխանյանը չի հայտարարել, թե չի հարգում դատարանին, նա ասում է, որ ի վիճակի չէ կանգնել: Դատարանն ինքը պետք է ասեր, որ Շիրխանյանը ոտքի չկանգնի, բայց շարունակ սանկցիաներ է կիրառում մի անձի նկատմամբ, ով ի վիճակի չէ կանգնել»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Արմեն Բեկթաշյանը հակադարձեց, թե իրեն նման միջնորդություն չի ներկայացվել, որպեսզի ինքն էլ թույլտվություն տար:

«Շիրխանյանին աթոռին նստեցրած են բերում նիստին, նա ողնաշարի հետ կապված խնդիր ունի»,- հակադարձեց Սյուզաննա Խչեյանը` նկատի ունենալով, որ դատարանի համար առանց միջնորդության էլ ակնհայտ է, որ Վահան Շիրխանյանն ի վիճակի չէ կանգնել:

Դատախազ Արամ Արամյանն էլ դիրքորոշում հայտնեց, որ եթե Շիրխանյանի` դատական նիստին պատշաճ վարքագիծ դրսևորելու, այդ թվում՝ ոտքի կանգնելու վերաբերյալ որևէ խոչընդոտ լիներ, ապա փորձագիտական եզրակացության մեջ նաև այդ մասին ասված կլիներ:

Հովիկ Արսենյանն էլ նկատեց, որ բազմաթիվ դատական նիստերի ժամանակ դատարանը հենց ինքն է առաջարկում, որպեսզի գործով անցնող ու առողջական որոշակի խնդիրներ ունեցող անձինք չկանգնեն:

«Այդ բոլոր դեպքերում փորձագետի եզրակացություն չի պահանջվում. կա նաև հարցի բարոյական կողմը: Ամեն ինչ չէ, որ պետք է գրել: Ես չեմ կարողանում հասկանալ` մի՞թե անհնար է հաշվի առնել անձի տարիքը, այն, որ երկար ժամանակ այդ անձի առողջական խնդիրների պատճառով ձգձգվել են դատական նիստերը...բարոյական չէ»,- ասաց Հովիկ Արսենյանը:

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter