HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը պարզաբանում է Վարդան Հարությունյանի որդիներին արտոնություն տրամադրելու փաստը

«Հետքը» հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել էր նաև ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանի որդիների մասնակցությամբ ընկերությանը կառավարության կողմից տրված արտոնություններին: ՊԵԿ-ի պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Օրերս մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ, անդրադառնալով ՀՀ կառավարության վերջին նիստին, որտեղ որոշում է ընդունվել ՊԵԿ նախագահի որդիների հետ փոխկապակցված ընկերությանը ԱԱՀ-ի վճարման ժամկետը 3 տարի հետաձգելու և ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրելու մասին, տվել են չփաստարկված, իրականության հետ կապ չունեցող որակումներ: Մասնավորապես, նշված բիզնեսով զբաղվելու նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են ավելի քան մեկ տարի առաջ, երբ Վարդան Հարությունյանը դեռևս բիզնես ոլորտից չէր տեղափոխվել պետական համակարգ աշխատանքի: Ինչ վերաբերում է նրա որդիների բիզնեսում մասնակցությանը` ապա ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացնելիս գնահատման միակ չափանիշը օրենսդրությանը համապատասխան գործունեության կազմակերպումը պետք է լինի` անկախ պաշտոնյայի  որդի լինել կամ չլինելու հանգամանքից: Փաստենք, որ իրականացվող ներդրումները, գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաներ ներմուծելը Վ. Հարությունյանի որդիները նախաձեռնել են ոչ թե արտերկրում, այլ Հայաստանում` ստեղծելով նոր աշխատատեղեր: ԱԱՀ-ի վճարումը երեք տարով հետաձգելու հետ կապված էլ նշենք, որ առնվազն տարօրինակ կլիներ ներդրողների համար օրենսդրությամբ սահմանված արտոնությունից չօգտվելը, անկախ պետական պաշտոնյայի հետ ունեցած բարեկամական կապերից: Այսօր շատ ներդրողներ օգտվում են օրեսդրության ընձեռած հնարավորությունից, ինչի մասին են վկայում այդ առնչությամբ ընդունված կառավարության բազմաթիվ որոշումները:

Տեղեկացնենք նաև, որ ՊԵԿ-ը դեռ մի քանի ամիս առաջ է հանդես եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է մեքենասարքավորումների և հումքի ներմուծումն առհասարակ ազատել ավելացված արժեքի հարկից: Եվ դա կտարածվի բոլոր տնտեսվարող սուբյեկտների կողմից հուլիսի 1-ից հետո կատարված ներմուծումների վրա: Այդպիսով, ՊԵԿ-ը ՀՀ-ում գործող տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է ընձեռում բարձրացնել շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը` ֆինանսական բեռն էապես նվազեցնելու միջոցով ստեղծել լրացուցիչ հարկային խթաններ մեքենաներ, սարքավորումներ եւ հումքային ապրանքներ ներմուծող տնտեսվարողների համար: Ազգային ժողովում արդեն շրջանառության մեջ են ՊԵԿ-ի հեղինակած օրենսդրական փաթեթները, չնայած այն հանգամանքին, որ այդ նախագծերի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել բացասական:

Հ.Գ. Կառավարության վերոհիշյալ որոշման հետ, ի դեպ, Պետական եկամուտների կոմիտեն որևէ առնչություն չի ունեցել, ինչի մասին կարելի էր տեղեկանալ կառավարության նիստի օրակարգին թեկուզ հպանցիկ ծանոթանալու միջոցով»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter