
ՊԵԿ նախագահի որդիների հետ փոխկապակցված ընկերությունը արտոնություններ ստացավ
Կառավարության այսօրվա նիստում պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի որդիներին պատկանող «Գրին ֆարմեր» ընկերությունը ներմուծման մաքսատուրքից ազատման և ԱԱՀ հարկի վճարման ժամկետը 3 տարի հետաձգելու արտոնություն ստացավ։
Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ ՊԵԿ նախագահի որդիներ՝ 21-ամյա Հենրիկ Հարությունյանը և 22-ամյա Ռուբեն Հարությունյանը կիսում են 17-ական % բաժնեմասեր, իսկ ընկերության 66 % բաժնեմասը պատկանում է Արման Աբրահամյանին։
Հենրիկ Հարությունյանը մոր՝ Զարինե Դանիելյանի հետ գրանցված է նույն հասեցում։ Իսկ Հարությունյանի մյուս որդին՝ Ռուբենը, թեև իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ ընտանիքի մյուս անդամների հետ հաշվառված է նույն հասցեում, բայց ընտրողների ռեգիստրում նրա գրանցման վայր է նշված Ազատության պողոտայի հասցեներից մեկը, որտեղ, ինչպես արդեն հայտնել ենք, շինություն է ձեռք բերել Զարինե Դանիելյանը։
Այժմ անդրադառնանք ստացած արտոնություններին։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի առաջարկով գործադիրը որոշեց ընկերությանը թույլատրել այս տարվա հուլիսի 21-ից մինչև մյուս տարվա հուլիսի 31-ը ներմուծել ապրանքներ՝ ԱԱՀ հարկի վճարման ժամկետը 3 տարի հետաձգելով։
Ըստ նախագծի՝ ընկերությունը Իտալիայից ներմուծելու է 11 անուն սարքավորում, որը նախատեսում է օգտագործել Արարատի մարզի Երասխ համայնքում կառուցվող ինտենսիվ այգիներում։
Որոշման նախագծով՝ ընկերությունը պատրաստվում է կատարել շուրջ 1,27 մլրդ դրամի ներդրում:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ ներմուծվող 88 անուն տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից:
Ստացվում է՝ ՊԵԿ-ը իր նախագահի որդիներին պատկանող ընկերությանը ազատում է մաքսատուրքի վճարից և երեք տարով հետաձգում ԱԱՀ-ի արժեքի վճարը։
Ընկերությունը, բացի Երասխ համայնքում կառուցվող ինտենսիվ այգիներից, Հրազդան քաղաքում նաև կառուցում է լոլիկի ջերմոցային տնտեսություն։ Հունիսի 20-ին գյուղնախարար Իգնատի Առաքելյանը աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում, որտեղ մարզպետ Կարապետ Գուլոյանի և Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի ուղեկցությամբ այցելել է ՊԵԿ նախագահի որդիներին պատկանող լոլիկի արտադրության ջերմոցային համալիր: Ինչպես տեղեկանում ենք այցելության մասին հրապարակված հաղորդագրությունից՝ «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Հունանյանը հայտնել է, որ մինչ տարեվերջ նախատեսում են ավարտել ջերմոցային համալիրի շինարարությունը, որի համար ներդնելու են 5,5 մլրդ դրամ:
Ընդհանրապես, նախարարների, այլ բարձրաստիճան պաշտոնյանների համար ավանադույթ է դառնում այլ պաշտոնյաների զավակների բիզնեսներ այցելելը։ Մեկ ամիս առաջ էլ վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ դրանից առաջ` նախագահ Սերժ Սարգսյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը այցելել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերություն։
Մեկնաբանել