ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Սա ձեզ համար բուֆետ չի, որ շշերը վերցնեք գաք. «Սասնա ծռեր»-ի գործով դատավորը դարձյալ հեռացավ` սանկցիա կիրառելու



ՊՊԾ գնդի գրավման գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը քիչ առաջ հրապարակեց որոշումը, որով սանկցիա կիրառեց այն փաստաբանների նկատմամբ, որոնք դատարանի միջանցքում ստեղծված խոչընդոտների պատճառով չէին կարողացել մուտք գործել նիստերի դահլիճ: Ըստ դատավորի` փաստաբաններ Արա Զաքարյանը, Մուշեղ Շուշանյանը, Արայիկ Պապիկյանը, Հայկ Ալումյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսևորել, ուստի Գաբրիելյանը խորհրդակցական սենյակում որոշել է նրանց պատասխանատվության ենթարկելու համար դիմել Փաստաբանների պալատ:

Սանկցիաներն այսքանով չվերջացան:

Երբ դատավորը ներս մտավ, ամբաստանյալները ոտքի չկանգնեցին: Սա դատավորը գնահատեց որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք և հայտնեց, որ բացի Պավել Մանուկյանից, Աշոտ Պետրոսյանից և Արմեն Լամբարյանից, ովքեր առողջական խնդիրներ ունեն, մյուս բոլոր անձանց նկատմամբ նախազգուշացման տեսքով սանկցիա է կիրառում:

Ապա դատավորը տասը ժամով դահլիճից հեռացրեց ամբաստանյալ Կարո Եղնուկյանին:

Վերջինս իր հետ պլաստմասե շիշ էր բերել դահլիճ և հրաժարվել էր այն հանձնել ոստիկաններին: Դատավորը նշեց, որ հաշվի առնելով շոգ եղանակային պայմանները` դատարանը քայլեր է ձեռնարկել և ջրի ապարատ տեղադրվել դահլիճում, որպեսզի դատավարության մասնակիցները ցանկության դեպքում ջուր խմեն, ապա Եղնուկյանին խնդրեց շիշը հանձնել ոստիկաններին: Եղնուկյանը հրաժարվեց ու նշեց, որ ինքը մշտապես թորած ջրով է դատարան գնում, որ դա իր համար դեղ է և չի պատրաստվում հանձնել շիշը:

Սա եղավ պատճառ, որ դատավորը նրան տասը ժամով հեռացնի դահլիճից:

Պաշտպան Տիգրան Հայրապետյանը փորձում էր առարկել դատավորի գործողությունների դեմ, սակայն դատավորն արգելեց:

«Դուք մանկապարտեզ եք սարքել այս դահլիճը»,- ասաց Հայրապետյանն ու փորձում էր շարունակել իր հայտարարությունը` պնդելով, որ ինքը իրավունք ունի հայտարարություն անելու և առարկություններ ներկայացնելու դատավորի գործողությունների դեմ, սակայն դատավորը դարձյալ պահանջում էր, որպեսզի պաշտպանը դադարեցնի հայտարարությունն ու պնդում, որ վերջինս պարտավոր է ենթարկվել դատավորի օրինական պահանջին:

«Օրինական պահանջին, ոչ թե մանկապարտեզի կանոններին»,- ի պատասխան դատավորի հայտարարությունների` ասաց Հայրապետյանը: Այս ընթացքում դատավորը մեկ անգամ նախազգուշացման տեսքով սանկցիա կիրառեց պաշտպանի նկատմամբ, ապա տեսնելով, որ Հայրապետյանը չի պատրաստվում լռել` հեռացավ խորհրդակցական սենյակ` այժմ էլ փաստաբան Հայրապետյանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ