HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հանքահումքն ավելի է ամրապնդել դիրքերը Հայաստանի արտահանման կազմում

Հայաստանում հանքարդյունաբերության ծավալներն աճում են, սակայն նախորդ տարվա կեսերից տեմպերի դանդաղում է նկատվում։ Հակառակ դրան՝ արագացել է հանքահումքի արտահանման աճը։ Այս ապրանքախումբն ավելի է ամրապնդել դիրքերը արտահանման կազմում։

Այս տարվա հունվար-հունիսին հանրապետությունում հանքարդյունաբերության ծավալը կազմել է շուրջ 156 մլրդ դրամ։ Նախորդ տարվա՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն 8.9%-ով աճել է։ 2016-ի առաջին կիսամյակում ոլորտում գրանցվել էր 18.8%  աճ, իսկ տարվա երկրորդ կեսից աճի տեմպը դանդաղել է, ինչի արդյունքում հանքարդյունաբերության ծավալների տարեկան աճը կազմել է 8.3%: 2015-ին, օրինակ, ոլորտում ավելի քան 50.4% աճ է գրանցվել։

Հայաստանում, հանքարդյունաբերություն ասելով, պետք է հիմնականում նկատի առնել մետաղական հանքաքարի արդյունահանումը։ Հանքարդյունաբերության բաժինն հայաստանյան արդյունաբերության մեջ էական ծավալներ ունի. այն զբաղեցնում է ամբողջ արդյունաբերության շուրջ 20%-ը։ Հետևաբար, այս ոլորտում գրանցված աճը նպաստում է ամբողջ արդյունաբերության աճին։ Նշենք, որ ամբողջ արդյունաբերեությունը կես տարում աճել է 12.4%-ով։

Հայաստանի արտահանման կազմում առաջատարը պղնձի խտանյութն է։ Այս տարվա հունվար-հունիսին արտադրվել է շուրջ 206 հազար տոննա պղնձի խտանյութ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 6.9%-ով ավելացել է։ Ավելի համեստ են մոլիբդենի ու կոնվերտորային պղնձի ցուցանիշները` համապատասխանաբար շուրջ 9 հազար և շուրջ 6 հազար տոննա։ Արդյունահանվում  է նաև ոսկու հումք և արտահանվում դորե համաձուլվածքի տեսքով, սակայն դրա արդյունահանման ծավալները կիսամյակային վիճակագրական տեղեկագրում առանձնացված չէ։

Կես տարում շուրջ 298 մլն դոլարի հանքահումք է արտահանվել

Հանքահումքը ՀՀ արտահանման խոշորագույն խումբն է։ Այս տարվա առաջին կիսամյակում այն ապահովել է ամբողջ արտահանման  30%-ը։ Նախորդ տարվա առաջին կիսամյակում այդ ցուցանիշը  26.5% էր։

Այս տարվա առաջին կեսին Հայաստանից 297.6  մլն դոլարի հանքահումքային արտադրանք է արտահանվել։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի արտահանման համեմատ այն 36.3%-ով աճել է։ Իսկ նույն ընթացքում հանքահումքի արդյունահանումն, ինչպես նշեցինք, աճել է ավելի ցածր տեմպերով՝ 8.9%-ով։ Արտահանման աճի ավելի բարձր տեմպը կարող է նշանակել, որ կամ հանքահումքի որոշ տեսակներ ավելի թանկ գնով են արտահանվել, քան նախորդ տարի, կամ արտահանվել է հանքահումք, որն արդյունահանվել է ոչ թե առաջին կիսամյակում, այլ դրանից առաջ։ Բացի այդ, նախորդ տարվա առաջին կիսամյակում հանքահումքի արտահանման ծավալները նվազել էին 11.1%-ով, ինչը նշանակում է, որ այս տարվա աճը մասամբ պայմանավորված է նախորդ տարվա համեմատաբար ցածր ցուցանիշով։

Իսկ բացարձակ թվով առաջին կիսամյակում հանքահումքի արտահանման աճն ավելի քան 79 մլն դոլար է։ Այս ցուցանիշով հանքահումքը աճ գրանցած արտահանված ապրանքների շարքում առաջատարն է։ Համեմատության համար՝ պատրաստի սննդի արտահանումն աճել է մոտ 59 մլն դոլարով, ոչ թանկարժեք մետաղներինն ու դրանցից պատրաստված իրերինը՝ մոտ 28 մլն դոլարով և այլն։

Վերջին հինգ տարիներին առաջին կիսամյակների կտրվածքով այս տարի հանքահումքի արտահանման ծավալներն ամենաբարձրն են։ Նման տեմպերով շարունակելու դեպքում տարեկան կտրվածքով ևս հանքահումքի արտահանումն ամենամաբարձրը կլինի վերջին հինգ տարիների համեմատությամբ։ Սա մի կողմից լրացուցիչ մուտքեր է ավելացնում ՀՀ պետբյուջե, աշխատատեղեր ապահում և այլն, մյուս կողմից՝ մեծացնում Հայաստանի տնտեսական կախվածությունը գունավոր մետաղների համաշխարհային գներից, դատարկվում է ընդերքը՝ առաջացնելով բազմաթիվ բնապահպանական խնդիրներ և այլն։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Հանքարդյունաբերությունից պետբյուջե հոսող հարկերը

Հայաստանում 10-ից ավելի հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ մշտապես հայտնվում են երկրի 1000 խոշոր հարկատուների շարքում։ Այս տարվա առաջին կիսամյակի ցանկից առանձնացրել ենք այն ընկերությունները, որոնց վճարած հարկերի ծավալը գերազանցել է կես միլիարդ դրամը։ Այդ ընկերությունների թիվը 9 է։

Այսպես, այս տարվա առաջին կիսամյակում հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է (ԶՊՄԿ)։ Վեց ամսում ընկերությունը վճարել է 9.7 մլրդ դրամի հարկ։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այն ավելի քան եռապատկել է։ Այսպիսով, ընկերության «ցատկը» խոշոր հարկատուների շարքում զգալի է՝ նախորդ տարվա առաջին կիսամյակում 17-րդ տեղում էր, այս տարի՝ 5-րդ։ Հիշենենք, որ ԶՊՄԿ-ն 2011-2015թթ. մշտապես գտնվել է խոշոր հարկատուների առաջին հնգյակում, առավել հաճախ՝ առաջին և երկրորդ հորիզոնականներում։ 2016-ից էականորեն զիջել է դիրքերը, ինչը ընկերությունը պայմանավորում էր համաշխարհային շուկայում պղնձի ու մոլիբդենի գնանկման ազդեցությամբ։ Այս տարի վերադասավորում է նկատվում։

Ոլորտի հաջորդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ»-ն է, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրն ու Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկան: Կես տարում վճարել է 8.2 մլրդ դրամ՝ կրկնապատկելով հարկերը։ Արդյունքում 15-րդ հորիզոնականից բարձրացել է 6-րդ հորիզոնական։

Ոլորտի խոշոր հարկատուների առաջին եռյակը եզրափակում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ընկերությունը։

Ընկերությունը հունվար-հունիսին վճարել է 6 մլրդ դրամի հարկ։ Նախորդ տարվա համեմատ հարկերը նվազեցրել է 1.8 մլրդ դրամով կամ 23%-ով։

Ոլորտի ամենախոշոր հարկատուներն են (որոնց հարկերն առաջին կիսամյակում գերազանցել են կես միլիարդ դրամը) նաև «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ը, «Լիդիան Արմենիա»-ն, «Արմենիան  մայնինգ քոնթրաքթոր»-ը, «Մաքուր երկաթի գործարան»-ը, «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ը, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը։

Նրանցից միայն «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, որ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազեցրել է հարկերի ծավալը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter