HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Դինգո Թիմ»-ն առաջարկում է Երևանի քաղաքապետարանին շների զբոսանքի համար հատուկ տարածքներ հատկացնել

Կենդանիների պաշտպանության հարցերով զբաղվող «Դինգո Թիմ» հասարակական կազմակերպությունը մտահոգություն է հայտնում վերջին շրջանում Երևանի տարբեր այգիներում շների զբոսանքն արգելող ցուցանակների ավելացման առնչությամբ:

Մայրաքաղաքում այս պահին չկան շների զբոսանքի համար նախատեսված վայրեր: ՀԿ-ն բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով և առաջարկելով յուրաքանչյուր վարչական շրջանում հատուկ տարածք հատկացնել շների զբոսանքի համար: ՀԿ-ն առաջարկում է նաև այգիներում փակցնել ցուցանակներ, որպեսզի մարդիկ իրենց հետևից հավաքեն իրենց շների կեղտը: «Դինգո Թիմ»-ը հայտնում է նաև իր կամավոր աջակցությունը՝ ցուցանակների պատրաստման և տեղադրման գործում:

«Հետք»-ի հետ զրույցի ընթացքում «Դինգո Թիմ» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Օվսաննա Հովսեփյանը նշեց, որ լավ կլիներ Հայաստանում կիրառել միջազգային փորձը և այգիներում որոշակի տարածք հատկացնել և ցանկապատել այն շների զբոսանքի համար, որպեսզի հնարավոր լինի խուսափել հնարավոր հարձակման դեպքերից: Նրա կարծիքով՝ այդ կերպ և՛ այգում զբոսնող քաղաքացիները գոհ կլինեն, և՛ շուն պահող քաղաքացիները:

Օվսաննա Հովսեփյանը կարևորեց նաև դնչկալների կիրառությունը՝ նշելով, որ որոշ ագրեսիվ ցեղատեսակների դեպքում այն պետք է պարտադիր լինի: ՀԿ-ի ղեկավարն այս հարցում ընդգծեց նաև մարդկային գործոնը. «Հայաստանում դեռևս չի զարգացել շներ ձեռք բերելու և պահելու կուլտուրան, այդ պատճառով ով ինչ ցեղատեսակի շուն ուզում, գնում է: Տվյալ դեպքում դու չես կարող իմանալ, թե շան տերը ինչպիսի մարդ է և ինչպես է դաստիարակել իր շանը: Այստեղ ամբողջ խնդիրը կապված է շնատերերի հետ: Շատ հաճախ կարող ենք տեսնել, որ անչափահասներն են ման տալիս ագրեսիվ ցեղատեսակի շներին, և այդ դեպքում չես կարող իմանալ, թե ինչպիսին կլինի ռեակցիան, այդ պատճառով այս դեպքում նույնպես դնչկալների կիրառությունն անհրաժեշտություն է»,- ասում է Օվսաննա Հովսեփյանը:

«Դինգո Թիմ»-ի ղեկավարին խնդրեցինք մեկնաբանել նաև քաղաքացիների դժգոհությունը թափառող շների վերաբերյալ: Օվսաննա Հովսեփյանն այդ հարցում մեղադրեց Երևանի քաղաքապետարանից պատվեր ընդունող «Յունիգրաֆ-Իքս» ընկերությանը, որը զբաղվում է անտուն կենդանիների խնդրով: «Դինգո Թիմ»-ն առաջարկում է խնդրի լուծման մի տարբերակ:

«Փորձը ցույց է տալիս, որ ամեն բակում մեկ ստերջացված շունը լուծում է ոհմակների կուտակման, գազազած շների զույգման շրջանում ագրեսիայի խնդիրը: Մենք այս փորձը կիրառել ենք Կոմիտասում, և այնտեղ ոհմակներն անհամեմատ քչացել են: Եթե «Յունիգրաֆ-Իքսը» ճիշտ աշխատեր, ապա այս խնդիրը չէր լինի»,- նշում է Օվսաննա Հովսեփյանը:

«Դինգո Թիմ» հասարակական կազմակերպության բաց նամակին Երևանի քաղաքապետարանից դեռևս չեն արձագանքել:

Հիշեցնենք, որ 2015 թվականին «Հետք»-ն անդրադարձել էր «Յունիգրաֆ-Իքս» ընկերության գործունեությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter