HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վերաքննիչ դատարանը խախտում է արել նախկին դասախոսի գործում

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ-ի) նախկին դասախոս Լուսինե Աշուղյանը հայց էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ՎՊՄԻ` աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդը վճարելու պահանջների մասին: Առաջին ատյանի դատարանը` դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ, մերժել էր նախկին դասախոսի պահանջը:

Լուսինե Աշուղյանը վճիռը բողոքարկել է վերադասության կարգով: Բողոք է ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարան` առաջին ատյանի վճիռն ամբողջությամբ բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու պահանջով: Վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ: Պատասխանող կողմը` ի դեմս ՎՊՄԻ-ի, ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատասխան:

Դեկտեմբերի 14-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը` նախագահող դատավոր Լևոն Գրիգորյանի, դատավորներ Գոհար Մատինյանի և Արմեն Թումանյանի կողմից քննության առավ Լուսինե Աշուղյանի բողոքը: Նախագահողն ստուգեց դատավարությանը ներկայացած անձանց ինքնությունը: Բողոք բերող Լուսինե Աշուղյանն անձամբ էր ներկայացել դատական նիստին:

ՎՊՄԻ ՊՈԱԿ-ի կողմից ներկայացել էր ՎՊՄԻ-ի դասախոս Վանո Եղիազարյանը: Դատարանը պահանջեց վերջինիս լիազորությունները հավաստող փաստաթուղթ: Պարզվեց` Վանո Եղիազարյանը լիազորված չէ ներկայացուցչություն ապահովելու Վերաքննիչ դատարանում: Լիազորագիրը նրան տրված էր միայն առաջին ատյանում ներկայացնելու պատասխանող ՊՈԱԿ-ին: Հաշվի առնելով, որ պատասխանողի ներկայացուցիչը չունի համապատասխան լիազորագիր, նախագահող դատավորը խնդրեց նրան տեղ զբաղեցնել դահլիճում: Եվ քանի որ ՊՈԱԿ-ը պատշաճ ծանուցված էր դատական նիստի վայրի և ժամանակի մասին, դատարանը պատասխանողի բացակայությունը արգելք չհամարեց գործի քննության համար:

Զեկուցողը ներկայացրեց բողոք բերող նախկին դասախոսի վերաքննության պահանջը և ՎՊՄԻ-ի պատասխանը:

Վերաքննիչ դատարանում ընթերցվեց ըստ էության անվավեր փաստաթուղթ:

Ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին կետի` վերաքննիչ բողոքի պատասխան կարող է ուղարկել գործին մասնակցող անձը: Ըստ նույն հոդվածի 2-րդ կետի` պատասխանն ստորագրում է գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիր:

Տվյալ քաղաքացիական գործով վերաքննիչ բողոքի պատասխանը ՎՊՄԻ-ի անունից գրել և ստորագրել է Վանո Եղիազարյանը (վերաքննիչ բողոքի պատասխանում նշված է` բողոքի պատասխանող, ՎՊՄԻ ներկայացուցիչ Վ. Եղիազարյան, ստորագրված է): Եվ, բնականաբար, նրա ներկայացրած վերաքննիչ բողոքի պատասխանին չի կցվել օրենքի պահանջով` նրա լիազորությունները հավաստող լիազորագիր այն պարզ պատճառով, որ Վանո Եղիազարյանը չի ունեցել պահանջվող փաստաթուղթը, ինչը պարզ դարձավ դատարանում:

Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ, 40-րդ, 41-րդ հոդվածները, որոնցով սահմանվում է ներկայացուցչությունը դատարանում, այն, որ իրավաբանական անձի ներկայացուցիչը պետք է օրենքին համապատասխան ձևակերպված լիազորագիր ունենա դատավարության ընթացքում, արգելեց Վանո Եղիազարյանի մասնակցությունը դատական նիստին:

Սակայն նույն դատարանը, անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի պահանջը, որ ներկայացուցչի լիազորագիրը պետք է կցված լինի վերաքննիչ բողոքի պատասխանին, ընդունել է Վանո Եղիազարյանի ներկայացրած պատասխանը`առանց պահանջվող փաստաթղթի:

Հետևաբար` դատարանը խախտել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նշված դրույթը` գործին կցելով անվավեր փաստաթուղթ:

Ի դեպ, Վերաքննիչ դատարանը անտեսեց նաև «Հետքի» լրագրողի` դատական նիստը ձայնագրելու և լուսանկարելու խնդրանքը: Նախագահողն ասաց, որ դատավարությունն սկսվելուց հետո այդ հարցը կքննարկվի և որոշում կկայացվի: Դատարանը, սակայն, չանդրադարձավ այդ հարցին: Նիստի ավարտին լրագրողը փորձեց ճշտել պատճառը: «Մենք ասացինք` կողմը կմիջնորդի, կնստենք, կորոշենք: Չի միջնորդել»,-ասաց դատավորը: Կողմ ասելով` դատավորը տվյալ դեպքում նկատի ուներ բողոք բերողին, քանի որ պատասխանողը բացակա էր ճանաչվել դատարանի կողմից:

Նկատենք սակայն, որ լրագրողը դատարան է ներկայանում կողմերից անկախ` դատավարությունը համակողմանի լուսաբանելու նպատակով: Ուստի` այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու պիտի բողոք բերողը դատարանին միջնորդեր` քննարկելու լրագրողի`դատական նիստը ձայնագրառելու խնդրանքը:

Մեկնաբանություններ (5)

Վահագն
Գնել-ին - ես չեմ ասել ու չեմ ասի, որ լիազորություն չունեցող անձի կողմից վերաքննիչ բողոքին պատասխան ներկայացնելը թույլատրելի է օրենքի նորմին համաձայն: Ես պետք է ձեզ ուղղակիորեն ասեի, որ հասկանայիք, որ` ոչ: Ուշադիր դուք պետք է կարդայիք իմ վերլուծությունն այն մասին, որ վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացված է եղել փոստով և գործին արդեն կցված է եղել այն, որպես վերաքննիչ բողոքի պատասխան, անկախ նրանից այն թույլատրելի է, վերաբերելի է, թե ոչ: Համոզված եմ, որ իրավաբան չես, իսկ եթե մասնագիտությամբ իրավաբան էլ ես, ապա այս մասով խելամիտ վիճաբանությունը քո ուժերից վեր կլինի: Եթե այն ներկայացվեր դատական նիստի ընթացքում, դատարանը ոչ միայն պարտավոր էր չընդունելու, այլ ընդհանրապես չընթերցելու, իսկ քանի որ արդեն իսկ ներկայացվել և կցվել էր գործին, դատարանին ուրիշ ոչինչ չէր մնում գործի բազմակողմանի, լրիվ քննության սկզբունքին համաձայն հրապարակելու այն /անկախ նրանից, թե ով է այն ստորագրողը/, իսկ դրա իրավական գնահատականի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել խորհրդակցական սենյակում դատական ակտը գրելուց:
Վահագն
Գնել-ին -Գնել ջան, դու լավ կանես, գրելուց առաջ մի քիչ խորհես` արդյոք դու քաջատեղյակ ես իմ դասատու-դասախոսներից, միաժամանակ, ունակ ես արդյոք տարանջատելու սոփեստությունը իրավաբանությունից, որ նոր հետո կարողանաս համադրել դրանք իրար: Քո պես մտածող մարդիկ ցավոք կան ու լինելու են ինչքան էլ ցավալի լինի: Այնուամենայնիվ հարգելով քո կարծիքը, ես, չբռնանալով քո մոտ դրա ձևավորման որևէ նախադրյալի հանդեպ, մնում եմ իմ նախորդ կոմենտներում արծարծված բովանդակության հետ համամիտ: Այ էս դեպքում, երբ դատողություններ շարունակես անել, ես ակնկալում եմ, որ գրածս կրկին անգամ անգամ սոփեստություն չես համարի: Հուսով եմ: Իսկ եթե կհամարես հակառակը, ես կհամարեմ, որ դու պատկանում ես մարդկանց այն խմբին, ովքեր ունակ չեն ընկալելու կարծիքների պլյուրալիզմը:
Ադրինե Թորոսյան
Vahagn-ին` բոլոր դիտողություններիդ պատասխանները տե'ս http://hetq.am/arm/articles/8345/payqarelu-em-minchev-hasnem-orinakanutyan-tesanyut.html --- հոդվածում
Գնել
Vahagn-ին. տեքստիցդ արված իմ մեջբերման մեջ հակասությունը երեւի միայն դու չես տեսնում: Մի անգամ էլ ուշադիր կարդա ու ինքդ քեզ պատասխանիր, թե ըստ գրածդ վերոհիշյալ տեքստի՝ վերաքննիչ բողոքի տվյալ պատասխանը թույլատրելի ա՞, թե՞ թույլատրելի չի: Ես պնդում եմ, որ դատարանը չպետք ա ի սկզբանե ընդունի որեւէ անվերաբերելի ու անթույլատրելի ապացույց, այլ ոչ թե ընդունի ու հետո որոշի: Քո տրամաբանությամբ՝ դատարանը պատասխանող Վանո Եղիազարյանին էլ պետք ա թողներ մասնակցել դատական նիստին ու հետո որոշման մեջ միայն անդրադառնար այն հարցին, թե որքանով են նրա՝ նիստի ժամանակ հնչեցրած դիրքորոշումները վերաբերելի ու թույլատրելի: Դատարանի առաքելության մասին տրված վերջին հարցիս էդպես էլ չես անդրադառնում՝ փոխարենը նախընտրելով տրվել մտավարժանքների, որոնք ոչ վերաբերելի են եւ ոչ էլ անհրաժեշտ թերեւս այն պատճառով, որ քեզ սխալ են սովորեցրել, թե իրավաբանությունն ընդհանրապես ինչ ա: Արդյունքում՝ սոփեստությունը շփոթել ես իրավաբանության հետ:
Գնել
Vahagn-ին. «Դատարանը տվյալ պահին Ձեզ չէ, կամ դատարանի նիստերի դահլիճում գտնվող որևէ անձին չէ, որ պետք է բանավոր հայտարարի կամ պարզաբանումներ տա, որ տվյալ վերաքննիչ բողոքի պատասխանը որպես դատավարական փաստաթուղթ ՀՀ քաղդատօրի 51 հոդվածի համաձայն թույլատրելի է: Հիշյալ հոդվածն ասում է, որ բոլոր ապացույցները ցանկացած քաղգործով պետք է լինեն վերաբերելի և թույլատրելի: Եվ թեև վերաքննիչ բողոքի պատասխանը վերաբերելի է եղել, սակայն այն չի բավարարել թույլատրելիության` օրենսդրի սահմանած պահանջին, ինչի կապակցությամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հաստատ կանդրադառնա իր` գործն ըստ էության լուծող դատական ակտով:» Ձեր գրածների մեջ հակասություն չե՞ք տեսնում: Բացի այդ, կարծում եք, որ լրագրողը պետք է նստի սպասի մինչեւ վերաքննիչն իր որոշումը կայացնի՝ բոլոր սխալներով՝ առերեւույթ կամ ոչ, նոր միայն լուսաբանի՞: Մեղմ ասած թյուր պատկերացում ունեք գործերի քննության հրապարակայնության սկզբունքի մասին: «Ալան-փալան» անելու մասով՝ կարծում եք, որ դատարանի գործը լրագրողին, նույնիսկ եթե նա անգիր չի արել քաղ.դատ օր-ի 114-րդ հոդվածը կամ որեւէ այլ հոդված, «ալան-փալան» անելն է՞, թե կա մի ավելի կարեւոր առաքելություն, որի իրականացմամբ նա պետք է զբաղվի: Շնորհակալություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter