HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Սամվել Սաղաթելյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում  արվեստագետ Սամվել Սաղաթելյանն է։

Սամվել Սաղաթելյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Երրորդ դեմքին շատ լուրջ չեմ վերաբերում։ Երրորդ դեմքը․․․ Չեմ կարողանում խոսել։ Այսինքն ո՞վ է նա, ո՞ր անկյունից պետք է խոսեմ նրա մասին։ Սպասի՛ր մտածեմ (դադար 8 րոպե)․․․ Չեմ ուզում կենսագրության պես լինի, դրա համար տղամարդկային կերպարի մասին կխոսեմ։

Իր մոտ միշտ եղել են մտորումներ այն մասին, թե ինչպիսին պետք է լինի տղամարդը։ Արտաքինով նուրբ է եղել դեռ փոքր ժամանակվանից, կարելի է ասել՝ գեղեցիկ, բայց նաեւ հերոսական կերպարներն են դուրը եկել։ Շատ հետաքրքրված էր ամերիկյան հնդկացիների պայքարով, ընդհանրապես ազդեցիկ զինվորի, warrior-ի (մարտիկի) տեսակին միշտ է հետեւել։ Ու շատ բան հաղթահարելու պրոցեսների մեջ է եղել, որովհետեւ տղամարդու կերպարի որոշակի պատկերացումներ ուներ։ Այդ մտորումները հանգեցրին նրան, որ զբաղվի մարտարվեստներով։

Շատ արագ մարմնի կառուցվածքի վրա երեւաց ազդեցությունը, ձեւավորվեց կերպարը, որին ինքը ձգտում էր։ 70-ականներին իդեալների հարցեր կային դրված։ Տարածվա՞ծ էր, թե՞ իրեն էր այդպես թվում․ ուզում եմ հիշել։ Ըստ էության կար։ Գուցե փողոցային լեզվով ասած՝ նման ուշադրությունը ինքն իր հանդեպ շրջապատում «զապադլո» էր, բայց ինքը կուլտ էր դարձրել այդ միտքը։ Ինչու՞ եմ կարեւորում իր այդ շրջանը, որովհետեւ անմիջական կապ եմ տեսնում արվեստի՝ նկարչությանն առնչվելու հարցում։

Այնուամենայնիվ, հոր խորհրդով գնաց ճարտարապետական, որտեղ էլ այդ որոնումներն էլ ավելի խորացան, եւ արագ ձեւավորվեցին սկզբունքներ։ Ուրիշ տեսակի կերպարի վերածվեց։ Մի հայտնի ֆոտո ունի, ոնց որ իտալական ֆիլմերից մեկի հերոսը լինի։ Միեւնույն ժամանակ ինստիտուտում ազատամիտ լինելը մղվեց առաջին պլան։ Գործում էր, ինչպես կարող էր, պրոբլեմներ ուներ դասախոսների հետ, չէր սովորում այն, ինչ իրեն չէր հետաքրքրում։ Պրոբլեմներ ունեցավ նաեւ ղեկավարի հետ, որովհետեւ մտքերն ըմբոստ էին ու ոչ ողջունելի։ Այդ տարիներին հաջողացրել էր Ջիմ Թորոսյանի հետ եզրեր գտնել, բայց Ջիմը չէր իր ղեկավարը։

Հետեւողական էր իր սկզբունքներում։ Մարտարվեստն իրեն սովորեցրեց, որ ուժեղ լինելը նախ պաշտպանվելու համար է, ոչ թե կռվի գնալու։ Ինքը կարողանում է հաղթահարել իրադրությունը, եթե նույնիսկ վախ կա դրա մեջ։ Եթե վտանգ կա, ինքը ի վիճակի է գնալու մինչեւ վերջ։ Ոչ միշտ է իմաստուն։ Դրա համար ավելի լավ է, որ կիրառելու տեղը արվեստի դաշտն է, որտեղ ուղիղ իմաստով վտանգ չկա։

Մի շրջան էլ կար իր կյանքում՝ ավելի ասկետիկ․ սամուրայի կյանքով էր ապրում։ Գնում էր անտառ, չէր աշխատում, մարզվում էր, տուն ու նկարչություն․․․ Ուսումնասիրում էր ճապոնական ու չինական արվեստը։ Մի վրձնահարվածով մեկ ծաղիկի էությունը հաղորդելու կարեւորության մասին եմ ասում։ Ինքն զգում էր եւ ցույց էր տալիս։

Իր փորձարկումներից եւ ոչ մեկը պատահականության նման չեկան ու անցան։ Շրջաններ էին, որոնք անհրաժեշտ էին հենց այդ ժամանակ։ Ասկետիկ այդ շրջանն, օրինակ, համընկավ հոր բանտարկության հետ, որը տեւեց մեկ տարի եւ մի քանի ամիս։ Մի խոսքով․․․ Մեծ պատմություն կդառնա։ Այստեղ դադար տանք։

Մի անգամ ասեցիր, որ արվեստանոցում անկողինը միշտ հավաքած պետք է լինի, պարտադիր պայման է։

Իդեալակա՛ն։ Մի՛շտ։ Անկողնում շատ բան է տեղի ունենում կամ տեղի չի ունենում։ Անկողնում նաեւ քո մտքերն են, քո հանգիստը, սեքսը, ի վերջո շատ անձնական վիճակն է։ Քո մարմինն է, իսկ մարմինն առեղծված է ինձ համար։ Դրա համար անկողինը պետք է ամեն պահի կազմակերպված կերպով հավաքվի, ինչպես դա անում է զինվորը։ Արվեստի դաշտն էլ ռազմի դաշտի պես է, ուղղակի արյուն չի թափվում։

Երբ Նահանգներից վերադարձար Հայաստան, լրատվամիջոցներից մի քանիսում տեղ գտար որպես «սփյուռքահայ» նկարիչ, հետո այստեղ ստեղծագործելուդ տարիներին նաեւ՝  «ծախված», «ագրեսոր», «արտասահմանի չար ուժերին ծառայող մեկը» եւ այլ այսպիսի պիտակներ եղան։

Հա, նաեւ «դիվերսանտ»՝ մշակութային։ Մշակույթն էլ ինտերվերցիա է․․․ Այդպիսի բաները կարող են անհանգստացնել հարազատներին, բարեկամներին, ովքեր քո ձեւով չեն ապրում, եւ իրենց կարող է խանգարել, բայց դե այդ աստիճանի չխորանանք։ Բացի դրանից, ինչ քեզ չի սպանում, ուժ է տալիս։ Ինձ ուղղված նման «հարվածները», պիտակները, քննադատությունները միշտ օգտակար են եղել։

Ասում ես՝ հարազատներին, բարեկամներին, այլ մարդկանց կարող է խանգարել, բայց դու հարաբերության մարդ եսշուրջդ անընդհատ մեկը կա, եթե ոչ երկուսը, երեքը։

Ճիշտ ես ասում՝ հարաբերություն։ Կարեւորը հենց հարաբերվելն է։ Ու խոսքը նրա մասին չի, թե ում հետ․ հնարավոր է լրիվ հակառակ տեսակդ լինի, հակադրված մեկը, բայց կարեւորը հարաբերվել կարողանալու հարցն է։ Արեւելյան մարտարվեստների մեջ շատ լավ է երեւում այդ հարաբերությունը․ հաճախ է պատահել, որ մենամարտը նույնիսկ չի սկսվել, որովհետեւ հարաբերություններն արդեն պարզված են եղել։

Այդ դեպքում հարաբերություններ էլ կան, որոնք չեն ավարտվում։

Հնարավոր է։ Ի վերջո մարդու հիմնարար խնդիրներից մեկը հաղորդակցվելն է։ Ինքը միշտ դրա կարիքն ունի, ուրեմն ինչպես կարող է ավարտվել հարաբերությունը։

Քո գործերն ու այդ հարաբերությունները։

Բնական է, որ գործերի մեջ հաղորդակցվելու գաղափարը դրվում է։ Երբ որ առաջանում է «անցք», ստեղծվում է արվեստը՝ հենց անցքի տարածքում, որը հաճախ երկու իրարամերժ միջավայրերի փոխներթափանցումն է ապահովում։

Իրարամերժության դեպքում «ճեղքեր» էլ են առաջանում, ինչպես ճարտարապետության դեպքում երկու իրարամերժ նյութերից կարող է առաջանալ։

«Անցքի» գաղափարը հենց ճարտարապետությունից էլ եկել է։ Բացվածքներն, այսպես ասած, որոնց ինքս «անցք» եմ ասում (անցնքն ավելի կոնցեպտուալ է), բնականաբար, միայն ճարտարապետությանը չի վերաբերում։ Պատկերացրու՛ մարմինն առանց անցքերի, պատկերացրու՛ իրադրությունները, երեւույթները, նույնիսկ խաբուսիկ իրավիճակները՝ առանց անցքերի։ Առաջիկա ցուցահանդեսին, որ Բյուրականում է լինելու, գործերիս մի մասը հենց սրան էլ վերաբերելու է։

Քո ու Հայաստանի հարաբերությունների մեջ  այդպիսի «անցքեր» կա՞ն։

Եթե չկան էլ, ստեղծում ենք։

Կա՞ն, թե՞ ստեղծ(վ)ում են/եք։

Նույնիսկ իմ արվեստանոցում քաոս է եւ կարգավորվում է այն ժամանակ, երբ որ անցք է գոյանում։

Կարելի է ասել, որ Յուզբաշյանի տանը տեղի ունեցած ցուցադրությունը՝ «Տրանսռոմանսը», այդպիսի մի դրսեւորում էր։

Հաստա՛տ։ Երբ գտնում ես համադրելու ձեւերը, միստիկ մի բան է տեղի ունենում։ Տիեզերական ամբողջ ինֆորմացիան մարմնի վրա արտահայտված է՝ կառուցվածքի, գանգի, բաց տարածությունների, ու հենց սրանք են ապահովում մարմնի կոմունիկացիան։ Ամեն մարմին կրում է այդ համակարգը։

Ներանձնային խնդիրնե՞ր կան։

Միշտ եմ ունեցել, բայց խնդիրը առաջանում է, խնդիրը պետք է հաղթահարել։ Խնդիրը նույն սահմաններն են, եթե առաջացել են, կամ առաջացրել են, պետք է անցնել այդ սահմանը։ Անընդհատ պրոցես է։ Անսահմանության զգացողությունը հենց այն տեղն է, որտեղ տարածության եւ ժամանակի սահմանափակությունը հաղթահարում ես։

Վերջին ինստալացիան, որ «ՆՓԱԿ»-ում արեցի, հորս էր նվիրված։ Հենց այն էր, ինչի մասին հիմա խոսում ենք․ թե ոնց մարդը սահմանափակ տարածությունում հաղթահարում է ժամանակն ու տարածությունը՝ իր առաջ մեդիտատիվ խնդիր դնելով՝ ամեն օր նույն ժամին մեկ սիգարետ ծխելով ու դուրս գալով ժամանակի դեմ։

Ինստալացիան, երբ բանտում արեցի, հիշում ես՝ մեծ բանտային սենյակ էր, թերթեր կային, որոնց վրա ծխած սիգարետների մնացորդներն էին ամրացված, փորձեցի հաշվել այդ թերթերը, որ մի տեղից սկսեմ ու վերջը գա, սկզբին միանա։

Եզրից սկսել եմ, եկել հասել եմ դռան եզրին, մնացել է մի թերթ, որը կիսվեց, մի մասը ձախ գնաց, մի մասը՝ աջ, ու կիսվելու հաշվին իդեալական հաշվարկ եղավ։ Այս դեպքն ապացուցում է, որ ինչ-որ բան կա՝ հաշվարկից դուրս, երբ ինքդ էլ չգիտես՝ ոնց ստացվեց։

Այդ նույն ցուցահանդեսին կարտոֆիլների ինստալացիան էր։ Չարենցի «Ռոմանս անսեր»-ից մի հատված կրող կարտոֆիլն իմ տանն է։ Երեք տարի է անցել, բայց պահպանվել է։ Սպասիր, բերեմ, ցույց տամ։

Ա՜յ քեզ բան։ Գիտես՝ մեկն էլ կար, որի վրա «սեր» էր գրված։ Գնացի Ամերիկա եկա, պարզվեց մեկ ու կես տարի մնացել էր, ծիլ էր տվել, հետո մորաքրոջս տղան տնկել էր, աճել էր ու բերք տվել։


Մի անգամ ջահել արվեստաբաններից մեկը քո գործերից մեկի մասին էր պատմում ինձ ու ասաց՝ անունդ չի հիշում, բայց հաստատ կիմանամ՝ «խուժան» նկարիչ է։ Եվս մի պիտակ։

Էլի եմ լսել այս արտահայտությունը, նաեւ «խուլիգան»։ Շարքեր ունեմ, որոնք սեքսուալությանն են առնչվում, երեւի դրանից է։ Նորմալ է։

Սեքսը, ըստ էության, երկու հակադիր սեռերի մարմնական կոմունիկացիայի արտահայտման միակ ձեւն է։ Մարդու սեռայնությունը մարդու ինքնության հետ է առնչվում։ Այնպես որ սեքսի մեջ «մեսսիջ» կա, քո ինքնաարտահայտման հնարավորության մի հատ կարեւոր տեղ է, որտեղ եթե դրսեւորվում ես, կարողանում ես ազատագրել քեզ որպես մարդ, որպես տեսակ ու պատրաստ լինես հոգեղեն ինֆորմացիա ստանալուն։

Կա՞ հարաբերություն, որի մեջ քաղաքականություն չկա։

Քաղաքականությունը միայն իշխանությունը, պետությունը, ժողովուրդը չէ, չնայած ուղիղ իմաստով էդպես ենք համարում։ Երկու մարդու մեջ էլ կա քաղականություն՝ դիվանագիտական մոտեցումներով, իշխանության դրսեւորումներով։ Այսպես որ դիտարկենք, ամեն տեսակի հարաբերություններում եւ ամեն տեղ կա քաղաքականություն։

Իշխանության դրսեւորման կարիք ինքդ ունե՞ս։

Կարեւոր հարց ես տալիս։ Այն պահերին, երբ գիտակցել եմ իմ ուժը, հասկացել եմ՝ ինչպես կարող եմ դիմացինին ճնշել․ այսպիսի դեպքերում երբեւէ ներքին բավարարվածություն չեմ ունեցել։ Ես գիտեմ՝ որտեղ եւ ոնց կարող եմ ինձ դրսեւորել։ Ցանկացած իրադրությունում եւ շրջապատում դրսեւորվում եմ այնպես, որ ոչ խեղճ ու նվաստ լինեմ, ոչ էլ ձգտեմ որեւէ մեկի հանդեպ կիրառել ուժս։

Դու այստեղ էիր, գնացիր ու եկար։ Միջանկյալ այդ «արտերկրային» ժամանակահատվածի ազդեցության մասին ի՞նչ կասես։

Չեմ կտրել ինձ այստեղից, ինքնաբերաբար է եղել։ Երբ մեկնեցի Ամերիկա, կոնկրետ պրոֆեսիոնալ հրավեր էր, այլ խնդիր չի եղել, եւ ոչ էլ ինձ «ճղում» էի, որ մնամ Նահանգներում։ Ամեն ինչ ոնց որ կոնկրետ ժամերով, օրերով համապատասխանում է հայտնված տեղերիս, մարդկանց։ Այնպես ստացվեց, որ երկար մնացի, բայց չգիտեմ՝ ինչ կլիներ, եթե ավելի շուտ վերադառնայի։

Քանի՞ տարի մնացիր։

2002թ-ին մեկնեցի եւ 2015թ-ին վերադարձա․․․

Եկած-չեկած մերկացար․․․

Հա՜, մերկացա։ 2012թ-ին էր դա, Շուշիում։ Ժամանակ առ ժամանակ պետք է մերկանալ (ծիծաղում է):

Այս հարցը շատ է քննարկվել, չեմ ուզում նորից անդրադառնանք, բայց դեռ տարբեր շրջանակներում, երբ այս պատմության մասին զրույց է ծավալվում, մեղադրանք կա, որ, այնուամենայնիվ, էպոտաժային էր, PR էր։

Եվ հետո ի՞նչ։ Ժամանակակից արվեստում, եթե արածդ կոնցեպտուալ առումով հիմնավորված է, ուրեմն կարելի է։ Հանկարծաստեղծ իրավիճակները լրիվ ընդունելի են այդ նույն ժամանակակից արվեստի մեջ։ Իսկ իմ արածը հանկարծաստեղծ էր, բայց հիմնավորված։ Եթե չլիներ հիմնավորված, արվեստագետ Աշոտ Ավագյանը չէր համաձայնի, որ իր աշխատանքի ընթացքում դա տեղի ունենա։ Մնացածի մասին շատ ենք խոսել։

Միջավայրի, տեղ հստակեցնելու հարց կա՞։ Խոսքս քո «տեղի» մասին է։

Ամերիկայում մտածում էի՝ ինչը կարող է պահել ինձ․ պրոֆեսիոնալ դաշտը եւ կինը։

Հայաստանում էլ կա փաստորեն։

Իհարկե, թե չէ՝ ինչ եմ անում այստեղ։ Ես Նահանգներում նույնպես անհաջողակը չէի։ Ամենաթոփ ցուցասրահները չեմ կարող հիմա մատնանշել, բայց իրենց տեսակի մեջ վերջին տասնամյակներում լուրջ ցուցասրահներ, որոնք հստակ ուղղվածություններ ունեն, այդտեղ ցուցադրվել եմ։ Գործերս այդպիսի ցուցասրահների 25-ամյակի կատալոգների մեջ են տեղ գտել, շատ հայտնի երաժիշտների համար պատվերներ եմ արել, ակտիվ կյանքով եմ ապրել բավականին։ Կնոջս հետ էլ մեր ցուցասրահն էինք բացել, որն արագ ճանաչում ստացավ։ Ինչու՞ եմ սա ասում, որ հստակեցնեմ տեղի մասին պատասխանս․․․ Որտեղ ես եմ, այնտեղ պետք է իրավիճակի եւ իրադրությունների տերը լինեմ։

Գուցե այդպես էլ դրսեւորում ես իշխանությունդ։

Ես ուրիշ բառով կասեի․․․

Ազդեցությու՞ն․․․

Երեւի ազդեցություն․ քո տեսակի հաստատում, այսպես ասած, ոչ մեկին չնվաստացնելու հաշվին, իսկ եթե որեւէ մեկը իրեն նվաստած կամ նեղացած է զգում, դառնում է արդեն իր խնդիրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter