
Բաց ցենզուրա
Այն, ինչ տեղի ունեցավ Ջդրդուզում, մինչ այս հանրային չէր
«Ջդրդուզում գտնվելը առաջացրեց պահանջ` խախտելու ստեղծված հարմարավետությունը: Տրամադրողը, իհարկե, տեղն էր եւ մթնոլորտը: Եվ «զոհաբերության» կրակի մեջ միակ բանը, որ կարող էի զոհաբերել ես, ինչպես զինվորը` պատերազմում, սեփական մարմնիս խոցելիությունն էր». Սամվել Սաղաթելյան
Այն, ինչ հիմա ներկայացնում եմ ձեզ` ընթերցողներիդ, կարող էր մեծ բացթողում լինել իմ` մշակութային լրագրողիս կողմից, եթե չամրագրվեր այս հոդվածով:
Նյութը, որի մասին պետք է խոսեմ ես, նաեւ՝ հեղինակն ու մասնակից արվեստագետները, առաջին հայացքից գուցեեւ անհասկանալի թվա, երկրորդ հայացքից` անկարեւոր, երրորդն արդեն թողնում եմ ձեր հայեցողությանը, որովհետեւ ընթերցողին տրված է յուրաքանչյուր դետալը անձնական մոտեցումով եւ ըմբռնումով իրականանալի պատկերացնել:
Այն, ինչ տեղի ունեցավ «Շուշի արթ փրոջեքթ» ծրագրի ընթացքում Աշոտ Ավագյանի «Զոհաբերություն» պերֆորմանսի իրականացման ժամանակ, շատերի համար գուցե անհասկանալի մնաց, իսկ մի մասն այն պիտակավորեց «հերթական մերկության ցուցադրում» անվանումով:
Ի՞նչ էր տեղի ունեցել իրականում եւ ինչու՞ հենց Շուշիում:
Հարություն Զուլումյանը, ով «Շուշի արթ փրոջեքթի» մասնակից արվեստագետներից է, կարծում է, որ հենց տարածքի բնության պայմանականությունը, որտեղ տեղի ունեցավ իրադարձությունը, պատճառ հանդիսացավ վերջինիս անսպասելիության եւ հանկարծակի իրականացման համար:
«Ստեղծագործական ակցիան, որ անսպասելիորեն տեղի ունեցավ Ջդրդուզում, առաջ բերեց հակադիր մեկնաբանություններ, որը ժամանակակից արվեստի յուրաքանչյուր ստեղծագործական գործընթացի կայացման լավագույն ապացույցն է:
Տեղ, որտեղ բնությունն այսքան ուժ եւ երկնային հոգեվիճակ ունի, որտեղ կարծես թե հատվում են Երկիրն ու Երկինքը, արվեստագետ Սամվել Սաղաթելյանի մոտ վերածնեց անասելի ցանկություն կամ գուցե ավելի ճիշտ է ասել կիրք` վրայից հեռացնելու ավելորդությունները` ներառյալ եւ հագուստը, ու այդ կերպ իր բնական լուման ներդնելու մեկ այլ նկարչի` Աշոտ Ավագյանի ակցիայում:
«Հող եւ տեխնոլոգիաներ» նախագծի շրջանակներում այդ ցանկությունն այնքան բնական, հարմոնիկ հնչեղություն ձեռք բերեց, որ նկարիչը, առանց երկմտանքի, իրականացրեց իր ցանկությունը` իհարկե նախապես համաձայնության գալով Աշոտ Ավագյանի հետ:
Տարածքը, որը Մահվան հուժկու ուժի սիմվոլն էր, կարծես թե կրկին ձեռք բերեց վերակենդանանալու հնարավորություն երիտասարդ մերկ զույգի շնորհիվ, որտեղ Մահը հատվեց Կյանքի հետ, Կինը` Տղամարդու եւ Երկիրը` Երկնքի:
Զինվորի` մահը կրող կերպարը ազնվացավ վերածննդի խորհրդանիշով»:
Սամվել Սաղաթելյանը` նախագծի հայտնի «համազգային վերմակ» կարողը
Արվեստագետ Սամվել Սաղաթելյանը, ով բնակվում է Միացյալ Նահանգներում, «Հող եւ տեխնոլոգիաներ» նախագծի շրջանակներում ժամանել է Հայաստան: Շուշիում նրա ստեղծագործությունը վերմակն էր, որն իրագործվել է մի քանի շուշեցի կանանց եւ իր կողմից: Վերմակի պատմական ազդեցությունը, ստեղծման պատմությունը եւ Արցախի քարտեզը որպես վերմակի աստառ ստանալու գաղափարը ոգեւորիչ էր:
Աշոտ Ավագյանի «հիշողության» կրակը
Նույն նախագծի շրջանակներում մեկ այլ արվեստագետ` Աշոտ Ավագյանը, իրականացրեց իր «Զոհաբերություն» ինստալացիա-պերֆորմանսը` նվիրված Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին:
Այս ինստալացիայի գաղափարական բնույթը կայացավ, երբ նախագծի մասնակից արվեստագետները սկսեցին կրակի մեջ նետել այն, ինչն, ըստ իրենց, կապ ունի տարածքի, պատերազմի եւ իրենց իսկ հիշողության հետ: Մեկի համար դա արժեքավոր հեռադիտակն էր, մյուսի համար` իր իսկ ստեղծած արվեստի գործի մասնիկները…
Մեկնաբանությունների հարցում «Հող եւ տեխնոլոգիաներ» նախագծի արվեստագետները չէին շտապում կարծիք արտահայտել: Նախագծից հետո արդեն Նահանգներ տեղափոխված արվեստագետ Վաչագ Տեր-Սարգսյանը օն-լայն զրույցի ժամանակ մեկնաբանում է Սամվելի պերֆորմանսը. «Հա, ուրեմն…Ամեն մարդ էլ երեւի կցանկանար օրերից մի օր էդպիսի քայլի դիմեր…Բայց մեզնից շատերը մեր մերկության մեջ արատներ են որոնում: Սամվելը էս հարցում կոմպլեքսներ չունի եւ չի ունեցել…Նա հաշտ է իր մերկության հետ. սա արվեստագետի ամենամեծ հատկանիշներից մեկն է. հաշտ լինել ինքդ քեզ հետ եւ մաքրություն չխաղալ: Ջդրդուզի բնական դիրքն ու Աշոտի նույնքան հուզիչ ինստալացիան, գումարած ընդհանուր էներգետիկան, որ պարուրել էր բոլորիս, Սամվելի պերֆորմանսի միջոցով իր կուլմինացիային հասավ: «Շուշի արտ փրոջեքթը» դրանով ավարտուն տեսք ստացավ»,- գրում է Վաչագը:
![]() |
![]() |
Ջդրդուզը` տարածք երկնքի եւ երկրի հատման կետում
Ահա այս մասին էի նախագծի իրականացումից օրեր անց զրուցում վերմակի հեղինակ Սամվել Սաղաթելյանի, Ռոբերտ Աբրահամյանի եւ Հարություն Զուլումյանի հետ:
Իրադարձություն, որ տեղի ունեցավ Ջդրդուզում, որի նախաձեռնողը Սամվելն էր, խոսակցության եւ միեւնույն ժամանակ փակ մնալու վտանգ ուներ:
Այսօր արդեն Երեւանում թեման էլ ավելի ակտուալ է, երբ Սամվելն ու Ռոբերտը հարցազրույցի ներկայացան՝ «բաց ցենզուրա» արտահայտությունն իրենց շապիկների վրա:
Այն, ինչ տեղի էր ունեցել Աշոտ Ավագյանի «Զոհաբերություն» պերֆորմանսի ժամանակ, բոլոր արվեստագետները գիտեին, եւ այն,ինչ տեղի էր ունեցել, միաժամանակ փակ էր լրագրողների եւ այն մարդկանց համար, ովքեր Շուշիում ներկա չեն եղել իրադարձությանը:
Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել…«Զոհաբերությունները», որոնք կատարել էին արվեստագետները, չէին սահմանափակվել միայն առարկաների հրկիզմամբ…Սամվելը, որ մինչ այդ շուշեցիներին ներկայացրել էր լայնամասշտաբ վերմակը, հանկարծ որոշել էր ամբողջությամբ մերկանալ եւ պտտվել «զոհաբերության» կրակի շուրջը:
«Հանկարծաստեղծությունը, վիճակը համահունչ էին Ջդրդուզի էներգետիկային. այդ դաշտում մարդը կարող է վերադառնալ ին-յանի նախնական վիճակին եւ դնել արվեստագետների համար նոր երկխոսության սկիզբ»,-ասում է Հարություն Զուլումյանը, ով այդ պահին եղել «Զոհաբերության» կրակի շուրջ:
Արգենտինուհին՝ տարածական ազատության մեջ, եւ նրա մուգ կարմիր զուգագուլպան
Սամվելը, որ կրակի շուրջ սկիզբ էր դրել մերկանալու գործընթացին, առաջարկում է հակառակ սեռից որեւէ մեկին միանալ ընթացքին: Զարմանալիորեն այդ մեկը արգենտինուհի էր, ով մարդկանց միջից դուրս է գալիս եւ բռնում Սամվելի ձեռքը:
Կարմիր զուգագուլպան, որ կրում էր արգենտինուհին, հայտնվում է հողի վրա: Եվ ձեռք- ձեռքի տված` հայը, որ մերկ էր ամբողջությամբ, եւ արգենտինուհին, որ գրեթե մերկ էր, կատարում են մոգական մեկ պտույտ կրակի շուրջը եւ գալիս սկզբնական կետին: «Հենց այդքան էլ պետք էր նրա մերկությունը. աղջիկը, մինչեւ վերջ չմերկանալով, էլ ավելի ընդգծեց իմ դիտավորությունը»,-ասում է Սամվելը:
Պատերազմը, կինը եւ հողի կարեւորությունը
Արդեն իսկ Երեւանում, երբ քննարկում էինք Սամվելի կատարած գործողությունը, Հարություն Զուլումյանը մի շատ կարեւոր դիտարկում կատարեց Արցախի կանանց վերաբերյալ, որով որոշվում էր նրանց կեցվածքն ու դիրքը պատերազմի տարիներին. «Նրանք միաժամանակ ներկա չէին եւ ներկա էին պատերազմի դաշտում, քանի որ յուրաքանչյուր տղամարդ, որը մեկ օրում դարձավ զինվոր, այդ հանկարծաստեղծ վիճակի կրողն էր, ինչպիսին դիտողներն էին տեսնում Սամվելին` միաժամանակ մերկ եւ անպաշտպան, բայցեւ համարձակ, որովհետեւ այդ շրջանը կրակի միջով իր հետ անցնում էր հողի մարմնավորողը` կինը»:
Արցախցի արվեստագետ Ռոբերտ Աբրահամյանի կարծիքով՝ Սամվելի կատարածը մեկնաբանությունների բախում առաջացրեց թե՛ յուրայինների, թե՛ հանդիսատեսի միջնորդությամբ, եւ արդեն իսկ մասնագիտական առումով քննության առնելով վիճակը` պարզվեց, որ, իրոք, մի շարք տարբեր տարրեր միացան մեկ թեզի շուրջ. «Ավելի պարզ ասած` մերկ մարմին-կրոն-բարոյականություն հարաբերություն ստեղծվեց մեկ հարթության վրա, եւ սա ընկալվեց արվեստի ենթատեքստում: Վտանգը, որ ակնկալում էին մերկ մարմին տեսնելու, մատուցելու եւ ներկայացնելու մեջ, իրականում տարածքում այժմեական շնչով արվեստի առարկա ծնունդ առնելու մեջ էր, որը քողարկված էր մերկությամբ»,- ասում է Ռոբերտը:
«հըհը… Յբուներ. իսկուստվայա սա`օզիս հանվիս, օզիս հագնիս»
«Շուշեցիները պարզ ժողովուրդ են»,-ասում է Սամվելը: Այն, ինչ տեղի ունեցավ կրակի շուրջ, արվեստագետի սուբյեկտիվ մոտեցումն էր «զոհաբերություն» գաղափարի վերաբերյալ եւ կարող է դառնալ նոր երկխոսության սկիզբ, որի կենդանի վկան են արդեն իսկ ստեղծված, «Բաց ցենզուրա.հըհը… Յբուներ. իսկուստվայա սա`օզիս հանվիս, օզիս հագնիս» արտահայտությամբ շապիկները, որն ամրագրվել եւ խմբագրվել է Սամվելի եւ Ռոբերտի կողմից:
Արտահայտության հեղինակը արցախցի շուշիաբնակներից մեկն էր, ով բարձրաձայնել էր այս միտքը պերֆորմանսից հետո առաջացած լարվածության ընթացքում:
Եվ, վերջապես, այս ամենը տեղի ունեցավ մեկ այլ արվեստագետի` Աշոտ Ավագյանի «Զոհաբերություն» պերֆորմանսի ընթացքում, ում կարծիքով` «Սամվելի գործողությունը պերֆորմանսի օրգանական շարունակությունն էր, որը տեղավորվեց ընդհանուր կոնտեքստում` միաժամանակ ունենալով իր ուրույն գաղափարաբանությունը»:
Հ.Գ. Ջդրդուզում կատարվածի տրամաբանական շարունակությունը, ըստ ներկա արվեստագետների, կախված է նյութի հանդեպ հստակ վերաբերմունքից: Մինչ այդ` առաջին ամրագրումը ստեղծված շապիկներն են, որոնց միջոցով ներկայացնում են առաջին տպավորությունը
Առաջին նկարում պատկերված են Սամվելը Սաղաթելյանը, արգենտինուհին եւ Աշոտ Ավագյանը
Մեկնաբանություններ (25)
Մեկնաբանել