Շաբաթ, 25 նոյեմբերի

Փաստաբանների գործադուլը, Արա Զոհրաբյանի անակնկալ այցն ու Փաստաբանների պալատի նախկին նախագահի դիրքորոշումը



Այսօր առավոտից 184 փաստաբան գործադուլ էր սկսել՝ ընդդեմ իրենց նկատմամբ ապօրինի խուզարկությունների: Գործադուլ անող փաստաբաններն ավելի վաղ հայտարարել էին, որ այսօր չեն մասնակցի դատական նիստերի և քննչական գործողությունների՝ միաժամանակ նշելով նաև, որ իրենց վստահորդների (պաշտպանյալների և այլ շահառուների) իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով չեն դադարեցնելու նրանց ներկայացնելը՝ այսօր դատական նիստերի անհետաձգելիության դեպքում:

Գործադուլ հայտարարած փաստաբանների մի մասն այսօր հավաքվել էր «Կոնգրես» հյուրանոցում, երբ անակնկալ կերպով այնտեղ եկավ նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Վերջինս նշեց, որ թեև ինքը գործադուլին չի մասնակցում, այնուամենայիվ, հարգում է փաստաբանների գործունեոթյունն ու նրանց դիրքորոշումը:

Քննարկման մեկնարկին վարող, փաստաբան Երվանդ Վարոսյանը մանտանշեց այն խնդիրները, որոնք մտահոգում են հավաքված անձանց, ինչպես նաև հիշեցրեց դատարանների խորհրդի կողմից ընդունված որոշումը, որով փոփոխվում է դատարան մուտք գործող անձանց զննության կարգն ու արգելված իրերի ցանկ սահմանվում:

Արդյոք դատարանների խորհուրդն իրավասու էր նման ցանկ սահմանելու, արդյոք անհրաժեշտություն կա՞ Հայաստանում դատարան մտնող փաստաբաններին առհասարակ զննել, արդյո՞ք կար նախադեպ, երբ որևէ փաստաբան դատարան է ներս տարել ինչ-որ արգելված իր, փորձել օժանդակել ինչ-որ իրավախախտման կամ օժանդակել որևէ նախապատրաստվող հանցագործության, ինչո՞ւ առաջացավ խուզարկության կամ զննության խնդիրը, ի՞նչ պետք է անել հետագայում, ինչ է արվել մինչև այսօր. քննարկումը ծավալվեց հիմանականում այս ուղղություններով:

Անդրադառնալով դատարանների խորհրդի կողմից սահմանված արգելված իրերի ցանկին՝ Երվանդ Վարոսյանը կարծիք հայտնեց, որ եկել է համոզման, որ Հայատանում պետական մարմիններն ավելի լավ է ոչինչ չանեն, քան փորձեն լուծումներ գտնել: Փաստաբանը ծաղր համարեց այն ցանկը, որը սահմանել է դատարանների խորհուրդը: Հիշեցնենք, որ ըստ խորհրդի որոշման, դատարան մուտք գործող անձանց արգելվում են այնպիսի առարկաներ, ինչպիսիք եք, օրինակ, սողունները, թռչունները, կենսաբանական վիրուսները, բակտերիաները, գործելու համար նախատեսված շյուղերը, բթացնող սարքերը, ձկնորսական կարթերը:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ տարիներ շարունակ փաստաբանական գործունեությամբ զբաղվելուց հետո հանկարծ պարզել է, որ ինքը կարող է նռնակ տանել դատարան:

«Սա պարզապես քոմեդի քլաբի տեքստ է: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ աշխարհով մեկ լուր գնա, որ Հայաստանի դատարաններում արգելվում է ներս մտցնել գործելու շյուղեր: Այսինքն՝ ի՞նչ, փաստաբաններս  բնավորությո՞ւն ունենք շյուղերով ներս մտնելու: Կամ արգելվել են բակտերիաները և վիրուսները. սովորական մարդն ունի 31 տրիլիոն բակետրիա իր մեջ: Սա զավեշտ է, իրականում լացելու է սա, ողբերգություն է այդպես անլուրջ չի կարելի վերաբերվել պետությանը»,- ասաց Աթանեսյանը

Փաստաբանը նշեց, որ եթե փաստաբանների նկատմամբ ապօրինի գործողությունները շարունակական բնույթ կրեն, իրենք ավելի կոշտ քայլերի են դիմելու, գործադուլը ոչ թե մեկօրյա, այլ ավելի ծավալուն է լինելու:

Գործադուլի և այսօրվա քննարկման մասնակից Մուշեղ Շուշանյանը «Սասնա ծռեր»-ի գործերի մեկնարկից հետո`ավելի քան երեք ամսվա ընթացքում,  միայն երկու անգամ է կարողացել մուտք գործել նիստերի դահլիճ: Այսօր գործադուլի մասնակիցները որպես անարդարության և հավասարության սկզբունքի խախտման օրինակ առաջին հերթին Շուշանյանի նկատմամբ վերաբերմունքն էին ընդգծում:

Իր խոսքում Շուշանյանը նշեց, որ  խնդիրն այսքան չէր խորանա, եթե Փաստաբանների  պալատի նախագահը  կատարեր իր գործառույթն ու պետական մարմինների հետ հարաբերություններում պաշտպաներ փաստաբանների շահերն ու իրավունքները: Ըստ Շուշանյանի՝ Պալատը պետք է հստակ  դիրքորոշում արտահայտեր այն մասին, որ պաշտպանելու է փաստաբաների իրավունքները: Այնինչ, Շուշանյանի խոսքով՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի թեթև ձեռքով փորձ է արվել դատարաններում տեղի ունեցած խուզարկությունները ներկայացնել որպես զննություն:

Շուշանյանն ընդգծեց, որ նախկինում`մինչև Արա Զոհրաբյանի` Պալատի նախագահ նշանակվելը, պետական մարմինները բազմիցս փորձել են խոչընդոտներ ստեղծել փաստաբանների համար, սակայն Պալատը հստակ մեսսիջներ է ուղարկել, որ պաշտպանելու է փաստաբանների իրավունքները, որից հետո պետական մարմինները ստիպված են եղել նահանջել:

Փաստաբաններն, ըստ էության Զոհրաբյանին մեղադրեցին դատական դեպարտամենտի «խաղի մաս կազմելու մեջ», ինչպես նաև հորդորեցին իրենց  գործողությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս չօգտագործել այնպիսի որակումներ, ինչպիսին է, օրինակ «մի շարք ընդդիմադիր փաստաբանների կեցվածք» արտահայտությունը: Հարցն, ըստ գործադուլ հայտարարած անձանց, ոչ թե ընդդիմադիր կամ իշխանական փաստաբան լինելն է, այլ փաստաբան լինելն, ով կատարում է իր լիազորություններն ու գործառույթները և պետական մարմիններն այդ գործառույթների և լիազորությունների կատարման համար խոչընդոտներ են ստեղծում, որն, ի դեպ, ընդհուպ քրեական պատասխանատվություն է սահմանում: Այսինքն`ըստ քննարկման մասնակիցների՝ իրենք բարձրացնում են ոչ թե, այսպես կոչված,  ընդդիմադիր փաստաբաների կամ իշխանականների, այլ փաստաբանական ամբողջ համայնքի խնդիրները:

«Չմասնակցել այնպիսի գործողությունների, որոնք հետագայում օգտագործվելու են փաստաբանների դեմ. ահա այն նվազագույն պահանջը, որը քննարկման մասնակիցները  դրեցին քննարկմանը ներկա Արա Զոհրաբյանի առաջ:

Զոհրաբյանն անդրադառնալով իր վերաբերյալ քննադատություններին`նշեց, որ ինքը հավերժ Պալատի նախագահ չի լինելու, որ ինքը ևս վերադառնալու է փաստաբանական ակտիվ գործունեության ոլորտ, և հետևաբար տեղին չէ իրեն մեղադրել փաստաբանների դեմ գործողություններ կատարելու և, հետևաբար, նաև ինքն իր դեմ գործելու մեջ :

«Փաստաբանների պալատը ծայրահեղ միջոցների չի գնում, բայց հավասարակշռված, քայլ առ քայլ փորձում ենք հարցերը կարգավորել: Օրինակ՝ չկար արգելված իրերի ցանկ, հիմա կա: Որքանով է հաջող, անհաջող, ես չեմ դատողը»,- օրինակ բերեց Արա Զոհրաբյանը : Վերջինս հիշեց, որ երբ որոշ ժամանակ առաջ քրեակատարողական հիմնարկում փորձել էին խուզարկել Մուշեղ Շուշանյանին, ինքը միջոցներ է ձեռնարկել  փաստաբանի իրավունքների պաշտպանության համար:

«Բայց մենք պետք է հասկանանք. եթե այս հարցում ճիշտ ենք, գնանք առաջ, եթե ոչ, ոչ»,- ասաց Զոհրաբյանը:

Վերջինս նշեց, որ իր համոզմամբ այն, ինչ դատարաններում է տեղի ունենում, ոչ թե խուզարկություն, այլ զննություն է:

Ապա մի պահ քննարկումը վերածվեց փաստաբան Լուսինե Սահակյանի և Արա Զոհրաբյանի միջև հարցուպատասխանի: Սահակյանը հետաքրքրվեց՝ դիմե՞լ է արդյոք Զոհրաբյանը Հատուկ քննչական ծառայություն`հաշվի առնելով, որ ավելի վաղ նա հայտարարել էր, թե այլ ուղիներ էլ է տեսնում, այդ թվում՝ հաղորդում ներկայացնելը Հատուկ քննչական ծառայություն:

«Ես ասել եմ՝ եթե ձեր կարծիքով սա ապօրինի խուզարկություն է, այդ դեպքում պետք է դիմեիք իրավապահ մարմիններին, բայց իմ կարծիքով, սա զննություն է, ոչ թե խուզարկություն»,- հարցին ի պատասխան նշեց Արա Զոհրաբյանը:

Լուսինե Սահակյանի մյուս հարցին, թե որպես փաստաբան՝ ինքն ինչպե՞ս կվարվեր, եթե համոզված լիներ, որ դատական  կարգադրիչների գործողությունները խուզարկություն են, ինչպես կվարվեր, եթե նրանք պահանջեին բացել իր պայուսակը,  Զոհրաբյանը պատասխանեց, որ հաղորդում կներկայացներ Հատուկ քննչական ծառայություն կդիմեր Պալատին:

«Այսինքն պետք է դիմենք ՀՔԾ, Խորհրդին, տարիներով սպասենք որոշմա՞ն, իսկ մեր պաշտպանյալները մնան առանց պաշտպանների՞»,- հակադարձեց Լուսինե Սահակյանը:

«Իսկ այսպես պաշտպանո՞ւմ եք ձեր պաշտպանյալների շահերը»,-հարցրեց Զոհրաբյանը, և Լուսինե Սահակյանը նշեց, որ պաշտպանում է:

Քննարկման մյուս կարևոր հարցն այն էր, թե արդյոք Դատարանների նախագահների խորհուրդը, Դատական դեպարտամենտն իրավունք ունեն  օրենսդիր մարմնի ֆունկցիա կատարելու և սեփական որոշումներին ու հայտարարություններին օրենքի ուժ տալու:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն, անդրադառնալով Դատարանների խորհրդի երեկվա որոշմանը՝ նշեց, որ Արման Մկրտումյանն, ով ստորագրել է որոշման տակ, չարաշահել է իր լիազորությունները:

Ըստ Բաղդասարյանի` այս որոշմամբ, ըստ էության դատական կարգադրիչներին հետաքննչական մարմնի լիազորություններ են տրվել, իսկ քրեական դատավարության օրենսգրքում կարգադրիչներին նման լիազորություններ չեն տրված: Ըստ Բաղդասարյանի` այն, ինչ կատարվում է աղմկահարույց դատական նիստերին, ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է, հետևաբար այդ դատավարության շրջանակներում կատարվող գործողություներին պետք է ոչ թե իրավական, այլ քաղաքական գնահատական տալ:

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, գործադուլի մասնակից Ռուբեն Սահակյանն անդրադարձավ Փաստաբանների պալատի և Դատական դեպարտամենտի կողմից, այսպես ասած, զննության կարգի վերաբերյալ օգոստոսի 3-ին տարածած հայտարարությանը:

«Մի պահ ընդունում ենք, որ դա զննություն է: Եթե զննություն է, ապա պետք է ընդունենք, որ զննության կարգը սահմանվել է հայտարարություն կոչվող թղթով: Այլ կերպ չեմ անվանում այդ թուղթը, որովհետև մենք պետք է ունենայինք այլ փաստաթուղթ, որը պետք է կոչվեր կարգ, որը պետք է ընդունված լիներ մեկ մարմնի կողմից, որն ուներ դրա իրավասությունը»,- ասաց Սահակյանը:

Ըստ Սահակյանի՝  հայտարարության հենց առաջին կետով երևում է, որ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ընդունում է,  որ հայտարարությունն ընդունելու պահի դրությամբ չի եղել որևէ իրավական ակտ, որը կարգավորում է զննություն կատարելու կարգը:

«ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է, որ  մինչև հատուկ սարքեր ձեռք բերելը փաստաբանների զննության  այն կարգն է գործում, որը հայտարարության մեջ է.  և այսպիսով ընդունում են, որ կարգ գոյություն չունի:Եթե կարգ գոյություն չունի, ո՞վ է նրանց իրավունք տվել կարգ սահմանել. ինձ մոտ հարց է  առաջանում, ինչո՞ւ չեն պատժում այս անձանց, որ իրենք այսպիսի կարգ են ընդունում, կարգ են փորձում փաթաթել մեր բոլորիս վզին,  ինչո՞ւ այդ կարգը վերաբերում  միայն փաստաբաներին, կարգը պետք է վերաբերեր բոլորին, նաև դատարան մուտք գործող այլ անձանց, դատախազներին»,- ասաց Սահակյանն, ապա թվելով նաև այդ հայտարարության այլ խնդրահարուց կետորը`նշեց, որ ինքն իրեն նվաստացած կզգա, եթե որևէ մեկը  նման թղթոնին հղում կատարելով` ասի, թե սա է օրենքը և իրեն պետք է դրա կետերին հետևելով զննեն:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Աննա15:49 - 15 սեպտեմբերի, 2017
Տարակուսելի է, որ իրավական այս կարևորագույն հարցը կենտրոնանում է միայն փաստաբանների վրա և բաց են թողնվում բոլոր այն դեպքերը, երբ անհիմն կերպով են դատական նիստերին մասնակցող քաղաքացիները, մասնավորապես ընտրողաբար՝ ակտիվիստները, բնապահպանները, աջակիցները և այլն։ Այս ողջ աբսուրդը պետք է վերաբերելի լինի այս ողջ պրակտիկայի մեջ ներքաշված մարդկանց և ոչ միայն փաստաբաններին։ լրագրողներին հորդորում եմ հետևողական լինել ու բարձրացնել նաև դատավարություններին մասնակցող ոչ փաստաբանների խուզարկությունների/զննումների հարցը, մանավանդ՝ դիտարկել, թե որքանով են դրանք խտրական, այսինքն՝ կիրառվում են կոնկրետ ո՞ր անձանց ու ո՞ր դատավարությունների դեպքում։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ