ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Ե՞րբ, իրականում, մաքուր կլինի Հայաստանը



«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովը մի քանի հաջողություն է արձանագրում, որ ձեռք է բերվել ծրագրի իրականացման արդյունքում:

Առաջին՝ հանրապետությունում գույքագրվել էր 2029 աղբավայր, դրանից 1522-ը փակվել է, 221-ը ենթակա է փակման, 286-ը ժամանակավորապես կշահագործվի որպես հիմնական աղբավայր եւ մինչեւ 2018 թ.-ի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր:

Երկրորդ՝ աղբահանության եւ սանիտարական մաքրման նոր պայմանագրեր են կնքվել 9479 իրավաբանական անձանց հետ: Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանի կանխատեսումներով` այդ թիվն աճելու միտում ունի, եւ դա կնպաստի նաեւ աղբահանության որակի բարելավմանը, ստվերային եկամուտների կրճատմանը:

Երրորդ՝ աղբահանության վճարների հավաքագրումն ավելացել է 30%-ով, որոշ դեպքերում՝ 2 անգամ ավելի:

Վերամշակողների հետաքրքրությունը կմեծանա աղբի ծավալը մեծանալու դեպքում, իսկ դրան հասնելու նախադրյալներ կան՝ հանրապետությունում նախատեսվում է ունենալ 5 աղբավայր: Պրն Տերտերյանի ասելով՝ վերամշակողներն արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերում, եւ աղբավայրերի ծրագիրն իրականություն դարձնելուց հետո տեսակավորված աղբի վերամշակման հարցը ինքնաբերաբար կկարգավորվի:

Առայժմ աղբի տեսակավորման եւ վերամշակման 2 ծրագիր է իրականացման ընթացքում. Եվրամիության տրամադրած դրամաշնորհով Կապան քաղաքում կստեղծվի շինանյութերի արտադրամաս, որի համար որպես հումք կծառայեն աղբից տարանջատված պլաստիկ թափոնները:

Հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ն աղբի վերամշակման գործարան կկառուցի Արմավիր քաղաքում: Նախագծային աշխատանքներն  ավարտվել են: Աղբի վերամշակումն իրականացվելու է 3 փուլով: Նախատեսվում է 22 000 գունավոր  կոնտեյներ տեղադրել բնակավայրերում, որտեղ տեսակավորվելու է աղբը, 2-րդ փուլում արտադրվելու է բիոգազ, 3-րդ  փուլում՝ աղբի մնացորդը նորից վերամշակվելու է՝ ստանալով եվրոդիզել 6 վառելանյութը: Ակնկալվում է, որ գործարանը տարեկան կընդունի 200 հազար տոննա աղբ:

«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովը նաեւ կանխարգելիչ միջոցներ է նախատեսել՝ չնախատեսված վայրերում աղբ թափելու համար կկիրառվեն տուգանքներ: Վերջերս հրապարակվեց «Համայնքային թափոնների կառավարման» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերը:

Այդ օրենսդրական փոփոխությունների հետ հանձնաժողովը մեծ հույսեր է կապել. «Օրենքի նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի կանոնակարգել նորմատիվ-իրավական դաշտը, մշակել աղբահանության կառավարման միասնական մոդելներ, աղբավայրերի շահագործման, նոր աղբավայրերի նախագծման ու շինարարության, գործող աղբավայրերի փակման կարգեր, նորմեր ու ստանդարտներ, աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների սակագների հաշվարկման մեթոդաբանություններ, բարելավել պայմանագրային դաշտը, սահմանել եւ վերահսկել բնագավառում ներգրավված անձանց գործունեության պայմանները եւ ոչ պատշաճ գործունեություն իրականացնելու դեպքում կիրառել հարկադրանքի միջոցներ, ինչպես նաեւ ձեւավորել  մշտադիտարկման միասնական համակարգ»:

Առաջարկվում է նաեւ խստացնել վարչական պատասխանատվությունը՝ աղբահանումը չկազմակերպողների համար:

Համայնքներում աղբահանություն կազմակերպողները համայնքների ղեկավարներն են, եւ նրանք աղբահանությունն ու շրջակա միջավայրի պահպանությունը կարեւորում են այնքանով, որքանով այն խորթ չէ իրենց մտածելակերպին ու պատկերացումներին: Ըստ այդմ, գյուղական համայնքների գերակշիռ մասում աղբահանում չի իրականացվում: Լավագույն դեպքում, աղբը պարզապես հեռացնում են տների բակերից ու փողոցներից, եւ շրջակա միջավայրը վերածում աղբանոցների: Այսպես էին գոյացել հազարավոր աղբանոցներ:

Գործող օրենքը համայնքի ղեկավարին պարտավորեցնում է աղբահանություն կատարել, բայց բնակչությունից աղբի վճար գանձելը թողել է նրա հայեցողությանը: «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում ասվում է. «Հայաստանի Հանրապետության համայնքներում կարող են սահմանվել տեղական վճարների հետևյալ տեսակները ...»: Նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետով աղբահանության վճարի դրույքաչափը համայնքում բնակվող յուրաքանչյուր բնակչի համար սահմանվել է ամսական 0-ից մինչեւ 400 դրամ: Որոշ համայնքների ղեկավարներ այդ հանգամանքն ընդգծելու համար ավագանու որոշումով աղբի վճարը 0 դրամ են սահմանել (Վարդենիս քաղաքը):

Եթե բնակիչներից աղբի վճար գանձեն՝ նրանք անպայման համապատասխան որակ կպահանջեն ծառայություն մատուցողից: Պրն Տերտերյանն էլ է համոզված դրանում, բայց՝ իրավաբանական անձանց մասով՝ «այդ հանգամանքը կնպաստի նաեւ աղբահանության որակի բարելավմանը»: Որպես ծրագրի հաջողություն ներկայացվող իրավաբանական անձանց հետ կնքված 9479 պայմանագրերը հարկադրանքի արդյունք են: Եթե վարչապետը նույն խստությամբ շարունակի համայնքի ղեկավարներից պահանջել մաքուր պահել իրենց տարածքը՝ կատարելու են, բայց այլ ծառայությունների՝ գրադարանը փակելու, գիշերային լուսավորությունից զրկելու, մանկապարտեզների սնունդը եւ աշխատաժամը կրճատելու հաշվին եւ այլն:

Հասկանալի է, որ աղբահանություն իրականացնելու համար գումար է պետք, իսկ այդ գումարը չի հավաքվում: Քանի որ աղբի վճար սահմանելը համայնքների ղեկավարների համար պարտադիր չէ, այլ ցանկություն, հետեւաբար համայնքների մեծ մասը տարեկան վարձավճարների դրույքաչափերը հաստատելիս կա՛մ չեն սահմանում, կամ՝ վճարներ սահմանում են, սակայն աղբահանության ծառայություններ մատուցելու պայմանագրեր չեն կնքում բնակիչների ու իրավաբանական անձանց հետ եւ վարձավճար չեն գանձում: 

Ուրեմն, ինչո՞ւ օրենսդրական փոփոխությունների մշակումը հանձնաժողովը չսկսեց «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքից, ինչո՞ւ չսկսեցին հանրության մտածելակերպի փոփոխությունից: Ամենից առաջ բնակչությանն ընտելացնելուց այն մտքին, որ ինչքան շատ աղտոտես շուրջդ՝ այդքան շատ պիտի վճարես մաքրելու համար: Մի՞թե մտածում են, որ երկու համապետական շաբաթօրյակով հնարավոր է հանրապետության ողջ տարածքում մաքրություն պահպանել: Համաձայն ենք, որ տուգանքների կիրառումն արգելք կհանդիսանա չարտոնված վայրերում աղբ թափելուն, բայց չի բացառի:

Օրենսդրական փոփոխությունների նպատակը պատժե՞լը պետք է լիներ, թե՞ տեղական իշխանությունների գործողություների վրա ներազդելով՝ նրանց պարտավորեցնել բարելավելու կառավարման որակը, շրջակա միջավայրն աղբից զերծ պահելու մշակույթ ներմուծել համայնքներում: Այս ծրագրի ամենամեծ հաջողությունը բնակչության մտածողության փոփոխությունը կլիներ:

«Աղբահանության վճարի դրույքաչափը համայնքում բնակվող յուրաքանչյուր բնակչի համար սահմանվել է ամսական 0-ից մինչեւ 400 դրամ: Արդյոք, այն նպաստո՞ւմ է շրջակա միջավայրում մաքրություն պահպանելու մշակույթի ձեւավորմանը եւ որքանո՞վ է համատեղելի սահմանված տուգանքների մեծ չափերի հետ», մեր հարցին պրն Տերտերյանը պատասխանեց. «Կապված  աղբահանության սակագների հետ, մասնավորապես «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանվել է կենցաղային աղբի համար 400 դրամ առավելագույն ամսական վճար եւ ՏԻՄ օրենքով աղբահանության վարձավճարի սահմանումը վերապահվել է  ավագանուն:

Հաշվի առնելով հանրապետության տարածքների աշխարհագրական, տնտեսական, սոցիալական եւ այլ տարբերությունները, աղբահանության վարձավճարի չափը կարող է շատ տարբեր լինել տարբեր համայնքներում, ուստի սահմանվել է առավելագույն չափը:

Ինչ վերաբերում է միայն առավելագույն չափը սահմանելուն, ապա իրավական ակտերում ե՛ւ, միջազգայնորեն, ե՛ւ իրավաբանորեն ընդունված է սահմանել առավելագույն արժեքը (վճարը) վարձավճարը:

Միաժամանակ, հարկ է նշել, որ ներկայումս իրականացվում է աղբահանության ոլորտի օրենսդրական դաշտի վերլուծություն, որի արդյունքներով նախատեսվում է համապատասխան առաջարկությունների փաթեթ ներկայացնել ՀՀ կառավարություն»:

Եթե «իրավական ակտերում ե՛ւ, միջազգայնորեն, ե՛ւ իրավաբանորեն» ընդունված է սահմանել առավելագույն արժեքը (վարձավճարը), ինչպես տեղեկացնում է պրն Տերտերյանը, այդ դեպքում, տուգանքների չափերն ինչո՞ւ է սահմանվել կայուն եռանիշ թվերով, տուգանքներ նշանակելու եւ տուգանքների չափը սահմանելու հարցն ինչո՞ւ չի թողնվել տեղական իշխանության իրավագիտակցությանը եւ ցանկությանը, ինչպես աղբի վճար սահմանելու դեպքում: Ինչո՞ւ է աղբի վարձավճարի թերի հավաքագրումը համայնքի ղեկավարի վատ աշխատանքի ցուցանիշ համարվում, իսկ ընդհանրապես չհավաքագրողներին պահանջներ ներկայացնելը «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի» սկզբունքների խախտում:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ