Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Ես չէի մտածում, թե ինչ շորեր հագնեմ, որ երեխաներին դուր գամ»,- ասում է նախկին մանկավարժը


-Ջանիկ, սկզբից դու ո՞ր գյուղում էիր աշխատում:

-Որ գյուղո՞ւմ: Արագածում:

-Չէ, սկզբից, սկզբից:

-Հենց մեր գյուղում՝ Ջրափիում:

Հասմիկ տատը մեր հարցերը բարձրաձայն կրկնում է Ջանիբեկ պապի ականջին, պապն ասում է՝ լավ չի լսում, ներողություն է խնդրում, մենք ժպտում ենք, պապն էլ է ժպտում: Հասմիկ տատն ասում է՝ ախր մեր մասին ի՜նչ պիտի գրեք, ավելի հետաքրքիր մարդիկ կգտնվեն: Պապը մտքերի մեջ է, մեզ դժվար է լսում, հայացքը այգու խնձորենու կողմ է: Բերքն առատ է այս տարի:

Երկուսն էլ Թալինի տարածաշրջանի Արագածավան գյուղի դպրոցի նախկին մանկավարժներ են: Տատը՝ Հասմիկ Բաղդասարյանը, հայոց լեզու և գրականություն էր դասավանդում, պապը՝ Ջանիբեկ Մկրտչյանը՝ ֆիզիկա և մաթեմատիկա: 1961-ին են բնակություն հաստատել Արագածավանում, չնայած մինչ այդ արդեն աշխատում էին գյուղի դպրոցում: Այդ ժամանակ, ըստ Ջանիբեկ պապի, դպրոցում մոտ 300 աշակերտ կար:

Մի տարի դպրոցում են ապրել. սենյակ էին տրամադրել: Այդ ժամանակ դուստրը մեկ տարեկան էր: Տատն ասում է՝ գրաֆիկն այնպես էին դասավորել, որ ամուսինն աշխատանքից գալիս էր, ինքն էր գնում, որպեսզի երեխային խնամող լիներ: Հիշում է, որ մի անգամ պապն ուշացավ, բայց ինքը երեխային քնած թողեց, դասի գնաց, քանի որ դասից երբեք չուշանալու սկզբունք ուներ:

40 տարուց ավելի ամուսիններով աշխատել են Արագածավանի դպրոցում, ասում են, որ եթե ժամանակը հետ տային և ընտրության հնարավորություն ունենային, դարձյալ կընտրեին մանկավարժությունը:

Ամուսիններով Շիրակից են, տատը շեշտում է, որ ինքը Գյումրու միջից է, պապը՝ Անիի շրջանից: Հասմիկ տատը Լենինականի մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Լուսաղբյուր գյուղի դպրոցում: Նա հպարտությամբ է խոսում ամուսնու մասին, ով, ասում է, գերազանցությամբ երկու ինստիտուտ է ավարտել Երևանում, հարևանուհիներից մեկն էլ հաստատում է, որ պապը շատ խելացի մարդ է:

-Բա ո՞նց հանդիպեցիք:

-Պապի հետ ծանոթացել եմ կոնֆերանսին, գրքեր էինք առնում աշակերտների համար, շրջկենտրոնը ո՞րն էր, որ մենք կոնֆերանսի էինք գնում, Ջանիկ,- հարցնում է տատը:  

-Մարալիկում, հետո Թալինում,- պատասխանում է պապը:

-Հա՜, էդ կոնֆերանսի տեղը ծանոթացանք,- ասում է տատը:

-Ու սիրահարվեցի՞ք,- հարցնում եմ տատին, երկուսով ժպտում ենք:

-Չէ, չսիրահարվեցի, հետո ինքը նամակ գրեց, իր կենսագրությունը պատմեց, ցանկություն հայտնեց ամուսնանալու, ասացի՝ չէ, արդեն 27 տարեկան էի, որոշել էի չամուսնանալ, բայց հետո գնաց-եկավ, ծնողներն էլ եկան, ծանոթացանք, էդպես... Չէ, չեմ փոշմանել: Էն ժամանակ մտածում էի, որ մեծ եմ, էլ պիտի չամուսնանամ: Աշխատում էի, մերոնք տղա չունեին, 5 աղջիկ ունեին, ասում էի՝ չեմ ամուսնանա, կմնամ մամայիս-պապայիս մոտ, մանկավարժ կաշխատեմ:

Դպրոցում մի տարի ապրելուց հետո որոշ ժամանակ ապրել են դպրոցի արհեստանոցում, որը նրանց այժմյան տան դիմացն է, տատն ասում է՝ իրենց համար կարևորը դպրոցն էր, ապրում էին դրանով, ուրախ էին, հարգանք կար աշակերտների կողմից: Ներկա տունը կառուցել են 1970-ականներին:

«Եթե մանկավարժ ես, պիտի սիրես դպրոցը, պիտի կապվես էրեխեքի հետ: Արձակուրդներին որ տանն էի, խումբ-խումբ գալիս էին, կոլեկտիվը լավն էր, ինձ սիրում էին, իմ բնավորությունն էնպիսին էր, որ ուզում էի լավ կոլեկտիվ լիներ, բամբասանք չլիներ»,- ասում է տատը: 1963-ից մինչև դպրոցից դուրս գալն աշխատել է նաև որպես ուսմասվար: «Իմ օրոք ոչ մի տարաձայնություն չի եղել»,- ավելացնում է:

«Ես չէի մտածում, թե ինչ շորեր հագնեմ, որ երեխաներին դուր գամ, ինչ սանրվածքով մտնեմ դասարան, գիտեի, որ հարգանք կար, հիմա մտածում են այդ մասին»,- ասում է ընկեր Բաղդասարյանն ու ժպտում, հետո ժպիտն աննկատ սահում է դեմքից: Նրբորեն շրջանցում է այսօրվա մանկավարժների մասին հարցերը: Բայց ասում է, որ նրանց խորհուրդ կտա սիրել երեխաներին, հետաքրքիր դարձնել իրենց դասը, դասերի թեմաների մեջ ներառել ժամանակակից կյանքը:

Դպրոցից դուրս է եկել 1998-ին՝ 67 տարեկանում, իր իսկ ցանկությամբ, դրանից մի տարի առաջ էլ պապն էր թողել մանկավարժությունը: «Ջահելների մեջ վատ էի զգում, ես աշխույժ, խստապահանջ աշխատող եմ եղել, բայց շարժումներս արդեն դանդաղ էին, ինձ ոչ ոք չի ասել դուրս արի, ինքս որոշեցի: Դպրոցից դուրս գալուց հետո լացում էի, կարոտում էի: Մեր ամբողջ կոլեկտիվը 4-5 անգամ եկավ, ինձ հետ կանչեց դպրոց, բայց չգնացի, անհարմար զգացի: Մազերս՝ սպիտակած, դեմքս՝ կնճռոտված, հարմար չէի գտնում»,- հիշում է Հասմիկ տատը:

Քիչ հետո նրան խնդրում ենք ցույց տալ դպրոցում աշխատած տարիների լուսանկարներից: Ալբոմներ է բերում, ամուսիններով թերթում են, հիշողությունները, կարծես, էջերից կենդանություն են առնում ու կանգնում մեր կողքին: Մարտի 8-ի բացիկներ է պահել, ասում է՝ քանի տարի դպրոցում չէ, բայց դրանք թանկ նվերներ են իրեն համար: Այն ժամանակ ուսուցիչը մի բացիկով ուրախանում էր, իսկ հիմա…

Լուսանկարներից մեկն ենք նայում, հարցնում է՝ կճանաչե՞ք… Տարիները հետքեր են թողել նրա դեմքին:

Տատը պատմում է, որ մի անգամ հանձնարարել էր գրել «Իմ կյանքի ամենատխուր հիշողությունը» վերնագրով շարադրություն, երեխաների մեծ մասը գրելուց սկսել էր լացել, հետո երբ ստուգում էր աշխատանքները, ինքն էր հուզվել:

«Կարևորը բարեխիղճ աշխատելն է: Մենք բարեխիղճ էինք, նվիրված աշխատում էինք, որ աշակերտներին մի բան սովորեցնեինք»,- ասում է Ջանիբեկ պապը:

Մանկավարժ ամուսինները 3 զավակ և 7 թոռ ունեն: Նրանցից որևէ մեկը մանկավարժությունը չի ընտրել:

Մինչև հիմա, ըստ տատի, նախկին աշակերտները այցելում են իրենց, պահեր են եղել, որ մեքենայով անցնելիս իրեն տեսնելուց կանգնեցրել են մեքենան, եկել բարևել, համբուրել, նոր շարունակել ճանապարհը...

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանություններ (1)
1. Sanjay Kumar Yadav15:22 - 30 հոկտեմբերի, 2017
It is nostalgia about teacher & teacher life. I think this is example of how to teach ? So great story.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։