HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու դեպքի առթիվ դեռևս ձերբակալված չկա

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում «Պանտերա սիքյուրիթի» ՍՊԸ-ի պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների վրա հարձակման և ընկերությանը պատկանող վագոն-տնակի հրկիզման փաստով այս պահին ձերբակալված անձ չկա:

Այս մասին «Հետք»-ին հայտնեց քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Խորհրդականի հաղորդմամբ՝ հարուցված քրեական գործով ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում, նշանակվել են փորձաքննություններ՝ պարզելու հրդեհի բռնկման աղբյուրը, պատճառված գույքային վնասի չափը:

Հստակեցվում են նաև միջադեպին ներկա անձանց շրջանակը և անհատականացվում նրանց գործողությունները: Քննչական մարմինը երեք անձի ընկերության աշխատակիցներին ներկայացրել է ճանաչման, սակայն աշխատակիցները որևէ մեկին, որպես բռնի գործողություններ իրականացնողի, չեն ճանաչել: Աշխատակիցները փաստել են, որ նրանք եղել են դեպքի վայրում, սակայն որևէ գործողություն չեն կատարել:

Հիշեցնենք, որ Շամախյան տեղամասում հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, այրել էին վագոն-տնակ և հարձակվել աշխատակիցների վրա: Մինչ այդ «Դիլիջան ազգային պարկ» աշխատանքային այցով ներկա են գտնվել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ու նախարարության աշխատակիցները: Նրանց հեռանալուց հետո տեղի է ունեցել միջադեպը, որի մասին տեղեկանալով՝ նախարարը Երևան հետ վերադառնալու ճանապարհից թեքվել և կրկին եկել է ազգային պարկ:

Նույն օրը Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու դեպքի առթիվ: 

Կասկածներ կան, որ վագոն-տնակը այրել են մարզի գյուղացիները՝ որպես բողոքի նշան ծառահատումների խստացումների և սահմանված խիստ վերահսկողության:

Լուսանկարը՝ բնապահպանության նախարարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter