Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Պիաֆչիկ». ասեղնագործություն մետաղի վրա


«Փոքրիկ Պիաֆչիկ». մանկության տարիներին Լինայի կեղծանունն էր: Այդպես էր նրան դիմում հոր ընկերներից մեկը, որը Լինային նմանեցնում էր ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆին: Հիշում է, որ այդ կեղծանունը ժամանակի ընթացքում հոգեհարազատ դարձավ իրեն: «Պիաֆ ֆրանսերեն բարբառով նշանակում է երգող փոքրիկ թռչնակ, իմ զարդերում էլ շատ թռչուններ կան»,- ասում է գրաֆիկ-նկարիչ, դիզայներ Լինա Գագիկյանը: Մանկության տարիների կեղծանունն այժմ դարձել է նրա պատրաստած ձեռագործ զարդերի ապրանքանիշը:

«Պիաֆչիկն» արդեն 8 տարեկան է: Երբ Լինան սկսել էր պատրաստել առաջին զարդերը, ասում է, թե չէր էլ մտածում, որ ծավալներն այդքան կմեծանան: Զարդարվեստով սկսել է զբաղվել մայրանալուց հետո: Պատմում է, որ երկու տարվա զգացմունքների կուտակման դրսևորում էր դա: Չնայած փուլն այնպիսին է, որ մայրերն այդ ընթացքում շատ հոգնած են լինում, ինքը որոշել էր պղնձե ականջօղեր պատրաստել հենց իր համար: Բայց քանի որ աշխատանքի համար հետաքրքրություն էր առաջացել, սկսել էր պատրաստել երկրորդը, երրորդը… Ձեռագործ աշխատանքների առաջին ցուցահանդեսներին մասնակցելուց հետո նեղսրտել էր, քանի որ այդ ժամանակ հետաքրքրություն չկար գործերի հանդեպ, բայց շեշտում է, որ չի հանձնվել, շարունակել է աշխատել: ««Պիաֆչիկը» պոռթկում էր ինձ համար, և երբևէ չէի մտածի, որ այն կդառնա իմ մի մասը»,- ասում է Լինան:

Առայժմ ստեղծագործում է Գեղարվեստի պետական ակադեմիայի առաջին հարկի արհեստանոցներից մեկում: 10 տարվա ընդմիջումից հետո ուսումը շարունակում է գրաֆիկայի բաժնի մագիստրատուրայում: Հիմնական աշխատանք ունի՝ միջազգային ընկերությունում գրաֆիկ-դիզայներ է, իսկ զարդարվեստով զբաղվելն ինքնաարտահայտման միջոց է:

Լինայի փոխանցմամբ՝ զարդը մանրանկարչական աշխատանք է պահանջում: Արույրի (լատուն) ու պղնձի վրա ասեղով նուրբ աշխատանք է անում: Վերջնարդյունքում ստացված փոքր-ինչ խունացած տեսքով ու ոսկեգույն-փիրուզագույն երանգներով գործը հենց «Պիաֆչիկի» ոճն է:

Քանի որ պատվերների քանակը շատացել է, ամուսինն օգնում է:

Աշխատանքի թեմաները հիմնականում կրոնական են՝ քրիստոնեական: Ձեռագործ զարդերի հեղինակը նախընտրում է կենաց ծառի թեմատիկան:

Յուրաքանչյուր զարդից մեկ օրինակ է պատրաստում: Այդտեղից էլ «Պիաֆչիկի» կարգախոսն է՝ «Մեկ օրինակ միայն քեզ համար»: Եթե պատվերներ են լինում նույն զարդի համար, ձևվածքը կարող է նույնն անել, իսկ նախշերը երբեք չի կրկնում: Պատվերներ ընդունելիս էլ սկզբունքներ ունի: Ասում է՝ զարդ երբևէ չի պատրաստի այն մարդկանց համար, ովքեր չեն գնահատում իր աշխատանքը: «Կան մարդիկ, որոնք չգիտեն զարդի արժեքը, առաջին հայացքից ասում են՝ էս ինչ էժանագին բան է, ես դրան էսքան գումար չէի տա: Մեկ էլ գնում է, պրպտում է, հետո գալիս, ասում է՝ ես էլ կուզեի ունենալ էսպիսի բան: Այ, նման մարդկանց համար երբևէ չեմ պատրաստի. չեն գնահատում, չեն պատկերացնում գործի լրջությունը, աշխատանքը չեն գնահատում, իրենց համար կարևոր է, որ փայլուն, քարով լինի»,- շեշտում է Լինան:

Խուսափում է արծաթ օգտագործել, ասում է, որ նույնիսկ սկսել է չսիրել այդ մետաղը, որովհետև շատ մարդիկ զարդը գնահատում են ոչ թե տարված աշխատանքով, այլ մետաղի գնով:

«Երբ գալիս են, ասում են՝ եթե սա արծաթ չէ, ինչու է այդքան թանկ: Այդ արտահայտությունն ինձ ստիպում է չսիրել արծաթը: Մտածում են, որ եթե արծաթ է, ուրեմն, թանկ է, բայց չգիտեն, որ արծաթի մեկ գրամը 200 դրամ է: Արույրն էլ է ազնիվ մետաղ համարվում, արծաթից մի քիչ էժան է, բայց ավելի հարուստ տեսք ունի: Ինձ պետք չէ, որ արծաթը գնահատվի, ինձ պետք է, որ իմ աշխատանքը գնահատվի»,- նշում է «Պիաֆչիկի» հիմնադիրն ու հավելում, որ արույրը նաև բուժական ազդեցություն ունի. կարգավորում է ճնշման տատանումները, օրգանիզմի թթվայնությունն է հանում, իսկ երբ արույրը մգանում է մաշկի վրա կրելիս, նշանակում է՝ մարմնից բացասական, վատ նյութերն է հեռացնում:

Լինան ուսումնասիրում է հայկական մանրանկարչությունը, զարդարվեստը, առհասարակ մշակույթը: «Իմ սկզբունքն է՝ հին հայկական զարդերը վերածել նորովի ձևվածքների, նոր նմուշների, որոնք կկրի այսօրվա երիտասարդությունը: Ինքս շատ, ամուր կապված եմ իմ հողին»,- ասում է նա: Հետո նշում է, թե այսօր հայկական շուկայում ամեն բան, կարծես, խառնվել է, շատ դեպքերում թուրքական կտորներ են բերում՝ մատուցելով որպես հայկական: Նույնը կատարվում է նաև զարդերի շուկայում:

«Դրսից առաջարկներ եղել են, որ, օրինակ, եգիպտական զարդանախշերով զարդեր պատարաստեմ: Սկզբից երբ անում էի, չէի գիտակցում դրա կարևորությունը, այսօր եմ հասկանում, որ պիտի տարածել հայկականը, տեղից օտարամոլությունը տիրել է մեզ»,- ասում է զարդագործը:

Զարդերը հիմնականում վաճառում է ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսներին, Երևանում մի քանի տեղեր կան, որտեղ ներկայացրել է գործերը: Երազում է խանութ-արհեստանոց ունենալ, որպեսզի ապակուց այն կողմ անցնող մարդիկ տեսնեն, թե զարդն ինչպես է պատրաստվում: Սակայն դա պահանջում է մեծ ֆինանսներ:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի


Գլխավոր էջ

Այս թեմայով

  • «Հայկական չրեր №1». Եղեգնաձորի նոր այցեքարտը
    Սիլվա Եղոյանն ասում է, որ չիրը պատրաստման փուլեր ունի, պետք է իմանաս, թե ինչքան պիտի մնա արևի տակ, ու երբ պիտի տեղափոխես հով տեղ: Եթե ամբողջապես մնա արևի տակ, և՛ որակն է փոխվելու, և՛ գույնը: Փաթեթավորումից առաջ չիրը պարտադիր լվանում են, տիկին Սիլվան խորհուրդ է տալիս՝ եթե չեք հոգնում, գնելուց հետո մի անգամ էլ դուք լվացեք:
  • «Զաբել». դիվանագետի ասելիքը՝ գինու տեսքով
    «Հիշեք, դիվանագիտությունը պրոտոկոլի ու ալկոհոլի արանքում է» (Remember that diplomacy happens between protocol and alcohol). այս խորհուրդը դիվանագետ Իրինա Ղափլանյանը լսել է Լոնդոնում սովորելու տարիներին իր դասախոսներից մեկից:
  • Վանի արևը՝ Սասունիկում. գինեգործությունը Հայաստանում մեծ ներուժ ունի
    «Գինին վերևից ներքև են գնահատում՝ աչք, քիթ, բերան: Սկզբից գույնն ենք գնահատում, հետո՝ հոտը, ապա՝ համը: Ամեն մարդ կարող է համն ու հոտը յուրովի զգա, ուղղակի խաղողի տեսակներին հատուկ համեր կան, որոնք չես կարող շփոթել: Սա, օրինակ, արենի է (մեզ գինի է հյուրասիրում անմիջապես ռեզերվ տակառներից- հեղ.), մեզ մոտ աճող արենի է: Այն թյուր կարծիքը, թե արենին միայն Վայոց ձորում է աճում, ճիշտ չէ, Աշտարակում էլ է աճում, որով մենք ոսկե մեդալներ ենք շահում»,- նշում է Վ. Մուրադյանը:
  • Տրիկոտաժե հագուստ արտադրող հալեպահայ ընտանիքի երկրորդ սերունդը. «Մոսինի»
    Մովսեսն ասում է, որ Սիրիայում մեծ շուկա կար, իսկ Հայաստանում գործարարների դժվարություններից մեկը փոքր շուկան է, ինչը Երևանում բիզնես հիմնելուց առաջ նաև իրենց մտահոգություններից մեկն էր:
  • «Բրդյա պատմություններ»՝ պատրաստված Հայաստանում
    Վարդ Գրիգորյանը սեղանին է դնում նուրբ բրդի երկար «վարսերը»: Դրանք, կարծես, ձիու երկար բաշեր լինեն: Առաջին անգամ է իր համար գլխարկ պատրաստելու:
... կարդացեք ավելին «Made in Armenia» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։