Կիրակի, 23 սեպտեմբերի

«Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալին հնարավոր է՝ վիրահատեն. դատական նիստը հետաձգվեց



«Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալ Խաչատուր Գիշչյանի ինքնազգացողությունը դատարանում վատացել է. նրա համար Շտապօգնություն է հրավիրվել դատարան, ապա, բժշկի խորհրդով, ամբաստանյալը տեղափոխվել է հիվանդանոց:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով արտագնա դատական նիստն այսօր հետաձգվեց Գիշչյանի բացակայության պատճառով:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախ նիստի մեկնարկին ընդմիջում հայտարարեց՝ հայտնելով Գիշչյանի ինքնազգացողության վատացման և Շտապօգնություն հրավիրելու մասին, ապա ընդմիջումից հետո վերսկսված նիստին ասաց, որ բժիշկը խորհուրդ է տվել Գիշչյանին տեղափոխել հիվանդանոց:

Նշենք, որ ամբաստանյալը սրտի խնդիրներ ունի, ինչպես դատավորը հայտնեց, երկար ժամանակ դեղորայք չի ընդունել, որի պատճառով առողջական վիճակը վատացել է: Դատավոր Գաբրիելյանը հայտնեց նաև, որ հնարավոր է` Գիշչյանին վիրահատելու անհրաժեշտություն առաջանա:

Լրագրողների հետ զրույցում ամբաստանյալի պաշտպան Աննա Ջուվանովան ասաց, որ իր պաշտպանյալին այցելել է մոտ երկու շաբաթ առաջ, և այդ ժամանակ նորմալ վիճակում է եղել:

«Իմ պաշտպանյալի մոտ առկա են սրտի հետ կապված խնդիրներ, երբեմն ունենում է նոպաներ: Այդ խնդիրը, փաստորեն, առաջացավ նաև այսօր, որի մասին ես դատարանում տեղեկացա»,- ասաց Ջուվանովան, ով պատրաստվում էր այցելել իր պաշտպանյալին:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով  նախապես երկու գործ էր քննվում դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում, սակայն վերջինս որոշեց այդ երկու գործերից մասեր անջատել: Արդյունքում այս պահին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվում է այս դեպքի առնչությամբ երեք քրեական գործ:

Այս գործերից մեկը՝ մասնակցությամբ ամբաստանյալներ Արամ Մանուկյանի, Թաթուլ Թամրազյանի, Տիգրան Մանուկյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Թորոս Թորոսյանի, Գևորկ Իրիցյանի, Հովհաննես Հարությունյանի, Արայիկ Հակոբյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, գտնվում է դատարանի նախագահ Արթուր Օհանյանի վարույթում:

Երկրորդը՝  մասնակցությամբ ամբաստանյալներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի, գտնվում է դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում:

Իսկ այսօրվա նիստը՝  մասնակցությամբ ամբաստանյալներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիշչյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, գտնվում է Արտուշ Գաբրիելյանի վարույթում:

Այս պահին միայն հայտնի է, որ Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող գործն արտագնա կանցկացվի Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ թե որտեղ կանցկացվեն Արթուր Օհանյանի և Մեսրոպ Մակյանի վարույթում քննվող գործերը` դեռևս հայտնի չէ:

Նշենք նաև, որ այսօրվա դատական նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասել է, որ «շարունակում է գործի քննությունը», ապա նշել, թե ընդմիջումից հետո կանցնի դատաքննության:

Այս հանգամանքը գործով պաշտպաններից ոմանք լրագրողների հետ զրույցում բարձրաձայնեցին՝ հաշվի առնելով, որ գործը, որն այսօր դատարանում պիտի քննվեր, ոչ թե պետք է շարունակվի, այլ սկսվի հենց սկզբից, քանի որ սա, ըստ էության, նոր գործ է, որին նոր համար է շնորհվել:

Ընդմիջումից հետո, սակայն, Արտուշ Գաբրիելյանն այս հարցին չանդրադարձավ, քանի որ հետաձգեց նիստը: Իսկապես շարունակելու է դատավորը գործի քննությունը, թե՞ շփոթմամբ  է նման միտք արտահայտել. պարզ կլինի հաջորդ դատական նիստին:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ